ՌԱՄԱԶԱՆԸ
ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԱՀՔԻ ԱՄԻՍ

 


Ռամազանը արաբական տոմարի իններորդ ամիսն է: Այն մուսուլմանների ծոմի ամիսն է, որի ընթացքում, ամէն օր, արեւածագից մինչեւ մայրամուտ, նրանք հրաժարւում են ուտելուց, խմելուց եւ սեռային յարաբերութիւններ ունենալուց: Նպատակն այն է որ ծոմ պահողը սովորի լինել համբերատար, համեստ, եւ օժտւի հոգեւոր արժանիքներով: Ռամազանի օրերին մուսուլմանները սովորականից աւելի շատ են աղօթում եւ Աստծուց խնդրում են իրենց առաջնորդել դէպի բարին: Ըստ մուսուլմանների, Ռամազանը այն ամիսն է, որի ընթացքում Ղուրանի առաջին Այա-ները (համարները) յայտնւեցին Մարգարէ Մուհամմեդին: Հետեւաբար դա այն բաղձալի ամիսն է, երբ Աստւած աւելի քան միշտ յայտնւում է մարդկութեանը:
Ռամազանը հիմնւած է արաբական տոմարի վրայ, որը լուսնային տոմար է: Արաբական ամիսների սկիզբը որոշւում է լուսնի նորելով՝ լուսնի հելալ-ի երե-ւան գալով: Հետեւաբար Ռամազանի սկիզբը, արեւային տոմարով, այսինքն՝ այսօրւայ լատինական եւ նոյնպէս իրանական օրացոյցի համաձայն տարին 10-11 օր յետ է գնում: Այսպիսով, Ռամազանը լինում է թէ՛ ձմռան ցրտին, երբ օրերն աւելի կարճ են, եւ թէ՛ ամռան շոգին, երբ օրերը երկար են եւ յատկապէս ջրի կարիքը աւելի զգալի:
Ռամազանի կամ Ռամադանի արաբերէն արմատն է Ռամիդա կամ առռամադ, որը նշանակում է խիստ տաք, չոր ու այրւած գետին եւ պաշարի պակաս:
Ղուրանում Աստւած հետեւեալն է պատւիրում հաւատացեալներին. "Ծոմը գրւած է որպէս պարտադրանք ձեզ համար, ինչպէս այն գրւած էր ձեր նախնիների համար": Ամենահին աւանդութիւնների՝ հադիս-ների համաձայն, այստեղ խօսքը հրեաների ծոմի մասին է Եոմ Քիփոր-ի օրերին:
 


Առօրեայ կեանքը Ռամազանի օրերին
Ինչպէս իսլամական բոլոր քաղաքներում, այնպէս էլ Թեհրանում, Ռամազանի ընթացքում առօրեայ կեանքը փոփոխութեան է ենթարկւում: Որպէսզի հաւատացեալները կարողանան օրւայ ընթացքին մի քիչ հանգստանալ եւ պատրաստւել իրիկնապահին օրական ծոմի աւարտի կամ Էֆթար-ի համար, աշխատանքի ժամերը կրճատւում են մէկ-երկու ժամով: Իրիկնապահին, մեծ թւով ռեստորաններ, այդ թւում փիթզանոցներ, որոնք օրւայ ընթացքում օրէնքի համաձայն փակ են եղել, խանութների առջեւ աշ-ռեշթէ (թանով ապուր) են վաճառում: Ռամազանը նաեւ լաւ առիթ է ճա-շարանների վերանորոգումների համար: Տեղի է ունենում նաեւ երթեւեկութեան խցանումների ժամերի փոփոխութիւն: Ճիշտ Էֆթարի ժամին, երբ մարդիկ մեծ մասամբ գտնւում են իրենց տներում, երթեւեկութիւնը բաւականին սահուն է կատարւում փողոցներում ու մայրուղիներում, որոնք ընդհանրապէս այդ ժամերին լեփ-լեցուն են լինում մեքենաներով:
Մասամբ աշխուժանում է նաեւ գիշերային կեանքը: Սինեմաները գիշերւայ ուշ ժամերի յատուկ սեանսներ են աւելացնում իրենց ծրագրում, կազմակերպւում են որոշ մարզական խաղեր, ասենք ֆուտբոլի գիշերային մրցութիւններ, իսկ լողաւազանները բաց են մինչեւ ուշ ժամ, երբեմն մինչեւ արեւածագ:
Իրանի հեռուստատեսութիւնը այս առիթով հեռարձակում է յատուկ ծրագրեր, այդ թւում՝ Ռամազանին վերաբերող, կրօնական թեմայով, բայց գրաւիչ հեռուստասերիալներ, որոնք յաճախ գրա-ւում են հանդիսատեսների ուշա-դրութիւնը:

 


Էյդէ Ֆեթր
Ռամազանը վերջանում է Ֆեթրի տօնակատարութեամբ, որը մահմեդականների ամենամեծ տօներից է: Հէնց վերջերս Իրանի խորհրդարանի վաւերացմամբ Էյդէ Ֆեթրի արձակուրդները դարձաւ երեք օր, ինչ նշանակում է իշխանութիւնները ցանկանում են աւելի մեծ շուքով կատարւեն այդ օրերի հանդիսութիւնները: Էյդը Ֆեթրի օրը որոշւում է նորած լուսնի երեւան գալով, որը պիտի տեսանելի լինի անզէն աչքով: Դրան պիտի վկայեն երկրի կրօնական հեղինակութիւնները: Այդ պատճառով էլ յաճախ այդ տօնը իսլամական տարբեր երկրներում նոյն օրը չի նշւում:

 

Յոյս թիւ 81

25 Օգոստոս 2010