ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳԻՐՔԸ ԳԻ՞ՐՔ Է


Զրոյց ԹՀԹ Առաջնորդարանի գրական երեկոյում
 

Ռոբերթ Սաֆարեան

 


Արդէն մէկ տարի է անցնում ԹՀԹ առաջնորդ Տ.Սեպուհ Սարգսեանի նախաձեռնութեամբ սկսած գրական հանդիպումներից, որոնք կայանում են առաջնորդարանի դահլիճում: Վերջին հանդիպմանը, յանկարծ Լիդա Բերբերեանը հետեւեալ հարցն ուղղեց Սրբազան Հօրը. "Արդեօք կարծում էք գիրքը կը գոյատեւի՞": Հետաքրքիր հարցադրում, որին հետեւեց տաք զրոյց թեմայի շուրջ: Մարդը ժամանակին իր խօսքը գրել է քարի, ապա կաւի ու մագաղաթի վրայ, եւ շատ աւելի ուշ հասել է թղթի վրայ տպագրւող գրքերի ժամանակաշրջանը Արդեօք չի՞ կարելի մտածել, որ նկատի առնելով ինտերնետի օրաւուր զարգացումը, մի երկու սերունդ յետոյ, թղթէ գիրքն էլ մագաղաթէ գրքի նման պատմութեան գիրկը կանցնի եւ միայն թանգարաններում հնարաւոր կը լինի գտնել այն. այսպէս էր իր հարցը կոնկրետացնում Լիդա Բերբերեանը: Սրբազան Հայրը, սակայն, համոզմունք էր յայտնում, որ թղթի վրայ տպագիր գիրքը ունի այնպիսի հմայք, այնպիսի հրապոյր, որ փոխարինելի չէ էլեկտրոնային գրքով: Նա կանխատեսում էր, որ տեղի կունենայ վերադարձ դէպի գիրք, եւ մի տեսակ գրաւոր մշակոյթի վերածնունդ:
Հանդիպմանը ներկայ էր "Նայիրի" հրատարակչութեան տնօրէն Սեպուհ Ամիրխանեանը: Նա վստահօրէն ասաց, որ տպագիր գրքին ընդհանրապէս ոչնչացման վտանգը չի սպառնում, քանի որ վիճակագրական տւեալների համաձայն՝ վերջին տարիներին, համաշխարհային մասշտաբով, չի իջել գրքի տպաքանակը:
-Երեւի դա այն պատճառով է, որ էլեկտրոնային միջոցների զարգացումով հանդերձ, դեռեւս տպագիր գիրքը աւելի հեշտ է կարդալ, այսպէս ասած, դա դեռ աւելի user friendly է, նախ այն պատճառով, որ այն կարդալու համար կարիք չկայ որեւէ գործիքի կամ սարքաւորման, հեշտ է դրա տեղափոխումը, իսկ մոնիտորի լոյսը, յամենայն դէպս, աւելի շուտ է յոգնեցնում աչքերը,- շեշտեցի ես:
Խաչիկ Խաչերը համաձայն չէր. դա սովորութեան եւ ժամանակի հարց է. նա իր անձնական փորձառութիւնը նշեց որպէս օրինակ՝. "Մինչեւ մի երկու տարի առաջ,-ասաց Խաչերը, -որեւէ տեքստ կարդալու համար անպայման տպում էի այն եւ կարդում թղթի վրայ, սակայն այսօր այդպէս չէ, եւ կարդում եմ մոնիտորի վրայ: Մենք այսպիսով ընտելանում ենք նոր պայմանների հետ, ինչ մնաց նոր սերունդը, որ ծնւած օրից մեծանում է այնպիսի միջավայրում, ուր կոմպիւտերն եւ ինտերնետը առօրեայ կեանքի անբաժանելի մասն են կազմում":
Մովսէս Քեշիշեանը, սակայն, մտածում էր, որ երկար տեքտը դեռեւս կարդացւում է գրքի ձեւով. նա որպէս օրինակ խօսեց իր տղայի մասին, ով թէեւ որպէս երիտասարդ տիրապետում է համակարգչին, սակայն դեռեւս գերադասում է ունենալ դասական վէպերի գրքերը եւ դրանք կարդալ հէնց գրքի վրայ: Նա յիշեց նաեւ "Ֆարենհայթ 451" ֆիլմը, մի երեւակայական ապագայի մասին, ուր բռնապետական վարչակարգը վտանգաւոր գտնելով գրքերի գոյութիւնը, սկսում է այրել գրքերն ու աւերել գրադարանները, իսկ գրքերի երկրպագուները, որոշում են իւրաքանչիւրը անգիր անել մի գիրք, այն ոչնչացումից փրկելու համար:
Այս օրինակով արծարծւում է նաեւ մի հարց եւ մի զանազանութիւն. իրականում երկու խնդիր կայ: Նախ՝ գրաւոր եւ պատկերային մշակոյթների հակա-դրութիւնը, եւ գրաւորին սպառնացող վտանգը, երկրորդ՝ գրաւորի բազմացման ու տարածման միջոցի հարցը: Այլ խօսքով, արդեօք բջջային հեռախօսի վրայ ընթերցւող տեքստը կարելի՞ է գիրք համարել, թէեւ այդտեղ կայ գիրը եւ այն չի փոխարինւել պատկերով կամ ձայնով:
Այսպէս շարունակւեց զրոյցը, իսկ դա շարժառիթ դարձաւ մեր այս համարի գլխաւոր նիւթը յատկացնել հէնց այդ թեմային: Գիրքը գտել է խորհրդանշական իմաստ. այն ներկայացնում է քաղաքակիրթ մարդուն, ընդդէմ որի բարբարոս ցեղերի արշաւանքներում յաճախ աւերւել են գրադարանները: Գիրքը համազօր է իմաստութեան եւ գիտութեան: Գիրքը նաեւ նշանակում է արարչի խօսք, այն է՝ պարսկերէնում խօսւում է "Գրքի Տէր" (ահլէ քեթաբ) կրօնների մասին: Եւ արդեօք վերանո՞ւմ է այս գիրքը, արդեօք էլեկտրոնային գիրքը, գի՞րք է:

 

Յոյս թիւ 80

11 Օգոստոս 2010