ԷՆԶԵԼԻ ԼՃԱԿԸ ԵՒ ԴՐԱՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԸ

 


 

Էնզելի լճակը կանաչապատ Գիլանի ջրային գեղեցկութիւններից է: Այդ լճակը ջրակենցաղների սերմնացրման եւ բնիկ ու գաղթող թռչունների պատսպարանն է: Այնտեղ կան բազմաթիւ գեղեցիկ կղզիներ, իսկ նրա ափերում են գտնւում երկու գեղեցիկ քաղաքներ Էնզելին եւ Աբքենարը:
Էնզելի լճակը իր 180-ից մինչեւ 200քռ կիլոմետր տարածութեամբ կասպից ծովը լցւող գետերի համար հանդիսանում է որպէս զտարան: Այն աւելի քան 100 տեսակ թռչուններով, 50 տեսակ ձկներով, հարիւրաւոր տեսակի բուսական, կենդանական ու միկրոսկոպային էակներով մի հազւագիւտ էկոսիստեմ ունի:
Էնզելի լճակը 1975 թւականից սկսած միջազգային պահպանւած լճակների շարքին է պատկանել եւ համարւում է Կասպից ծովի ձկնկիթաւոր ու ոսկրաւոր ձկների բազմացման ու արտադրման ամենակարեւոր աղբիւրը: Սակայն այդուհանդերձ, վերջին տարիներին այն մատնւել է անուշադրութեան եւ կանգնել՝ կործանման ու ոչնչացման սեմին: Աղտոտւածութիւնն ու աւերւածութիւնը հասնելով իր գագաթնակէտին` զանգւածային լրա-տւամիջոցները սկսեցին ահազանգել ու բացայայտել աղէտի խորքը:
ՄԱԿ-ը օգնութեան ձեռք մեկնեց, եւ ապա որոշւեց, որ այս տարի 5 միլիոն դոլար յատկացնելով, կարգաւորել խնդիրը: Այդ որոշումը մտաւ ՄԱԿ-ի օրակարգի մէջ, որը նկատի ունենալով UNDP ճանապարհի շինութիւնը, որով Էնզելի նաւահանգիստը շրջանցող ուղու 16 կիլոմետրը այդ լճակի միջից անցնելու պատճառով, ՄԱԿ-ի շինարարական ծրագրերի ցանկից դուրս մնաց:

ԷՆԶԵԼԻ ԼՃԱԿԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔՆ ՈՒ ՅԱՏԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ
Էնզելի լճակը գտնւում է Կասպից ծովի հարաւ-արեւմտեան ափում եւ Սեֆիդռուդի գետաբերանի արեւմուտքում՝ տարածւելով Էնզելի նաւահանգստի հարաւում: Այն մի կողմից եզերւած է Քիւար Չայ, Աբքենար քաղաքներով, իսկ միւս կողմից էլ հարաւից շրջապատւած է Սոմէէսարա եւ Ռաշտ գաւառի շրջաններով:
Նախկինում այն ծաւալւել էր մինչեւ 400-450 կիլոմետր, մինչդեռ այժմ նրա տարածքը հաշւում է մօտ 100քռ կիլոմետր: Գարնանը ջրի խորութիւնը կազմում է առաւելագոյնը 2,5 մետր արեւմտեան մասում եւ անձրեւային տեղումները լինում են տարեկան 1500-ից մինչեւ 2000 միլիմետր: Նրա մէջ թափւում են Գիլանի 27 կարեւոր գետերը, որոնք նոյնանուն նաւահանգստի առաջամասում վերածւում են միասնական մի ջրանցքի եւ այդ գծով էլ լցւում է Կասպից ծովը:

ԷՆԶԵԼԻՆ՝ ԶԲՕՍԱՉՐՋՈՒԹԵԱՆ ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ՎԱՅՐԸ
Էնզելի նաւահանգիստը ուղղակի գտնւում է հովտային շրջանում եւ ձգւած է Կասպից ծովի ափի երկարութեամբ եւ ունի մեղմ ու խոնաւ կլիմայ, որտեղ անձրեւային տեղումների չափը բաւական բարձր է:
Թէեւ այն հնամենի քաղաք չէ, բայց կարեւորւում է ջրային կենդանատեսակներով, բոյսերով ու ձկներով: Նրա աւազի ափերը տարւայ տարբեր եղանակներին միշտ էլ հանդիսացել են բազմաթիւ ուղեւորների հանգստավայրը:
Այն, ինչ որ Էնզելիի առափնեայ շրջանները զանազանում են Կասպից ծովի այլ ափերից, նրա ազատ ու հանրային լողափերն են, որոնցից մարդիկ անկաշկանդ կարողանում են օգտւել, մինչդեռ միւս առափնեայ շրջաններում ճամբորդները հանդիպում են անձնական ամառանոցների բարձր ցանկապատերի, որոնց կոյուղիների կեղտաջրերը լցւում են լճակի մէջ եւ նոյնիսկ օդը ապականում:
Զբօսաշրջիկները այդ լճակում հաճելի ժամանակ են անցկացնում նաւակների վրայ թիավարելով, ձկնորսութեամբ զբաղւելով եւ տեսարժան վայրեր այցելելով: Յագեցւած պայմաններ է ստեղծւել զբօսաշրջիկների համար: Բացի այդ, տեղացի ժողովուրդն էլ իր բնակարաններն է տրամադրում այցելուներին: Նրա տեսարժան վայրերից են՝ նաւամատոյցի շինութիւնը, մաքսատունը, ձկնաբուծարանը, լճակը, շուկան, քաղաքային հրապարակը, եւ այլ պատմական յուշարձաններն ու շինութիւնները:
Էնզելիի այլ տեսարժան վայրերից է՝ ծովի փարոսը կամ ժամացոյցի աշտարակը, որը գտնւում է Էնզելիի ջրափին: Այն կառուցւել է Նասերէդդին շահի օրօք քաղաքի վրացի կուսակալ Խոսրով խանի միջոցով: Էնզելիի քաղաքապետը այդ փարոսը նորոգելիս մի նոր ժամացոյց էլ տեղադրել է նրա աշտարակի ծայրին: Քաղաքապետարանի շէնքն էլ ուշագրաւ մի շինութիւն է եւ ունի պատմական արժէք, քանի որ այն Իրանի առաջին քաղաքապետարանն է, որը կառուցւել է 70 տարի առաջ:
Էնզելի բառացի նշանակում է՝ իջիր եւ կեցիր այստեղ. Ոմանց կարծիքով այն կոչւում է՝ խարսխատեղ, ապա դարպաս, իսկ ըստ ոմանց էլ՝ այդ քաղաքի հիմնադիրները եղել են Ղազան խան եւ Էնզել խան եղբայները, որտեղից էլ առաջացել է քաղաքի անունը: Հնում նաեւ կոչւել է "Եւրոպայի դարպաս" իր մաքսատան շնորհիւ, որն իրանցի ու արտերկրի առեւտրականներին կապել է միմեանց:


ԷՆԶԵԼԻ ԼՃԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՒԷՐՆԵՐԸ
1-Ամէն տարի Ռաշտ, Էնզելի, Սոմէէսարա, Ֆուման եւ Մասալ գաւառների աւելի քան 32 միլիոն խորանարդ կեղտաջուրը թափւում է Էնզելի լճակի ջրաւազանը:
2-Նաեւ գիւղատնտեսական դաշտավայրերից տարեկան մօտ 2 միլիոն լիտր թունաւոր նիւթեր լցւում է նրա շրջակայքը: Եւ քանի որ այն համարւում է ձկների սերմնաթափման միջավայր, ուստի այդ թունաւոր նիւթերը խիստ սպառնում են կենդանի պաշարների կենսավայրը:
3-Էնզելի ջրաւազանի նստւածքները շարունակաբար աւելանում են, եւ հոգատարութեան պակասի պատճառով տարեկան 585 տոննա նստւածքի ձեւով հոսում դէպի լճակը: Մինչեւ մի քանի տասնամեակ առաջ նրա խորութիւնը 8-10 մետր էր, որ այդ նստւածքների պատճառով այն այժմ հասել է 3 մետրի:
4-Առատ տեղումներն ու թթւա-ծնի պակասը հազարաւոր ձկների կործանման պատճառ է դառնում:
5-Արդիւնաբերական կենտրոնների գործունէութեան հետեւանքով առաջացած աղտոտւածութիւնը խոշոր չափերի է հասնում:
6-Անհաշիւ որսն ու ձկնորսութիւնը յանգում է լճակի կենդանատեսակների նւազմանը:
7-Քաղաքների զարգացումն ու աճը, ինչպէս նաեւ "Էզոլա" կոչւող բոյսի լայնածաւալ տարածումը նոյնպէս սպառնալի գործօններ են Էնզելի լճակի համար:

ԿԻՐԱՌԱԾ ՄԻՋՈՑՆԵՐ ԱՅԴ ԱՐԱՏՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
1-Վերջին տարիներին բնա-պահպանութեան կողմից որոշ միջոցներ են կիրառւել սպանդանոցի եւ զանազան արդիւնաբերական կենտրոնների կեղտաջրերի՝ լճակի մէջ թափւելը կանխելու ուղղութեամբ:
2-Էնզելի լճակին կեանք պարգեւելու համար կառուցւել է աղբամշակման բուսապարարտանիւթի գործարան:
3-Նկատի առնելով լճակի միջազգային արժէքը ճապոնական Ջայկա հետազօտական խումբը ներկայումս զբաղւած է նրա վերակենդանացման հետազօտութեամբ:

ԼՃԱԿԻ ԲՈՅՍԵՐԸ
Ոչ շատ հեռու անցեալում լճակի շրջակայ տարածքը նրա խոնաւութեան ու ջրառատութեան շնորհիւ ուռենու(բիդ) եւ լաստենու(թոսքա) պէս ջրասէր ծառերի տեսակներով էր ծածկւած, որ բացի գեղեցիկ տեսարանից, այդ ծառերը գետնի աւելորդ ջրերը պոմպի պէս ծծելով, շոգիացնում եւ չորացնում են ջրաթաթախ գետինները: Այսպիսով վերացնում են միջատներով առատ միջավայրերը:

ԼՃԱԿԻ ԹՌՉՈՒՆՆԵՐԸ
Կասպից ծով չւող ջրակենցաղ թռչունների կարեւոր կենսավայրն է Էնզելի լճակը, որտեղ ապրում են Սիբիրի արեւմուտքի, Կասպից ծովի եւ Նեղոսի սագերը, բադերը եւ կարապները, որոնցից աւելի քան 10-12 միլիոնը ամէն տարի չւում են: Դրանցից շատերը 1-3 ամիս ապրում են Կասպից ծովի շրջակայքում:
Էնզելի լճակի բուսական ծածկոյթը այդ չւող թռչունների համար կարող է ձմեռելու լաւագոյն վայր լինել: Սակայն ներկայումս այդ թռչունները ենթարկւում են վաղահաս ծերութեան, որի պատճառը բնակարանների, արդիւնաբերական եւ գիւղատնտեսական արտանետումներն են: Լճակի արեւելեան մասում առաւելապէս աչքի են ընկնում բադերը (օրդաք), փարփարները (չանգար), ապա սագերը (ղազ), աղջկահաւերը (խրուս քոլի), կտցարներ (աբչելիք), իսկ միւս տեսակի թռչուններ քիչ են երեւում:

ԷՆԶԵԼԻ ԼՃԱԿԻ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ
Էնզելի լճակի ստնաւորների մասին շատ բաներ կարելի է ասել, սակայն նրանցից յատկապէս հետաքրքիր է իմանալ, որ Էնզելիում առկայ են 17 տեսակի չղջիկներ, որոնք խոշոր դեր են կատարում միջատների աճը հակակշռելու գործում:
Լճակի ափերի ջուրը աղի է ու յատակը ծանծաղուտ: Այն գտնւելով Կասպից ծովի մօտ, իր ինքնատիպ առանձնայատկութեամբ մատչելի միջավայր է հանդիսանում բազմազան ձկների սերմնաթափութեան համար: Լճակում գտնւող 20 տեսակ ձկների գոյութիւնը արդէն իսկ հաստատւել է, որոնցից 11-ը բնիկ, 8-ը՝ գաղթող, իսկ մէկ տեսակը կիսագաղթող է: Սպիտակաձուկն ու պերկէն, որոնք գաղթող ձկներ են, ձւարկութեան ու ծնելութեան նպատակով գալիս են լճակ եւ այնուհետեւ վերադառնում ծով: Ծածաններն (քափուր) ու գայլաձկները (օրդաքմահի) տեղաբնիկ ձկներ են:
Թւում է թէ ծովի ջերմաստիճանի տարբերութիւնն ու լճակի մթնոլորտային պայմանները նպաստում են ձկների զուգակցմանն ու ձւարկութեանը, ինչպէս նաեւ ձկնիկների բնաբուծութեանը:
Էնզելի լճակն ունենալով քաղցր ջուր, կենդանական եւ բուսական հարուստ միջավայր, առատ կեր է հայթայթում ձկներին, իսկ միւս կողմից էլ նրա հանդարտ ջուրը ապահով միջավայր է հանդիսանում ձկների սերմանումը պահպանելու համար: Ահա թէ ինչու ամէն տարի ձկների հսկայական վտառներ գալիս են այնտեղ բազմանալու նպատակով:
Մոտորաւոր նաւակների երթեւեկը, ծանր իւղով ու քիմիական թունաւոր նիւթերով ջրի աղտոտւածութիւնը, ձկների սերմնաթափութեան ժամանակ նրանց անկանոն որսալը եւ արտերում ու այգիներում քիմիական պարարտանիւթերի գործածութեան հետե-ւանքով առաջացած ապականումը դժւարացնում ու նւազեցնում է ձկների բազմացման պրոցեսը:

 

Յոյս թիւ 79

28 Յուլիս 2010