ՖՈՐՈՒՄ
 

Կոլիա Տէր Յովհաննիսեան

 


Ինձ միշտ յուզել է այն հարցը, թէ վերջին պահին ի՞նչ են զգացել Սեպտեմբեր 11-ին, մարդատար օդանաւը Նիւ Եօրքի զոյգ երկնաքերներին ու Պենտագոնին հարւածող երեք օդաչուներն ու օդանաւերի մէջ գտնւող տերորիստական "անձնակազմը": Չէ՞ որ նրանք յամենայն դէպս եղել են կրթւած օդաչուներ եւ ոչ թէ հասարակ մահապարտներ, որոնց անձնասպանութեան կամ անձնազոհութեան մասին ամէն օր լսում ենք ԶԼՄ-ներից: Գուցէ նրանք ունեցել են իրենց վերադարձին սպասող կին, զաւակներ, հայր ու մայր: Կատա՞կ է, լինել գիտակից, կիրթ մարդ ու այդպէս "հեշտ ու հասարակ" բաժանւել հարազատներից ու կեանքի վայելքներից: Անխնայ դատապարտելու փոխարէն, մի անգամ փորձէք ձեզ դնել նրանց տեղը: Կը գնայի՞ք նման քայլի աչքի առաջ ունենալով այդ տեսակի արկածախնդրական, ստոյգ մահը:
Արդեօք, դա կրօնական հաւատքի ո՞ւժն է, որ մղում է նրանց նման անհաւատալի ինքնազոհաբերութեան, թէ՞ հայրենասիրութիւնը, արդարատենչութիւնը, գաղափարը կամ մի ուրիշ բան: Թէեւ տւեալ մղումի իրացումը կրում է տեռորիստական բնոյթ, բայց չեմ վարանում ասել, որ դա կարելի է համարել նաեւ իւրօրինակ հերոսութիւն: Այսպիսի հերոսութիւններ կատարել են ճապոնացի օդաչուները Բ. Աշխարհամարտին, երբ, յանուն հայրենիքի, իրենց կորածանիչներով բախւում էին ամերիկեան ռազմանաւերին: Մի երեւոյթ, որ պատերազմը տանուլ չտալու համար ԱՄՆ-ին ստիպեց "ապաւինել" ատոմային ռումբի օգնութեանը:
Արդեօք, քրիստոնեաներն էլ ունեցե՞լ են այսպիսի մասշտաբով մահապարտութեան դէպքեր: Եթէ կան օրինակներ, խնդրում եմ յու-շէք: Ի՞նչ է, քրիստոնեաները վախկո՞տ են, թէ՞ առաջնորդւում են քրիստոնէութեան վեհ կամ բարի դաւանանքով, որը յորդորում է՝ ներել ու չսպանել, երեւի նաեւ՝ չսպանւել... Այստեղ հարց է առաջանում, այդ դէպքում ինչո՞վ կարելի է արդարացնել քրիստոնեայ պետութիւնների կատարած արշաւանքները, ցեղասպանութիւնները, ինկւիզացիան, գաղութատիրութեան ու ստրկատիրութեան բազմաթիւ օրինակները, հրա-հրած աշխարհակործան պատերազմները, կաթոլիկ մաֆիաների չարագործութիւնները...
Իսկ այդ պա՜հը... երբ ինքնաթիռի խցիկից երեւում է աստիճանաբար մեծացող օբիեկտը, ինքնաթիռը ուր որ է կը բախւի շէնքին... դու կարող ես ղեկի թեթեւ շարժումով բարձրութիւն վերցնել կամ շրջանցել, բայց դա չես անում, միայն նայում ես առաջ՝ լցւած գերմարդկային վճռականութեամբ... Չես մտածում նոյնիսկ կատարած քայլի արդիւնքը տեսնելու եւ ըմբոշխնելու մասին, ինչը բնորոշ է մարդկային հոգեբանութեանը...
Բա, սա հերոսութիւն չէ, ի՞նչ է:

Սեպտեմբեր, 2011

Յոյս թիւ 106

14 Սեպտեմբեր 2011