Լուն

Խաչիկ Խաչեր

Լու էր,
Ոչ փոքր
Եւ ոչ էր մեծ.
Իմ, Ձեր,-
Տեսած եւ չտեսած
Լուերի պէս,
Իմ, Ձեր,-
Չափած եւ չչափած
Լուերի չափ.
Ծնւած որպէս մահկանացու,
Ի՛մ, Ձե՛ր նման
Հասարակ ԼՈՒ։

Բայց երբ ուղտի մէջքին բազմեց
Եւ սապատից վեր մագլցեց,
Միանգամայն աշխարհն շրջւեց։
Լուն ցնորւեց, չափը կորցրեց
Ու կարծել, կարծել, կարծել
սկսեց

Եւ լուն, որ փոքր էր
Մանկան փոքրիկ եղունգից էլ
Եւ շատ չնչին,
Ուղտի դիմաց.
Մէկ վայրկեանում,
Բայց եւ ասես իրականում.
Մէկ ուղտի չափ, հասակ նետել-
Երկարացել, ամեհացել
Ուղտի վրայ, ուղտի մէջքին
Ուղտից մեծ էր իրեն կարծել։

Եւ ուղտը խեղճ ու միամիտ,
Չէր էլ զգում,
Որ մի լու է մէջքին կպել
Եւ սապատի բարձր կէտին
Իր ապարանքն է կառուցել.
Որն իր արիւնն է ներծծում.
Ինքըն իրենով զմայլացած,
Ուղտից մեծ է իրեն կարծում

Լինում էին որոշ պահեր
Երբ օրերով ու գիշերներ,
Ուղտը քայլում, բայց չէր ուտում,
Ծանր բեռ էր մէջքին տանում,
Հազար միրաժ աչքից հանում
Անապատներ կտրում, անցնում,
Բայց խմելու ջուր չէր գտնում
Եւ չորանում, կմախքանում,
Սապատից էր սնունդ առնում։
Բայց լուն իրեն լաւ էր հասնում։
Ուղտը ուտէր, ուղտը չուտէր
Լուն իր բաժին ճարպը կուտէր
Ուղտը խմէր կամ չխմէր,
Լուն իր բաժին արիւնն ունէր։

Ինչ անուշ էր
Պարզկայ գիշերն անապատում.
Աստղերն իջնում
Կարաւանը շրջապատում
Երկինք - երկիր իրար խառնում
Լուն ոտքերը երկարացնում,
Սապատի թմփլիկ գագաթին թիկնում
Կուշտ հայեացքը երկնքին յառում
Լուսնուց լուսէ թագը խլում
Իր գլխին էր շուքով դնում

Եւ զանգակներն կարաւանի
Ղօղանջում են միապաղաղ
Եւ գնում է կարաւանը
Անապատում անձայն-խաղաղ

Լուն բախտաւոր, լուն երջանիկ
Աշխարհը ձեռքին թեթեւ խաղալիք։
Եւ չի թւում ոչ մի վայրկեան
Որ այս կեանքին կայ եւ վախճան։
Ամէն ինչ լաւ է, ամէն ինչ յաւերժ
Ամէն ինչ ուրախ, ամէն ինչ անվերջ

Բայց մի օր էլ
Եկաւ օրն այդ.
Երբ ծերացաւ ուղտը յանկարծ
Հեւաց, տնքաց.
Սրտում մահւան սարսուռ զգաց։
Եւ աւազի փոթորկաշէն բլուրներում
Շունչը կտրած,
Աղաւաղւած ու մոլորւած
խրւեց, մնաց.
Էլ չգնաց։

Եւ կարաւանը մի վերջին անգամ
Նայեց
Ուղտի աչքերի մէջ անսփոփանք
Արցունք տեսաւ ու ափսոսանք
Եւ դեռ խաւար եւ դեռ գիշեր
Բռնեց ճանփան իր աներեր.
Դէպի լուսաստղ հայեացքն յառած,
Պառաւ ուղտը արցունքն աչքին
Մահւան դողը սրտի խորքին,
Ճերմակ փրփուր բերանը պատած
ծնկեց։ Մնաց։ Էլ չգնաց։

Լուն էլ մնաց,
Մեռնող ուղտի մէջքին կպած,
Ինքնահմայքի մէջ կորած
Երբեք չզգաց
Որ ուղտն անուժ, շնչակտուր,
Կարաւանից ջոկւեց, մնաց
Ու չգնաց։

Ու կարապի երգը հնչեց անապատում
Որպէս երգը դադրած կեանքի վերջին
կէտում։

Ընկաւ ուղտը աւազի մէջ։
Կանգնեց սիրտը։ Ամէն ինչ վերջ։
Սառեց երգը սեւ, կարապի
բոսոր շրթին անապատի։

Եւ ԼՈ՛ՒՆ նոյն ԼՈ՛ՒՆ,
Որ ինքն իրեն ուղտ էր կարծում,
Աստղերից վեր թռչում անցնում,
Ուղտի կարմիր արիւն ծծում
Հիմա չորացող ուղտի կմախքին
Անապատի ամենակուլ փոթորկում,
Աւազների ամենածածկ շերտով
պատւում
Հիւծւում էր, լուծւում
Անփոյթ, անսուգ,
Երազամեռ ուղտին թողած
անապատում
դանդաղ շարժւեց դէպի հեռուն

Քերծւում էր, հերձւում

Եւ ԼՈ՛ՒՆ նոյն ԼՈ՛ՒՆ,
Որ ինքն իրեն ուղտ էր կարծում
Ուղտի մէջքին բազմած, փքւած
շփանում էր յղփանում
Վայելչանքն այդ վայրկենական
Անմահ, յաւերժ էր համարում
Հիմա մենակ, անապատում
Իր անրջած միրաժների
Ցամաք ու չոր ակունքներում
Թռիչքներն իր ահագին
Երազներն իր սին
Ցնորամիտ, մտածածին
Այրում էր վառում
Աւազի քամու երախը թալում։

Եւ ԼՈ՛ՒՆ նոյն ԼՈ՛ՒՆ,
Որ ինքն իրեն
Ուղտերից էլ մեծ էր կարծում
-Արեւ Խաւարի՛ր
Որ ես դուրս պիտ գամ -էր կանչում
Հիմա
Կիզւած ու շիկացած
Ամենածածկ
Աւազների շերտով պատւում
Տապակւում էր
ՈՒ պապակւում,
Աւազւում էր անապատւում

Յոյս թիւ 20
13 Փետրւար 2008