ԽԱՂԸ ԵՒ ԽԱՂԱԼԻՔԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿԵԱՆՔՈՒՄ


ԽԱՂԸ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ Է ԵՐԵՒԱԿԱՅՈՒԹԻՒՆԸ

 


Մեծահասակները ընդհանրապէս խաղին շատ կարեւորութիւն չեն տալիս, մինչդեռ խաղը մեծ նշանակութիւն ունի երեխաների անհատականութեան ձեւաւորման եւ հասարակական զարգացման տեսակէտից եւ այդ ազդեցութիւնը յարատեւում է նրանց կեանքի ամբողջ ընթացքում:
Հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ աշխոյժ, պատկերաւոր ու երեւակայական խաղերը ոչ միայն ժամանցից բացարձակապէս աւելի խորն ազդեցութիւն են թողնում երեխաների աճի վրայ, այլեւ չափազանց նպաստում են նրանց մտային կարողութեանը, ընկերային, զգացական ու ֆիզիկական զարգացմանը:
Մանկութեան շրջանի խաղերը հիմք են ծառայում երեխաների սովորելու եւ ապագայ ուսումնառութեան մէջ յաջողութիւն արձանագրելու գործին:
Ուսումնասիրութիւնները վկայում են, որ դպրոցական խաղերն ու զւարճանքը ուժեղացնում են երեխաներին իրենց դպրոցական դասերը սերտելու հարցում: Խաղի միջոցով երեխաները սովորում են, թէ ինչպէս համագործակցել ուրիշերի հետ: Նրանք այդպիսով նաեւ զարգացնում են իրենց լեզւային կարողութիւնները, ճանաչում դժւարութիւնները եւ լուծում դրանք, ապա ծանօթանում իրենց կարողութիւններին:
Այլ կերպ ասած, խաղը երեխաներին առիթ է տալիս եւ օգնում, որպէսզի իրենց տեղը գտնեն աշխարհում:
Նրանց վերացական ու մաթեմատիկական հասկացողութիւնները զարգանալով, նրանք սկսում են իրական աշխարհն աւելի լաւ ընկալել: Խաղը շատ մեծ նշանակութիւն ունի երեխայի յիշողութեան զարգացման, խնդիրների լուծման խնդրում հմտութիւններ ձեռք բերելու եւ ստեղծագործական ոգի ներշնչելու համար: Խաղը երեխաների աճի տեսակէտից ունի տարբեր ֆունկցիաներ:

Ֆիզիկական զարգացում
Ակտիւ խաղերն ու թռչկոտելը խթանում են երեխաների ֆիզիկական աճը: Խաղը երեխաների գիրութունը կանխելու լաւագոյն միջոցն է: Խաղը նպաստում է երեխաների մկանների աճին եւ բարեկազմութեանը:
Հասարակական եւ զգացական զարգացում
Խաղը պատճառ է լինում, որ երեխան միջավայրում իրեն համարի ակտիւ գործօն եւ ոչ թէ մի անհատ, որը միմիայն գործողութիւն է կատարում:
Տանը եւ դպրոցում առհասարակ երեխաներից պահանջւում է հետեւել որոշակի ու սահմանւած վարքագծի, բայց խաղի աշխարհում երեխան կարող է աշխարհը փոքրացնել եւ իր հասակի չափ դարձնել, ապա ինչպէս կամենում է, այնպէս վարւել: Այն երեխաները, ովքեր խմբային խաղեր են խաղում, միւսների համեմատ համագործակցելու, որոշելու եւ ղեկավարելու աւելի շատ կարողութիւն ունեն: Նրանք նաեւ յաջողում են զսպել իրենց գործողութիւններն ու յոյզերը:

Դերերի փորձում
Երեխաները յաճախ խաղալիս հանդէս են գալիս իրենց հօր, մօր, վաճառորդի, ուսուցչի եւ բժշկի դերերում: Կազմակերպւած խաղերի օգնութեամբ սովորում են հերթով խաղալ եւ իրենց գործողութիւնները համադրել միւսների գործողութիւնների հետ:

Անհատականութեան ձեւաւորում
Խաղը պատճառ է լինում, որ երեխան ինքն իրենից դուրս գայ եւ իրեն տեսնի ուրիշի հայեացքով: Այսպիսով նա կերտում է իր ինքնուրոյնութիւնն ու անհատականութիւնը:

Ուրախ լինել
Փաստերը ցոյց են տալիս, որ բոլոր տարիքի առողջ երեխաները սիրում են խաղալ: Մանկավարժներն ու հոգեբանները համոզւած են, թէ որքան ժամանակ, որ երեխաները տրամադրում են խաղին, նոյնքան աւելի ուրախ են լինում բարձր տարիքում:
Ուրեմն խաղի կարեւորութիւնը նկատի ունենալով, ծնողները, որպէսզի կարողանան այդ գործօնը լաւագոյնս օգտագործել իրենց զաւակների զարգացման ու դաստիարակման հարցում, ուստի անհրաժեշտ է ուշադրութիւն դարձնել հետեւեալ կէտերին.

Պակսեցնել երեխաների հեռուստացոյց դիտելու ժամերը: Երեխաները ընդհանրապէս շատ ժամ են տրամադրում հեռուստացոյցին ու համակարգչային խաղերին, որոնք նրանց դարձնում են կոպիտ ու կռւարար, գոռոզ ու գիրուկ, ուստի եւ հարկաւոր է դրանց յատկացւած ժամերը կրճատել եւ փոխարէնն աւելացնել բնական եւ օգտակար խաղերի ժամերը:
Չափից աւել երեխաների առօրեայ ծրագիրը չծանրաբեռնել զանազան դասարաններով ու լուրջ աշխատանքներով: Թոյլ տւէք նրանց զբաղւելու սովորական եւ օգտակար խաղերով, որպէսզի հոգեպէս ու ֆիզիկապէս առողջ մեծանան:
Հասարակ խաղալիքներ ընտրել երեխաների համար եւ թողէք փայտի, գնդակի, աւազի եւ նման այլ բաներով ու հասարակ խաղալիքներով զբաղւեն, որպէսզի նրանց մէջ աճի ստեղծագործական ոգին:
Երեխաներին արկածախնդրութեան մղել. յատուկ ժամանակ յատկացրէք տնից դուրս խաղալուն, որպէսզի երեխաները կարողանան վազել, թռչկոտել, խաղալ եւ երեւակայել:
Նրանց խրախուսել մասնակցելու զանազան աշխատանքների, ինչպէս օրինակ՝ խոհարարութեան, աւտոլւացման, որոնք նրանց համար խաղի տպաւորութիւն են թողնում: Թողէք նրանք երբեմն օգնեն տնային աշխատանքներում, որպէսզի աճի նրանց ստեղծագործական ընդունակութիւնը: Նրանք սիրում են կարճ ժամանակով օգնել իրենց մեծերին, ապա գնալ իրենց խաղի ետեւից:

 

Յոյս թիւ 85

27 Հոկտեմբեր 2010