ԴԱՐԸ

Աշուղ Ծատուրօղլի

Ա՛յ ժողովուրդ, լսէք, ասեմ, ինչ տեսակի դար է դարը,
Մի օր տաքցոց, մի օր դողցոց, փոփոխական դար է դարը,
Չհաւատաք, թէ արծիւի ու սոխակի դար է դարը,
Չէ՛, կչկչան կաչաղակի ու թութակի դար է դարը։


Ասպարէզից հեռացւել են պայծառամիտ հանճարները,
Ամբիոնի տէր են դառել պոռոտախօս անճարները,
Իրենց ծաղկի տեղ են դնում մոլախոտ ու բանջարները,
Անտաղանդի, իմաստակի ու համբակի դար է դարը։


Գանգում ուղե՞ղ ունես, թքած,-կարեւոր են աչք ու ունքը,
Ունես լեզո՞ւ ճշմարտախօս, -կարեւոր են ալ շրթունքը,
Կրծքում, թէ սիրտ ունես սիրող, թաղի՛ր, վրան ծխիր խունկը։
Ինքնավաճառ անառակի, պոչատակի դար է դարը։


Ի՞նչ իմանաս, աշխարհն էսպէս գլուխն առել ո՞ւր է գնում,
Թափը անցած, կոնծածի պէս անվերջ ձախ ու ծուռ է գնում,
Ով ուզում է հանգիստ քնել բարձի տակին թուր է դնում,
Ի՞նչ թուր, ասա՛ ատրճանակ ու գնդակի դար է դարը։


Ամէն քայլդ վերցնելիս քո շուրջը լաւ պիտի նայես,
Թէ ուզում ես չթռցնեն, գլխարկդ պինդ պիտի պահես,
Քո սեփական շւաքին էլ էսօր պիտի չվստահես,
Առաւ-փախաւ աւազակի ու բոսեակի դար է դարը։


Իմ կարճ խելքով ո՞նց հասկանամ դարամուտի չար կատակը,
Մէկ վայրկեանում կործանեցին Նոր-Եօրքի զոյգ աշտարակը,
Հազար-հազար մարդ ու կնիկ մնաց փլատակի տակը,
Շղթայական պայթիւնների, աւերակի դար է դարը։

Զոռբաները գազանի պէս ծամում են տկարի միսը,
Խեղճ ու կրակ խալխի հաշւին հաստացնում են իրենց վիզը,
Աշխարհի գլխին սարքեցին տնտեսական կրիզիսը,
Քաղաքակիրթ բարբարոսի, հրոսակի դար է դարը։


Էլ ի՞նչ ամօթ ու պատկառանք, ամօթից խօսելն է ամօթ,
Օբամայի խոստումներն էլ մեզ՝ մնացին դատարկ անօթ,
Գերմեծերը հայերի հետ խաղում են հին խաղը ծանօթ,
Նենգ, դրուժան կեղծաւորի, ստահակի դար է դարը։


Ուր նայում ես հուր ու սուր է, մխիթարիչ լուր չմնաց,
Աղբիւրների ակերում էլ անապական ջուր չմնաց,
Ոչ մի թիզ հող աշխարհումս անարատ, մաքուր չմնաց,
Հարամակեր գիշատիչի, հացկատակի դար է դարը։


Տուր-դմփոցի տեղ դարձրին Քրիստոսի դամբարանը,
Էլ դրանից ո՞նց ետ մնայ մեջլիսն ու խորհրդարանը,
Չէ՛, աղն էլ է անհամացել, վկայ Սուրբ Աւետարանը,
Մեղայ քեզ, Տէ՛ր, Բաբելոնի աշտարակի դար է դարը։


Տէ՛ր, չլինի թէ մեզանից դու էլ երես ես դարձրել,
Էս սանձարձակ ադամորդուն սեւ ցուցակի մէջ ես դրել,
Չի գտնւում անգամ մի Նոյ, որին կարենայիր ներել,
Ցունամիի, ջրհեղեղի ու խորշակի դար է դարը։
Ողջ աշխարհն է դառել հիմա մեղքում կորած Սոդոմ-Գոմոր,
Մէրը մանուկն է ուրացել եւ մոռացել մանուկն իր մօր,
Ախպերն ախպօր ոտքի տակին քառասուն գեազ փորում է հոր,
Ծակ օզոնից թափւող կարկուտ ու կրակի դար է դարը։


Մի օր կովերն են խենթանում, մի օր խոզերն հիւանդանում,
Թռչուններն իրենց թեւին հազար չոռ ու ցաւ են տանում,
Դեռ քաղցկեղից չէինք պրծել, հիմա իդզն է իր հունձն անում,
Հազար տեսակ նոր ճարակի ու վարակի դար է դարը։


Բայց ո՞րն ասես, ո՞րը թողնես, էս խօսքերը ի՞նչ կը փոխի,
Յարմար յանգերը վերջացան, վախճան չկայ ախ ու վախին,
Մարդ չգիտի էս բոլորի վրայ լացի, թէ ծիծաղի,
Լաց ու ծիծաղ իրար խառնած խեղկատակի դար է դարը։


Ծատուրօղլի՛, մի անճարակ խեղկատակ էլ դու ես կեանքում,
Մէկ խենթի պէս ծիծաղում ես, մէկ մազերդ ես փետում անքուն,
Ի՞նչ ես իզուր լեզւիդ տալիս, ողորմի էն պապիդ հոգուն,
Լեզուդ կծիր, չե՞ս տեսնում, էշ նահատակի դար է դարը։

Յոյս թիւ 55
29 Յուլիս 2009