ՓԻՒՆԻԿԻ ՎԱՅՐԷՋՔԸ ԿԱՐՄԻՐ ՄՈԼՈՐԱԿ

2008 թւականի Մայիսի 26-ին, Հրատը (Մարս) հիւրընկալեց երկրագնդի վերջին դեսպանին։ Փիւնիկ-ի ռոբոտային զարգացած լաբորատորիան երկուշաբթի վաղ առաւօտեան ժամը 4։26-ին յաջողութեամբ վայրէջք կատարեց նախատեսւած վայրում եւ այդ հետաքրքիր տեսարանից առաջին պատկերներն ուղարկեց երկիր մոլորակ։ Այն, որ անցեալ տարի Դելտա 2 հրթիռով ճամբայ էր դրւել տիեզերք, Կարմիր Մոլորակի վրայ յաջողութեամբ իջնելուց յետոյ, անմիջապէս սկսեց հետաքրքիր պատկեր ուղարկել եւ պեղումներ կատարել։ Այժմ, այս պեղումներ կատարող տիեզերանաւը, որ երկրագնդի ու Հրատի 700 միլիոն կիլոմետրանոց հեռաւորութիւնը 10 ամսւայ ընթացքում անցնելով, յաջողութեամբ եւ անվթար հասել է նպատակակէտին, տիեզերային ծրագրերի սիրահարների յոյզերն իր գագաթնակէտին է հասցրել, եւ այժմ, նրանք անհամբեր սպասում են նորանոր լուրեր ստանալ այդ մոլորակից։ Նշելի է, որ Փիւնիկ-ը պեղումներ կատարող վեցերորդ տիեզերանաւն է, որ անխափան վայրէջք է կատարել Հրատի վրայ։ Սրանից առաջ՝ Հրատի առաքելութիւնների 50 տոկոսը անյաջողութեան է մատնւել։ Դրա համար էլ, այդ ձախողած առաքելութիւնները նկատի ունենալով, գիտնականները Հրատը պատկերացնում էին որպէս մի վիթխարի հրէշ, որը կլանում է իր ճամբորդներին։ Սակայն, ըստ երեւոյթին, Փիւնիկը՝ այս առասպելական թռչունը նւաճել է այդ հրէշին։ Բայց, թէ ինչու Փիւնիկ է կոչւել այն, որովհետեւ նրա համարեա բոլոր ծրագրերը կազմւել են նախորդ տիեզերանաւերի պարտութեան մատնւած նախագծերի հիման վրայ, եւ այսպիսով թւում է, թէ այն վեր է յառնել, վերածնւել նախորդ անյաջող ու պարտւած առաքելութիւնների մոխիրներից։ Ահա մանրամասնութիւնները։
Փիւնիկ տիեզերանաւը 2007 թւականի Օգոստոսին տիեզերք ուղարկւեց Ֆլորիդայի Կէյպ Կանաւրալում գտնւող Կենեդի յենակից եւ 9 ամսւայ ընթացքում 680 միլիոն կիլոմետր շրջելուց յետոյ, վերջապէս անցեալ երկուշաբթի վաղ առաւօտեան, ժամը 4։26-ին տեղ հասաւ։ Փիւնիկ-ը 39-րդ առաքելութիւնն է, որ կատարւում է դէպի Հրատ։ Հետաքրքիր է, որ այդ բոլոր առաքելութիւններից միայն 16-ն է յաջողութեամբ պսակւել, իսկ մնացածը կամ երկրագնդի ծիրից այն կողմ չի անցել կամ Հրատի ճամբին փչացել է ու չի աշխատել, կամ երկրի հետ կապն է ընդհատւել եւ կամ թէ Կարմիր Մոլորակի կողքից է անցել։
Սա Փիւնիկ-ի դէպի Հրատ առաջին առաքելութիւնն է, որը ղեկավարւում է համալսարանական մի կենտրոնի միջոցով։
Արիզոնա համալսարանի մոլորակային գիտութիւնների գիտաշխատող խումբը, Նասայի օդագնացութեան առաքելութիւնների նոր շարանի իր առաջին առաքելութեան մէջ, Հրատի բեւեռանիստ MPL տիեզերանաւերի երկու անյաջող փորձերից ելնելով եւ Հրատի տեղագրական ծրագրի MSP,OI սարքաւորումներից օգտւելով նախագծել է այս տիեզերանաւը, եւ նկատի ունենալով, որ այդ դժւար առաքելութեան յաջողութիւնը ձեռք է բերւել նախորդ երկու ձախողւած առաքելութիւնների հետեւանքով, դրա համար էլ այն կոչւել է Փիւնիկ թռչունի անունով։
Փիւնիկ-ի առաքելութեան ամենադժւար փուլը վայրէջքն էր, քանի որ Հրատի մթնոլորտը որոշակի սահման չունի, բայց մակերեսից մինչեւ 125 կիլոմետր բարձրութիւնը համարւում է նրա մթնոլորտը։ Փիւնիկ տիեզերագնացը 20,000 կիլոմետր արագութեամբ հասնում է Հրատի 125 կիլոմետր հեռաւորութեանը։ Իսկական դժւարութիւնը 7-8 րոպէ տեւողութեան ընթացքում այդ հուժկու արագութիւնն իջեցնելն է, հակառակ դէպքում այն կը դիպչի մակերեսին եւ կ՛ոչնչանայ։ Թէեւ Հրատի մթնոլորտի ճնշումը երկրագնդի մթնոլորտային ճնշման միայն մէկ հարիւրերորդն է կազմում, բայց եւ այնպէս, հէնց այդ նօսր մթնոլորտից առաջացած հպումը կարող է մեծապէս պակսեցնել տիեզերանաւի էներգիան։ Տիեզերանաւի եւ մոլորակի մթնոլորտի միջեւ առաջին 4-5 րոպէների հպումը պատճառ կը լինէր, որ տիեզերանաւի արագութիւնը 90 տոկոսով իջնի եւ նրա արագութիւնը հասնի ժամում մօտ 2000 կիլոմետրի։ Իհարկէ պիտի ասել, որ այս փուլում հպումից տիեզերանաւի տաքութիւնը կը հասնի մօտաւորապէս 1700 սանտիգրադի, սակայն նրա ջերմամեկուսիչ վահանի գոյութիւնը թոյլ չի տայ Փիւնիկ-ի հետազօտող սարքը վնասւի։
Այնուհետեւ նրա տաքութիւնը բաւականին իջնում է եւ հետազօտող տիեզերանաւը 13-14 կիլոմետր հեռաւորութեան վրայ է գտնւում Հրատից, արագութիւնը հասնում է համարեա ժամում 2000 կիլոմետրի։ Ահա այս միջոցին է, որ բացւում է նրա անկարգելը, որով եւ աւելի է նւազում արագութիւնը։ Այս անկարգելը 2-3 րոպէ պահում է տիեզերանաւը, մինչեւ որ այն հասնի Հրատի 600 մետրի վրայ։ Այս միջոցին էլ անջատւում է անկարգելը եւ 30 վայրկեան յետոյ գործի է ընկնում տիեզերանաւի մէջ յարմարեցւած վայրէջքի փոքրիկ հրթիռը, որի շնորհիւ դարձեալ նւազում է նրա արագութիւնը, որպէսզի Փիւնիկը կարողանայ անվթար վայրէջք կատարել։ Մի այլ մեծ դժւարութիւն, որ գոյութիւն ունէր, այն էր, որ Փիւնիկ-ը պէտք է նախատեսւած վայրում իջնէր։ Դա կարեւոր էր յատկապէս, այն պատճառով, որ Փիւնիկը, հակառակ նախորդ տիեզերագնացների, կամ աւելի ճիշտ՝ Հրատագնացների, զուրկ էր անիւներից եւ չունէր շարժական համակարգ։ Հետեւաբար, աննպաստ վայրում իջնելու դէպքում չէր կարող տեղաշարժ կատարել։ Այն հաստատւած է կայունացւած եռոտանու վրայ եւ եթէ այն վայրէջք կատարէր մի ժայռոտ տեղում, կարող էր մեծ դժւարութիւնների հանդիպել։ Մինչեւիսկ, շուռ գալու դէպքում էլ, այն ուղղելու կամ նրա դիրքը փոխելու հնարաւորութիւնը չկար։ Դրա համար էլ գիտնականները յարմարագոյն վայրն էին ընտրել նրա վայրէջքի համար։
Փիւնիկ-ը Հրատում հետեւեալ նպատակներն է հետապնդելու՝ ջրի գոյութեան հետազօտումը եւ նրա տարածքի վրայ անցեալներում հաւանաբար գտնւող կենդանութեան հետքերի յայտնաբերումը։ Արդէն տարիներ է, ինչ գիտնականներն իմանում են, որ այսօր Հրատի մակերեսի վրայ հեղուկ ջուր գոյութիւն չունի։ Սակայն Հրատի ամբողջ մասերի քարտէզագրման հետեւանքով այնպիսի փաստեր են ձեռք բերւել, որոնք ցոյց են տալիս, թէ մի ժամանակ Հրատի նեղ ու խոր ձորերում հեղուկ ջրեր են հոսել եւ կազմել են վերգետնեայ լճեր։ 2002 թւականին, Հրատի մակերեսի ամբողջական տեղագրութիւնը կարողացաւ նրա հիւսիսային բեւեռի ստորգետնեայ շերտերում յայտնաբերել մեծ քանակութեամբ ջրի սառցաբեկորներ։ Ահա թէ ինչու այդ որոնումները տեղի են ունենում Հրատի հիւսիսային բեւեռում եւ ոչ թէ նրա տաք գօտիներում։
Փիւնիկ-ը առաքելութիւն ունի որոնելու Հրատի հիւսիսային բեւեռում ջրի անցեալը։ Գիտնականները ենթադրում են, թէ մինչեւ 100 հազար տարի առաջ Հրատի բեւեռներում հեղուկ ջրեր են հոսելիս եղել։ Վերջերս նաեւ հողագնդի վրայ միկրոբային կեանքի նոր տեսակներ են գտնւել, որոնք ցոյց են տալիս, թէ կեանքը կարող է աւելի խիստ պայմաններում գոյութիւն ունենալ։ Գտնւած բակտերիաների սպորը սաստիկ ցուրտ, շատ չոր պայմաններում, մինչեւիսկ առանց օդի` կարող է միլիոնաւոր տարիներ քուն մտնել, եւ երբ պայմանները նպաստաւոր լինեն, վերստին արթնանալ ու ակտիւանալ։ Գիտնականները ենթադրում են, թէ միգուցէ միկրոբային սպորների զանգւածներ գոյութիւն ունենան Հրատի հիւսիսային բեւեռում, որովհետեւ 100 հազար տարի մէկ՝ մթնոլորտային նպաստաւոր պայմաններ են ստեղծւում կեանքի համար։ Փիւնիկ-ը, բացի այն, որ վերեւում նշւեց, նաեւ հետազօտելու է Հրատի ներքին շերտերը, որոնք միանգամայն զերծ են մնացել արեւի վնասատու ճառագայթներից, եւ այնտեղում որոնելու է օրգանական նիւթեր ու կեանքի հետքեր։ Որպէսզի Փիւնիկ-ը կարողանայ իր գիտական առաքելութիւնները լաւագոյն կերպով ի կատար ածել, այն օժտւել է վերջին տեխնոլոգիայի ամենակատարելագործւած սարքերով ու միջոցներով, ինչպէս օրինակ՝ նկարչական ապարատով օժտւած մի փոքր էքսկաւատորով, որը երկու մետր երկարութիւն ունի եւ նման է մարդու թեւի, իսկ մատների փոխարէն ունի բահիկ, որի միջոցով կարող է Հրատի մակերեսը պեղել՝ սառցաշերտի հասնելու եւ զննելու համար, այնուհետեւ այն ուղղակի փոխադրելու է պեղումներ կատարող պատւանդան։ Բացի վերոյիշեալ նկարչական սարքից, Փիւնիկ-ի վրայ նաեւ յարմարեցւած է երկու այլ նկարչական ապարատներ՝ Հրատի մակերեսից երկու մետր բարձրութեան վրայ, որոնց տեսողական հզօրութիւնը մարդու աչքի նման է, իսկ պատկերների պարզութիւնը մէկ մեգապիկսել ։
Նկատի ունենալով վերջին տարիների ձեռքբերումները, որոնց համաձայն կեանքի գոյութեան հաւանականութիւնը բաւականին նւազել է Հրատում ու արեգակնային այլ մոլորակներում, հարց է առաջ գալիս, թէ կեանքի գոյութեան փնտրտուքը, որքանո՞վ կարող է ազդեցիկ լինել Հրատի առաքելութիւնների առաջմղման առումով, եւ գիտնականներն ինչ միտումներով են հետապնդում այդ նախագծերը։Պիտի ասել, որ այս հարցը, որ աշխարհում կեանքը միայն գոյութիւն ունի երկրագնդի՞ վրայ, թէ՞ այլ տեղերում էլ կայ, թերեւս մարդկութեան գիտական ամենախոշոր հարցերից է, որին մի քանի առաքելութիւններ ու փորձարկումներ կատարելով եւ մի երկու տեղեր գնալով չի կարելի պատասխանել։ Այդ պատասխանին հասնելու համար մի քանի ուղղութեամբ պէտք է հետամուտ լինել, որ Հրատի հետազօտումը դրանցից մէկն է։ Գիտնականները նաեւ վիթխարի մի աստղադէտից օգտւելով, զբաղւած են արեգակնային համակարգի այն կողմում գտնւող հսկայական աստղերի հետազօտութեամբ, որպէսզի նրանց շուրջ գտնւող երկրագնդի պէս մոլորակների գոյութիւնը քննարկելով հասնել կեանքի գոյութեան հաւանականութեանը։
Ինչեւէ, Նասան ասել է, թէ Փիւնիկը մի քանի օր յետոյ սկսելու է իր գիտական հետազօտութիւնները, իսկ մինչ այդ, այն փորձաքննելու է իր ստոյգ վիճակն ու շրջակայ մթնոլորտը։ Այս առաքելութեան ժամկէտը երեք ամիս է, որ թերեւս նախորդ տիեզերանաւերի ծրագրերի պէս՝ երկարաձգւի։ Այս գիտական լաբորատորիան շարժական չէ եւ Նասան մինչեւ հիմա դրա առաքելութեան համար ծախսել է 420 միլիոն ԱՄՆ դոլար։
Փիւնիկի գործողումը Մարս՝ երգիծանկարիչի հակաամերիկեան քննադատութեան առարկայ։

Փիւնիկ-ը Կրակի Մէջ

2008 թ. Մայիսի 26-ն է, վաղ առաւօտ։ Մարս մոլորակն ընդգրկել է հանդիպակած համայնապատկերը։ Մարս մոլորակի վրայ նստող Նասային պատկանող տիեզերանաւը, որն անցեալ տարի էր գործուղւել այնտեղ, 680 կիլոմետրանոց այդ երկար ճամփան հատելով՝ յոգնաբեկ, մի քանի րոպէ յետոյ պէտք է մուտք գործի Կարմիր Մոլորակի մթնոլորտը եւ վայրէջք կատարի կանխորոշւած սահմանափակ, 100 կիլոմետր երկարութեամբ եւ 20 կիլոմետր լայնութեամբ ձւաձեւ մի վայրում՝ Մարսի հիւսիսային բեւեռում։ Այդ վայրը, որի տարածութիւնը համարեա Կանադայի հիւսիսի չափ է, կոչւում է ՎԵՍՏԻՆԱՍ ԲՈՐԻԼԻՍ։ Փիւնիկ-ը երկուշաբթի վաղ առաւօտեան ժամը 4։08-ին պէտք է վայրէջք կատարի Մարսի վրայ։ Բայց Փիւնիկ-ի առաքելութիւնը վերահսկող կենտրոնը, այդ մոլորակի հեռաւորութեան պատճառով՝ իրադարձութեանը իրազեկ է լինելու 15 րոպէ ուշացումով։ ԿալիՖորնիայում գտնւող Նասայի ղեկավար Բ. Գոլդշտէյնը բոլոլից լաւ գիտի, թէ երկար ու ձիգ այս ճամբորդութեան ամենավտանգաւոր մասը նրա վերջին 14 րոպէներն են, երբ Փիւնիկ-ը կը հասնի Մարսի նօսրացած մթնոլորտին, եւ տիեզերանաւի հրակայուն վահանը բացւելով՝ ռադիոկապը 3 րոպէով կընդհատւի։ Ռադիոկապի լռութիւն։ Փիւնիկ-ը ժամում աւելի քան 20,000 կիլոմետր արագութեամբ մուտք գործեց Մարսի մթնոլորտը։ Հպման չափն այն աստիճանի է, որ հրակայուն վահանի ջերմութիւնը հասել է 1425 սանտիգրադի։ Հետզհետէ նւազում է տիեզերանաւի արագութիւնը, որպէսզի 7 րոպէ յետոյ, Մարսից 12.5 կիլոմետր բարձրութեան վրայ հասնի ժամում 1600 կիլոմետրի։ Վերջին 7 րոպէն արդէն իսկ սկսւած է։ Մտավախութեամբ ու տագնապով լեցուն 7 րոպէներ։ Այժմ պէտք է բացւի տիեզերանաւի անկարգելը։ Սակայն թւում է, թէ Փիւնիկ-ն այրւում է կրակի մէջ ու դեռեւս որեւէ լուր չկայ անկարգելից։ Վերջապէս 6.5 վայրկեան ուշացումով բացւում է անկարգելը, եւ Փիւնիկ-ը հետագայ երեք րոպէներին մասամբ կը խաղաղւի իր հովանու ներքոյ։ Փիւնիկ-ի ոտքերը բացւում են հրակայուն վահանի տակից, որից յետոյ նրա ռադարն սկսում է աշխատել, որպէսզի կարողանայ տեղեկութիւններ հաւաքել Մարսի մակերեսից, իր ունեցած արագութեան եւ տարածութեան մասին։ Փիւնիկ-ը Մարսի մէկ կիլոմետրի վրայ եւ ժամում 200 կիլոմետր արագութեամբ, մի անգամ եւս գտնւում է հրատապ վիճակում։ Տիեզերանաւը բաժանւել է անկարգելից, եւ նրա ներքեւում զետեղւած 12 առաջմղիչ հրթիռները արգելակի դեր պիտի կատարեն եւ դարձեալ քչացնեն նրա արագութիւնը։ Իսկ եթէ այդ հրթիռները չկարողանան 40 վայրկեանում իջեցնել նրա արագութիւնը՝ 9 կիլոմետրի, դիպչելը Մարսի մակերեսին անխուսափելի եւ աւերիչ է լինելու։
Փիւնիկ-ն այժմ հասել է Մարսի մակերեսին, սակայն 15 անտանելի րոպէներ եւս պէտք է տոկալ, որպէսզի նրա անխափանութեան լուրը հասնի հողագնդին։ Համբերութիւնն աւարտւեց. ողջ կենտրոնը միահամուռ թնդաց ուրախութիւնից։ Փիւնիկ-ը վերակենդանացաւ մոխիրների միջից։

Յոյս թիւ 28
18 Յունիս 2008