ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ը
ԵՐՐՈՐԴ ՀԱԶԱՐԱՄԵԱԿԻ
ԱՐԻՒՆԱԼԻ ՍԿԻԶԲԸ

Ժ. Մնացականեան

 


Տասը տարիներ են անցնում Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողութիւնից, որի ընթացքում հողի հետ հաւասարւեցին ԱՄՆ-ի Նիւ Եօրք քաղաքի համաշխարհային առեւտրի կենտրոնի երկւորեակ երկնաքերները, Վաշինգտոն Դի Սի-ում փլւեց երկրի պաշտպանութեան նախարարութեան շէնքի մի մասը եւ հաւանական էր նոյնը պատահէր Ամերիկայի նախագահական պալատին կամ խորհրդարանի շէնքին, եթէ դրանց ուղղւած ինքնաթիռը, շնորհիւ ուղեւորների յանդուգն դիմադրութեան,չկործանւէր նախքան իր նպատակը իրագործելը: Արդէն բոլորը գիտեն պատմութեան հիմնական տւեալները: 2001 թւականի Սեպտեմբերի 11-ին, ահաբեկիչները, թւով 19-ը, համադրւած գործողութեան շրջանակում, առեւանգում են ԱՄՆ-ի տարածքում թռչող 4 ինքնաթիռներ. դրանցից երկուսը, Ամերիքըն 11 եւ Իւնայթըդ 175 թչիռքները բախւում են համաշխարհային առեւտրի կենտրոնի երկու աշտարակներին, մօտաւորապէս 20 րոպէ տարբերութեամբ, իսկ երրորդը, Ամերիքըն 77 թռիչքը, առաջին պայթիւնից մօտաւորապէս մի ժամ յետոյ` հարւածում է Պենտագոնը: Երկու դէպքերն էլ կրում են սիմւոլիկ նշանակութիւն. Նիւ Եօրքի երկու աշտարակները, լինելով համաշխարհային առեւտրի կենտրոն, մի կերպ խորհրդանշում են համաշխարհային կապիտալիստական համակարգը, իսկ երբ հարւած է ստանում Պենտագոնը, որտեղից օրէնքով պիտի ղեկավարւի երկրի պաշտպանութեան գործողութիւնները, դա պարզապէս պատիւ չի բերում Ամերիկային եւ ապացուցում է նրա պաշտպանողական համակարգի խոցելիութիւնը: Իսլամական Ալ Ղաիդա կազմակերպութիւնը, Բեն Լադենի ղեկավարութեամբ, յանձն է առնում պայթիւնների պատասխանատւութիւնը:
Սակայն այս խորհրդանշական կողմը մի բան է, դէպքերի իրական հետեւանքները այլ բան: Այս դէպքը իրապէս դառնում է երրորդ հազարամեակը բնորոշող իրադարձութիւնների սկիզբը: ԱՄՆ-ի ղեկավարները ասես հէնց այսպիսի առիթ էին փնտրում, սկսելու մի նոր ծաւալապաշտական ռազմավարութիւն, որը պիտի տարածւէր ողջ աշխարհով մէկ: "Պայքար ահաբեկչութեան դէմ"-ը դառնում է ԱՄՆ-ի նոր կարգախօսը: Սովետական միութեան փլուզումից յետոյ, այլեւս չկար Կարմիր վտանգը, որով հնարաւոր լինէր արդարացնել ամէն տեսակի ոտնձգութիւն աշխարհի զանազան մասերում եւ այժմ "միջազգային ահաբեկչութեան վտանգը" փո-խարինում է դրան: ԱՄՆ-ի նախագահ Բուշի ելոյթները դառնում են աւելի ագրեսիւ եւ աւելի միլիտարիստական: Հակատերորիստական համաշխարհային պայքարի պատրւակով, ամերիկեան զի-նեալ ուժերը, արեւմտեան այլ երկրների օգնութեամբ գրաւում են երկու երկրներ` Իրաքը եւ Աֆղանստանը, որոնցից առաջինը, պարզւում է, ոչ մի կապ չունի Սեպտեմբերի 11-ի դէպքերին, իսկ երկրորդը, եթէ անուղղակի կապւում է այդ գործողութիւններին, դա Ալ Ղաիդայի ղեկավար Բեն Լադենի այնտեղ հաստատւած լինելու առումով է միայն: Սակայն գրաււում է երկիրը, տապալւում են Թալիբների կարգերը, բայց չի գտնւում Բեն Լադենը: Նա ամերիկացիների ձեռքով սպանւում է միայն տասը տարի յետոյ, այն էլ ոչ Բուշի նախագահութեան շրջանում, այլ Բարաք Օբամայի օրօք: ԱՄՆ-ի մօտ դաշնակից` Պակիստանի անվտանգութեան ուժերի մեղսակցութիւնը Բեն Լադենին թաքցնելու գործում, կրկին հարց է առաջացնում Ալ Ղաիդայի եւ ԱՄՆ-ի որոշակի անվտանգութեան շրջանակների միջեւ կապի վերաբերեալ:
Ժամանակին, նախքան սովետական միութեան փլուզումը, երբ ԱՄՆ-ի ռազմավարութիւնն էր այդ երկրի հարաւային սահմանները շրջապատել իսլամական երկրներով, այսպէս կոչւած մի կանաչ գօտիով, Ամերիկան, տարածաշրջանում իր դաշնակիցների` Պակիստանի եւ Սաուդեան Արաբիայի միջնորդութեամբ, եւ ինչու չէ նաեւ ուղղակի կապերով, հովանաւորել էր Ալ Ղաիդայի եւ Թալիբների շարժման ձեւաւորմանը, եւ այժմ Ամերիկայի ժողովուրդը, դրա արդիւնքը զգում է իր կաշւի վրայ:
Սեպտեմբերի 11-ը առիթ ստեղծեց նաեւ պարզապէս ոտնահարել մարդու իրաւունքների սկզբունքները: Օրինական դարձան մինչ այդ անօրինական հա-մարւող գաղտնի լսումներն ու մարդկանց անձնական կեանքի մասին տեղեկութիւնների հաւաքումը: Սակայն մարդու իրաւունքների ոտնահարման խորհրդանիշը դարձաւ Գուանտանամոյի բանտը, ուր պահւում են ահաբեկչական կազմակերպութիւնների հիմնականում մուսուլման անդամները: Մի քանի կալանաւորների ազատութիւնից յետոյ նրանց հաղորդած տեղեկու-թիւնները, նրանց ի վերջոյ ապացուցւած անմեղութիւնը, եւ բանտի ներսից հրապարակւած լուսանկարները, խօսում են այնտեղ տիրող անմարդկային պայմանների մասին: Բանտը գտնւում է Կուբայի հողում գտնւող, բայց իրականում ԱՄՆ-ի վերահսկողութեան ներքոյ գտնւող Գուանտանամօ թերակղզիում, եւ այդ պատճառով (աւելի ճիշտ է ասել պատրւակով), Ամերիկայի կառավարութիւնը յաւակնում է, որ քանի որ այդ թերակղզին պաշտօնապէս ԱՄՆ-ի տարածքում չի գտնւում, պարտադիր չէ, որ այդտեղ պահւող մեղադրեալները դատւեն ԱՄՆ-ի օրէնքների համաձայն:
Սեպտեմբեր 11-ի ահաբեկչութիւնը, մի կողմից ծայր տւեց նոր հակաիսլամական զգացումների, իսկ միւս կողմից բարձրացրեց նոր հակաամերիկեան սենտիմենտ ողջ աշխարհում: Մի խօսքով, երկու կողմում էլ առաջացրեց աշխարհի զարգացումները որպէս նոր խաչակրաց արշա-ւանք տեսնելու հակումը:
Ամերիկայի ներքին կեանքում, Բուշը նախ յաջողեց հրահրել ժողովրդի հայրենասիրական զգացումները եւ ձեռք բերել նրանց մեծամասնութեան հովանաւորութիւնը, Իրաքում եւ Աֆղանստանում ռազմական գործողութիւններ սկսելու համար: Սակայն, երբ պարզւեց դրանց սակաւ առնչութիւնը Ալ Ղաիդայի հետ, երբ երկարաձգւեցին ռազմական գործողութիւնները եւ բարձրացան ամերիկացի զինւորների զոհերի թիւը, ժողովուրդն սկսեց դժգոհել: Միաժամանակ, հէնց սկզբի օրերից, ոմանք սկսեցին կասկածներ յայտնել ԱՄՆ-ի կառավարութեան առնւազն որոշ շրջանակների մեղսակցութեան մասին: Կասկածելի նշաններ կային յատկապէս աշտարակների փլման ձեւի մասին, որը աւելի շուտ նմանում էր պայթուցիկ դրւած եւ ծրագրւած փլումների: Կասկածելի էր նաեւ Պենտագոնի համար պաշտպանողական որեւէ բան չանելու հանգամանքը, թէեւ ունեցել են բաւական ժամանակ:

 

Յոյս թիւ 106

14 Սեպտեմբեր 2011