ՆՈՐ ՏԱՐՒԱՅ ՆՒԷՐ ԻՐԱՆՑԻՆԵՐԻՆ


ԻՐԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՊԱՏԳԱՄԸ ԱՇԽԱՐՀԻՆ

 


Իրանական տարին աւար-տւեց երկրի կինօարտադրութեան եւ մշակութային կեանքի համար ուրախալի եւ ոգեւորիչ յաղթանակով: Ասղար Ֆարհադիի "Նադերի Բաժանումը Սիմինից" կամ "Մի ամուսնալուծութիւն" ֆիլմը, տարւայ ընթացքում մէկը միւսի ետեւից, շահելով միջազգային կինոյի հեղինակաւոր մրցանակները, ի վերջոյ արժանացաւ նաեւ Օսկար մրցանակի, որպէս տարւայ լաւագոյն օտարալեզու ֆիլմ:
Սրանից մի քանի տարի առաջ, Մաջիդ Մաջիդիի "Երկնային երեխաները" ֆիլմը տեղ էր գտել նոյն մրցանակի թեկնածուների շարքում, սակայն դա չէր համարւում այնքան խոշոր յաջողութիւն, ինչքան այսօր Ասղար Ֆարհադիի Օսկարն է համարւում:
Երբ Ֆարհադին բեմ բարձրացաւ Օսկարի արձանը ստանալու, մեծ թւով իրանցիներ, աշխարհի զանազան երկրներում, սպասում էին, թէ նա ինչ է ասելու ներկաներին ու Օսկարի մրցանակաբաշխութեանը հետեւող միլիոնաւոր դիտողներրին: Նա Իրանի ժողովրդին ողջունեց պարսկերէն լեզւով, եւ յետոյ անգլերէնով շարունակեց այսպէս.
"Այս պահին մեծ թւով իրանցիներ ողջ աշխարհում դիտում են մեզ եւ կարող եմ պատկերացնել, որ նրանք ուրախ են: Այս օրերին, երբ ամենուր խօսք է գնում պատերազմի մասին, եւ սպառնալիքի ու ահաբեկման խօսքեր են փոխանակւում քաղաքական անձանց միջեւ, ես ցանկանում եմ այստեղ Իրանը ներկայացնել իր շքեղ մշակոյթով: Մի հարուստ եւ հին մշակոյթ, որը կորչել է քաղաքականութեան ծանր փոշու շերտի տակ: Հպարտութեամբ այս մրցանակը նւիրում եմ ժողովրդիս, մի ժողովուրդ, ով յարգում է բոլոր մշակոյթներն ու քաղաքակրթութիւնները, եւ ատում է ամէն կարգի թշնամութիւն ու բռնութիւն":
Այդ հանգամանքը, որ Ֆարհադին խօսում էր ամերիկեան բեմից, եւ այս օրերին, երբ ամենուր խօսք է գնում Իրանի վրայ հաւանական ամերիկեան յարձակման մասին, աւելի իմաստալի են դարձնում նրա խօսքերը եւ ապացուցում, որ "Մի ամուսնալուծութիւն" ֆիլմի Օսկար ստանալը աւելի ընդարձակ սոցիալական եւ նոյնիսկ քաղաքական նշանակութիւն ունի քան կինոյի ասպարէզում մի յաջողութիւն:

 

Յոյս թիւ 118

7 Մարտ 2012