ԱՌԱԿ ԱՆԱՌԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՉԱՓԱԾՈՅ ՊԱՏՈՒՄ
(անտիպ)

Ռ. Բէն

Երբ անառակ որդին վերադարձաւ տուն
Ասում են թէ հայրը սպասում էր որդուն
Մայրը ամէն գիշեր մի ճրագ էր վառում
(որ զաւակը գտնի իր տան ճամբան)
Ու հսկում էր արթուն։
Եւ պատմում են նորից որ անառակ որդին
Երբ հասաւ տուն
շունը չճանաչեց. հաչեց վրան
Իսկ տան ծառաները ներս չթողին նրան
Քանզի շատ էր նման երգիչ մուրացկանի։
Ով կայ-հարցրեց հայրը-ով կայ այդտեղ
Ոչինչ մի մուրացկան թափառական երգիչ։
Հայրը առաջացաւ տեսաւ մուրացկանին

Ու ճանաչեց

Պարզեց զոյգ թեւերը որ գիրկն առնի որդուն
Սակայն անառակը ծունկի եկաւ
(վեր կարկառեց աջը առ ի ներում)
Եւ աւաղեց այսպէս
Հայր իմ, հայր իմ, ես խիստ մեղանչել եմ
Մեղանչել եմ Տան հանդէպ եւ Քո եւԱստծոյ
Հայրը վեր բարձրացրեց գրկեց նրան
Ու դառնալով մօրը բացականչեց։
Որդին որ մենք կորած էինք կարծում
Գտնւեց։

Որդին որ մենք մեռած էինք կարծում
Կենդանացաւ։

Եւ ասում են նորից
Որ զարդարեց որդուն շքեղ հանդերձանքով
Հանեց իր մատանին դրեց նրա մատին
Մի խոյ մորթել տւեց եղաւ մի մեծ խնջոյք
Գինի, երգ ու նւագ, ծիծաղ ուրախութիւն
Երբ անառակ որդին վերադարձաւ տուն։

Ասում են ու պատմում դեռ շատ ուրիշ բաներ
Այդ բոլորը սակայն առասպել է
Ու մի հեքիաթ սիրուն
Իսկ ես գիտեմ որ անառակը
Քանի անառակ էր
Չէր ախորժում կեանքը այնպէս ինչպէս կար
Յախուռն էր յոյժ եւ բուռն անհանգիստ
Եւ քանի նա որդին անառակ էր
Տնից խորշում էր խիստ
Կանոնաւոր կարգւած ու ծանրանիստ տնից
Ուր կար շրջափակւած մի բակ
Ու մի դարպաս որ փակ էր միշտ
Եւ ուր պատշգամբի դիմաց մի փոքր աւազան կար
Ակնաղբիւրից հոսող ջրով լեցուն
Որ թւում էր յստակ ու անապակ
Մինչդեռ աւազանի տակ
Կուտակւել էր դիրտը, տիղմը տարիների
Որ մնացել անշարժ ու դարձել էր յատակ։
Այգին ու ծառերը շարքով ցանւած
Ծանրաբեռնւած ծանօթ ու ընտանի բերքով
Պարտէզը խնամւած մարգով ծաղիկների
եւ միջոցը լեցուն թռչունների անմիտ
Ու միալար երգով։
Եւ անառակ որդին քանզի անառակ էր
Վերցրեց իր հետ այն ինչ իրեն էր պատկանում
Ինչ որ սեփական էր
Եւ ստացաւ նաեւ իր մեծատուն հօրից
Ժառանգութեան իրեն հասանելիք մասը
Թողեց հօրը մօրը ընտանիքն ամբողջ
Լքեց հնամենի տունը ու հեռացաւ
Նա,
զաւակը,
որդին
Անառակը։
Եւ ես գիտեմ որ նա
Գնացել էր բռնած իր ցանկութեան ուղին
Քայլել իր հայեացքի դիմաց, քայլել ուղիղ
Իսկ հայեացքը յառած հեռուներին

Յետոյ թափառել էր
Վատնել ինչ որ ունէր արժէքաւոր ու թանկ
Այն ինչ ստացել էր որպէս ժառանգութիւն աւանդ
Եւ այն ինչ իրենն էր։
Նա վատնել էր բոլորը մսխել առանց
Ափսոսանքի առանց երկմտանքի
Կեանքի ու երկունքի ճամբաների վրայ
Ի խնդիր մի բանի որ չգիտէր նոյնիսկ
Թէ ինչ է այն։
Եւ իր ունեցածը ամբողջ ձեռքից տւած
Երազներից ի ձեռ եւ ոչ մէկը բերած
շարունակել էր քայլել իր հայեացքի դիմաց
Քաղցած սոված յոգնած

Սկիզբն ճանապարհի դեռ այգիներ կային
Եւ պարտէզներ սակայն անտէր ու մոռացւած
Յետոյ իր երթուղին անհարթ դարձաւ
Արձակ հողամասեր ծածկւած մոլախոտով
Ու այգիների լքւած վայրենացած ծառեր
Այլասերւած բերքով
Ապա վայրի ծառեր պտուղներով վայրի
Տտիպ, թթու, դառն ու դժնահամ
Նա փորձում էր բոլորը թէ խակ
Թէ բորբոսնած
Զի սնունդ էր փնտրում
Եւ քաղցած էր ծարաւ։

Կամաց կամաց շուրջը ամայացաւ
Հողը չորանում էր ու ճաքճքում տապից
Ապառաժներ կային եւ լերկ ժայռեր
Որոնք փշրւում եւ դառնում էին աւազ։
Ճանապարհը դժւար էր բայց նա նորից
Քայլում էր ու քայլում յամառօրէն

Յետ չնայեց երբեք անառակը երբեք չնայեց յետ
Ճանապարհին երկար որ անցել էր
Անցել ու թողել էր նրա եզերքներին
Չար մի ուրախութիւն
Եւ մի բարի թախիծ

Այսպէս նա քայլելով հասաւ անապատին
Որը փռւեց իր դէմ լռութեան պէս անբիծ
Անապատ էր։

Անապատը անափ եւ անպարփակ
Անապատը յստակ եւ անապակ։

Երեկոյ էր արդէն երբ նա հասաւ այնտեղ
Յետոյ դարձաւ գիշեր։
Մի մուգ կապոյտ երկինք աստեղառատ
Բացւեց եւ ամէն ինչ իր գիրկն առաւ
Եւ ստւերներ կային ասեղնահիւս որոնք
Գրկախառնւած սպիտակ աւազներին
Ծփում էին սահում, հոսում էին սուրում
Եւ փսփսում խօսքեր աստեղային

Ինչ երկնքից կարծես կաթ էր թորում
Անապատի արծաթ աւազների վրայ։

Անառակը այդպէս մնաց երկար
Ապա նա զարմանքով զգաց որ իր ներսում
Ինչ որ մի բան անհուն ու անանուն
Ծփաց եւ թպրտաց

Յանկարծ
Նա սկսեց երգել

Եւ սկզբում ձայնը երերուն էր
Կարծես ելք էր փնտրում որոնում իր հունը։
Սակայն կամաց կամաց
Դարձաւ յստակ դարձաւ ինքնավստահ
Ու երգում էր երգում անառակը
Երգում տարւած երգում ինքնամոռաց
Մենակ կանգնած մենակ տիեզերքի դիմաց։
Եւ ժայթքում էր երգում
Հնչեղ յստակ որոշ
Ծածանւում էր վերում աստղերից աստղ
Որպէս յաւերժութեան նշան որպէս դրօշ
Ապա իջնում էր վար տարածւում էր ցածում
Կայծկլտւում էր շողում աւազէ աւազ
Որպէս անեզրական երազ
Բայց եւ ոչ ոք չկար որ լսէր իր երգը
Եւ դա ինքն էլ գիտէր
Բայց երգում էր
Երգում իր մենութեամբ հարփած
Հարբած տիեզերքի դիմաց։

Յետոյ անառակը սկսեց քայլել
Երգում էր ու քայլում
Քայլում էր ու երգում ու գնում էր առաջ
Հայեացքը միշտ դէպի դիմաց յառած։

Մինչեւ դանդաղօրեն գիշերը գունատւեց
Զարմանալի մի լոյս շէկ ու շքեղ
Ծագեց ու սփռւեց երկինքն ի վեր
Հորիզոնը հեռւում շառագունւեց
Շոգ շղարշներ իջան ու շողերի եղեամ
Եւ այգաբաց եղաւ

(Իսկ երկնքից կարծես մեղր էր ծորում
Անապատի ոսկէ աւազների վրայ։)

Յետոյ ինչ որ մի բան ճեղքեց աւազները
Եւ դուրս ելաւ դանդաղ ու բարձրացաւ վերեւ
Մի վիթխարի արեւ։

Որդին այն ժամ լռեց կանգնեց մի պահ
Նայեց հսկայ հսկայ արեգակին
Ու կոպերը փակեց
Քանզի շլացուցիչ լոյսը իր բիբերի միջից
Կիզում էր իր ճամբան ու խրւում ներս։
Եւ կուրացած լոյսից նա կանգ առաւ մի պահ
Ապա քայլեց նորից
Բայց այս անգամ
Մի ստւեր էր ձգւել իր յետեւից
Որին քարշ էր տալիս տանում իր հետ
Իսկ ստւերը յամառ կրունկները
Մխրճում էր խրում աւազի մէջ
Ու չէր ուզում շարժւել անմտօրէն
Իսկ անառակ որդին անգիտօրէն
Քաշ էր տալիս նրան իր յետեւից
Ու առաջ էր շարժւում խեղճ ստւերը
Գնում անկար անգամ տիրոջ ետքից

Բայց առաջ էր գնում անառակը որքան
Նոյնքան այդ ստւերը մօտենում էր նրան
Եւ երբ թանձր ստւերն հասաւ որդուն
Երբ միացան նրանք ու դարձան մէկ
Նրանց ոտնահետքերն ամէն քայլափոխին
Լցւում էին ինչ որ հեղանիւթով մի տաք
Քրտինք էր դա արցունք թէ արիւն էր
Որ աւազը հասնում ու ծածկում էր արագ։

Այդպէս նա մի քիչ էլ քայլեց քայլեց մինչեւ

-Եւ ես էլ գիտեմ-
Մինչեւ արեգակի դաժան կրակի տակ
Իր ուղեղը գանգում սկսեց եռալ
Քթից ականջից մի խէժ ծորաց դեղին
Մարմինը ցամքեց եւ չորացած կաշին
Փակչեց ոսկորներին
Որոնք ճարճատում ու ճաքում էին ցաւից
Ամէն քայլափոխին
Շրթունքները փոշոտ աղակալած
Յետ ձգւեցին ուժգին
Ու բերանը ճեղքւեց մի ծիծաղով անվերջ
Անվերջ տառապանքի
Որ քարացաւ դէմքին։
Փակւած կոպերի տակ աչքերը պայթեցին
Եւ դէմքն ի վար հոսեց ակնախոռոչներից
Դառը արիւն արցունք
Դառը, աղի, լեղի։

Անառակը կանգ առաւ։
Անառակը կանգ առաւ
Ու պարուրեց նրան մի անսահման թախիծ։

Անապատ էր
Անապատը անեզր ու աներազ
Անապատը ամայութիւնաւազ

Յանկարծ անառակին
Թանձր փոշու միջից որպէս տեսիլ
Նախ մշուշոտ ապա պարզ ու մեկին
Երեւաց իր տունը
Տունը որին լքել հեռացել էր
Ի խնդիր մի բանի
Որ չէր յիշում այլեւս թէ ինչ էր այն
Ու երեւաց տունը մօտիկ ու մտերիմ
Տանիքն երկնահայեաց երդիկը հին
Եւ ծուխը ծխանի որ ելնում էր կապոյտ
Կապոյտ երկինքն ի վեր
Ակնաղբիւրը որից
Դուրս է բխում ջուրը անմահական
Այգին ծառերը ծանրաբեռ կախարդական բերքի
Ոսկէ խնձորներով
Պարտէզը գունագեղ ծաղիկներով լեցուն
Ուր հսկում էր արթուն մի զւարթուն
Ուր երգում էր ազատ իր երգն իմաստուն
Մի հարազատ թռչուն
Հեքիաթի հաւքՀազարանը։

Երեկոյ էր այնտեղ ու գիշեր էր դառնում
Երեւաց իր հայրը ձեռքը ճակտին դրած
Երկար մի հայեացքով նա զննում էր բոլոր
Ճամբաները դարձի։
Մայրը առաջացաւ
Նա ճրագ էր վառել ու պահում էր բարձր
Որ իր որդին տեսնի
Չմոլորւի գտնի իր տան ճանապարհը

Անառակը այլեւս չդիմացաւ
Վերջին վերջին վերջին իր ճիգերով
Նա սկսեց վազել դարձի ճամբան
Տունը այնպէս մօտ էր
Տունը այնքան մօտ էր
Որ կը հասնի շուտով
Հա հասնում է արդէն
Ահա
Ահա
Հասաւ

Բայց Անառակ Որդին երբ հասաւ Տուն
Ես այս մէկը արդէն վստահ գիտեմ
Երբ անառակ որդին վերադարձաւ
Իր տան շեմքին ընկաւ
Զարկւեց գետին։

Նա տուն վերադարձաւ
Ու մահացաւ
Նա
Զաւակը
Որդին
Անառակը։

Յոյս թիւ 52
17 Յունիս 2009