Հեքիաթ՝
Ձմեռ Պապիկի
Տօնածառի
Փայլուն Աստղերի
Երկարաճիտ կօշիկների Եւ Իմ Մասին

Խաչիկ Խաչեր

20-րդ դարի անփառունակ յիշատակին։

Ես, որ տուն եմ եկել աշխատանքից
Եւ կշտացած ամէն ինչից.
Վերջապէս հանում եմ
Տասը - հինգ - վեց - ժամ առաջ
Հագած կաշւէ կօշիկներս.
Ձեռքերս, որ չգիտեմ թէ ինչոտ չեն,
Գոլ ջրով օճառում.
Փոքր աղջկաս գիրկս առնում,
Մեծ աղջկաս ձեռքը բռնում,
Եւ սթափւած կնոջս կանչից
Աճապարանքով Խոհանոց եմ մտնում։
Ես, որ տուն եմ եկել գործից

Եւ ստամոքսս ծակւում է քաղցից.
Slow Motion-ի դատապարտւած.
Անգիտակցաբար
Ջոկում եմ կանաչիի կարմիր բողկերն ու
Առանձնացնում կերակրիս մսի կտորները
Եւ փոխարէն
Սալադի վրայ լիմոնը ճզմելու,
Այն քամում եմ կերակրիս վրայ,
Եւ չորացած կաշին սալադիս մէջ նետում
Եւ փլաւի հետ միասին-միանւագ
Գդալում արագ-արագ։

Ես, որ տուն եմ եկել աշխատանքից
Եւ մարմնապէս եմ ճզմւած
Եւ խառնիխուռն մտքերից.
Ուտում եմ
Առանց համ զգալու
Կուլ եմ տալիս,
Առանց ծամելու։
Գլխով հաստատում եմ
Մեծ աղջկաս ասած,
Իմ չլսածը.
Կնոջս հարցին ալարում եմ
Պատասխան տալ,
Եւ առանց իմանալու
Արդէն քանիերորդ անգամ, ակամայից,
Բաժակս սառը ջուր եմ լցնում
Եւ դատարկում միանգամից։

Ես, որ տուն եմ եկել գործից
Եւ մի կերպ կշտացրել եմ ինձ.
Չեմ մոռանում ստամոքսիս
Հակաթթու հաբը ծամել.
Եւ որովհետեւ ծխել չգիտեմ,
Առանց ծխածոտ վառելու,
Սեղանն հէնց այդպէս թառած-թափած,
-Փոքր աղջկաս ձեռքը բռնած-
Թողնում եմ, ու դուրս գալիս
Խոհանոցից։

Ես, որ տուն եմ եկել աշխատանքից
Եւ ցրւած եմ եւ անհանգիստ,
Փլւած անբազուկ բազկաթոռի մէջ
Հազիւ եմ համբերում
Ծնկներիս նստած աղջիկներիս.
Եւ չեմ էլ յիշում, որ
Խոհանոցից դուրս ելնելիս
Կինս ասաց.
-Այս պնակի պտուղը վերցրու կե՛ր։
Եւ կանչում եմ բնազդից դրդւած,
Բարձր ու զիլ,
-Պտուղ բեր, պտուղ բեր, կին

Ես, որ տուն եմ եկել գործից
Եւ մոռացել եմ մէկ անգամ ընդմիշտ,
Որ պիտ խաղամ աղջիկներիս հետ,
Եւ կնոջս հերթական զեկոյցները լսեմ,
Եւ պտուղ եմ ուզում ուտել
Առանց շաքարի թէյ եմ խմում
Եւ եթէ չեմ սխալւում,
Հեռուստացոյց դիտում.
Եւ ինձ զանգած գործակցիս
Կնոջս բերանով ասում,-
Դեռ չեմ եկել գործից։

Ես, որ տուն եմ եկել աշխատանքից
Եւ ժամանակը պիտի յարգեմ միշտ,
Նայում եմ ժամացոյցիս ու տագնապում.
Ժամի տասն անց է յիսուն րոպէ։
Եթէ ուշ անկողին մտնեմ
Վաղը գործից կընկնեմ։
Տագնապում եմ,
Սիրտս հանում նորմալ տեմպից
Ու դրանով քունն եմ վանում իմ աչքերից։
Եւ շաշի նման, միանման՝ սառը նայում,
Մէկ կնոջս, մէկ աղջիկներիս
Եւ մէկ-մէկ էլ հեռուստացոյցին։
Մեծ աղջիկս մանկապարտէզից
Երկու ոտանաւոր է տուն բերել
Մէկը Նոր Տարւայ, մէկն էլ
Հայրիկի՝ իմ մասին։

Ես, որ տուն եմ եկել գործից
Եւ ծափահարում եմ բռնազբօսիկ
Աղջկաս, հազիւ կէսը լսած որտանաւորին
Ուղեղիս ինչ որ մի անկիւնում
Ինչ որ մի միտք եմ քրքրում։
Թէ որ Ձմեռ Պապի են փսփսում
Եւ Նոր Տարի արտասանում,
Ուրեմն պէտք է Տօնածառ գնել։
Եւ զարդարանք։
Եւ յարդարանք։
Եւ նւէրներ։

Ես, որ տուն եմ եկել աշխատանքից
Եւ մշուշւած եմ եւ անգիտակից.
Եւ անցեալ ամսւաս վարձից
Չի մնացել ինձ ոչինչ.
Իսկ մինչ ամսավերջ
Դեռ մի քանի երկար օրեր կան.
Աղջկաս ասած Նոր Տարին
Միանգամայն, գլխիս մէջ
Ծանր կռանը զարկում է սալին։
Եւ յիշում եմ, որ լուրջ պահիս,
Մեծ աղջկաս՝
Մեծ, բաւական մեծ
առաստաղին հասնող մի տօնածառ.
Իսկ փոքր աղջկաս՝
Փայլփլուն աստղեր
Եւ կնոջս՝
Երկարաճիտ կօշիկներ եմ
ՆՈՐ ՏԱՐՒԱՅ համար խոստացել։

Ես, որ տուն եմ եկել գործից
Եւ անցել եմ հազար փորձից ու փորձանքից.
Եւ շատ քիչ եմ հանգստացել
Եւ աղջիկներիս հետ չեմ խաղացել.
Եւ տան միապաղաղ հոգսերից բեզարած
Կնոջս հետ չեմ խօսել.
Եւ ոչ էլ հեռուստացոյցի
Հերթական Սեռիալն եմ դիտել,
Եւ ոչ էլ օրւայ ամենավերջին
Նորութիւններին եմ ունկն դրել։
Արդէն զգացի, որ
Առանց իմ իմանալու եւ ցանկութեան էլ
Նոր Տարի է շուտով գալու,
Որ, Ձմեռ Պապին է զանգեր տալու,
Եւ մանկապարտէզում երեխաները
Տօնածառ ջան, տօնածառ-ն են երգելու։

Ես, որ տուն եմ եկել աշխատանքից
Եւ ծրագրւած եմ դեռ նախկինից։
Տասներկու մետր երկարութեամբ մեր տանը,
Աղջիկներիս երկյարկանի թախտի առաջ
Անքուն նստած,
Ուղեղիս մէջ ծանր բռնւած.
Երկար ու բարակ հաշիւ եմ անում
Տօնածառ
+ Փայլփլուն աստղեր
+ երկարաճիտ կօշիկներ
.......................................
Եւ ոչ մի տեղ չեմ հասնում դեռ

Ես, որ քիչ յետոյ,
Լոյս ու մութին
Նորից աշխատանքի եմ գնալու
Որ գիշերը նորից տուն գամ
Թերեւս մի քիչ հանգստանալու.
Երազում եմ, թէ որ քնէի
Մի վերջին անգամ
Աջից - ձախ եմ շրջւում տաք անկողնում
Եւ խաղաղ ու ոսկեայ երազ եմ տեսնում։
Ես՝ երազիս մէջ
Հեքիաթածիլ եղեւնուտներից,
Հեքիաթածիր երկնակամարից,
Հեքիաթածին յաւերժահարսից
Առաստաղին հասնող տօնածառեր
Փայլփլուն աստղեր, եւ
Երկարաճիտ կօշիկներ եմ գնում
-Ով գիտի քանի տարւայ ամսավարձով -
Հին տարւայ վերջին գիշերում
Ձմեռ Պապիի հետ,
Ծխնելոյզներից վայր իջնելու
Եւ բարձերի տակ դնելու համար։

Դէ սպասէք ինձ։

Յոյս թիւ 17
26 Դեկտեմբերի 2007