ՎԵ՛ՐՋ ՀԵՔԻԱԹՆԵՐԻՆ
ՎԵ՛ՐՋ ՄՈԴԱՆԵՐԻՆ

Դոկտ. Մեհմեդ Օզ

 


 

Առաջին անգամ, երբ նայեցի բացւած կրծքավանդակում տրոփող եւ մարմնի մէջ արիւն փոմփող սրտամկանին, սեւ զանգ-ւածը ինձ խիստ զարմանք պատճառեց: Այդ մոմանման կպչուն թանձր կոյտը յաճախ գտնւում է գէր մարդկանց մարմնում, եւ կուտակւում է այն օրգանը շրջապատող խողովակներում, ուր, փիլիսոփաներն ասում են, հոգին է բնակւում: Բայց արագ վանում եմ այդ մտքերը եւ թոյլ չեմ տալիս, որ դրանք միտքս շեղեն գործից: Ես սովորում էի վիրահատել, եւ, անկեղծ ասած, հաճոյքով լի էի, որ պիտի կարողանայի տեղադրելով ոտքի երակը, շրջանցէի սրտա-նօթի խցանւած մասը (By pass): Վիրաբոյժներին սովորեցնում են այսպէս մտածել, եւ դա ճիշտ է: Աշխատանքդ լաւ կատարեցիր, փրկել ես մի կեանք, վատ` մահացել է մի հիւանդ: Այստեղ, առջեւդ դրւած գործից բացի, ոչ մի ուրիշ բանի համար տեղ չկայ:
Իմ նպատակն է բուժել մետաղով: Եւ սա, որոշ առումով, աշխատանքի հեշտ մասն է: Իմ եւ իմ գործընկերների համար հարց է թէ ինչո՞ւ է մարդկանց գործն այստեղ հասնում՝ պառկած վիրահատութեան սեղանին, ուր սպասում են իրենց կրծքավանդակը բացւի մետաղեայ սղոցով: Այն ինչ դրա ամենամեծ պատճառը, յաճախ, ամենապարզն ու հասարակն է. այն ինչ ուտում են:
Մեր, որպէս կենդանական տեսակի, բնական պատմութիւնը դէպքերի մի ընդարձակ պաստառ է, որի ստորոտներն ու գագաթները, ձեռքբերումներն ու ողբերգութիւնները, յաճախ որոշւել են սննդի առատութիւնով ու պակասով: Գոնէ մինչեւ քսաներորդ դար այդպէս է եղել: Այսօր, թէեւ աշխարհի որոշ մասերում սովը մնում է մի ահաւոր իրականութիւն, բայց մեր մեծամասնութիւնը համարեա անսահման ձեռնահասութիւն ունի ամէն տեսակ սննդամթերքի: Այսօր մարդն արտադրում է մեծ քանակութեամբ առողջ միրգ, բանջարեղէն, միս, կաթնամթերք, որը փակում է ու սառնեցնում, եւ այդպիսով այն փրկում փչացումից ու ապականումից: Նոյնիսկ դրանք հարստացնում է վիտամիններով ու առողջարար յաւելումներով:
Սա այնպիսի առատութիւն է, որը նախնական քաղաքակրթութիւնները, միայն կարող էին երազել: Սակայն այս բնագաւառում նւաճումները, տւել են մի անցանկալի հակառակ արդիւնք: Բոլորին մատչելի սննդակարգով, Միացեալ Նահանգներում եւ այլուր, ոչ միայն չի աճել պատմութեան ամենաառողջ սերունդը, այլ ընդհակառակը՝ այս սերունդը շարունակ տառապում է ճարպակալութեամբ, սրտանօթային հիւանդութիւններով եւ շաքարախտով: Իրականութիւնն այն է, որ ԱՄՆ-ի չափահասների երկու երրորդը, իսկ երեխաների մէկ երրորդը գէր է կամ կշիռի յաւելում ունի:
Հարցը նրանում չէ, որ մարդիկ չեն ցանկանում լաւ ուտել ու առողջ լինել: Հաւատացէք, վիրահատութեան սենեակ տանող պատգարակի վրայ պառկած մարդկանցից ոչ մէկն է ուրախ՝ այդտեղ լինելու համար: Հարցը, հաւատաք ինձ թէ ոչ, նաեւ այն չէ, որ նրանք չեն հաւատում առողջ սննդակարգի ճշտութեանը: Խնդիրը նրանում է, որ այս մարդկանցից շատերը չգիտեն, թէ ինչպիսին է առողջ սննդակարգը: Եւ ինչպէ՞ս իմանան, երբ ամէն օր խաղի օրէնքները փոխւում են:
Մի ժամանակ, կարմիր միսը առողջարար էր համարւում, պաստաները (մակարոնը)` վատ: Յետոյ պաստան դարձաւ հիանալի, կարմիր միսը` սարսափելի: Եւ այսպէս վրայ հասաւ Աթքինզի խելագարութիւնը, եւ օրէնքները կրկին շրջւեցին: Եկաւ Միջերկրականեան եւ հարաւային ափերի սննդակարգերը, եւ ցածր-ճարպային սննդակարգը, գրէյփֆրուտի եւ կաղամբի սուպի սննդակարգերը եւ բոլորն էլ խոստանում էին մեծամեծ բաներ: Այսօր գտնում են թէ կարմիր գինին է առողջութեան միակ միջոցը, կամ սեւ շոկոլադը ... եւ կամ ուրիշ մի բան: Ամէն դարման, ասես իր հետ բերում է նոր ցաւ, նոր խնդիր: Ամէն նոր իրականութիւն մի կերպ պարզւում է, որ մասամբ խաբուսիկ առասպել է եղել:
Սակայն լաւն այն է, որ այսօր, աւելի քան երբեք, գիտենք թէ որոշակի սնունդն ինչպէս է գործում մարդու մարմնում: Թէ յատուկ մոլեկուլներ ինչպիսի ազդեցութիւն են գործում մարմնի յատուկ բջիջների յատուկ ֆունկցիաների վրայ: Եւ սրա հետ գալիս է նոր հայեացք ու մօտեցում առողջ ուտելու մասին, որն աւելին է քան լոկ աւանդական խելամտութիւնը: Առասպելների եւ մարկետինգի ժամանակաշրջանը զիջում է խիստ ֆակտերի ժամանակաշրջանի: Հաւանաբար կը հաւանէք նոր մօտեցումներից որոշները, չէք հաւանի միւսները, բայց շուտով կը վարժւէք դրանց: Հակառակ նախկին աւանդութիւնների ու մոդաների, խիստ ֆակտերը կը շարունակեն երկար գոյատեւել:

ՎԱՅՐԻՎԵՐՈՒՄ
Ցանկանում էք առողջ լինել, ուրեմն մոռացէք ցածր իւղային եւ դիետային սոդայի սննդակարգը: Փոխարէնը, ախորժակով կերէք ձու, կաթ, աղ, չոր մրգեր, գինի, շոկոլադ եւ սուրճ:
Այո, դա ճիշտ է: Հակառակ տարածւած մտածելակերպի, այս բոլորը, ու դեռ աւելին, կարող են օգտակար լինել ձեր մարմնի համար Եթէ դրանք չափից աւել գործ ածէք, դրանք կարող են խնդիր յարուցել, ինչպէս յաճախ մեզ սովորեցրել են հաւատալ: Իրականութիւնն այն է, որ այն պարզ կանոնները, որոնց համաձայն ուտելիքները բաժանւում են երկու՝ լաւ եւ վատ կատեգորիաների, ասում են իրականութեան միայն մի փոքր մասը: Իրականութեան մնացածը աւելի բարդ է քան մարդիկ մեծամասնաբար կարծում են:
Վերցնենք ճարպը: Մի սովորական սննդակարգի զանազան բաժիններից, ամենաշատը ճարպն է քարկոծւել: Լոկ այդ բառը, ասես, բաւական է դատապարտելու տւեալ սննդանիւթը. Մենք չենք ցանկանում գիրանալ, ուրեմն, ինչո՞ւ պիտի իւղալի բան ուտենք:
Սակայն, ճարպերը, ընդհանրապէս վատը չեն: Ընդհակառակը, մոնոանսաթիւրէյթդ եւ փոլիանսաթիւրէյթդ ճարպերը օգտակար են առողջութեան համար: Պարզւել է, որ մոնոանսաթիւրէյթդ ճարպերը (քանոլայի իւղը եւ ձիթաիւղը) իջեցնում են LDL քոլեստերոլը (վատ քոլեստերոլը) եւ բարձրացնում են HDL քոլեստերոլը (լաւ քոլեստերոլը) եւ այսպիսով իջեցնում են սրտային հիւանդութիւնների եւ աթերոսկլերոզիսի վտանգը: Փոլիանսաթիւրէյթդ ճարպերը, օրինակ Օմեգա 3-ները, իջեցնում են LDL քոլեստերոլը եւ նոյնպէս իջեցնում են բորբոքման, սրտանօթային եւ մի շարք այլ հիւանդութիւնների վտանգը: Օմեգա 3-ները օգտակար են նաեւ ուղեղի առողջութեան համար: Վատ ճարպերը ընդհանրապէս յագեցւած (սաթիւրէյթդ) ճարպերն են (որոնք ընդհանրապէս գտնւում են կենդանական սննդամթերքում), փոփոխւած ճարպերը (որոնք գտնւում են հիդրոժենէ եւ մասամբ հիդրոժենէ իւղերում) եւ նրանց բարեկամ քոլեստերոլը (որը գտնւում է ձւի սպիտակուցում, մսերում եւ կաթնամթերքում): Բայց այս ընդհանուր բաժանումները եւս կարող են սխալ ուղու վրայ դնել մեզ: Վերջին հետազօտութիւնների համաձայն, որոշ չյագեցւած ճարպեր (օրինակի համար կոկոսի իւղը) եւ մի խօսքով սննդակարգում գտնւող քոլեստերոլը կարող է այնքան, որ նախապէս էին կարծում, արեան քոլեստերոլի բարձրացում չառաջացնի: Միակ ճարպը, որ ընդհանրապէս հաւատացած են, որ վատ է, փոփոխւածներն են, որոնք մեր օրերում ուտելիքների մեծամասնութիւնից հանւում են:
Որոշ ճարպերի վերականգնումը (իհարկէ չափաւոր), յանգում է նաեւ պաշարւած ձւի փրկմանը: Որպէս սրտաբան վիրաբոյժ, յաճախ զարմանում եմ, թէ ի՞նչ մեծ տարբերութիւն կայ այն եղանակների միջեւ, որով զանազան մարդիկ դիետային քոլեստերոլը օգտագործում են: Մեծամասնաբար, մարդիկ քոլեստերոլով համեմատաբար հարուստ սննդամթերք ուտելուց յետոյ, շատ լուրջ խնդիրներ չեն ունենում իրենց արեան քոլեստերոլի բարձրացման առումով: Բայց նաեւ կան աւելի սակաւաթիւ մարդիկ, որոնք փոքր քանակով քոլեստերոլ ընդունելուց յետոյ էլ բարդութիւններ են ունենում: Եւ հէնց այս սակա-ւաթիւերը ծառայել են որպէս հեքիաթային չափանիշ բոլորի համար, եւ այսպիսով ձուն ու կարմիր միսը, որ ինչ խօսք շռայլ գործածութեան դէպքում վնասակար են, յայտարարւել են ռադիօակտիւային նիւթի աստիճան վտանգաւոր:Այսօր բժիշկների մեծամասնութիւնը հանգիստ խորհուրդ են տալիս օրեկան մի ձու սպիտակուցով, որպէս բարձորակ պրոտէինի էժան աղբիւր, թէեւ որոշ հիւանդներ զգուշաբար պիտի սպասեն մինչեւ իրենց արեան հետազօտութեան արդիւնքների պարզւելը:
Աղը եւս սատանայացած բաղադրանքներից է: Իրականութիւնն այս է. մեր սիրտը չի կարող բաբախել առանց աղի, աւելորդ նատրիումը կարող է արեան ճնշումը բարձրացնել վտանգաւոր մակարդակի, բայց միայն բնակչութեան 10 տոկոսի մէջ. եւ աֆրիկօամերիկացիները աւելի զգայուն են այս հարցում: Աղի հանդէպ ձեր զգայնութիւնը հասկանալու միակ ձեւն այն է, որ աղ գործածելուց յետոյ չափէք ձեր արեան ճնշումը եւ այն համեմատէք նորմալ պայմաններում ձեր արեան ճնշման հետ: Բայց նոյնիսկ եթէ ձեր արեան ճնշումը մնում է նորմալի սահմաններում, խենթի պէս աղամանը մի գործածէք: Նատրիումը, երբ խառնւում է պատրաստւած կերակրի միւս բաղադրամասերի հետ, բացում է ախորժակը, եւ դա կարող է օգնել գիրանալուն: Լաւն այն է, որ բոլոր գերզգայուն մարդիկ, այսինքն նրանք, որոնց արեան ճնշումը հանգստութեան պայմաններում, 140/90 -ից բարձր է, կը շահեն աղի սակաւ գործածութիւնից. դա հեշտ քայլ է, որ միջին 55 տարեկան մարդուն կարող է պարգեւել 5 տարի յաւելեալ կեանք:
Կարմիր գինու համբաւը եւս, ի հաճոյս գինի սիրողների, բաւականին բարելաււել է: Ռեսւերաթրոլը մի անթիօքսիդանտ, որը գտնւում է խաղողի կեղեւում, իջեցնում է վատ քոլեստերոլի ազդեցութիւնը, որն իր հերթին նւազեցնում է սրտանօթային հիւանդութիւնների վտանգը: Որոշ փորձեր կենդանիների վրայ, ապացուցում են, որ դա կարող է օգտակար լինել նաեւ ճարպակալութեան եւ շաքարախտի դէմ: Սակայն, քանի որ գինին պարունակում է ցածր քանակութեամբ ռեսւերաթրոլ (առաւելութիւնները ամբողջութեամբ վայելելու համար հարկ է խմել 60 լիտր) աւելի լաւն այն կը լինի, որ այս անթիօքսիդանտը ներառէք ձեր սննդային յաւելումների ցանկում: Դրանով հանդերձ լաւ կը լինի ըմպել օրական մի քիչ կարմիր գինի, որը համեմատաբար աւելի քիչ քալորի է պարունակում եւ առաջացնում է աւելի մեղմ կախւածութիւն, քան միւս ալկոհոլիկ ըմպելիքները: Նաեւ ընդունւած է, որ նւազեցնում է վատ քոլեստերոլը եւ բարձրացնում՝ լաւը եւ պաշտպանում է անօթները քոլեստերոլի պատճառած վնասւածքներից: Կարմիր գինին սպառւում է ուրիշների ընկերակցութեամբ, ուրեմն խրախուսում է մարդկային շփումները, որն իր հերթին շահաւէտ գործօն է մարմնի առողջութեան համար:
Շոկոլադը անթիօքսիդանտի մի ուրիշ աղբիւր է. այս դէպքում որպէս ֆլաւանոիդ, որոնք շոկոլադի հատիկներին տալիս են նրա դառն ու կծու համը: Շոկոլադը ինչքան աւելի սեւ լինի, այնքան աւելի քիչ է խառնւած կաթի եւ այլնի հետ եւ աւելի խիտ է ֆլաւանոիդներով: Չոր մրգեղէնը, թէեւ պարունակում են բարձր քանակութեամբ չյագեցւած ճարպ եւ քալորի, կարող են իջեցնել վատ քոլեստերոլը, ինչպէս եւ քաղցածութեան զգացումը: Սուրճը, որը մասնագէտների կողմից հակացուցւում է, իրականում անթիօքսիդանտի թիւ մէկ աղբիւրն է արեւմտեան աշխարհում եւ որոշ հետազօտութիւնների համաձայն իջեցնում է խելագարութեան, Փարքինսոն հիւանդութեան ու շաքարախտի 2-րդ տեսակի հա-ւանականութիւնը:
Նոյնիսկ բնական կաթի դէմ ներկայացւող մեղադրագիրը, որը որոշների կողմից դատապարտւում է որպէս մի բաժակ լիքը հեղուկ իւղ, աւելի բարդ է քան առերեւոյթ թւում է: Դա ճիշտ է, որ այն երեխաները, որ բնական կաթ են խմում, ահագին քալորի են ստանում, սակայն կաթը իրականում կարող է օգնել կշիռը վերահսկել, որովհետեւ կալսիումը խառնւում է մարդու ստամոքսում մարսւող սննդի ճարպի հետ եւ պատճառ է դառնում աւելի ցածր քանակութեամբ ճարպ իւրացնի մարմինը: Ըստ որոշ հետազօտութիւնների, կաթնասերի, ցածր-ճարպային կաթի ու բնական կաթի միջեւ, կշռի վերահսկման առումով լուրջ տարբերութիւն գոյութիւն չունի: Աւելին, երբ հանում էք կաթի ամբողջ ճարպը, մնում է խիստ խտացած բնական շաքար, որը քաղցրեղէնի պէս հակազդեցութեան մէջ է մտնում ձեր հորմոնների, յատկապէս ինսոլինի հետ:
Այս սննդամթերքների վերաբերեալ, բոլոր դէպքերում, բանալին չափաւորութիւնն է: Սպառեցէք օրական աւելի քան 16 օնսից (կէս լիտր) բնական կաթ եւ դրա օգուտները կը զիջեն աւելորդ քալորիների ստացմանը: Մի օնսից աւելի սեւ շոկոլադ շաբաթը մի քանի անգամ, եւ ամէն գիշեր երկու բաժակ կարմիր գինի, եւ դրա արդիւնքը առաջինի դէպքում կը լինի` կշռի յաւելում, իսկ երկրորդինը` դատական հետապն-դում: Չափից աւել կարմիր միսը (շաբաթական կէս կիլոյից աւելին) կարող է բարձրացնել մարդու կշիռը: Կարմիր մսի բարձր սպառումը միաժամանակ կարող է ձեզ զրկել ձեր փրոթէինը ձկան մսից հայթայթելու առաւելութիւններից. ձուկը հարուստ է ուղեղ կառուցող օմեգա-3 ճարպային թթուներով:

Թարգմանեց՝
Լեւոն Ահարոնեանը
Աղբիւր՝ "Թայմ" շաբաթաթերթ

Յոյս թիւ 115

25 Յունւար 2012