ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒԺ
Armenian Power

 

 

2011-ի Փետրւարին, Միացեալ Նահանագների լրատւամիջոցները հաղորդեցին "Արմենիան Փաւըր" (Հայկական ՈՒժ) կոչւող յանցախմբի 70 անդամների ձերբակալման լուրը: Դա իհարկէ առաջին անգամը չէր, որ այդ հայ յանցագործ խումբը թէժ լուր էր դառնում: Ինչպէս ասւում է, նրանց մեղադրանքների 212 էջանոց փաստաթղթում, նրանք իրենց գործունէութիւնը սկսել են 1980-ականների վերջերից: Նրանց անօրինական գործողութիւնների ղեկավարման ու կազմակերպման մասին տեղեկութիւններ կը գտնէք ստորեւ ներկայացւած յօդւածներում: Սակայն կան նաեւ մի շարք կարեւոր հարցեր կապւած այս մաֆիոզ (կազմակերպւած յանցագործութիւն իմաստով) խմբի հետ.
Առաջին. այս խմբի պաշտօնական անդամների թիւը 250 հոգի է, այսինքն ԱՄՆ-ի հայկական համայնքի պարզապէս մի փոքր տոկոսը, սակայն ընդհանուր հանրային կարծիքի տեսակէտից քանակը այնքան նշանակութիւն չունի, եւ նա լսելով հայերից կազմւած այս յանցախմբի մասին, ակամայից գաղափար է կազմում ամերիկահայութեան եւ ընդհանրապէս հայութեան մասին: Սա ոչ միայն բացասական ազդեցութիւն կարող է ունենալ ԱՄՆ-ում ապրող հայերի առօրեայ կեանքի վրայ, այլեւ չի կարող անարձագանք մնալ ցեղասպանութեան ճանաչման նպատակով հայերի տարած աշխատանքների համար: Հայերը շատ ուշադիր պիտի լինեն (եւ են) իրենց բարի համբաւը պահպանելու նկատմամբ, սակայն այսպիսի բացայայտումները, ինչ խօսք, չեն կարող չվնասել այդ բարի համբաւին:
Երկրորդ. ամերիկահայ համայնքի ղեկավարութեան համար պիտի հարց առաջանայ, թէ ինչո՞ւ մեծ թւով հայ երիտասարդներ ներգրաււում են անօրինական աշխատանքներում: Կան տնտեսական, մշակութային եւ դաստիարակչական գործօններ, որոնք բոլորովին պարզ չեն եւ դժւար է պարզել, քանի որ այս խմբի գործունէութեան անօրինական լինելով, նաեւ դժւար է հաւաստի եւ ստոյգ տեղեկութիւններ ձեռք բերել նրանց մասին:
Երրորդ. ըստ ոստիկանութեան բացայայտած տեղեկութիւնների, այս խմբի անդամները մեծամասնաբար հայաստանահայեր եւ ռուսահայեր են: Մի խօսքով, այստեղ եւս նկատելի է հայ համայնքի տարբեր հատւածների բաւականին մեծ տարբերութիւնները: Սակայն հայերը ընդհանրապէս իրենց ներկայացնում են որպէս հայ, անկախ նրանից թէ ո՛ր երկրից են գաղթել Ամերիկա: Բայց իրականում մեծ տարբերութիւն կայ Իրանից Ամերիկա գաղթած եւ Ռուսաստանից Ամերիկա գաղթած հայերի միջեւ: Դա նոյնիսկ ոստիկանութիւնը մասամբ հասկանում է, հաշւի առնելով երկու տեսակ հայեր, հիմնւած նրանց ազգանունների վերջաւորութեան ուղղագրութեան վրայ` ian թէyyan: Հայերը թէեւ իրենց մէջ ընդհանրապէս հասկանում են այս տարբերութիւնները - չէ որ այնքան պարզ ու բացայայտ են դրանք - բայց օտարի առջեւ եւ պաշտօնապէս անտեսում են այդ տարբերութիւնները, եւ մի խմբի անօրինական գործերը գրւում են բոլոր հայերի հաշւին:
Չորրորդ. խօսւում է "Արմենիան Փաւըր"-ի եւ Հայաստանի Հանրապետութեան քաղաքական եւ տնտեսական էլիտայի միջեւ կապերի մասին: Դրանք, իհարկէ, կարող են պարզապէս ասէկոսէներ լինել եւ առայժմս հաւաստի տւեալներ չկան այս մասին, բայց, յամենայն դէպս, դա կարող է ազդել նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականութեան վրայ: Ասւում է, որ յանցախմբի գործողութիւնների արդիւնքում ԱՄՆ-ի քաղաքացիները կորցրել են միլիոնաւոր դոլարներ: Իմիջիայլոց, ամերիկացիները շատ զգայուն են դրամային հարցերում եւ դժւար են ներում իրենց թալանողներին: Մի խօսքով այս լուրերը հաւանաբար բացասական անդրադարձ կունենան նաեւ Հայաստանի իշխանութիւնների վրայ:

Ռ.Ս.

 

 

BBC՝ ԱՄՆ-ՈՒՄ ՋԱԽՋԱԽՒԵԼ Է "ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒԺ" ԽՄԲԱՒՈՐՈՒՄԸ


Վլադիմիր Կոզլովսկի

 


 

Կալիֆորնիայի իշխանութիւնները հաղորդում են "Հայկական ՈՒժ" (ՀՈՒ) անւամբ յայտնի կազմակերպւած յանցաւոր խմբաւորման ջախջախման մասին:
Այն ձեւաւորվել է 1980-ականներին Լոս-Անջելեսի շրջաններից մէկում` Իստ-Հոլիվուդում, սկզբից փողոցային բանդայի տեսքով, որը կազմւած էր հայերից ու խորհրդային բլոկի երկրներից ԱՄՆ ժամանած այլ ներգաղթեալներից ու դիմակայում էր միւս էթնիկ բանդաներին: Տարիների հետ այն վերածւեց ճիւղաւորւած յանցաւոր խմբաւորման:
-Հիմնադրման ամենասկզբից,- ասւում է մեղադրական եզրակացութեան մէջ,-"Հայկական ՈՒժի" անդամները ու դրա հետ կապւած անձինք իրականացնում էին տարատեսակ յանցագործութիւններ բռնութեան կիրառմամբ` այդ թւում նաեւ սպանութիւններ, սպանութեան փորձեր, մարդկանց առե-ւանգումներ, թալան, շորթում եւ վկաների ահաբեկում, ինչպէս նաեւ թմրանիւթերի առեւտուր եւ խաբէութիւն:
Ձերբակալութիւնները "Լոյսի անջատում" անւամբ ոստիկանական գործողութեան կուլմինացիան էր, որին մասնակցել է իրաւապահ մի քանի գերատեսչութիւն: Ձերբակալութիւններին մասնակցել է ընդհանուր առմամբ 700 հոգի, որոնցից շատերը սպառազինւել էին մետաղական սաղաւարտներով եւ զրահաբաճկոններով:

Լոս-Անջելեսի բանդաներ
Ձերբակալւած խմբաւորման անդամներից շատերը բնակւում են Կալիֆորնիայի հարաւում, սակայն ձերբակալութիւններ են իրականացւել նաեւ Դենւերում եւ Մայամիում:
Հարաւային Ֆլորիդայում, ինչպէս հաղորդում է այնտեղի դաշնային դատախազ Ուիլֆրեդօ Ֆերերը, ձերբակալւել է "Հայկական ՈՒժի" հետ կապ ունեցող 13 մարդ:
Նրանց մեղսագրւող յանցագործութիւնները վերաբերում են զէնքի վաճառքից մինչեւ կրեդիտ քարտերի ու բժշկական ապահովագրութիւնների հետ մեքենայութիւններին:
Մի քանի տասնեակ մարդ էլ ձերբակալւել է Կալիֆորնիայում, որտեղ բնակւում են ամերիկահայերի մեծ մասը: Գործում ընդհանուր առմամբ աւելի քան 100 մարդ է ներգրաււած: Առաջին օրը ձերբակալւել էր 81 մարդ, մօտ 25-ի նկատմամբ էլ հետախուզում է յայտարարւել:
Լոս-Անջելեսի դաշնային դատարան ներկայացւած "Հայկական ՈՒժի" գործով մեղադրական եզրակացութիւնը կազմւած է 212 էջից: Դրանից երեւում է, որ խմբաւորումը ունի մօտ 250 լիիրաւ անդամ ու հարիւրաւոր մեղսակիցներ, որոնք պաշտօնապէս խմբա-ւորման անդամ չէին հանդիսանում:
Նրանց գործունէութեան կենտրոն է նշւում Լոս-Անջելես դքսութիւնը` այդ թւում նաեւ Հոլիվուդը, ինչպէս նաեւ Գլենդէյլ, Բերբենկ քաղաքները եւ Արեւմտեան ու Հիւսիսային Հոլիվուդը եւ Վէն-Նայսը: Օրինակ, Գլենդէյլի բնակչութեան 40 տոկոսը կազմւած է հայերից:
Խմբաւորման անդամները տիրապետում են անգլերէնին, սակայն միմեանց միջեւ խօսում են հայերէն կամ ռուսերէն: Դատախազութեան կարծիքով, մասնակիօրէն դա բացատրւում է խօսակցութիւնների բովանդակութիւնը կողմնակի անձանցից թաքցնելու ցանկութեամբ:

Մեքսիկական մաֆիայի դաշնակիցներ
Ինչպէս երեւում է դատական փաստաթղթերում, նախքան "Հայկական ՈՒժի" լիիրաւ անդամ դառնալը, անհրաժեշտ էր ինչ-որ ժամանակ "աշխատանք" կատարել խմբաւորման համար` այսինքն յանցագործութիւններ իրականացնել:
Անդամագրման ծիսակատարութիւնը բաղկացած էր կարճատեւ ծեծից: Առանց դրա կարելի էր "Հայկական ՈՒժի" անդամ դառնալ, եթէ նորեկի համար երաշխա-ւոր հանդէս գար ՀՈՒ-ի մշտական անդամներից մէկը:
Բանդայի անդամներին կարելի է ճանաչել յատուկ դաջւածքներով, մականուններով, զգեստով եւ այլն:
Առանձնայատուկ հեղինակութիւն էին վայելում ՀՈՒ-ի այն առաջնորդները, ովքեր երկարատեւ պատժաժամկէտներ էին կրել ու սերտ կապեր էին հաստատել ազդեցիկ բանտային խմբաւորումների հետ: Այդ բանդաների մէջ գլխաւոր տեղ է զբաղեցնում մեքսիկական մաֆիան կամ "Էմէ"-ն (այսպէս է արտաբերւում "M" տառը իսպաներէնում):
"Հայկական ՈՒժը" այնքան սերտ էր կապւած մեքսիկական քրէական աշխարհի հետ, որ յաճախ այն անւանւում էր "ՀՈՒ-13", քանի որ "M"-ը լատինական այբուբենի 13-րդ տառն է:
Դատախազների խօսքերով, մեքսիկական մաֆիան առաւելապէս վերահսկում է թմրանիւթերի առեւտուրը ու յանցաւոր այլ գործունէութիւն Կալիֆորնիա նահանգի բանտերում եւ դաշնային ազատազրկման այլ վայրերում:

Հետաքննութիւնը պարզել է, որ իր բազմանդամութեան եւ մեքսիկական մաֆիայի հետ կապերի շնորհիւ ՀՈՒ-ի առաջնորդները հաւասարը հաւասարի հետ են շփւել աւանդական օրէնքով գողերի հետ, իսկ յաճախ նոյնիսկ յարձակումներ են գործել նրանց պաշտպանութիւնը վայելող անձանց վրայ:

"Լոս-Անջելեսը պահում եմ ես"
Այստեղ արտայայտիչ է նրանց մեղսակցւող մի էպիզոդ` կապւած երկու տուժածներից շորթելու դէպքի հետ, որոնց անունները դատական փաստաթղթերում կոդաւորւած են որպէս "Զ" եւ "Լ. Կ.":
Առաջինը վայելում էր անանուն օրէնքով մի գողի հովանաւորչութիւնը, իսկ երկրորդը` գողի սանիկ էր: Այնուամենայնիւ, Դարբինեանը ծրագրել էր, ըստ դատախազների, յարձակում գործել երկուսի վրայ էլ հոլիվուդեան Chicken House ռեստորանում:
2009 թւականի Օգոստոսի 20-ին զանգահարել էր ՀՈՒ-ի միւս անդամներին` հաւաքագրելով մի մեծ խումբ, որը ներխուժել էր ռեստորան ու պատրաստւում էր հաշւեյարդար տեսնել "Զ"-ի եւ "Լ. Կ."-ի նկատմամբ:
Հաղորդւում է, որ խմբաւորման մօտ կար առնւազն հինգ զինատեսակ, այդ թւում նաեւ` 45 տրամաչափի Springfield Armory XD ատրճանակ, 40 տրամաչափի Sig Sauer ատրճանակ, 40 տրամաչափի Baby Desert Eagle ատրճանակ, 40 տրամաչափի Heckler & Koch USP ատրճանակ եւ 9 միլիմետրանոց 17-րդ մոդէլի Glock:
Յարձակումը խափանել էր ոստիկանութիւնը, որը անսպասելիօրէն մտել էր ռեստորան: Յաջորդ օրը Դարբինեանը հեռախօսով մեղադրեալ Կարէն Զաքարեանին ասել էր, որ չի հրաժարւում "Զ"-ին եւ "Լ. Կ."-ին պատժելու մտքից այն բանի համար, որ "նրանք Լոս-Անջելեսում յանցաւոր գործունէութեան վերաբերեալ որոշումներ են կայացնում առանց իր համաձայնութեան":
-Լոս-Անջելեսը ես եմ պահում.-իբր յայտարարել էր նա:
Օգոստոսի 27-ին Դարբինեանը մեղադրեալ Արամ Պետրոսեանին ասել էր, որ ինքը թքած ունի այն բանի վրայ, որ "Զ"-ն վայելում է օրէնքով գողի հովանաւորչութիւնը:
Մեղադրական եզրակացութեան մէջ բերւում են շորթման դէպքերի մի քանի էպիզոդներ, որոնցով իբր զբաղւում էր խմբաւորումը:
ՀՈՒ-ն նաեւ մեղադրւում է այն բանի մէջ, որ վերջինիս անդամները "99c Only Stores" էժանագին խանութների ցանցի կասսային ապարատներում տեղադրում էին սարքեր, որոնք գնորդների կրեդիտ քարտերից արտատպում էին անձնական տւեալները հետագայ խարդախութիւններում օգտագործելու նպատակով:
ՀՈՒ-ի միւս անդամները զբաղւում էին կեղծ ստացականների կանխիկացմամբ: Դատախազութեան տեղեկութիւններով, ընդհանուր առմամբ խաբէութիւնների միջոցով "Հայկական ՈՒժը" աշխատել է շուրջ 20 միլիոն դոլար:

Աղբիւրը` BBC
21.02.2011

Յոյս թիւ 105

24 Օգոստոս 2011