Յովսէփ Նազլումեան

Ատելութիւն
Նրանք մորթել են քեզ,
Եւ խոհերդ ծծել,
Սէրդ՝ դրօշ արել բոզանոցի կտրին,
Վիշտդ՝ թունաւորել։

Եւ հիմա քարը քեզ նախանձում է։

Այս խեցիում բնաւ դու չես մարգարտանայ։
Եւ քո ատելութիւնը բորբ
Շուտով կը դառնայ որբ։

Ճարահատութիւն
Օ՜, անցեալի երգասաններ,
Դուք տառապածներ երկպատիկ,-
Արւեստի եւ ձեր կեանքի համար.
Դուք, որ սնւում էիք մի արեւով անմար,
Մի արեւով հզօր եւ ճշմարիտ։

Ձեր արեւի մօտ ջեռ,
Մեր այս ճրագը խեղճ
Ի՞նչ է կարող անել։

Իսկ խաւարը թանձր, բարդացել է հիմա։

Եւ մենք տառապում ենք՝
Մեր անճար երազներից,
Մեր բզկտւած ու խեղճ կեանքից,
Եւ մեր անտուն ու անարմատ, եղկ արւեստից։
Նրանք մեզ քամում են մեզնից,-
Մենք մնում ենք մենակ,
Զրկւած անգամ մեզ կարեկցող եսից։
Մենք չենք կարողանում մեզ խեղդւելուց փրկել,
Դրա համար
Աշխատում ենք մեզ հետ այս ճահիճում խրել,
Ով իր ձեռքն է մեկնում

Օ՜, անցեալի երգասաններ,
Դուք,
Որ մեզ փրկում էիք անգամ ձեր խեղդւելու պահին,
Դուք, որ փրկել գիտէք նաեւ այսօր,-
Երբ մարել էք արդէն,
Ես իմ հայեացքը մութ
Ձեզ եմ յառել։

Օ՜, անցեալի երգասաններ,
Տարափոխիկ այս խաւարում,
Մենք մեր ճանապարհը կորցրել ենք.-
Օ՜, դուք ելէ՛ք, ելէ՛ք որպէս արեւ։

Օ՜, դուք իջէ՛ք, իջէ՛ք ինչպէս յարալէզներ,
Ու մեր փախած շունչը մեզ յետ բերէք։

Նրանք մեզ ասում էին
Սիրելի Գարմէն Յովհաննիսեանին
Նրանք մեզ ասում էին.
-Այնտեղ երգը վերջացել է Վարուժանով,
Այստեղ՝ Չարենցով.
Եւ ձեր տքնելը զուր է։

Նրանք մեզ ասում էին.
-Դուք ագռա՛ւ էք, ագռա՛ւ.
Ձեր ճշմարտութիւնը ձիւնի մէջ է։

Եւ մենք ապում ենք հլու.-
Մեր գլուխը խրած այն ձիւնի մէջ։

Եւ առաջին անգամ,
Ես էի, որ- իմ գլուխը խրած այն ձիւնի մէջ,
Մի յուսահատ,
Կիսատ,
Երգ երգեցի.
-Կղա՜, կղա՜,-
Չկայ,
Էլ ինչ մնաց, որ գայ։

Նրանք մեզ ասում էին.
-Այստեղ երգը վերջացել է Վարուժանով,
Այստեղ՝ Չարենցով.
Եւ ձեր տքնելը զուր է։

Եւ առաջին անգամ,
Ես էի, որ- իմ գլուխը ձիւնից այն հանեցի,
Ու նայեցի անեզր այս աշխարհին.
Եւ կտուցս մեկնած- հեռու արեգակին՝
Ես մի լրիւ, ամուր երգ երգեցի.
-Կղա՜, կղա՜,-
Կը գայ,
(Կամ իմացէք նա կա՛յ։)

Կարապը գեղեցիկ է երգում։
Ես սիրում եմ լսել նրա ձայնը։
Նա ինձ մաքո՜ւր, մաքո՜ւր մի թախիծ է բերում։
Ես իմ հոգին նրա երգով եմ լւանում։
Բայց ես.-
Ես էլ իմ երգը ունեմ։
Եւ ի՞նչ հոգ, եթէ կարապը իմ երգը չի հաւանում։

Նրանք մեզ ասում էին.
-Այնտեղ երգը վերջացել է Վարուժանով,
Այստեղ՝ Չարենցով.
Եւ ձեր տքնելը զուր է։

Բայց ես,
Իմ մի ոտքը դրած Վարուժանի ուսին,
Միւսը Չարենցի,-
Աղաղակում եմ բարձր,
(Ձեր ասելով կռնչում եմ հիւանդ.)
-Մարդի՛կ,
Մարդի՛կ,
Մարդի՛կ,
Մեր տքնելը զուր չէ։
Վարուժանը ու Չարենցը գուցէ
Մեր քերթւածի վերջակէտը լինեն,
Բայց ոչ նրա վերջին տնի,
Զի մեր երգը լրիւ դեռ չի երգւած։
Մենք չենք դառնայ Չարենց կամ Վարուժան,
Քանզի
Մենք մեր ձայնը ունենք։
Եւ ես ձեզ ասում եմ, որ վաղւայ երգիչները
Մեզնից աւելի հեռուն տեսնելու համար՝
Մեր ուսերին
(Իմ եւ ձեր ուսերին)
Պիտի կանգնեն։
Եւ որքան էլ հիմա զարմանալի թւայ,
Սակայն մենք ենք,
Որ մեր երգի ծառի արմատները պիտի լինենք։

Կղա՜, կղա՜.- կը գայ։
Մենք կը հասնենք իրար։

Մհերի Հիմնը
Ելնեմ Մասիսն ի վեր,
Ազատ Մասիսն ելնեմ,
Վառեմ հին ջահը մեր,
Գցեմ քարեր ի վար,
Քանդեմ աշխարհն հիմէն,
Շինեմ մի նո՜ր աշխարհ։

Իրիկնային
Ես սիրում եմ ամբողջ օրը քայլել
Այս բարձր, վեհ լեռան սարալանջով.
Յետոյ երեկոյեան պառկել՝
Այս հաստաբուն ծառի շւաքի տակ,
Ու նայել վեր.-
Ամպերի մէջ կորած
Այն գագաթին անհաս։

***
Եւ քո արմատները
Այս աշխարհի հողին
Չեն ամրանայ։
Եւ քո տերեւները
Այս ահալի հողմին
Չեն դիմանայ։
Քանզի
Դու ուզեցիր մարդը երգել,
Երբ-
Նա դեռ մասնատւած էր
Ազգերի մէջ։

***
Իմ երգ,
մինչ այսօր
Քո փոշոտ ու նեղ փողոցներում է ինձ լոկ յաջողւել՝
Իմ անկեղծութեան իշուկը քշել։

Ուրբաթային
Այս ազանը, որ քեզ ջղայնացնում է՝
Ինձ բերում է թախիծ,
Ու խանձում է հոգիս։

Հաւատ
Լոյսեր են մարում։ Աստղեր են ընկնում,
Բայց ո՞վ է տեսել պարզկայ գիշերում
Աստղեր չերեւան բիւրեղ երկնքում։

Հաւատք
Հարփիկ Թամրազեանին
Եղել են մարդիկ, որ տքնել են,
Դրել են քարը քարին ու երկնել են,
Երկնել են- քարէ այս ճամփան։
Նրանք գործել են, եւ քրտնել են,-
Յոյսով են նայել արեգակին.
Յետոյ հաւատքով հեռացել են,
Ու մերւել- անկարեկից այս երազին։

Մենք էլ հիմա,- քար ենք դնում քարին,
.
Աշխատում ենք փրկել երազ մի հին,
Ու հաւատքով մերւել- անկարեկից մահին։

Արդեօք ելնելու եմ մի օր գրքից
1973, Թեհրան

Յոյս թիւ 34
17 Սեպտեմբեր 2009