ՎԵՐՋԻՆ ՏԱՌԸ

 

 

Միջին Արեւելքում առաջին տպարանի հիմնադիր Խաչատուր Կեսարացու արձանի բացման առթիւ, 2006 թւականին մի արձան է տեղադրւել Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ Վանքի դիմաց՝ Սպահանի քաղաքապետարանի միջոցով։ Արձանի hեղինակն է քանդակագործ Ժինէթ Շահբազեանը։
 

 

 

 

Սուրբ Ամենափրկիչ անուն
Նոր Ջուղայի վանքի դիմաց
Կայ մի քանի խոնարհ խանութ
Ու մի փոքրիկ հրապարակ։

Երկու-երեք հայ ոսկերիչ,
Մի փերեզակ, մի նկարիչ,
Մի վարսաւիր, մի կօշկակար,
Բոլորն էլ հայ, հաւատացեալ։

Հնադարեան վանքի դիմաց
Ամէն օր վաղ առաւօտից
Առեւտուր են անում կամաց,
Աչքը վանքի ել ու մուտին։

Ու մի օր էլ լուսաբացին
Խանութները հէնց որ բացին,
Խանութպաններն այս հայազգի,
Բերանները բաց մնացին։

Խանութների փոքրիկ բակում,
Երկնքի տակ փիրուզագոյն
Խոյացել էր լուռ ու անձայն,
Մութ ու մռայլ մի յուշարձան։

Վարդապետ էր վեղարաւոր,
Մօրուք ունէր նա փառաւոր,
Թիկնեղ էր ու գեղահասակ
Հագին սքեմ, գլխին պսակ։

Վեր էր յառնել արդեօ՞ք հողից,
Թէ՞ իջել էր երկնի մովից,
Թէ՞ վանքից էր ելել շուքով
Աստւածային մի հրաշքով։

-Ո՞վ է,- ասաց ոսկերիչը,-
Էն որտեղի՞ց նա լոյս ընկաւ.
-Սուրբ է,- ասաց նկարիչը,-
Կստացւի լաւ լուսանկար։
Աջին գիրք է, սաղմոսարան,
Տեսէք, աջն է դրել վրան։
-Բայց,- հարցրեց վարսավիրը,-
Ի՞նչ է ձախին բռնած իրը։

-Դա ոչ խաչ է, ոչ էլ խարիսխ,
Ոչ թազբեհ է, ոչ վարդարան,
Ոսկերիչ եմ էսքան տարի,
Չեմ տեսել ես էսպիսի բան։

Թալիսման է կախարդական,
Խուլ շշնջաց կօշկակարը,
Դրա մէջ է, Աստւած վկայ
Մեր ցաւերի դեղ ու ճարը։

Էսպէս երկար բերին-տարին,
Առան-տւին, տւին-առան։
Լուրը թռաւ բերնէ-բերան
Հասաւ Մահլաթ ու Էրեւան
Անցաւ Չարսուն, հասաւ Քոչեր,
Դէ, հրաշք էր, քիչ բան հօ չէր,
Թէ, բա չասէք, այ ժողովուրդ,
Կատարւել է խորին խորհուրդ,
Շտապեցէք դուք անվարան,
Սուրբ է իջել Վանքի դռան։

Ու զանգերը զիլ զարկեցին
Մեր տասներկու եկեղեցին.
Թէ, ով հայեր հաւատացեալ,
Մեզ յիշել է տէրը բարձրեալ,
Եւ փրկութեան համար հայի,
Եւ պատմական Նոր-Ջուղայի
Եւ համայնքի մեր այս լքեալ,
Ուղարկել է նոր առաքեալ։

Ու հայերը իրար անցան,
Ու թաղէ-թաղ տւին յորձանք,
Փերեցիք ու չարմահալցիք,
Հատ ու կտոր հին ջուղեցիք,
Ով տեղում էր դեռ մնացել,
Ամերիկա չէր գնացել,
Ով դեռ նոր էր դիմել Վանքին,
Որ ստանայ հաստատագիր,
Ով թղթերը ներս էր տւել,
Սպասում էր պատասխանի,
Ով վիզա էր արդէն առել
Բայց չէր ասում հարեւանին,
Հրաշք լուրն երբ իմացան
Խմբակներով ցիր ու ցանցառ
Ափալ-թափալ գլուխն առան,
Հաւաքւեցին Վանքի դռան։

Ու ի՞նչ տեսան, հրաշք մի բան,
Մի վարդապետ վեղարակիր,
Աջը դրած գրքի վրայ,
Ձախով պարզած անյայտ մի իր։

Ո՞վ է, ի՞նչ է, էս որտեղի՞ց,
Ո՞ր քաղաքից, կամ ո՞ր գեղից
Ո՞նց յայտնւեց վանքի դուռը,
Ի՞նչ է բռնել իր ձախ բուռը։
 

Սուրբը, սուրբ է, կասկած չկայ,
Սքեմն ու վեղարը վկայ,
Վկայ աջով բռնած գիրքը,
Մազ- մօրուքը, բռնած դիրքը։   >>
 

Մէկը ասաց,- եկել է որ
Անտուններին տանտէր անի,
Ազգապատկան կալւածները
Ժողովրդի մէջ բաժանի։

Միւսն էլ թէ, ո՞ր կալւածը,
Ո՞ր թողածը, ո՞ր տարածը,
Ծախծխեցին, կերան գնաց,
Էլ տակումը բան չմնաց։

Էս որ ասաւ, Տէ՛ր բարերար,
Ջուղու խալխը դիպան իրար,
Թողին հրաշք սրբի փէշը,
Թուլացրեցին բերին քէշը։

Հին քէները վերյիշեցին,
Օխտը պոռտը քաշքշեցին,
Էլ հին ու նոր, էլ հէր ու մէր,
Խօսեց բռունցքն ու աքացին։

Վանքի ժամահարն էլ շւար,
Էս ժխորից սարսափահար,
Սկսեց զիլ զանգահարել,
Կարմիր վիճակ ազդարարել։

Էս, որ տեսաւ մի ծեր քեռի,
Ճերմակ թաշկինակը ձեռին,
Ելաւ կանգնեց նրանց միջեւ,
-Բաւ է, ասաւ, իզուր վիճէք։
Մեր հազարան ցաւը թողած,
Ի՞նչ էք ճղում իրար բողազ։
Ու ետ դառաւ սուրբը դէպի
Գլխից հանեց մաշւած կեպին,
Ու ճմռելով իր ձեռքերում,
Ասաց ձայնով իր կերկերուն.
-Աջիդ մեռնեմ, ո՛վ սրբազան,
Էս խեղճ խալխին մի բան ասա,
Մատաղ աջով բռնած գրքիդ,
Ձախով ի՞նչ ես պարզել երկինք։
Բայց լուռ էր նա, լուռ ու անձայն
Որպէս մռայլ մի մահարձան

Ու ծունր իջաւ ծերուկ քեռին,
Քսեց երեսը սքեմին,
Ու նրա հետ աղաչական
Բարձրացրեցին ողբ ու կական,
Մարդ ու կնիկ, ջահել, պառա՛ւ
Ու հրաշքը լեզու առաւ

-Լսէք, որդիք ազգիս հայոց,
Վերջ տւէք ձեր ախ ու վայոց,
Ունկն դրէք դուք մի խօսքին
Եւ այն տարէք հայոց ազգին։

-Ես Խաչատուր Կեսարացի
Դեռ տասնըեօթերորդ դարում
Երկրէ-երկիր թափառեցի
Ուր գիտութեան լոյսն էր վառում,
Ու վանքէ-վանք թափառելով,
Իմաստութիւն ամբարելով,
Հաստատւեցի այս հին վանքում
Ու ցերեկն ու գիշերը անքուն
Տքնութիւնով իմ անվարան
Աստ հիմնեցի մի տպարան։
Ես իմ ձեռքով ձուլեցի նուրբ
Երեսունվեց տառերը սուրբ
Ու շարելով իրար կողքի
Տպեցի գիրքն այս աղօթքի։
Ես՝ հայկական Գուտենբերգը,
Հերկեցի ձեր մտքի հերկը,
Որ հաւատքի հունդը ցանեմ
Մտքի խաւարը ձեր վանեմ։

-Ես խաչատուր Կեսարացի,
Որ թաղւած եմ այս տաճարում
Մի օր յանկարծ մտածեցի
Տեսնես, ի՞նչ կայ էն աշխարհում։
Ու ձայն տւի պատկառելի
Մեռելներին կողքիս քնած
Ասի,- մարդիկ երանելի,
Միթէ՞ մեր կեանքն ի զուր գնաց։
Ասի,- է հէյ, հզօր մարդիկ,
Խոջա Պետրոս ու Աւետիք,
Եւ պատւական Խոջա Նազար,
Թագաւորին դու հաւասար,
Եւ դուք այրեր մաքրակրօն
Հաւատքի սիւն, լոյսի կերոն,
Առաջնորդներ մեր սրբազան,
Անխախտ վէմեր մեր անսասան,
Ինձ օրհնեցէք, գնամ, տեսնեմ
Աղօթքները ձեր ո՞ւր հասան։
Գնամ, տեսնեմ կանգո՞ւն են դեռ
Մեր քսանչորս եկեղեցիք,
Խոջաների մեր հոյակերտ
Ապարանքները գեղեցիկ։
Տեսնեմ, նորից առք ու փառքով
Սինգապուրից մինչեւ Խարկով
Առեւտուր են անո՞ւմ մերոնք
Հին մետաքսի ճանապարհով։
Տեսնեմ, է՞լ են գահ նւիրում
Նրանք ռուսաց թագաւորին,
Որ ճամբէքով ազատ անցնեն
Նրանց ուղտը, ձին ու ջորին։
Գնամ մի թաս պաղ ջուր խմեմ
Նորաշէնի զով ջրհորից,       >>
 

Շիրիմներին մի խունկ ծխեմ.
Ու գամ, հանգիստ ննջեմ նորից։
Եւ օրհնեցին այրերն արի,
Ասին,- Գնա, տես ու արի,
Տեսնենք մերոնք ի՞նչ են անում
Լոյս աշխարհի մութ զնդանում։

 

-Ելայ հողից, մտայ տաճար,
Առաջ մի կուշտ աղօթեցի,
Մեռելների՝ մեծահանճար,
Գերեզմանին խունկ ծխեցի.
Յետոյ ելայ, ճամփէն գտայ,
Ծածուկ ժողովարան մտայ,
Տեսայ նստած մի խումբ մարդիկ
Ասես խաղում էին նարդի,
Մէջտեղ դրած մի մեծ սեղան,
Մի մեծ քարտէզ փռած վրան,
Ամէն մէկն իր կողն էր քաշում,
Ու քարտէզի վրայ նշում,
Թէ ո՞ր մասը եւ ո՞ւմ ծախեն,
Ո՞ւմ միջոցով զանգը կախեն,
Ինչքա՞ն չարբեն ո՞ւմ բեղերը,
Ինչո՞վ ծածկեն բաց տեղերը

Էդ ժողովում շատ բան ասին,
Բայց չեմ խօսի ես էդ մասին
Իրենց մնայ ճիշտն ու սուտը
Երկարում էր խօսքի տուտը,
Թէ չկայ էլ նորաշէնը,
Բաղ-Քիշմիշն ու Թոլլա դէնը,
Թէ ծախելու էլ հող չկայ,
Սնդուկի մէջ էլ փող չկայ,
Սկսեցին մէկ-մէկ թւել,
Թէ ո՞վ է ո՞ւմ կաշառք տւել,
Ով ի՞նչ հող է էժան ծախել,
Ո՞վ է փողերն առել փախել
Ծրագրներ մշակեցին,
Մրգեր ու սուրճ ճաշակեցին,
Մէկ էլ յանկարծ, որտեղի՞ց, ո՞ւր
Չլսէի ես երանի
Սիրտս խրին դանակ մի սուր,
Խօսքը հասաւ տպարանին,
Թէ, բա չասէք, էսպէս, էսպէս,
Տպարանը, վնաս է մեզ,
Թէ համայնքում մեր զարգացող
Ո՛չ գրող կայ, ո՛չ կարդացող,
Թէ ելնելով ազգի շահից,
Մենք, որ ջոջերն ենք Ջուղայի,
Տպարանն էլ եկէք գոցենք,
Էս շառն էլ մեր գլխից բացենք։
Մէկն էլ ասաւ,- Օղորմածիկ
Խեղճ Խաչատուր Կեսարացի,
Նրա հիմնած տպարանից
Միայն անունն է մնացի

Առան-տւին, տւին-առան,
Հաշիւ արին ղռան-ղռան,
Խմորն ինչպէս հունցեն, թխեն
Հիւանդանոց, ակումբի պէս
Տպարանի դուռն էլ ցխեն։

Ժողովից էդ խառն ու խռիւ
Ես հեռացայ մտքով ցրիւ,
Ու յուշերով հին օրերի,
Տպարանը մտայ նորից։
Տեսայ չկայ էլ տպարան,
Չկան տառերն իմ արճիճէ
Պողպատակուռ իմ մեքենան
Տեղը զիրաքսին էր զիջել։

Ափսոսանքով, դարդը սրտիս
Քունջ ու պուճախ քլնգելով,
Մի անկիւնում մառ ու մթին
Էս մի տառը գտայ զոռով

Ասաց հրաշք տպագիրը,
Ցոյց տալով ձախ ձեռքի իրը։
Յետոյ մի պահ նա լուռ մնաց,
Միտքը տեսնես, թէ ո՞ւր գնաց

Ջուղու խալխը մնաց շւար,
Աչքը յառած միակ տառին,
Բերանը բաց, լուռ, անբարբառ
Սպասում էր յաջորդ բառին

Եւ արձանը խօսեց նորից,
Ձայնով ասես խորունկ հորից.

-Հիմա, որդիք իմ հայկազո՛ւնք
Խաչատուրն է սա ձեզ ասում

Այստեղ ձայնը նորից խզւեց,
Ասես նորից հորը սուզւեց,
Եւ հրաշքը լուռ քարացաւ
Վանքի դիմաց արձանացաւ
Իբրեւ յաւերժ կանգուն վկայ
Թէ այն, ինչ կար, հիմա չկայ։

 

 

                     2007 Նոր-Ջուղա

 

        Աշուղ Ծատուրօղլի

 

Յոյս թիւ 22
12 Մարտ 2008