Օ՜ ԲՆՈՒԹԻՒՆ, Օ՜ ՄԱՅՐ...


Քարմէն Ազարեան
 

ՄԱՅՐ ԲՆՈՒԹԻՒՆԸ, ՈՐԸ ՄԻԼԻՈՆԱՒՈՐ ՏԱՐԻՆԵՐ ՄԻՇՏ ԻՐ ԳՐԿՈՒՄ ՓԱՅՓԱՅԵԼ ՈՒ

ԳՈՒՐԳՈՒՐԵԼ Է ՄԱՐԴ ԱՐԱՐԱԾԻՆ, ԱՍԵՍ, ԱՅՍՕՐ ԶԱՅՐՈՅԹԻՑ ԿՐԱԿ Է ԹԱՓՈՒՄ ՆՐԱ ԳԼԽԻՆ
 


Վերջին տարիներին բնութեանը, բնական աղէտների ու ոչ բնական երեւոյթներին վերաբերող լուրերը օր-օրի աւելանում ու աննախադէպ են դառնում։ Խոշոր ու անժամանակ կարկուտների տարափից սկսած մինչեւ սարսափելի ցունամիներ ու նոյնիսկ անմեղ կետերի ու դելֆինների զանգւածային ինքնասպանութիւններ։ Իրօք, ահասարսուռ են այս կարգի լուրերը։ Մայր բնութիւնը, որը միլիոնաւոր տարիներ միշտ իր գրկում փայփայել ու գուրգուրել է մարդ արարածին, ասես, այսօր զայրոյթից կրակ է թափում նրա գլխին։ Աւելի խորը հետեւելով երկիր մոլորակի բնակլիմայական հետազօտութիւններին, զգում ես թէ ինչպէս մարդն իր ձեռամբ իսկ, առանց վարանելու եւ առանց թերեւս իր թոռների ու նրանց թոռ ու ծոռերի համար մի պահ մտահոգւելու, նրանց թողնում է իրեն յանձնւած բնութեան աւերակները։
Պէտք չէ այնքան էլ մասնագէտ լինել, որ հասկանալ թէ ինչպէս է անտառների ու ջրաւազանների ոչնչացման հետեւանքով բարձրանում աւազէ մրրիկներն ու երկրից երկիր անարգել տարածւում, կամ թէ այն պահին, որ անսպասելի տեղատարափը հեղեղի վերածւած ոչնչացնում է մարդկանց ու անմեղ կենդանիների բնակավայրերը, իսկ մի քիչ այն կողմ չոր ու ցամաք մնացած հազարաւոր եւ գուցէ միլիոնաւոր տարիների ընթացքում աճած խիտ անտառները հրդեհի մատնւում ու ոչնչանում են։ Բնութեան իւրաքանչիւր մասնիկը անմասն չի մնում այս աւերումից. Բեւեռային սառցաբեկորները հալչում ու բարձրանում է ովկիանոսների ջրի մակարդակը, որով ինչ-որ ցամաքամասեր ջրի տակ են մտնում, քարտէզներից անհետ կորչում են էկոսիստեմներ, բուսական ու կենդանական տեսակներ, եւ նոյնիսկ երկրներ։ Եւ այսպէս անվերջանալի ու ահաւոր տխուր պատկեր, որին ականատես խելացի ու բանական մարդը, թւում է, վտանգի մեծութիւնը զգալով, պիտի անյապաղ գործի անցնէր, եւ ինչքան շուտ կանխելով այդ բոլորը, փրկէր Մայր Բնութեանը՝ իրեն ծնող ու սնող բնութեանը։

Ինչո՞վ են զբաղւած քաղաքական այրերը
Սակայն ցաւալին հէնց այն է, որ դրանով հանդերձ, որ օրաւուր զարգացող գիտութիւնը մարդուն զգուշացնում է ոչ հեռու ապագայում սպասւող աղէտի մասին, այնուամենայնիւ աշխարհակալ, դի-ւանագէտ ու քաղաքական այրերը, խուսափում են պատասխանատւութիւնից։ Նրանք զբաղւած են բանակցութիւններով, զանազան բանաձեւեր արձակելով ու պատժամիջոցներ սահմանելով։ Սակայն այդ ամէնն իզուր, բոլոր օրէնքներն ու սահմանները, ասես թէ, գործում են միայն թոյլ ու փոքր պետութիւնների համար, որոնք, ի դէպ, ամենափոքր մեղքի բաժինն ունեն այդ աւերածութեան՝ օդի աղտոտւածութեան, օզոնի շերտի նոսրացման կամ ջերմոցային գազերի արտանետման գործում։ Իսկ ջերմոցային գազերով մեր բնութիւնն աւերող արդիւնաբերական մեծ պետութիւնները, ամենայն համարձակութեամբ այդ համաձայնագրերը չեն ստորագրում եւ շարունակում են իրենց չարաբաստիկ գործը՝ առանց պատժամիջոցներից վախենալու։
Այս միջոցին չմոռանանք յիշել յատկապէս բնապահպանութեան պաշտպան կազմակերպութիւններին, որոնք մարդկութեան արթուն աչքը դարձած՝ հետեւում են ամենուր կատարւող անբնական գործողութիւններին եւ հասարակութեանը իրազեկ դարձնելով փորձում հնարաւորին չափ կանխել այդ աւերածութիւնները։ Տեղ-տեղ հնչեցնում են ահազանգեր այսինչ գործարանի քիմիական նիւթերի միջոցով տարածքի օդը, կամ ջրապաշարները, գետերն ու լճերն թունաւորւելու եւ դրա՝ այս կամ այն ողբերգական հետեւանքի մասին՝ մարդու, կենդանական ու բուսական տեսակների համար։ Այնուամենայնիւ միայն լուրերին անգամ հետեւելով, կարելի է եզրակացնել, որ դրանք ոչինչ են այն ամէնի դէմ ինչ արւում է։
Գիտաֆանտաստիկ թեմաներով ֆիլմերը, եթէ մի ժամանակ միայն երեւակայութեան արդիւնք էին համարւում՝ մորեխների, կամ այլ կենդանատեսակների յարձակում, երկիր մոլորակի սառցակալում կամ ընդհակառակը՝ կրակի մէջ վառւելը, ատոմային պայթիւններ կամ ատոմակայանների անսարքութեան հետեւանքով միջուկային ճառագայթում, եւ, եւ, եւ Այս բոլորն, այսօր, այլեւս մարդու ֆանտազիայի արդիւնք չի կարող համարւել։ Այսօր մարդը այդ բոլորի ականատեսն է դառնում ոչ միայն ֆիլմերում, այլ հէնց իրական կեանքում։

Մարդը կենդանական աշխարհի ինքնակոչ տիրակալը
Այս կապակցութեամբ յիշեցի օրեր առաջ հրապարակւած լուրը, որով ունկնդիրը տեղեկանում էր Հայաստանի ինչ-որ գիւղի տներում թունաւոր օձեր յայտնւելու, իսկ մէկ այլ գիւղում գայլերի ոհմակների յարձակման մասին։ Եւ հետաքրքիրն այն էր, որ օձից տուժած գիւղացին գտնում էր, որ ոչ թէ օձերն են յայտնւել իրենց տներում, այլ իրե՛նք՝ մարդի՛կ են, որ գրաւել են նրանց կենսավայրը, բները։ Տարօրինակ է. Սա հա-կասում է մարդ արարածի՝ ինքնագոհութեան շեմն անցած միակալ տիրոջ, վերաբերմունքին բնութեան հանդէպ։ Այս կապակցութեամբ յիշեցի նաեւ այն հասարակ թւացող զրոյցը, որը շատ յաճախ ունենում ենք շրջապատի մարդկանց հետ՝ քաղաքային բնակավայրերում իրենց գոյութիւնը մի կերպ քարշ տւող հատ ու կենտ կենդանիների նմուշների՝ կատուների, շների, թռչունների կամ միջատների մասին։ Բոլորը միահաւասար դատապարտւած են ոչնչացման, քանի որ բոլորն էլ կեղտոտ են եւ մարդու համար վտանգաւոր։ Բայց քչերն են մտնում հարցի էութեան մէջ եւ մտածում՝ արդեօք դաշտերում մաքուր ու՝ մարդու կողմից չաղտոտւած բնութեան մէջ ապրող մկները, կատուները, շնե՞րն էլ են աղտոտ, թէ՞ նրանք քաղաքներում է, որ ակամայ կրողն են դառնում մեր իսկ ձեռամբ ստեղծած աղտոտւածութեան։ Միւս կողմից մկների կամ կատուների ու բոյսերի անբնական աճը որոշակի բնակավայ-րերում դարձեալ մարդու ան-հարկի միջամտութեամբ է պայ-մանաւորւած, քանի որ բնական պայմաններում, ուր իրար կողքի ապրում են բոյսերն ու կենդանիները, չի կարող ինչ-որ տեսակի անբնական աճ նկատւի։ Այս ամէնի մէջ մենք միայն այն գիտենք, որ պէտք է վերացնել հարցը՝ տւեալ կենդանատեսակը՝ եթէ հաճելի չէ մեզ, տւեալ ծառատեսակը եթէ ալերգածին է համարւում, կամ անտառը ամբողջութեամբ, եթէ մեզ հարկաւոր են նոր քաղաքներ ու նոր ճանապարհներ։ Եւ այսպէս անհատնում շղթայ։
Ցաւալի է, որ բոլոր դէպքերում իրականում մարդը կարող է շատ աւելի գազան ու արիւնարբու լինել քան ցանկացած գիշատիչ գազան։ Այս կապակցութեամբ յիշեցի մի փոքր թւացող դէպք, որն անկարող եմ երբեւէ մոռանալ։ Բազմայարկ շէնքի ձեղնայարկում ձագոտել էր գեղեցիկ փափլիկ կատուն, որն ամենայն մարդկային հոգատարութեամբ ու զգուշութեամբ խնամում էր իր փոքրիկ՝ դեռ աչքերն աշխարհի վրայ չբացած ձագուկներին։ Եւ ահա ամենակարող դաժան մի մարդ իր հսկայական, թերեւս քաղցած, գազան շանը շղթայով կապած, ուղորդեց դէպի մայր կատւի խաղաղիկ ու փոքրիկ անկիւնը։ Մի վայրկեանում շունը խժռեց բոլորին, եւ նրանցից միայն փոքրիկ ականջներ մնացին այս ու այն կողմ թափւած։ Ոմանք գուցէ ասեն թէ՝ ի վերջոյ շունն է գիշատիչը, բայց ես այդ կարծիքին չեմ, եւ այստեղ եւս միակ մեղաւորը մարդուն եմ համարում, քանի որ բնական պայմաններում կատուն ձագոտում է վտանգներից հեռու, ապահով անկիւնում, իսկ քաղաքում նա ո՞ւր կարող է գնալ, որ անվտանգ լինի, ուր չլինեն մարդիկ, մեքենաներ, եւ միաժամանակ սնունդն ապահովւած լինի։ Ես կասէի ոչ մի տեղ։ Չկայ նման վայր։ Մենք սողոսկել ու աստիճանաբար գրաւել ենք բոլոր կենդանատեսակների բնակավայրը եւ դեռ դժգոհում ենք նրանց գոյութիւնից ու անխնայ ոչնչացնում։

Ինչպիսի՞ աշխարհ ենք թողնելու մեր երեխաներին
Ինձ թւում է, եթէ սիրում ենք մեր երեխաներին ու թոռներին եւ ցանկանում ենք նրանց յանձնել մի մոլորակ, ուր կարողանան անվտանգ ու ապահով վայելեն կեանքի բնական վայելքներն ու ողջ գեղեցկութիւնը, պէտք չէ շատ հեռուն գնալ կամ անպայման ինչ-որ բան յօրինել։ Այս նպատակով հարկաւոր է իւրաքանչիւր ոք իր տեղում հանգիստ չնստի՝ սպասելով, որ այս կամ այն պետութիւնը քայլեր ձեռնարկի եւ փրկի մեր Մայր Բնութեանը։ Մինչ այդ ցան-կացած մարդ պէտք է իր հերթին խորհի հէնց սեփական արածի ու չարածի մասին՝ լոգանք ընդունելու եւ տան լուսաւորութեան պէս հասարակ առօրեայ գործողութիւններից սկսած մինչեւ թափւած թղթի, պլաստմասայից կամ միանգամեայ օգտագործման իրերից ստացւող աղբի չափը եւ ձեւը, քանի որ այդ բոլորից կարելի է եզրակացնել թէ որքա՞ն բնական ռեսուրսներ ենք օգտագործում, որքա՞նն է տեղին եւ որքանը՝ վատնում, որքա՞նն է քայքայւող ու բնութեանը վերադարձւող եւ որքա՞նը թունաւորող ու վնասակար թափօն։ Եւ այս բոլորը գնահատելուց յետոյ միայն որո-շել սպառման մեր ճիշտ ձեւն ու չափը։
Ուշադրութեամբ պէտք է հետեւել մեր շրջակայ միջավայրի բնութեան պահպանմանը, կանաչ գօտիների ու ջրաւազանների պահպանմանն ու մաքրութեանը, եւ ի վերջոյ՝ ամենակարեւորը՝ տեղում ապրող կենդանիների մասին հոգ տանելը։ Թոյլ մի՛ տւէք բթանայ ձեր այն ջիղը, էութեան զգօն լարը, որ ձեզ միշտ պիտի յուշի թէ բնապահպանութեան առումով որ՛ն է ճիշտ եւ ո՛րը սխալ։ Հա-ւատացէք, որ սա ոչ պակաս կարեւոր է, քան այն ներքին խղճի ձայնը, որ մեզ յետ է պահում ցանկացած յանցագործութիւնից։ Ես կասէի՝ դեռ աւելի կարեւոր է, քանի որ եթէ կողոպուտի կամ մարդասպանութեան պարագայում, մեղաւոր ես մի կամ մի քանի մարդու հանդէպ, բնութեան հանդէպ գործւող յանցանքն ուղղւած է ողջ մարդկութեան, կենդանական ու բուսական աշխարհի դէմ։ Ուրեմն հարկաւոր է հետեւել ոչ միայն սեփական գործողութիւններին, այլեւ քո շրջապատի մարդկանց, քաղաքի, հայրենի երկրի, եւ աւելի հեռուն գնալով, հարեւան ու ոչ հարեւան երկրների գործողութիւններին, եւ կատարել մեր միեւնոյն պարտքը՝ ամենուրեք եւ ամէն պարագայում պահպանել բնութիւնը եւ նախ-կինից աւելի լաւ պայմաններում այն յանձնել մեր երեխաներին ու մի խօսքով յաջորդ սերնդին։ Այս միջոցով միայն, երեւի կը կարողանանք փրկել մեր երբեմնի դրախտավայր երկիր մոլորակը աստիճանական ոչնչացումից։ Իրօք երբ խորն ես մտածում, ինչքա՜ն բան ունենք անելու

 

Յոյս թիւ 126

11 Յուլիս 2012