ՄԱՅԻՍԻ ՄԷԿԸ ԲԱՆՒՈՐՆԵՐԻ ՕՐՆ Է

 

Ռոբերթ Սաֆարեան

 

 

Մայիսի մէկը բանւորների միջազգային օրն է: Բանւոր դասակարգ է կոչւում քաղաքների բնակչութեան այն մասը, որը զուրկ լինելով արտադրութեան միջոցներից, աշխատում է այն դասակարգի համար, որի սեփականութիւնն են այդ միջոցները, կամ այլ խօսքով, այն դասակարգի, որը հսկում է հասարակական կապիտալը: Բանւոր ասելով ընդհանրապէս հասկացւում է ձեռքի աշխատանքով զբաղւող աշխատաւոր, որն ունի աւելի ցածր կրթութիւն եւ եկամուտ:
Բանւոր դասակարգը հիմնականում աշխատում է քաղաքներում, մեծ գործարաններում, հանքերում եւ արդիւնաբերական կենտրոններում: Բանւորներն իրենց ապրուստի միջոցները վաստակում են իրենց ճակատի քրտինքով եւ նեղութեամբ, կախւած են իրենց մարմնական ուժից, եւ յաճախ մշակութապէս պարզ ու բարոյապէս ազնիւ մարդիկ են:

 

Բանւորների օրը նշւում է 1886 թւականին ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում տեղի ունեցած ամերիկացի բանւորական ընդվզումների տարեդարձին: Յատկապէս կոմունիստ եւ սոցիալիստ կուսակցութիւնները մեծ շուքով տօնում են այդ օրը, կազմակերպելով քայլարշաւներ եւ այլ տեսակի նախաձեռնութիւններ: Միայն ԱՄՆ-ում, Կանադայում եւ մի քանի փոքր երկրներում բանւորների օրը նշւում է այլ թւականի: Այդ երկրներում Սեպտեմբեր ամսի առաջին երկուշաբթի օրն է տօնւում որպէս աշխատաւորների օր:
1886 թւականի Մայիսի 4-ին, Չիկագո քաղաքի բանւորների ցոյցերի չորրորդ օրը, ոստիկանութիւնը կրակեց գարծադուլի դիմած բանւորների հանրահաւաքի վրայ՝ սպանելով չորս բանւոր: Դէպքից յետոյ մահապատժի ենթարկւեցին չորս այլ բանւորներ: Գարծադուլի դիմած բանւորները պահանջում էին օրական աշխատաժամը՝ 10-ից իջեցնել 8 ժամի, եւ բարելաւել աշխատանքի պայմանները: Բա-նն այն էր, որ պայմանաւորւածութիւն գոյութիւն ունէր 1886 թւականի Մայիսի մէկից ԱՄՆ-ում օրական աշխատանքի ժամը դարձնել 8 ժամ, սակայն դա տեղի չունեցաւ: Այս հանգամանքը զայրացրեց բանւորներին եւ Ամերիկայի զանազան շրջաններում, աւելի քան 1200 արհեստանոցներում եւ գործարաններում գործադուլ տեղի ունեցաւ: Չիկագոյում բողոքող բանւորների թիւը աւելի մեծ էր. շուրջ 90 հազար բանւոր ցոյցի էին դուրս եկել: Ցոյցերի չորրորդ օրը, բանւորները եւ նրանց հովանաւորող ժողովուրդը հաւաքւեցին Հէյմարկետ հրապարակում եւ այնտեղից շարժեցին առաջ: Բարձրախօսները տեղաւորւել էին մի կառքի վրայ, որտեղից բարձրաձայն հնչում էին օրւայ համապատասխան կարգախօսները: Ոստիկանութիւնը շրջապատեց կառքը եւ փորձեց ցրել ցուցարարներին: Յանկարծ տեղի ունեցաւ մի մեծ պայթիւն, որի հետե-ւանքով սպանւեց մի ոստիկան եւ վիրաւորւեցին մի քանի ուրիշ ոստիկաններ եւ մի խումբ բանւորներ: Այնուհետեւ ոստիկանները կրակեցին բազմութեան վրայ եւ յաջողեցին այդպիսով ցրել հանրահաւաքը: Սպանւեցին եւ վիրաւորւեցին մեծ թւով մարդիկ. չյայտարարւեց սպանւածների անունները, սակայն վիրաւորւածների ցանկը գոյութիւն ունի այսօր:
Այս դէպքից յետոյ ձերբակալւեցին ութ հոգի որպէս միջադէպի մեղաւորներ. այս ութից հինգը գերմանացի գաղթական բանւորներ էին, իսկ մէկը ամերիկահպատակ գերմանացի: Նրանցից 5-ը դատապարտւեցին մահապատժի, իսկ միւսները երկարատեւ ազատազրկման: Մահապատժի դատապարտւածներից մէկը ինքնասպանութիւն գործեց, իսկ միւս չորսին կախաղան բարձրացրին:
Այս դէպքերի լուրը տարածւեց ողջ աշխարհում, դրանց տարեդարձը նշւեց ամենուր, եւ աստիճանաբար այդ օրը հռչակւց բանւորների օր:
Այսօր օրական ութ ժամ աշխատանքի օրէնքը ընդունւել է աշխարհի համարեա բոլոր երկրներում, եւ ինչ-որ կերպ համարւում է բնական, սակայն չպիտի մոռանալ, որ դրա իրականցման համար իրենց կեանքն են տւել 1886-ի Մայիսեան դէպքերին մասնակցած բանւորները:
Մատնանշելի է, որ Գերմանիայի Նացիստական կուսակցութիւնը 1933 թւականին Մայիսի մէկը յայտարարեց ազգային արձակուրդի օր, սակայն բոլորովին տարբեր պատճառներով: Նացիստական կուսակցութիւնը մեծարում էր այդ առիթը, քանի որ սպանւած բանւորների մի մասը գերմանացի էր:

 

Յոյս թիւ 97

4 Մայիս 2011