ՆՈՐ ՏԱՐԻՆ`
ԵՐԷԿ ԵՒ ԱՅՍՕՐ

 


Ըստ պատմական աղբիւրների, մեր նախնիները Նոր տարին անւանել են ԱՄԱՆՈՐ, ՆԱՒԱՍԱՐԴ, ՏԱՐԵՄՈՒՏ, ՏԱՐԵԳԼՈՒԽ, ԿԱՂԱՆԴ, ԼՈԼԷ, ՆՈՐ ՏԱՐԻ.. Դա նշանակում է, որ նրանք անյիշելի ժամանակներից մինչեւ օրս տօնը նշել են տարւայ տարբեր եղանակներին...
ԱՄԱՆՈՐ նշանակում է նոր տարի: Հնում այս տօնը դիմաւորել են գարնան զարթօնքին` Արեգ ամսին` Մարտի 21-ի գիշերահաւասարի օրը: Դա պատահական ընտրութիւն չէր: Հայերը նոր տարւայ յաջողութիւնն ու բերքառատ լինելը կապել են գարնան զարթօնքի հետ: Հնագոյն ժամանակներից արեգնատենչիկ կոչւող հայերն ԱՄԱՆՈՐԸ նշել են հէնց ԱՐԵԳ ամսի Արեգ օրը...
ՆԱՒԱՍԱՐԴ - Հայկական երկրորդ տարեգլուխը եղել է Նաւասարդի 1-ը (Օգոստոսի 11-ը): Ըստ այդ աւանդութեան, Հայկ Աղեղնաւորը այդ օրը յաղթել է բռնակալ Բէլին (մ.թ.ա 2492թ.):
Օգոստոսեան տօնը հայերը կոչել են ՆԱՒԱՍԱՐԴ` ՆԱՒԱ-Նոր, ՍԱՐԴ-տարի: Նաւասարդի տօնահանդէսը տեւել են մի քանի օր, որոնց ընթացքում կատարւում էին զոհաբերութիւններ, կազմակերպւում էին խրախճանքներ: Այդ տօնահանդէսներին ներկայ են եղել թագաւորն ու թագուհին:
Տօնական խնջոյքի օրերին ձեռք էին առնւում բոլոր միջոցները տարեմուտի սեղանների ազգային բնոյթը պահպանելու, տարւայ առատութիւնն ու յաջողութիւնը ապահովելու համար: Հետեւում էին, որ սեղանը միշտ առատ լինէր, կժերի ջուրը չվերջանար, վստահ, որ լիքը սեղանն ու լիքը ամանները առատ ու բարեբախտ տարի կապահովեն, չէ՞ որ "ինչպէս դիմաւորես Ամանորը, այնպէս էլ կանցկացնես ողջ տարին" ...
ՆՈՐ ՏԱՐԻ 18-րդ դարի 1758 թւականին Սիմէոն Ա. Երեւանցի կաթողիկոսի տոմարով հայերը նոր տարւայ սկիզբ ընդունել են Յունւարի 6-ը` Յիսուս Քրիստոսի Ծննդեան օրը:
Իսկ Յունւարի 1-ը որպէս նոր տարւայ սկիզբ հայերն ընդունել են նախորդ հարիւրամեակի վերջին: Աշխարհի բազմաթիւ ժողովուրդների նման հայոց մէջ նոյնպէս Նոր տարւայ տօնակատարութիւնը խորհրդանշում էր անցած տարւայ հանրագումարը, նոր սկսւող տարւայ յաջողութիւնների ու առատութեան ծիսական ապահովումը եւ չարիքի կանխարգելումը: Այսպէս, մարդիկ աշխատում էին վերադարձնել բարոյական ու նիւթական պարտքերը, լուծել-աւարտել վիճելի հարցերը եւ այլն: Նոր սկսւող տարւայ յաջողութիւնն ապահովելուն էին միտւած դարերից աւանդւած զանազան հմայական իմաստ ունեցող խմորեղէնների եւ մթերքների որոշ տեսակների գործածութիւնը ...
Գիւղերում թխում էին կովի պտուկներ, արօր, գութան, քաղաքներում` ընտանիքի եկամուտը խորհրդանշող աշխատանքային գործիքի պատկերով խմորեղէն (մկրատ, մատնոց, ուրագ, քսակ եւ այլն) ...
Թխւելու ընթացքում խմորեղէնի ուռչելը, կուտ դառնալը կամ սմքելը համապատասխանաբար դրական կամ բացասական գու-շակութիւն էր տւեալ տարւայ համար: Հայոց աշխարհի որոշ վայրերում ընդունւած էր թխել "էգ" եւ "չիք" կոչւող երկու հաց, որոնցից "էգ"-ը ողջ տարին պահում էին ալիւրի մեջ, որպէսզի ալիւրը առատանար, "չիք"-ը գցում էին հոսող ջուրը, որպէսզի "չարիքը" անցնող ջրի նման չքանայ ...
Այժմ Նոր տարւայ շատ սովորոյթներ մոռացւել են, կամ կորցնելով իրենց նախկին մոգական իմաստը, վերափոխւել են հանդիսաւոր ընդունելութիւնների, փոխադարձ նւիատւութիւնների, Ձմեռ պապի ու Ձիւնանուշի այլաբանական կերպարների, եւ որի ականատեսն ու մասնակից ենք մենք բոլորս: Բայց այնուամենայնիւ նոր տարիները այսօր էլ զուգակցւում են աւանդականներին ...

 

Յոյս թիւ 89

22 Դեկտեմբեր 2010