ՄԵՐՆ ՈԻՐՒՇ Է

 


Ազգեր շատ կան էս աշխարհում, բայց մեր ազգի իզն ուրիշ է,
Էվերեստ ու Ֆուջիեամա՝ մեր Մասիսն ու Սիսն ուրիշ է,
Իրար միս ենք ծամում անվերջ ու խմում ենք իրար արիւն,
Քանզի սուրբ ու ազնւական մեր արիւնն ու միսն ուրիշ է:

Կուզես գնա ֆրանգստան նրանց թիթիզ բարքերը տես,
Բազմատեսակ ապրանքների պիտակներն ու մարկերը տես,
Լէն-լէն դուքաններում շարած ռանգ ու բռանգ մրգերը տես,
Արքայական մեր ծիրանն ու ծիրանի կորիզն ուրիշ է:

Ալամ-աշխարհ լացացնում է լալահառաչ մեր դուդուկը,
Նրանից կարծես փչում է ձմռան վիշապաձայն բուքը,
Անուշ ձէնով զարդարում է մեր թաղման թափորն ու սուգը,
Միջազգային էկրաններում մեր ռոկն ու ռաբիսն ուրիշ է:

Ամէն մէկն իր պարն է պարում, բայց ուրիշ է մեր Քոչարին,
Հեզաճկուն ու հեզանազ Օսկանա Կոմպլիմենտարին,
Մի հետոյքը երկու թամբի,միակ ոտքը երկու լարի,
Ծռմռւելու, ճկւելու մէջ մեր ողնաշար-վիզն ուրիշ է:

Փառք Աստծու մեր ամէն օրը երգ ու պարի փառատօն է,
Տարէց-տարի երկարում է համազգային մարատոնը,
Լուսաւորիչ Գրիգորն էլ անցաւ ռոկի Ռուբիկոնը,
Հիմա բոլորն են տկլորւում՝ մեր ստրիպտիզն ուրիշ է:

Դիպլոմասի, եթէ ասեմ, ուրիշ է մեր դիպլոմասին,
Ուրիշ է մեր Human Rights-ը, ուրիշ մեր դեմոկրասին,
Հայ ժողովուրդ հասար դու էլ անկախութեան քո մուրազին,
Բայց այստեղ էլ մեր շեֆերի տւած անալիզն ուրիշ է:

Էն ժամանակ միայն մէկից, հիմա կախ ենք հազար թելի.
Մէկին էինք հաշիւ տալիս, հիմա հազար շուն ու գէլի,
Ջրաղաց է աղում գլխիդ պայմանագիրն Արմէնտելի,
Աշխարհի հետ քաղաքակիրթ մեր կոմպրոմիսն ուրիշ է:

Սուլթան ու շահ ինչքան ասես ուրիշ է մեր Սուլթան-Շահը,
Պոլիտիկոս-ստրատեգ ընտիր-չընտիր նախագահը,
Թող անպակաս անի Տէրը ազգի գլխից նրա ահը,
Դիպլոմատիկ դաշտում նրա բասկետն ու թենիսն ուրիշ է:

Ինքն ու Սերժն են մեր "դու շեշը", մնացածը "իքքի բիր" են,
Խոստացել են, որ փոխն ի փոխ նախագահի գահին տիրեն
Ժողովուրդն էլ ուզեն-չուզեն պիտի սրանց սրտով սիրեն,
Ժողովրդի գլխին սարքած սրանց բենեֆիսն ուրիշ է:
Միւսները "իքքի բիր" են, Ռոբն ու Սերժն են մեր "դու շեշը",
Ցեխի մէջ է կարծես խրւել ընդդիմութեան չոլախ էշը,
Խալխն ասում են լաւը չի գայ, ուրեմն թող մնայ գեշը,
Յետընտրական մեր ճգնաժամն ու մեր կրիզիսն ուրիշ է:

Եւրոխորհուրդ մեզ մի խառնի քո վայրի արջի ցեղերին,
Կեղտոտ ձեռքդ մի կպցնի մեր մաքուր ընտրատեղերին,
Էդ բոլորը ի՞նչ կապ ունի Սերգօ-Ռուբոյի բեխերին,
Թէ իրենք են կօշկակարը՝ իրենց մախաթ-բիզն ուրիշ է:

Սերգօն ասաւ. "Ուրիշ ենք, ուրիշ մեր մանտալիտետը",
Ով կարող է թող դիմանայ, ով չի կարող՝ Աստւած հետը,
Մէկ վայրկեանում գլխատեցինք մեր մէջլիսն ու կաբինետը,
Մէջլիսներում մեր ազգային արեան բաղնիսն ուրիշ է:

Ինչքան էլ մեզ հրապուրեն Եւրոպան ու Ամերիկան,
Ինչքան ցրւենք աշխարհով մէկ, որպէս բոշա, որպէս ցիգան,
Դրախտավայր Հայաստանից ինչքան փախչեն ու ետ չգան,
Ձգողական ուժի մատաղ, մեր հողի մագնիսն ուրիշ է:

Չէ, ժողովուրդ արխային կաց, օրհնւած է մեր ծնունդը,
Էս աշխարհի չորս ծագերում պիտի ցանենք հայի հունդը,
Եւ մի օր էլ պիտի տիրենք տիեզերքն ու երկրագունդը,
Աշխարհ անցիր, ԾԱՏՈԻՐՕՂԼՈՒ քաղցր ասուլիսն ուրիշ է:

 

                                                                Աշուղ Ծատուրօղլի

 

Յոյս թիւ 33

2 Օգոստոս 2009