ՀԻՆԳ ՀԱՅԱԶԳԻ ՄԻԼԻԱՐԴԱՏԷՐ FORBES-Ի ՑՈՒՑԱԿՈՒՄ

 

Գեւորգ Ստամբոլցեան

 


Հեղինակաւոր Forbes հանդէսի կողմից հրապարակւած միլիարդատէրերի հերթական ցանկում միանգամից հինգ հայազգի գործարարներ կան:
Առաւել հարուստն ու հռչակաւորը Քըրք Քըրքորեանն է: Forbes-ի միլիարդատէրերի ցանկում նա զբաղեցնում է 310-րդ հորիզոնականը` մօտ 3.5 միլիարդ դոլար ընդհանուր կարողութեամբ: Անցած տարւայ համեմատ Քըրքորեանի կարողութիւնն աճել է շուրջ 400 միլիոն դոլարով:
Բայց եթէ համեմատենք նոյն Forbes հանդէսի` 2004 թւականին հրապարակած ցանկի հետ, ապա կը տեսնենք, որ ամերիկահայ միլիարդատիրոջ կարողութիւնը մի քանի տարւայ ընթացքում կիսով չափ կրճատւել է: 7 տարի առաջ Քըրքորեանի կարողութիւնը գնահատւում էր շուրջ 7 միլիարդ ամերիկեան դոլար: "Չնայած զգալի կորուստներին` անցած մէկուկէս տարիներին Քըրքորեանը եւս մի քանի լուրջ գործարքներ է կնքել", - պնդում է Forbes-ը: - "2009-ի Դեկտեմբերին Lաս Վեգասում բացւեց Քըրքորեանին պատկանող Game City խաղային համալիրը, որի արժէքը 8.5 միլիարդ դոլար է: Դա Միացեալ Նահանգների պատմութեան մէջ մասնաւոր կապիտալի ներգրաւմամբ անշարժ գոյքի շուկայում իրականացւած ամենախոշոր գործարքն էր":
Բացի այդ, Forbes-ը ընդգծում է, որ Քըրքորեանը շարունակում է իր բարեգործական ակցիաները". - "Այս ձմեռ 93-ամեայ գործարարը շուրջ 200 միլիոն դոլար նւիրաբերեց Lոս Անջելեսում գտնւող Կալիֆորնիայի համալսարանին` UCLA-ին":
Forbes-ի ցուցակում տեղ գտած միւս հայազգի միլիարդատէրերն իրենց գործունէութիւնը ծաւալել են Ռուսաստանի տարածքում: Նրանցից ամենայայտնին եւ ամենաերիտասարդը "ՌոսԳոսՍտրախ" ընկերութեան սեփականատէր Դանիէլ Խաչատուրովն է: Forbes-ի ցանկում 833-րդ տեղը զբաղեցնող մոսկւաբնակ հայ գործարարի 1.5 միլիարդ դոլար կազմող կարողութեան հիմքը ապահովագրական շուկայում իրականացւած յաջող գործարքներն են:
"2001 - 2003 թւականներին Խաչատուրովն իր գործընկերների հետ 60 միլիոն դոլարով գնեց պետութեանը պատկանող "ՌոսԳոսՍտրախ"-ի բաժնետոմսերի 75 տոկոսը` խորհրդային ոճի ընկերութիւնից այն դարձնելով ռուսաստանեան շուկայի առաջատարներից մէկը: 2010-ին Խաչատուրովը պետութիւնից գնեց բաժնետոմսերի մնացած 25 տոկոսը` դառնալով ընկերութեան միանձնեայ սեփականատէրը", - գրում է Forbes-ը:
Ապահովագրական բիզնեսում լուրջ յաջողութիւնների հասած Սարկիսով եղբայրները` Նիկոլայն ու Սերգէյը, ամերիկեան հանդէսի հրապարակած ցուցակում գտնւում են Խաչատուրովի հարեւանութեամբ: Սարկիսով եղբայրների միասնական կարողութիւնը Forbes-ը գնահատում է շուրջ երեք միլիարդ ամերիկեան դոլար: Եղբայրներից աւագը` 51-ամեայ Սերգէյ Սարկիսովը, 1991-ին ստեղծել է "ՌԵՍՈ- Գարանտիա" ընկերութիւնը: 2007-ին ընկերութեան բաժնետոմսերի 37 տոկոսը վաճառել է ֆրանսիական AXA ընկերութեանը ռուսական ապահովագրական շուկայի համար աննախադէպ բարձր գնով` 1 միլիարդ 200 միլիոն դոլարով: Նրա կրտսեր եղբայրը` 42-ամեայ Նիկոլայը, համակարգում է "ՌԵՍՈ"-ի շինարարական նախագծերը: Ի դէպ, երկու եղբայրներն էլ բազմազաւակ հայրեր են` իւրաքանչիւրը 5-ական երեխայ ունի:
Forbes-ի ցանկում ընդգրկւած վերջին հայազգի միլիարդատէրը Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարէն Կարապետեանի եղբայրն է` "Տաշիր-Գրուպ" կոնցեռնի սեփականատէր Սամւէլ Կարապետեանը: "Կարապետեանի "Տաշիր Գրուպ"-ը 15 առեւտրային եւ եօթ օֆիսային կենտրոնների, ինչպէս նաեւ եօթ հիւրանոցների սեփականատէր է: Իր բիզնեսը Ռուսաստանում Կարապետեանը սկսել է` գնելով "ԿալուգաԳլաւՍնաբ" ընկերութիւնը:
"Վերջերս Կարապետեանը երկարաժամկէտ համագործակցութեան համաձայնագիր է ստորագրել Հայաստանի մայրաքաղաք Երեւանի իշխանութիւնների հետ, որի նպատակն է տուրիզմի, շինարարութեան եւ կանաչ գօտիների ստեղծմանն ուղղւած լուրջ ներդրումների իրականացումը", -գրում է Forbes-ը:

Աղբիւր` Ազատութիւն ռադիօկայանի կայք

Յոյս թիւ 95

6 Ապրիլ 2011