ԲԱԼՈՐԸ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏԱԼԻՍ ՍՆՒԵԼ ՕՐԳԱՆԻԿ, ԲԱՅՑ
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՕՐԳԱՆԻԿ ՍՆՆԴԻ ԱՌԱՒԵԼՈՒԹԻՒՆՆԵՐԸ


Ջեֆրի Քլուգեր

 


 

Եթէ արագ ճանապարհ էք որոնում ձեզ վատ զգալու համար, ապա կերէք այն, ինչ ձեր մարմինը ձեզանից պահանջում է ուտել: Ձեր մարմինը պահանջում է միս, ճարպ, աղ եւ շաքար: Ձեր մարմինը կարող է սնւել միայն մրգերով ու բանջարեղէնով, եթէ դա պարտադիր է, բայց միայն այն ժամանակ, որ չգտնի միս, ճարպ, աղ եւ շաքար: Իսկ թէ որտեղի՞ց է գալիս ձեր սնունդը, այն աճեցւում է տեղում, մշակւում է ազատ արօտատեղիում, սնւում է մարգագետնում, թէ ոչ, դա ձեր մարմնին բնաւ չի հետաքրքրում:
Բայց այս խաղի մասնակիցները միայն դուք ու ձեր մարմինը չէք: Ձեր բժիշկն էլ անպայման կարծիքներ ունի այն մասին թէ՝ ինչ պիտի ուտէք: Նոյնպէս ձեր ընտանիքը: Նմանապէս սննդային փորձագէտները, որոնք վերջերս ներկայ են ամենուր եւ հաւատացած են, որ այն ամէնը, ինչ անցնում է ձեր շրթերից, պիտի աճեցւած, հնձւած եւ շուկայ հանւած լինի ճիշտ ձեւով: Եթէ դրանց գտնում էք յոգնեցուցիչ, կամ աւելին` խանգարիչ, ապա իմացէք, որ այդ հարցում մենակ չէք: Պրոֆեսոր Ջէյմս Մաք Ուիլիամզի կարծիքով. "Այ մարդ դա կերակուր է, դա մարդու ինքնութեան հարց է: Մենք մարդկանց խրախուսում ենք ուտել խելացի եւ առողջարար, դա լաւ, բայց յետոյ, մի անհաւատալի բարձր պատնեշ ենք դնում նրանց առջեւ թէ՝ ինչպէս պիտի ուտեն":
Լաւագոյնն այն է, ինչպէս մեզ յաճախ յիշեցնում են՝ դառնալ օրգանիկ. վերամշակւած սննդի փոխարէն՝ թարմ բնական սնունդ, սուպերմարկետի փոխարէն՝ գիւղատնտեսական շուկայ: Այսօր օրգանիկ սնունդը ներկայացնում է ԱՄՆ-ի սննդի շուկայի միայն 3 տոկոսը, իսկ այլուր, եւրոպական երկրներում, 1-ից 7 տոկոսը: Ասիայում աւանդականօրէն Ճապոնիան օրգանիկ սննդի ամենամեծ շուկան է, բայց այդ շուկան Չինաստանում, Մալայզիայում, Թայլենդում եւ Սինգապուրում արդէն աճում է: Վերջերս Բէյջինում կայացել է նրա առաջին օրգանիկ սննդի ցուցահանդէսը, իսկ Հնդկաստանում օրգանիկ ու-տեստների շուկան վերջին երկու տարիներում աճել է 200 տոկոսով: Դա ճիշտ է, որ տնտեսապէս չզարգացած երկրներում, ուր սննդի ձեռնահասութեան ապահովումը աւելի կարեւոր է, օրգանիկ սննդի մասին շատ խօսք չի կարող լինել, սակայն այդ երկրներում եւս, այսպէս է տրամաբանւում, նրանք ովքեր ի վիճակի են, պիտի սկսեն պաշտպանել օրգանիկակերութեան շարժումը:
Դա հիանալի է հնչում, բայց դա էլ իր գինն ունի: Օրգանիկ միրգը, բանջարեղէնը, միսը եւ կաթը ընդհանրապէս աւելի թանկ են քան սովորականը. որոշ դէպքերում` շատ աւելի թանկ: Օրինակ Չինաստանում դրանց գինը կարող է ութ անգամ աւելի բարձր լինել:
Աւելին. պարզ է, որ՝ արօտա-վայրերում արածած տաւարի միսը աւելի քիչ ճարպ է պարունակում, որ՝ քիմիական նիւթերից զերծ կաթը լաւ գաղափար է, սակայն այնքան էլ պարզ չէ, որ օրգանիկ միրգն ու բանջարեղէնի սննդային արժէքը որքանով է բարձր: 2009 թւականին American Journal of Clinical Nutrition թերթի միջոցով անցկացւած հետազօտութեան արդիւնքների համաձայն, երեք հիմնական վիտամինների եւ այլ սննդարար բաղադրիչների առումով, ոչ մի տարբերութիւն գոյութիւն չունի օրգանիկ եւ սովորական մրգերի եւ բանջարեղէնի միջեւ:
Ըստ ՄաքՎիլիամզի՝ "Մենք շատ յստակ ու պարզ գծեր ենք գծում օրգանիկ եւ սովորական սննդամթերքի միջեւ, բայց գիտութիւնը այսպիսի պարզ գծերով դրանք չի բաժանում":

ՈՒՏԵԼՈՒ ԳԻՆԸ
Կայ մի կարեւոր պատճառ առողջ սննդի կողմնակից ծայրայեղականներին չանտեսելու համար. դա այն է, որ նրանք շատ հարցերում ճիշտ են: Մեր սննդակարգը իրապէս սպանում է մեզանից ոմանց, ու նաեւ ոչնչացնում է մեր մոլորակը: Գիտական ուսումնասիրութիւնների համաձայն, Ամերիկայի բնակչութեան 27 տոկոսը Օբիս են այսինքն՝ նորմալ ցանկալի կշռից 20 տոկոս աւելի ծանր: Եւրոպական երկրների դէպքում էլ պատկերը համարեա նոյնն է. Գերմանիայում չափահաս տղամարդկանց մէջ օբիսները 20 տոկոսից աւելի են, ինչպէս նաեւ Բրիտանիայում եւ Ֆինլանդիայում: Զարգացած երկրներում մարդիկ չափից աւելի միս են ուտում՝ իւրաքանչիւրը տարեկան 100 կիլոգրամ՝ ԱՄՆ-ում, 90 կիլոգրամ՝ Եւրոպայում: Չինաստանում, Հնդկաստանում եւս Օբիսութեան տոկոսները աճում են: Վերամշակւած միսը լեցուն է աղով եւ high-fructose corn syrup-ով. երկու համ, որոնց դիմադրելը անհնարին է: Արեւմուտքում լուրջ է նաեւ շռայլութեան գործօնը: Այսօր ԱՄՆ-ում արտադրւում է օրական մարդագլուխ 3800 կալորի պարունակութեամբ սննդամթերք, մինչդեռ առողջ սնման համար իւրաքանչիւր նարդ կարիք ունի միայն 2350 կալորիի: Աւելորդի մի մասը թափւում է, սակայն դրա մեծ մասը լափում են երկրի քաղաքացիները:
Պահել կերակրի ապահով հոսքը եւ միաժամանակ գները պահել ցածր, դա պահանջում է արդիւնաբերական-ինժիներական հնարքներ, որոնք ունեն իրենց վնասակար ազդեցութիւնները: Օրինակ Ամերիկայում միայն եգիպտացորենի արտադրութեան համար տարեկան 10 միլիոն տոննա քիմիական պարարտանիւթ է արտադրւում:
Տաւարի մսի արդիւնաբերկան արտադրութեան համար գործ են ածւում մեծ քանակութեամբ անտի-բիուտիկներ եւ աճը խթանող հորմոններ, որոնց մի մասը մնում է մսի եւ կաթի մէջ:
Մսի շուրջ ընթացող քաշքշուկը շատ աւելի սրւած է: Զարգացած երկրների բնակչութեան մեծամասնութիւնը պարզապէս մսակերներ են: Ամերիկան արտադրում է տարեկան 36 բիլիոն կիլոգրամ միս, որը անհամեմատելի շատ է իր բնակչութեան համար: Եւրոպան արտադրում է նոյն քանակութեամբ, իսկ Ասիան` տարեկան 103 բիլիոն կիլոգրամ: Այժմ բոլորիս յայտնի իրականութիւն է, որ այդ կենդանիները պահւում են հինականում դաժան պայմաններում` կուտակւած իրար վրայ գործարանների արտերում, եւ սնւում են բարձր կալորի պարունակող սննդով, որպէսզի գիրանան ամենաարագ կերպով եւ առաջնորդւեն սպանդանոց: Կենդանիները այսպիսի դաժան կարճ կեանք ապրելու իրականութիւնը առաջ է բերում նաեւ այլասիրութեան մի տարր օրգանիկ-կոմերսիալ վիճաբանութեան մէջ: Եւրոմիութիւնում 1999 թւականին օրէնք է անցկացւել, որ մինչեւ 2012 վերացւեն հաւերի արհեստական բուծման վանդակները: Իսկ ԱՄՆ-ի Օհայօ նահանգում կենդանիների պաշտպան խմբերը եւ նահանգապետը համաձայնութեան են եկել բարելա-ւել տաւարի, խոզերի եւ հաւերի ապրելու պայմանները: Կալիֆորնիայում եւս անց են կացւել նման օրէնքներ:
Այս բարեփոխութիւնները դրական նիւթական ազդեցութիւն ունեն նաեւ յօգուտ մարդու: Խոտով սնւող տաւարը պարունակում է աւելի շատ Օմեգա-3 ճարպ: Դա իջեցնում է քաղցկեղի, սրտի հիւանդութիւնների, արթրոզի վտանգը: Ինչքան աւելի շատ կովերը հանէք արօտավայրերից եւ նրանց սնէք եգիպտսցորենով յագեցւած սննդով, այնքան իջնում է Օմեգա 3-ի քանակը:
Միսն ամբողջովին սննդակարգից դուրս հանելուց բացի դա իհարկէ լաւ ընտրութիւն է, բայց ոչ հնարաւոր բոլորի համար այլ լուծումները ներկայացնում են դժւարութիւններ: Նախեւառաջ, եթէ հէնց այսօրւանից բոլորս որոշենք օգտագործել միայն առողջ եւ քիմիական նիւթերից զերծ միս, ներկայիս արտադրւող միսը չի բաւարարի: ԱՄՆ-ում տաւարի միայն 3 տոկոսն է օրգանիկ աճեցւում: Եւ այդ պակասը պատճառ կը դառնայ արդէն բարձր գները աւելի բարձրանան:
Միւս երկընտրանքն այն է, որ աւելի շատ ձուկ ուտենք: Ձուկն աւելի առողջարար է, քանի որ պարունակում է աւելի քիչ ճարպ, աւելի ցածր քանակութեամբ կալորի եւ աւելի բարձր քանակութեամբ Օմեգա-3: Ճապոնացիների սննդակարգում աւելի շատ է գործ ածւում ձկան միս ու այդ պատճառով էլ նրանց սրտերը աւելի առողջ է, կրծքի քաղցկեղի դէպքերը աւելի քիչ եւ կեանքը աւելի երկար: Սակայն գիտենք, որ սպառման բարձրացման արդիւնքում երկրագնդի ձկան պաշարը արագօրէն նւազում է եւ այս պատճառով այս լուծումն էլ իրականում շատ բան չի կարող լուծել:
Կայ նաեւ մի միջին, բայց շատ ազդեցիկ ճանապարհ. կրճատել ամէն տեսակ մսի սպառումը: Եթէ չենք կարող միս չուտել, կարող ենք քիչ ուտել: Նկատի ունենալով, որ մեծ քանակութեամբ պրոտէին գոյութիւն ունի հաւկիթի, սոյայի, պանրի, ընդեղէնների եւ բանջարեղէնի մէջ, դժւար չի լինի մսի նւազ գարծածման արդիւքում պրոտէինի պակասը այլ տեղից փոխարինել:

ՄԻՋԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Երբ կենդանական պրոտէինը, օրգանիկ թէ ոչ օրգանիկ, լրացուցիչ դեր ստանձնի մեր սննդակարգում, այն ժամանակ մրգերը, բանջարեղէնը եւ ընդեղէնը առաջնակարգ տեղ կը գրաւեն: Դա հիմնականում լաւ բան է, բայց այստեղ էլ հարցեր կան: "Վերադարձ դէպի հողը" իդէալը, այսինքն՝ այնպիսի հողագործութիւն, որում չի օգտագործւում քիմիական պեստիսիդներ մակաբոյծերի ոչնչացման դեղեր եւ այլ քիմիական նիւթեր, կարող է կշտացնել 6.8 միլիարդ բնակչութեամբ մի աշխարհ: Ասէք ինչ, որ ցանկանում էք հողագործական բիզնեսի չարաշահումների եւ վնասների մասին, բայց իրականութիւնն այն է, որ մէկ հեկտար հողամասից, արդիւնաբերական հողագործութեամբ կարելի է երկու անգամ աւելի բեք ստանալ : Եւ նոյնիսկ դա կարող է բաւական չլինել երկրագնդի արագօրէն աճող բնակչութեան համար, որը նախատեսւում է 2050 թւականին կը հասնի 9 միլիարդի:
Գիւղատնտեսական շուկաները անշուշտ հիանալի են, իհարկէ եթէ գները մատչելի լինեն ձեզ համար, եւ եթէ ժամանակ ունենաք երեխաներին խնամելու եւ աշխատանքի միջեւ այցելել դրանք: Եւ դա այն դէպքում, երբ ճանապարհի սուպերմարկետում արագ կարող էք գնել ձեր բոլոր կարիքները մէկտեղ: Ոչ մի խօսք, որ սննդի արդիւնաբերութիւնը արտադրում է մեծ քանակութեամբ վտանգա-ւոր յաւելումներ պարունակող եւ սննդարար արժէքից զուրկ ամէն տեսակ ուտելիք, բայց նաեւ կան սննդամթերք արտադրող ընկերութիւններ, որ յաջողել են շուկայ հանել մեծ քանակութեամբ առողջարար սննդամթերք եւ միաժամանակ գները պահել մատչելի մակարդակի վրայ:
Թւում է ճիշտ լուծումը երկու տեսակ արտադրողների եւ նրանց երկու տեսակ սպառողների համար այն է, որ գտնեն համակեցութեան ձեւեր: Իրաւացի է յարձակւել սննդարդիւնաբերութեան անառողջ եղա-նակների վրայ, եւ դատապարտել դաժան վերաբերմունքը կենդանիների նկատմամբ: Բայց միաժամանակ կարեւոր է վստահանալ, որ ամէն դէպքում մարդիկ առանց սննդամթերքի չեն մնայ: Եւ որ հնարաւոր է հովանաւորել բնիկ հողագործական եղանակները, ոչ միայն նրա համար, որ աւելի մեծ քանակութեամբ թարմ սննդամթերք տրամադրւի աւելի մեծ քանակութեամբ յաճախորդների, բայց նաեւ այն պատճառով, որ հովա-նաւորւի զարգացող տնտեսական սեկտորը, յուսալով, որ արդիւնաբերութեան աճը կարող է օգնել նաեւ իջեցնել գները:

Անգլերէնից թարգմանեց` Լեւոն Ահարոնեան
Աղբիւր` "Թայմ" շաբաթաթերթ, 6 Սեպտեմբեր, 2010

 

 

Յոյս թիւ 119

2 Ապրիլ 2012