Հայերէն վինդոզ

Տեղեկատւական տեխնոլոգիաների (ՏՏ) հայ մասնագէտների մշակած վերջին նորամուծութիւն-ները, անկասկած, աւելի դիւրին կը դարձնեն համակարգիչներից օգտւելը անգլերէն չիմացողների համար։ Մի քանի տարւայ աշխատանքից յետոյ ՄայքրոսոֆթՀայաստան ընկերութիւնը հասարակութեանը ներկայացրեց իր մասնագէտների մտքի արգասիքը՝ Windows XP օպերացիոն համակարգի հայերէն լեզւական միջերեսի փաթեթը։ Անվճար ծրագիրը ապահովում է տեղայնացւած միջերես, որը հնարաւորութիւն է տալիս կիրառելու հայերէնը անհատական համակարգիչների սեղանադիր միջավայրում։ Մայքրոսոֆթ Հայաստան ընկերութեան տնօրէն Գրիգոր Բարսեղեանի հաւաստմամբ՝ այս նորարութիւնները բարձր տեխնոլոգիաները բոլորին մատչելի դարձնելու նպատակով տեղական կառավարութիւնների հետ Մայքրոսոֆթի երկարաժամկէտ համագործակցութեան մասն են կազմում։ Մենք շատ ուրախ ենք, որ կարող ենք առաջարկել մայրենի լեզւով միջերես, ասում է Բարսեղեանը։ Մայքրոսոֆթի տեղական լեզուների ծրագրի հետ համագործակցութեան շնորհիւ այսօր Հայաստանի ժողովուրդը ստացել է գործիքներ ու տեխնոլոգիաներ, որոնք անհրաժեշտ են ՏՏ ոլորտի հետագայ զարգացումն ապահովելու համար։ Լեզւական միջերեսի փաթեթը (ԼՄՓ) տեղադրւած է Windows XP համակարգի անգլերէն տարբերակի հիմքի վրայ՝ հնարաւորութիւն տալով օգտւողներին ընտրելու նախընտրած լեզւական միջերեսը։ Հայերէն միջերեսի փաթեթը տեղադրւած է հետեւեալ հասցէում. http://www.microsoft.com/downloads/details.aspx?FamilyId=64FA945F-4204-4358-A172- F70B444A6F96&displaylang=en: Windows XP համակարգի ԼՄՓ մշակելու նպատակով Տեղական լեզւական ծրագրի (ՏԼԾ) վրայ աշխատանքը սկսւել է 2005 թւակնաին։ Մայքրոսոֆթը տրամադրել է տերմինների բառացանկ, որը վերջնականապէս ճշտւել եւ յարմարեցւել է հայաստանեան գործընկերոջ՝ Բիլայն ընկերութեան կողմից։ Նախագծին աջակցել է ՀՀ կառավարութիւնը։ Հայերէն միջերես մշակողներին ասում են, որ տերմինների թարգմանութիւնն իսկական մարտահըրաւէր էր, քանի որ հայերէն համակարգչային լեզւի բացակայութեան պատճառով իրենք ստիպւած էին բառեր արտայայտութիւններ յօրինել։ Բիլայնի նախագահ Հայկ Խանջեանն ասում է, որ մասնագէտները փնտրել են իմաստային նմանակներ՝ վերականգնելով մոռացւած բառեր հին հայերէնից։ Այդուհանդերձ, տեղայնացւած տարբերակում օգտւողները կարող են հանդիպել վիճայարոյց տերմինների։ Երկու ընկերութիւնների ղեկավարներն էլ յայտարարում են, որ սիրայօժար կընդունեն տերմինները փոփոխելու առաջարկներն ու քննարկումները։ Լեզւական ուղեցոյցը տեղադրւած է հետեւեալ հասցէում. հttp://members.microsoft.com/wincg/about.aspx?s=6&langid=1401: Նորարարութիւնների հեղինակների հաւաստմամբ՝ տեղայնացւած տարբերակը թոյլ կը տայ եօթ միլիոնից աւելի հայախօս պոտենցիալ այցելուների օգտւել այս նոր հնարաւորութիւնից։ Ընկերութիւնը մտադիր է դպրոցներում եւ բուհերում կազմակերպել տեղայնացւած Windows XP տարբերակի ուսուցման ծրագիր։ Նախաձեռնութեան հեղինակներին ամենից շատ մտահոգում է այն հանգամանքը, որ Հայաստանում օգտագործւող Windows-ի փաթեթների 95 տոկոսը չլիցենզաւորւած (այսինքն՝ հէնային) տարբերակ է, որոնք անհամատեղելի են տեղայնացւած ծրագրային փաթեթների հետ։ ԿՏ մասնագէտները յուսով են, որ Հայաստանը հեղինակային իրաւունքը պաշտպանող վճռական միջոցներ կը ձեռնարկի։ Հակառակ դէպքում, լուրջ ներդնողները կը կորցնեն հետաքրքրութիւնը հայկական շուկայի հանդէպ, իսկ մասնագէտները կը շարունակեն հեռանալ այն երկրներ, որտեղ մտաւոր սեփականութեան իրաւունքները պաշտպանւած են։ Ներկայումս Մայքրոսոֆթ Հայաստան ընկերութիւնը ձեռնամուխ է եղել Windows Vista եւ 2007 Microsoft Office համակարգերի համար հայերէն ԼՄՓ-ների ստեղծման աշխատանքներին։ Յունւարին Մայքրոսոֆթի այս երկու նորագոյն փաթեթները ներկայացւել են աշխարհի աւելի քան 70 երկրներում 19 լեզուներով։ Դրանք ապահովում են նորարարութիւններ ամենատարբեր բնագաւառներում՝ երաժշտական ու հեռուստատեսային միջոցներից մինչեւ թւային լուսանկարների մոնտաժում ու DVD-ների ստեղծում։

Յոյս թիւ 3
30 Մայիս 2007