Սառցամարդի վերջին ժամերը

Ստեֆէն Ս. Հալլ


1991 թւակամին, Ալպեան լեռնաշղթայի սառցադաշտային ձիւները հալւելուց յետոյ յայտնւեց սառած մարմինը մի մարդու, որն ապրել է մեզանից 5300 տարի առաջ։
Դիակը յայտնաբերւելուց անմիջապէս յետոյ սկսւեց հետաքննութիւնը, որով բացայայտւեց, որ նա սպանւել է նետի հարւածից, որը դիպել է նրա թիկունքին։ Հաւանաբար այդ դէպքը պատահել է մի յարձակման ընթացքում։

Գարնան վերջերն էր կամ էլ ամռան սկիզբը։ Բոխի կոչւող անշուք ծառը՝ ծածկւած վառ դեղին ծաղիկներով, կանգնած էր մի անձրեւոտ ձորի եզրին, որը տանում էր դէպի սարի գագաթը։ Այդ ձորն այսօր էլ յայտնի է Իտալիայի Ալպեան լեռնաշղթայում։ Այնտեղից անցնում էր մի մարդ, որը քաջ գիտէր ձորն ու անտառը։ Նա շտապ քայլում էր, ցնցւած էր ու մտահոգ։ Մարդը տառապում էր վիրաւորւած աջ ձեռքի ցաւից, այդ պատճառով էլ մերթընդմերթ կանգ էր առնում եւ ականջ դնում ձայներին, որոնք հետեւում էին նրան։
Երբ նա անցաւ զառիվայրից, վառ դեղնագոյն ծաղիկներից ու պտղատու ծառերից, որոնց ծաղիկների թերթերը աներեւակայելիօրէն թափւում էին տեղատարափ անձրեւի պէս եւ տեսողութիւնը դժւարացնում, դադարեցրեց իր քայլերը՝ հանգստանալու, մի բան ուտելու եւ խմելու համար։
5000 տարի անց, այդ քարեդարեան որսորդ մարդու մարմնում, որին մենք սառցամարդ ենք կոչում, մանրադիտակները կը յայտնաբերեն ու կարձանագրեն այդ ուտելիքի հետքերը։
Նա անտառից անցնելով հասնում է մօտակայ սարի գագաթին, որտեղ եւ ճակատագրի բերումով ձերբակալւում ։
1991 թւականն էր, երբ Հիքէրզը (Hikers) սառցամարդուն գտաւ Իտալիայի եւ Աւստրիայի սահմանագծի վրայ՝ Օթզթալ (Otztal) Ալպեան բարձրունքներում, քարքարոտ մի փոսի մէջ։ Այնուհետեւ գիտնականները առայսօր կիրառում են ամենաարդիական ու զարգացած միջոցներն ու սարքերը՝ սառցամարդու ժամանակաշրջանի մտաւոր աշխատանքները եւ անգամ նրա խելքն ու ճարպկութիւնն ուսումնասիրելու համար։
Սառցամարդը կամ «Otzi»-ին համարւում է մարդկութեան ամենահին ընտանիքի անձեռնմխելի անդամը։
Մենք գիտենք, որ նա ժամանակին մկանուտ ու մարզւած մարմնով 40-ամեայ մի մարդ է եղել։ Ուսումնասիրելով նրա ձեռքին ունեցած թանկարժէք ու գեղեցիկ պղնձէ սրածայր կացինը, ենթադրել է տալիս, որ նա բարձր խաւից է եղել։
Նա այդ ճամբորդութեան ընթացքում հագել էր երեք տակ հագուստներ եւ ամուր կօշիկներ՝ արջի կաշւից պատրաստւած կօշկատակերով։ Նա շատ լաւ հագնւած էր եւ իր հետ կրում էր զանազան իրեր՝ կայծքար, դաշոյն, կաշւէ պարկ եւ ճիպոտների տեղադրման յատուկ աման, որոնք փաթաթւած էին թխկի ծառի տերեւների մէջ։ Նա խենթանալու չափ լարւած էր։ Եղնիկի կաշւից պատրաստւած պարկի մէջ տեղադրւած նետերը կատարեալ պատրաստ վիճակում չէին, որ դա նշանակում է, որ նա իր պատրաստի նետերն արդէն օգտագործել եւ սպառել էր, եւ պէտք է նոր նետեր պատրաստէր։
Նա իր հետ կրում էր նաեւ կարմրածառի փայտից երկար ու կեռ կիսաւարտ մի աղեղ, որին դեռեւս չէր ամրացրել աղեղնալարը։

****
16 տարիների ընթացքում կատարւել են բազմաթիւ հետազօտութիւններ եւ առաջադրւել են նոր հարցադրումներ ու տեսակէտներ։ Գիտնականները շարունակ հարցեր են առաջադրել, շողանկարել են սառցամարդու մարմինը, նրան հագցրել են ենթադրական հագուստներ։ Մի անգամ նրան սխալմամբ ներկայացրել են որպէս կորած մի հովիւ, մի ուրիշ անգամ հոգեւորական, եւ կամ՝ բուսակեր մարդ, սակայն գիտնականների հետագայ հետազօտութիւնների արդիւնքում պարզւած տեղեկութիւններով այդ բոլոր տեսակէտները յօդս ցնդեցին, չնայած որ՝ մենք դեռեւս ստուգապէս չգիտենք ինչ էր պատահել այդ Ալպեան լեռնաշղթայի ծայրամասում։ Մենք միայն գիտենք, որ նա սպանւել է եւ շատ արագ մահացել քարքարոտ այդ փոսի մէջ, որտեղ որ գտնւեց նրա դիակը։
Նոյնիսկ հինգ տարի առաջ Քլաոս Օէգգլը, որը Ինսբրուգ համալսրանի հնագէտներից է, նրա պատմութիւնն այլ կերպ էր ենթադրում։ Նա վերլուծելով տւեալները ենթադրում էր, թէ սառցամարդը փախչել է այդ բարձրունքների վրայ եւ այնտեղ քայլել է ձիւների մէջ։ Բայց ներկայումս այդ բոլոր վարկածները փոփոխւել են եւ աւելի շուտ նմանում է մի հին առասպելական բեմադրութեան։
Այդ բոլոր գիտահետազօտական եռանդուն աշխատանքների ուղադրութեան կիզակէտում է գտնւում մի մարդու մարմինը, որը 1998 թ. յանձնւել ու պահւում է Հարաւային Թիրոլի Հնագիտութեան թանգարանի (South Tyrol of Archeology) արդիական սարքաւորումներով օժտւած սառնարանում։
Իտալիայի Բոնզան քաղաքում գիտնականների մօտ հետաքրքրութիւն է առաջացել, որպէսզի նոր գիտափորձեր կատարեն սառցամարդու դիակի վրայ՝ նոր լոյս սփռելու այդ առեղծւածի վրայ։ Փորձերը կը ծաւալւեն օրւայ վերջին տեխնոլոգիայի օգնութեամբ, որպէսզի այս բազմակողմանի հետազօտութեան շնորհիւ ի վերջոյ յայտնաբերւի այդ սառցամարդու կեանքի ստոյգ պատկերը։ Օրինակի համար՝ սառցամարդու ատամներից մէկի վրայ կատարւած իզոտոպային բարդ ու դժւարին հետազօտութեան միջոցով՝ գիտնական Վոլֆգանգ Միւլլերը, որը ներկայումս աշխատում է Լոնդոնի թագաւորական Հոլլովէյ համալսարանում (Royal Holloway University of London), ապացուցել է, թէ հաւանաբար սառցամարդը ապրել ու մեծացել է Վալլէ Իսարքոյում (Valle Isarco), որը հիւսիսից հարաւ ձգւած մի ընդարաձակ ձոր է, որն ընդգրկում է մերօրեայ Բրէսսանոն (Bressanone) քաղաքը։
Իզոտոպի քանակը սառցամարդու ոսկորների մէջ համընկնում է երկու Ալպեան լեռնաշղթայի ձորերի ջրի եւ հողի հետ։ Աւելի հեռու արեւմուտքում, Վալ Սենալեսում եւ Վալ Վենտոստայում (Val Senales and The Val Venosta) Միւլլերի խումբը հետազօտութիւններ է կատարել, որով սառցամարդու աղիքների մէջ յայտնաբերւել են մանրադիտակային մանրութեամբ միկայի փշուրներ, որոնք ամենայն հաւանականութեամբ նա պատահաբար կուլ է տւել կերակուրի հետ, եւ որը պատրաստւած է եղել մշակւած հացահատիկից։ Միկա քարի տարիքը ճիշտ համընկնում է մի սահմանափակ տարածքի հետ, որը գտնւում է Վալ Վենոստայի ստորամասում (Val Venosta): Սառցամարդը հաւանաբար հէնց այնտեղից էր սկսել իր այդ վերջին ուղեւորութիւնը, որտեղ մերօրեայ Ադիգէ (Adige) եւ Սենալես (Senales) գետերն իրար են հանդիպում։
Մենք գիտենք նաեւ, որ սառցամարդը նախքան իր ուղեւորութիւնը՝ դէպի լեռնային բարձրունքներ, վատառողջ է եղել։ Նա տառապում էր մատի եղունգի ցաւից։ Բացի դրանից, նա իր կեանքի վերջին վեց ամիսների ընթացքում ունեցել է երեք կարեւոր հիւանդութիւններ, որոնցից վերջինը մահանալուց երկու ամիս առաջ է եղել։ Բժիշկները քննել են նրա աղիքները եւ գտել պարազիտ (մակաբոյծ) որդի հետքեր։ Դա նշանակում է, որ նա հաւանաբար որովայնային անհանգստութիւն է ունեցել, բայց ոչ այնքան, որ չկարողանար ուտել։
2002 թւականին Ֆրանկ Ռոլլօն (Franco Rollo) եւ իր գործընկերները, Իտալիայի «Կամերինօ» համալսարանի (University of Camerino) տարրալուծարանում ստուգեցին սառցամարդի աղիքների մի փոքրիկ մասի միջի պարունակութիւնը։ Նա մէկ կամ երկու օր, նախքան իր մահանալը մի կտոր վայրի այծի միս էր կերել՝ որոշ բուսական ուտելիքների հետ։ Հէնց նոյն հետազօտութիւնը բացայայտել է, թէ նրա վերջին ուտելիքը եղել է պախրայի կարմիր միս եւ հացահատիկ,- եզրակացնում է բուսաբան, հնագէտ՝ Կլաոս Օէգգլը (Klaus Oeggl), քանի որ նրա կատարած ստուգումների ընթացքում յայտնաբերւեց հացահատիկի թեփի հետքերը։
Նրա զգեստների մէջ գտնւել է ոչ մշակւած հացահատիկներ եւ նոյնիսկ գարի։ Դա նշանակում է, որ քարեդարեան գաղութաբնակութիւնը Ալպի հարաւային մասում, որտեղ սառցամարդն էր ապրում, ցանում էր վերոյիշեալ հատիկները։ Օէգգլը (Oeggl) նոյնիսկ գտել է փոքրիկ չափերով հացահատիկների մնացորդներ։ Նրա աղիքի մէջ տեղ-տեղ երեւում են ածուխից գոյացած նուրբ կէտեր։ Դրանով ապացուցւում է, որ հացահատիկներն աղացած էին, ապա եփւած։ Դա շատ նախնական կերպով եփւել էր բաց կրակի վրայ։ Բուսաբան հնագէտները մանրազնին ուսումնասիրութեան են ենթարկել նաեւ ծաղկափոշին, որը նստում է նման ծառերի ծաղիկների վրայ, որպէսզի յայտնաբերեն սառցամարդու վերջին շարժումները։
*****
«Գլասկօ» համալսարանից Ջեյմզ Դիկսոնը (James Dickson) ճանաչել է աւելի քան 80 տեսակի առանձնայատուկ համեմներ ու մամուռներ եւ նման կանաչագոյն այլ բոյսեր, որոնք աճում են խոնաւ վայրերում։ Սառցամարդու դիակի մօտ, մինչեւ իսկ նրա հագուստների մէջ գտնւել է մի տեսակ բոյս, որ նման է մամուռի եւ կոչում է՝ Neckera Complamata, որ դեռեւս այդ բոյսը գոյութիւն ունի եւ աճում է այդ շրջանի ձորերում, մանաւանդ հարաւային պատմական վայրերում։
Ըստ Դիքսոնի զեկոյցի, նա գտել է մի տեսակ բոյսի հետքեր։ Նա ենթադրում է, որ սառցամարդը գործածում էր այդ մամուռը իր սննդամթերքը փաթաթելու համար, կամ իբրեւ զուգարանի թուղթ, այնպէս, ինչպէս որ հին մարդիկ էին վարւում։
Բոլոր այդ յայտնաբերած տւեալները մէկտեղելով ապացուցւում է, որ սառցամարդու վերջին ուղեւորութիւնը սկսում է ցածրադիր վայրերից եւ անցնում մի գարնանային ծաղկած անտառից, որտեղ շարունակ թափւում էին ծառերի ծաղիկներն ու դրանց ծաղկափոշին։ Այլ տւեալներ եւս փաստում են, որ նրա ուղեւորութիւնը սարերի վրայ ուղիղ երթուղով տեղի չի ունեցել։
Օէգգլը (Oeggl) սառցամարդի սննդապարկից գտած հետքերով, հասել է այն եզրակացութեան, որ նա անցել է սոճու ծառերի միջով։ Դա նշանակում է, որ սառցամարդը նախ անցել է բարձրունքի վրայ, որտեղ աճում էր սոճիներ, այնուհետեւ վայր է իջել եւ անցել փշատերեւ ծառերով ծածկւած անտառից, ապա մուտք գործել բոխու ծառերի մէջ։
Վերջ ի վերջոյ, նա նորից է բարձրանում դէպի սոճիների անտառը կեանքի վերջին մէկ կամ երկու օրերին։ Ինչու՞։ Ոչ ոք չգիտի։ Գուցէ եւ ուզում էր խուսափել թրջւելուց, երբ նա անցնում էր ծառերով խիտ անտառային նեղ լեռնանցքից, յատկապէս, որ նա շտապել է։
Երբ նա հասել է մի լեռնանցքի, որը ներկայումս յայտնաբերւած է եւ կոչւում է Թիսենջոչ (Tesenjoch) հաւանաբար կարճատեւ դադար է տւել այդ վայրում հանգստանալու նպատակով։ Նա պիտի բարձրանար 6.500 ոտք (մօտաւորապէս 2000 մետր Լ.Ա.) ուղղաձիգ բարձրութիւնը, որը սկսում էր ձորի ներքեւից մինչեւ հիւսիս ձգւող սառցակալած, ամայի եւ անմարդաբնակ սարահարթը։
Գուցէ այդ քարոտ փոսը, որ նա գտաւ իր համար, մի ապաստարան էր քամուց պաշտպանւելու։
Մենք չգիտենք, թէ սառցամարդու հակառակորդները նրան նոյն վայրում են գտել, թէ նախապէս նրանք դարան են մտել այնտեղ ու սպասել եւ ծուղակը նետել նրան։ Մի բան պարզ է, եւ դա այն է, որ նա այլեւս կենդանի դուրս չի եկել այդ փոսից։

Թարգմանիչ՝ Լեւոն Ահարոնեան
Աղբիւր՝ «Նաշնըլ Ջիոգրաֆի» ամսագիր
Յուլիս 2007
Գիտութիւնը պաշտպանում է սառցամարդուն
Սա աշխարհի Մումիայի՝ զմռսւած դիակի լաւագոյն նմուշն է, որը կարող է քարեդարեան մարդու կեանքի եւ մահւան պայքարի բացայայտիչ բանալին լինել։
Սառցամարդը ամբողջութեամբ պահպանւած է։ Նրա մարմնից պակասում են մազերը, ոտնամատի եղունգը ամբողջապէս, ինչպէս նաեւ մաշկի մի փոքր մասը։
Գիտնականները նրան կատարեապէս հետազօտել եւ յայտնաբերել են, թէ նա ինչպէս է մահացել։ Նետը, դիպելով նրա թիկունքին, վնասել է արեան անօթը, եւ նրա մահւան պատճառ դարձրել։ Ամենայն հաւանականութեամբ նետահարը մօտեցել է նրան եւ նետը դուրս բերել նրա մարմնից, որպէսզի արիւնաքամ լինի եւ մահանայ։

«Յոյս» թիւ 25
 7 Մայիս2008