Սառցամարդի վերջին ժամերը
մաս 2
 

Ստեֆէն Ս. Հալլ

2001 թւի Յունիսին, Փոլ Գոստները (Paul Gostner) ռենտգենային նկարահանման տեխնիկայի միջոցով փորձեց նկարահանել սառցէ մարդու կրծքավանդակի կոտրւած ոսկորները։
Յաջորդ օրը նա գնաց բժիշկ Էդւարդ Էգարթերի (Eduard Egarter) գրասենեակը։ Վերջինս հիւանդանոցի ախտաճանաչման բաժնի տնօրէնն էր։ Նրան բացատրեց, որ սառցամարդու կողոսկրները շատ հին են եւ աւելացրեց ասելով, թէ մի տարօրինակ եւ անսովոր իր է նկատւում սառցամարդու ձախ թիկունքում։ Երբ նա իր պատրաստած ռենտգենային նկարը համեմատեց 3 ամիս առաջ կատարւած Սի-Թի Սքանի (C.T.Scan) հետ, որն Ինսբրաք համալսարանի գիտնականներն էին պատրիաստել, Գոստները (Gostner) ջանաց բացատրել աւստրացի իր գործընկերոջ վրիպումը եւ բացայայտել սառցամարդու թիկունքի ձախ կողմի ներքեւի մասում, փոքր մետաղադրամի չափ երեւացող եռանկիւնի ստւերը՝ բիծը։ Դա ցոյց էր տալիս, թէ ծայրին սուր քար է միացւած եղել։ Կարճ ժամանակում, այս պատահական յայտնաբերումով, որը Վիգլ Էգարթերի (Vigle Egarter) միջոցով կատարւեց, 5000 տարի առաջ տեղի ունեցած առեղծւածային այդ մահւան լուսաբանումը՝ դարձաւ հնագիտութեան ամենահրատապ հարցերից մէկը։
Այդ հարցի դատական քննութիւնը պատճառ դարձաւ, որ 2005 թւականին մեծ թւով հետազօտող գիտնականներ անդրադառնան Բոլզանոյի կատարած աշխատանքին, որը սառցամարդու մարմնի մի բարակ շերտը Սի-Թի Սքան էր արել։ Ուստի Գոստները, Էգարտեր Վիգլնը եւ Փաթրիզիա Փէրընթըրը (Patrizia Pernter), որը շողանկարման մասնագէտ էր եւ Ֆրանկ Ռոհլին (Fank Ruhli), որն աւագ դասախօս է Զիւրիխի համալսարանի անատոմիայի բաժնում, միատեղ որոշեցին աւելի մօտիկից մի նոր Սի-Թի Սքանի սարքաւորումով նկարահանել սառցամարդու մարմինը։
2005 թւականի Օգոստոսին, բժիշկները սառցամարդուն դրեցին ֆոմից պատրաստւած մի ներքնակի վրայ, ապա ծածկեցին մի այլ ջերմամեկուսիչ ծածկոյթով ու սառոյցով, որից յետոյ մի հիւանդակառքով նրան շատ արագ թանգարանից փոխադրեցին հիւանդանոց։ Իհարկէ, դա կատարւեց յատուկ ոստիկանութեան հսկողութեան ներքոյ։ Ընդամենը 10 րոպէում սառցամարդուն տեղաւորեցին գործիքի մէջ եւ տասնեակ նկարներ վերցրեցին նրա մարմնից,- ասում է բժիշկ Ռոհլին։
Այդ բոլորը պէտք է կատարւէր հնարաւորին չափ արագ, քանի դեռ սառցամարդու սառցէ ծածկոցը չէր հալւել։
Աշխատանքի արդիւնքը զարմանալի էր։ Մի սուր կտոր քար, որը կարող էր մի կայծքար լինել, կէս ինչ, այսինքն 1/270 սանտիմետր մեծութեամբ, ճեղքել ու վէրք էր բացել սառցամարդու ձախ ենթաանրակային երակում, որը արեան շրջանառութեան ամենակարեւոր անօթն է, եւ մարմնի արիւնը սրտի պոմպաժով լցնում է սրտի ձախ կողմը։
Այդ լուրջ վէրքը, անշուշտ, առաջ է բերում խիստ արիւնահոսութիւն, որը եւ յանգում է ենթակայի մահւան։Դա մի մահացու վէրք էր, -ասում է Ռոհլին։ Դա շատ արագ է կատարւել եւ այդպիսի վէրքով մարդը այլեւս չէր կարող ժամեր քայլել դէպի սարի բարձունքը։
Բժշկական այդ նոր բացայայտումը ենթադրել է տալիս, թէ յարձակւողը գտնւել է սառցամարդու թիկունքում եւ աւելի ցածր տեղում, քան նա է եղել։ Նա արձակել է մի նետ, որը դիպչել է սառցամարդու ձախ անրակի ցածի մասին, ճիշտ այնտեղ, որ այսպէս ասած, նախամարդ որսորդը իր որսին հասցնում էր, երբ ցանկանում էր մի հարւածով տապալել նրան։ Նետն ուղղակի անցել է ոսկորից ու ծակել նրա անօթը։ Անմիջապէս հեղեղի պէս սկսել է դուրս հոսել արիւնը եւ լցւել նրա թիկունքի տակն ու կողոսկրների շուրջը։
Սառցամարդու մնացած կեանքի վերջին այդ մի քանի րոպէները դարձել է գիտնականների ուսումնասիրութեան նիւթը։ Այս տւեալների համաձայն, այժմ գիտենք, որ նա արիւնահոսութեան պատճառով ցնցումներ է ստացել, նրա սիրտը սկսել է արագ բաբախել, մարմնի քրտնքից թրջւել են նրա զգեստները, հակառակ այն բանի, որ նա գտնւել է ծովի մակերեսից 3200 մետր բարձրութեան վրայ. աստիճանաբար զգացել է, որ ուշագնաց է լինում. արիւնահոսութեան պատճառով նրա մարմնի թթւածինը պակասել եւ արեան պակասը ազդել է մանաւանդ նրա ուղեղի վրայ։ Իրականութեան մէջ սառցամարդը մի քանի րոպէ կորցնելով իր գիտակցութիւնը՝ միանգամից կործանւել է։
Այնուհետեւ մի տարօրինակ եւ արտասովոր միջավայր է ստեղծւել Օթզթալ Ալպերում։ Փոքրիկ ջրվէժներ ու չափազանց ցուրտ ու անտանելի եղանակներ։ Այդ բոլորը միանալով միմեանց, կատարել են մարդկային պատմութեան ամենայաջող զմռսումը, որը մինչ օրս մնացել է։

-Ո՞վ է սպանել սառցամարդուն եւ ինչո՞ւ։
-Նրան մի կամ մի քանի հոգի հետեւել են գաղտնաբար եւ ի վերջոյ սպանել։ Ո՞վ իմանայ դա։ Մասնագէտները համոզւած են, որ ոճրագործութեան վերջնական բացայայտման համար բազմաթիւ տարօրինակ հարցեր պիտի պարզւեն։ Այս պարագային հարցերից մէկը սա է, թէ՝ ինչո՞ւ որեւէ տեղ չի գտնւել նետի պոչը եւ բռնելու մասը։ Ենթադրւում է, որ դարան մտած մարդը, որը սառցամարդուն նետահարել է, նրա մարմնից հանել է նետը։
Ես հաւատում եմ եւ փաստօրէն համոզւած եմ, որ նա, ով նետահարել է սառցամարդուն, հէնց նոյն մարդն է, որը նետի վերջաւորութեան մասը հանել է նրա մարմնից -ասում է Վիգլ Էգարթերը մի յօդւածում, որը լոյս է տեսել 2007 թւականի Մայիսին, Գերմանիա հնագիտական ամսագրում։ Վիգըլ Էգարթերը եւ իր գործակիցներն ասում են, թէ որոշ հին պատմութիւններ ու քարէ դարեան նկարներ օգտակար են հանդիսանում նախնադարեան նետերի պատրաստման համար գործածւած նիւթերն իրար հետ համեմատելու եւ պարզելու, թէ ինչպիսի նետ ու աղեղ են գործածւել այն ժամանակներում։
Նրանք նաեւ վիճում են այն բանի շուրջ, թէ սառցամարդուն սպանողը նետի վերջաւորութեան մասը ուժեղ դուրս է քաշել նրա թիկունքից, որպէսզի իր արարքի հետքը կորցնի։ Էգարթերի համոզմամբ, դրա ապացոյցն այն է, որ յարձակւողը սպանւողի իրերից ոչինչ չի վերցրել, մինչեւ անգամ նրա արժէքաւոր ու աչքի ընկնող կացինը, քանի որ այդ դէպքում կը փաստւէր, որ նրա տէրը սպանւել է։ Խիստ վիճողներ ու հակառակորդներ էլ կան, որ այն կարծիքի են, թէ սպանութիւնը տեղի է ունեցել մենամարտի ընթացքում։
Յետագային, 2003 թ. Աւստրիայի Քւինզլանդ համալսարանի մոլեկուլային հնագէտ՝ Թոմ Լոյը (Tom Loy) յայտարարեց, թէ առնւազը չորս տարբեր մարդկանց արեան հետքեր են յայտնաբերւել սառցամարդու զգեստի ու զէնքի վրայ։ Բայց դա առանձնապէս արձագանք չգտաւ եւ միայն մամուլի ուշադրութեանը արժանացաւ։ Ակադեմիկոսները եւս ակնարկեցին, թէ միայն այն դէպքում այդ վարկածը կարող է ընդունելի համարւել, երբ այն հրատարակւի գիտական ամսագրում։
Ի վերջոյ, այդ վարկածը, թէ սառցամարդու վրայ յարձակւել են մէկից աւելի մարդիկ, ոճրագործութեան բացայայտման ուղղութեամբ տրւած մի այլ վարկած էր։
Հարցին անդրադարձել է նաեւ Ինսբրաք (Insbruck) համալսարանի հնագէտ Վալտեր Լէյնթերը (Walter Lanter), որն աղեղնագործութեան եւ քարէ դարի մշակոյթի մասնագէտ է։ Ըստ նրա, սարահարթի կռիւը երկու կողմերի միջեւ տեղի է ունեցել քաղաքական մի ճակատամարտից յետոյ, որն սկսւել էր ձորից, եւ նրա ցեղակիցները որոշել են սպանել նրան։
-Մանրէադիտական ստուգումները ցոյց են տալիս, որ սառցամարդը նախքան մահանալը կապել է իր վիրաւորւած ձեռքը։ Դա նաեւ ցոյց է տալիս, որ մի կամ մի քանի օր առաջ կռիւ է տեղի ունեցել, -ասում է Էգարթեր Վիգլը։
-Եւ վերջապէս եղել է մի ժամանակ, որ նրա հակառակորդներն ուժեղացել են , -ասում է Լէյնթերը, - մինչդեռ սառցամարդը չէր ուզում ընդունել, որ եկել է իր իշխանութեան վերջը եւ ինքը պէտք է հեռանայ պաշտօնից։
Ըստ երեւոյթին, նա ուզել է փախչել, սակայն հակառակորդները այդպիսով վերջ են տւել նրա կեանքին։
Սառցամարդուն բարձրաստիճան համարելու մասին առաջադրւած նախկին սխալ տեսութիւնը, մեզ յուշում է ընդունւած այլ զրոյցներ ու տեսակէտներ եւս։ Թերեւս հարցը պարզաբանելիս դեռ բազմաթիւ այլ դրոյթներ եւս առաջ քաշւեն եւ ուսումնասիրութիւնները շարունակւեն։
Այդ բոլորից յետոյ Ալպեան ամայի ու անմարդաբնակ լեռնաշղթայում տեղի ունեցած արիւնոտ եւ առեղծւածային դէպքի ճշգրիտ լուսաբանման համար՝ գիտական խորաթափանցութիւն է պահանջւում։
Մի մատի եղունգը, մի քանի միլիգրամ սննդամթերքի մնացորդը, մի քանի հացահատիկներ, մրգի ծառերի ծաղիկների գարնանային ծաղկափոշին, այն բոլոր տւեալներն են, որոնց օգնութեամբ կարելի է դարձեալ հետազօտել եւ քօղազերծել քարէ դարեան մարդու մշուշոտ անցեալը։
Ի վերջոյ հետազօտութիւնները պիտի շարունակւեն, որպէսզի մեզ պատմեն նորանոր գաղտնիքներ քարէ դարեան մարդու ապրելակերպի եւ նրա մահւան զարմանալի առեղծւածի մասին։

Թարգմանիչ՝ Լեւոն Ահարոնեան
Աղբիւր՝ Նաշնըլ Ջիոգրաֆի ամսագիր
Յուլիս 2007
 

Սառցամարդը մահացել է Օթզալ Ալփերի (Otzal Alpes) կիրճում, որի կրճատւած անունն է Օթզի Թրէյս (Otzi Trace)։ Նրա ատամներն ու ոսկորները ապացուցում են, որ նա տարեց մի մարդ է եղել, որն ապրել ու հասակ է նետել Վալ Վենոսթայից (Val Venosta) 12 մղոն (մօտաւորապէս 20 կիլոմետր) դէպի հարաւ, Վալէ Իզարքոյի (Valle Isarco) մօտակայքում։

 

 

 

Յոյս թիւ 34
17 Սեպտեմբեր 2008