Ջուլիետա Խաչատրեան

Բանաստեղծուհի Ջուլիետա Սարգսի Խաչատրեանը ծնւել է 1962 թւին Հայաստանի Էջմիածին քաղաքում։ Իր առաջին բանաստեղծութիւնը լոյս է տեսել 1984 թւին Գրական Թերթ-ում։ Այնուհետեւ տարբեր տարիներին տպագրւել է Փարոս (ԱՄՆ), Ալիք (Իրան), Միհր (Հայ-իրանական մշակութային ամսագիր), Աղբիւր եւ Գարուն (Հայաստան) պարբերականներում։ 2003 եւ 2006 թւերին պարբերաբար լոյս են տեսել Դու նուրբ ես, ինչպէս հասկը ցորենի եւ Եղեամի աստեղնահիւս խոստովանութիւնը խորագրով բանաստեղծութիւնների առաջին եւ երկրորդ ժողովածուները։ Շուտով կը հրատարակւի նաեւ բանաստեղծուհու Հրաւէրք անունը կրող բանաստեղծութիւնների երրորդ ժողովածուն։

 

 

 

Ե՞րբ
Ե՞րբ օդը կը թրթռայ քո Բարեւ-ից,
Ե՞րբ մարմինս կը բերկրի
Հպումներից քո մատների,
Ե՞րբ կը ծաղկեմ քո պարտէզի մէջ,
Ե՞րբ

Մեղքի համը
Ես անցայ պատենշը
Սրբութիւնների
Եւ խորշանքն այն բառի,
Որ ապականութիւն է
Կոչւում ձեր շուրթերով՝
Ես անւանեցի կեանք։
Ու երբ նւաստացած մարմինս
Բոլոր բջիջները սկսեցին ծաղկել՝
Դուք երես դարձրիք ինձնից.
Ես դա անւանեցի Սէր
Ու փրկւեցի օրերի ճռռոցից՝
Ժանգոտւած սայլանիւների պէս։
Երբեւէ կը տեսնեք
Իմ պատմութիւնը
Երբ ձեան պէս հալչեմ
Ու ձեր գաւաթի ջուրը դառնամ։

Դու ուշանում ես
Ինչքան ուշանում ես,
Այնքան խորանում է
Քեզ կորցնելու միտքը։
Ինչքան երկարում է ձիւնաբուքը,
Այնքան ամրանում են անդունդները
Մեր միջեւ։
Նամակները տեղ չեն հասնում,
Զանգերը պատասխանում են.
Բաժանորդն անհասանելի է։
Արեւը մեռել է
Ամպերի մշուշի մէջ,
Յոյսը կախւել է
Սառած անդունդի պարանոցից,
Չկայ ձեռքը փրկումի,
Դու ուշանում ես

Սպասում
Ես ամէն օր
Վերակերտում եմ քեզ՝
Ինձ սիրահարւածի աչքերով
Եւ այն պատկերով,
Թէ ինչպիսին ես ինձ գրկելիս։
Ես ամէն օր
Սպասում եմ քո գալուն
Եւ օդից որսալ եմ ուզում այն բառերը,
Որ մի օր պիտի շշնջաս իմ ականջին։
Բայց նրանք խակ պտուղների պէս
Ամուր կառչած են օդից,
Եւ դեռ անհաս է
Քեզ ունենալու երազանքը։
Երբեմն ուզում եմ մարմնիցս պոկել
Յուսահատութիւնը,
Ուզում եմ իմ մէջ ապրող
Անանուն եսասէրին ասել.
-Թշւառ,
Դու ինչ գիտես ինչ է երջանկութիւնը,
Հեռացիր եւ թող ինձ այն միակ սէրը,
Որը հիմա է իմ սիրտը նւաճել։
Ես սիրում եմ,
Ես սիրում եմ ՆՐԱՆ։
Ես ամէն օր աղօթում եմ,
Որ այն աչքերը, որ իմ աչքերն են,
Որ այն շուրթերը, որ իմ շուրթերն են,
Որ այն սիրտը, որ իմ սիրտն է՝
Ինձ չդաւաճանի,
Եւ արեւի ջերմութիւնը
Կեանք տայ այն խակ պտուղներին,
Որոնց հասունութեանը ես սպասում եմ։
Առաջին ձիւն
Ձիւն,
Առաջին ձիւն,
Մաքուր,
Ճերմակ,
Անաղարտ,
Փաթիլ-փաթիլ
Դեռ մաքրւելու յոյս կայ,
Մաքրագործւելու՝
Կեղծիքից,
Իրար աչքերին
Պարզ նայելու վախից,
Նոր- Նոր ծնւելու
Նոր մանկապարտէզ գնալու,
Նոր ոտանաւորներ սովորելու,
Նոր ապրելու յոյս կայ,
Նոր- Նոր,
Նոր շորերով,
Նոր կօշիկներով,
Նոր տիկնիկներով,
Նոր գոյներով։

Ձիւն,
Առաջին ձիւն,
Մաքուր,
Պլպլան,
Աչք ծակող,
Դեռ փրկւելու յոյս կայ։

Իմ յաղթանակը
Իմ պահապան հրեշտակն էլ
Ինձ լքել է
Դալուկ աշնան իմ սարսուռի մէջ,
Ու մեն մենակ յայտնւել եմ
Ճակատագիր կոչւող
Ճիւաղի առջեւ
Բարձրանալ սանդուղքն ի վեր
Ու փրկւել
Գանգանեխիչ բջիջներից,
Ուղեղակեր մտքերից,
Ճահճագրգիռ կլանումներից։
Նրանք քաղում են
Դաշտի ամենագեղեցիկ ծաղիկները,
Հաւաքում են
Ամենաչքնաղները, ամենաբուրաւէտները
Եւ դաշտը կամաց-կամաց
Իր յիշողութեան ոլորաններից
Կորցնում է զարթօնքի բջիջները։
Ես չեմ ուզում լսել
Այն փքուն արտայայտութիւնները,
Որ կորստի ու ցաւի դէմ
Ճակատագիր են կոչւում։
Իմ յաղթանակը աշնան սարսուռի մէջ
Գարնանային ծաղիկներ աճեցնելն է։
Աճեցնելն է
Աճեցնելն է..


Մենախօսութիւն
Այս գունատ լոյսից
Խոնաւացել է դողը իմ հոգու,
Լռութիւնը շիկացրել է մեր մտքերը,
Սակայն դեռ սառն են հպումները
Մեր անկեանք շուրթերի,
Ինչո՞ւ քո խօսքերը չեն հոսում այսօր,
Ինչո՞ւ քո շուրթերը այսօր չեն ծաղկել,
Ինչո՞ւ մատերդ չեն կորչում
Փրփուրների մէջ իմ վարսերի։
Ես այսօր իսկական երեխայ եմ դարձել,
Օղակիր ինձ քո բազուկներով,
Եւ բալահամով լցրու մշուշը,
Թող աստղերը գերւեն հմայքից գիշերւայ։

***
Այրւում եմ
իրիկնամուտի հրդեհի նման
Ցորեն արտի։
Ինձնից հեռացաւ սէրը՝
Ճերմակ ձեռնոցներ նետած։
Օ, ձմռան սառը խորշանք,
Ճաքած շուրթեր՝
Ցրտից, որը վրձնւել է պատին
Ու չի քերւում,
Որը նոտագրւել է խաւարին
Եւ չի լռում։
Ես այրւում եմ
Իրիկնամուտի նման,
Ինչպէս ընձուղտը՝
Կտաւի մէջ Դալլիի,
Որը սիրոյ հետ բնաւ կապ չունի,
Բայց նա էլ այրւում է
Յանուն սիրոյ։

Յոյս թիւ 18
16 Յունւար 2008