ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԻՑ  ՅԵՏՈՅ


Յունիսի 12-ի (Խորդադի 22-ի) նախագահական ընտրութիւններից յետոյ երկրի քաղաքական իրադարձութիւնները զարգացել են գլխապտոյտ առաջացնող արագութեամբ ու աննախընթաց թափով։ Ընտրութիւններին հետեւող երկու շաբաթներում, Թեհրանի փողոցները ականատես են եղել ժողովըրդական ցոյցերի եւ փողոցային բախումների, որոնց արդիւնքում սպանւել են տասնեակ մարդիկ (ինչպէս բնական է այսպիսի պայմաններում զոհերի ստոյգ թիւը յայտնի չէ), եւ ձերբակալւել 500-ից աւելի քաղաքական գործիչներ ու լրագրողներ։ Այս բոլորը հետեւանքն են Ուրբաթ Խորդադի 22-ի ընտրութիւնների արդիւնքների։ Պաշտօնական տւեալների համաձայն, երկրի նախագահ է ընտրւել Մահմուդ Ահմադինեժադը՝ ձեռք բերելով 24 միլիոն ձայն։ Սակայն միւս թեկնածուները հաւատացած են, որ ընտրութիւնները կեղծւել են եւ նրանցից Միր Հոսէյն Մուսաւին ամենայն վստահութեամբ յայտարարել է, որ իրեն են քւէարկել ժողովրդի մեծամասնութիւնը։ Հակառակորդները նոյնիսկ ընտրութիւնների մասին խօսել են որպէս ընտրական քոդեթա։
Ընտրութիւններից մի շաբաթ անց, ուրբաթօրեայ հասարակաց աղօթքի ժամանակ, յեղափոխութեան առաջնորդ Այաթոլլահ Խամենէին հաստատեց ընտրութիւնների արդիւնքը եւ կոչ արեց վերջ տալ ցոյցերին։ Նա ասաց, որ եթէ գոյութիւն ունեն գանգատներ, թող դրանք հետեւեն օրինական ճանապարհներով։ Նա հաստատելով թեկնածուների միջեւ հեռուստատեսային բանավէճերը, միաժամանակ քննադատեց թոյլ տրւած ծայրայեղութիւնները եւ գնահատելով Հաշեմի Ռաֆսանջանիի յեղափոխութեանը մատուցած մեծ ծառայութիւնները, անհիմն համարեց ընտրութիւններում նրան ուղղւած մեղադրանքները։ Նա աւելացրեց, որ ցոյցերի շարունակումից սպասւող հաւանական արիւնայեղութեան պատասխանատուն թեկնածուներն են լինելու։
Յամենայն դէպս, յաջորդ օրը, ընտրութիւնների արդիւնքին բողոքող բազմութիւնը դարձեալ փողոց դուրս եկաւ եւ այս անգամ դժբախտաբար զոհւեցին աւելի մեծ թւով մարդիկ, քանի որ իրաւապահ ուժերը, վերաբերւում էին աւելի խիստ, քան նախկին օրերը։
Ձերբակալւածների շարքին են բարեփոխական խմբակցութիւնների մի շարք աչքառու դէմքեր, ինչպիսիք են Սաիդ Հաջարեանը, Բեհզադ Նաբաւին եւ Մոսթաֆա Թաջզադէն, ու անւանի լրագրողներ, ինչպէս Սաիդ Լէյլաջը, Ահմադ Զէյդաբադին եւ Մոհամմադ Ղուչանին։ Խօսւում է այն մասին, որ ձերբակալւածներից ոմանք ճնշման տակ են, որպէսզի խոստովանեն, որ նպատակ են ունեցել երկրում իրականացնել թաւշէ կամ գունաւոր յեղափոխութիւն, յատկապէս, որ Մուսաւիի համակիրները կանաչ գոյնը դարձրել են իրենց նշանը եւ ցոյցերում ու նախընտրական հանրահաւաքներում կրում են կանաչ փուչիկներ, կամ ձեռքներին կապում կանաչագոյն ժապաւէններ։
Այժմ ցոյցերը մասամբ դադարել են, եւ ներքին գործերի նախարարութիւնը ոչ մի գնով զոհւածների յիշատակին ցոյցեր կազմակերպելու արտօնութիւն չի տալիս եւ դա այն դէպքում, երբ Մուսաւին եւ Քառուբին անգամներ դիմել են այդ նախարարութեանը՝ հանրահաւաքների իրաւունք ստանալու համար։
Յիշատակելի է, որ դժգոհ թեկնածուները անընդհատ իրենց համակիրներին հրաւիրում են խուսափել բռնի ակտերից եւ ցուցարարները ընդհանուր առմամբ այդպէս էլ անում են։ Ցոյցերի ընթացքում նրանք յաճախ քայլում են լուռ, առանց լոզունգներ բացականչելու։
Ըստ օրէնքի, սահմանադրական օրէնքի պահապանների խորհուրդ կոչւած մարմինը այժմ քննարկում է ընտրութիւններին բողոքող թեկնածուների գանգատները եւ դրա համար, յեղափոխութեան առաջնորդից հինգ օր յաւելեալ ժամանակ է խնդրել։ Յայտարարւել է նաեւ, որ 50 քաղաքներում ձայների քանակը աւելին է, քան տեղի քւէարկման իրաւունք ունեցող բնակչութեան թիւը։ Այդ քաղաքների ընդհանուր բնակչութիւնը երեք միլիոն է։
Այս օրերին երկրի ռադիոհեռուստատեսութիւնը խիստ քննադատւում է այն բանի համար, որ միակողմանի է արտացոլում երկրի քաղաքական անցուդարձը, եւ դա ոչ միայն դժգոհ թեկնածուների, այլ նաեւ պահպանողական թեւի այնպիսի պատկառելի դէմքերի կողմից, ինչպիսիք են խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին եւ խորհրդարանի նախագահի տեղակալ Մոհամադ-Ռեզա Բահոնարը։ Իսկ Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որ սպասւում էր նախագահութեան թեկնածուներից մէկը լինէր, ասել է, որ պիտի լսել դժգոհ ժողովրդի ձայնը։
Այս դէպքերը դատապարտւել են ԱՄՆ-ի ու եւրոպական երկրների կողմից։ Հետեւաբար խզւել են Իրանի յարաբերութիւնները արեւմտեան երկրների եւ յատկապէս Անգլիայի հետ։ Այդ իսկ պատճառով, որոշ թերթերում, անցեալ երկու շաբաթների դժգոհութեան բոլոր արտայայտութիւնները վերագրւում են օտար ուժերի դաւադրութեանը, իսկ բողոքողները համարւում՝ օտարների ձեռքի խաղալիք։ Սակայն հնչում է նաեւ այն տրամաբանական ձայնը, որը պահանջում է լսել բողոքի ձայնը։

Յոյս թիւ 53
1 Յուլիս 2009