Օգոստոսի 13-ը ձախլիկների համաշխարհային օրն: Այդ օրը անւանակոչւել է այդպէս, աշխարհին յիշեցնելու համար, որ ձախով գրելը կամ աշխատելը, ինչպէս մի ժամանակ ընկալւում էր, հիւանդութիւն կամ սատանայական շեղում չի բնականից, այլ պարզապէս բիոլոգիկ իւրայատկութիւն որոշ մարդկանց մօտ: Նաեւ բոլորին յուշելու, որ տների կահաւորման, կիրառական իրերի արտադրութեան եւ բոլոր պարագաներում, չմոռանան, որ աշխարհի բնակչութեան կարեւոր մասը իրենց կենսական աշխատանքները կատարում են ձախ ձեռքով եւ պիտի նկատի առնել նրանց կարիքները: Հետեւեալ լօդւածը բացատրում է թէ ինչ է ձախլիկութիւնը եւ ինչպէս պիտի վարւել ձախլիկ երեխաների հետ:

 

 


Ի՞ՆՉ Է ՁԱԽԼԻԿՈՒԹԻՒՆԸ


Ձախլիկութիւնը համարւում է ուղեղի կառուցւածքային առանձնայատկութեան դրսեւորում: Մարդու ուղեղի 2 կիսագնդերը ոչ թէ մէկը միւսի հայելային արտացոլումն են, այլ լրացնում են միմեանց: Ընդ որում՝ դրանցից մէկը դոմինանտ է: Աջ կամ ձախ ձեռքի առաջատարութիւնը ո-րոշւում է ոչ թէ երեխայի կամքով ու ցանկութեամբ, այլ գլ-խուղեղի աջ եւ ձախ կիսագնդերի գործառոյթների յատուկ բաշխմամբ: Հիմնականում այն ժառանգական ծագում ունի եւ մանկավարժի ու ծնողի համար պէտք է դիտւի ոչ թէ որպէս արատ, այլ անհատական առանձնայատկութիւն:
Ըստ այս կամ այն կիսագնդի գերակայութեան՝ կարելի է առանձնացնել 3 տիպի մարդկանց.
1. աջլիկներ (մարդիկ, որոնց մօտ, որպէս կանոն, գերակայում է ձախ կիսագունդը)
2.ձախլիկներ (մարդիկ, որոնց մօտ, որպէս կանոն, գերակայում է աջ կիսագունդը)
3. մարդիկ, որոնց մօտ որեւէ ձեռքի նախընտրութիւն արտայայտւած չէ. Նրանք կարող են օգտւել աջ եւ ձախ ձեռքերից՝ հաւասարապէս:
Ձախլիկների մօտ գերակշռում են զգացմունքային անհաւասարակշռութիւնը, ցասումը, վախը, տրամադրութեան կտրուկ անկումը, խղճահարութիւնը, դիւրազգացութիւնը, զգացմունքայնութիւնը, անհանգստութեան կամ տագնապի նշանները: Նրանց խօսքը յուզականօրէն յագեցած է, արտայայտիչ, հնչերանգով եւ շարժումներով հարուստ: Երբեմն առկայ են կտրտւածութիւն, աւելորդ բառեր եւ ձայներ: Նրանց յատուկ են խօսքի յապաղումները: Դժւարութիւններ են ունենում գրելիս եւ կարդալիս: Նրանք անմիջական են, կամակոր, լացկան, հաստատուն են իրենց ցանկութիւնների իրականացման հարցում:
Ի տարբերութիւն աջլիկների՝ ձախլիկները յաճախ չեն ունենում հաստատուն առաջընթաց: Ձախլիկներին հեշտութեամբ չի տրւում անցումը մի գործընթացից միւսին: Յատկապէս դժւարանում են արագ գործողութիւններ կատարել երկու ձեռքով միաժամանակ (պարային շարժում, մարմնամարզութիւն):
Առաջներում մանկավարժների մի ողջ բանակ մեծ ոգեւորութեամբ եւ ջանասիրաբար փոքրիկ ձախլիկներին սովորեցնում էր նկարել եւ գրել աջ ձեռքով: Զարգացած երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում, Անգլիայում, Ֆրանսիայում, վաղուց հրաժարւել են ձախլիկներին վերափոխելու միտումներից: Վերափոխելով երեխայի առաջատար ձեռքը՝ մենք անխուսափելիօրէն ուղեղի գործունէութեան վերակառուցում ենք սկսում: Մանկավարժները պէտք է գիտակցեն, որ ձախլիկներին վերափոխելը կարող է ազդել երեխայի զարգացման բնականոն գործընթացի վրայ: Կարող է նաեւ բացասաբար ազդել երեխայի իմացական կարողութիւնների վրայ:
Ապացուցւած է, որ ձախլիկներին հարկադրաբար աջլիկ դարձնելու դէպքում տուժում է ուղեղի աջ կիսագունդը, որը պատասխանատու է զգայարանների համար: Այդ պատճառով կարող են ի յայտ գալ բազմաթիւ բացասական երեւոյթներ, ինչպիսիք են, օրինակ, հոգեկան անկայունութիւնը, ֆիզիկական զարգացման թուլացումը, անփութութիւնը, դանդաղկոտութիւնը, անհանգստութիւնը, կակազութիւնը, ախորժակի բացակայութիւնը, քնի խանգարումը, գլխացաւերը, հոտառութեան ս-րումը, տրամադրութեան կտրուկ փոփոխութիւնները եւ այլն:
Կեանքի տարբեր բնագաւառներում ձախլիկների յարմարեցումը սովորաբար աւելի դժւար է ընթանում: Բանն այն է, որ նրանք ապրում են աջլիկների համար նախատեսւած աշխարհում, որտեղ գրեթէ ամէն ինչ յարմարեցւած է աջլիկների գործունէութեանը՝ սկսած այնպիսի պարզագոյն գործիքներից, ինչպիսիք են մկրատը, արդուկը եւ այլն:Սակայն արդէն տարբեր երկրներում ստեղծւել են ընկերութիւններ, ո-րոնք զբաղւում են յատուկ ձախլիկների համար նախատեսւած իրերի եւ սարքերի արտադրութեամբ:
Ձախլիկների անյարմարւողականութիւնը դպրոցին առաւել նկատելի է տարրական դասարաններում: Մեծ մասի համար դժւարութիւններ են առաջանում այնպիսի հմտութիւնների ձեւաւորման հարցում, ինչպիսիք են, օրինակ, գիրը, հաշիւը, ընթերցանութիւնը: Նրանք դժւարութեամբ են յիշում այբուբենի տառերի յաջորդականութիւնը: Դա բոլորովին չի նշանակում, որ նրանք նւազ ընդունակ են:
Ձախլիկ երեխաների մէջ գերակշռում են ստեղծագործական տաղանդով օժտւած եւ ոչ ստանդարտ մտածողութիւն ունեցող անհատականութիւններ: Նրանց շարքում յաճախ կարելի է հանդիպել գրականագէտների, լրագրողների, արւեստի գործիչների, կազմակերպիչների:
Ձախլիկ երեխաների ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակ անհրաժեշտ է հաշւի առնել հետեւեալ առանձնայատկութիւնները.
-Հարկաւոր է փոխել տետրի դիրքը, եթէ այն յարմար չէ:
-Ձախ ուսը պէտք է լինի մի փոքր առաջ թեքւած, իսկ տետրը դրւելու է 20՛ թեքութեամբ՝ դէպի աջ:
-Ձախլիկ երեխան պէտք է գրի ուղիղ եւ գրութեան ժամանակ չպէտք է հետեւի տառերի ճիշտ թեքութեանը:
-Տետրի դիրքը որոշելու է ինքը՝ աշակերտը:
-Լոյսը պէտք է ընկնի աջ կողմից:
-Հակացուցւած է անընդմէջ գրաւոր աշխատանքի կատարումը:
-Անհրաժեշտ է ներողամիտ լինել ձախլիկների, առաւել եւս՝ վերափոխւած ձեռքով գրողների հանդէպ:
Երկրագնդի վրայ ապրում են 500 միլիոնից աւել ձախլիկներ:
Ներկայումս երեխաների 15- 23%-ը ձախլիկներ են:
Ձախլիկութիւնը տղամարդկանց մօտ աւելի յաճախ է հանդիպում, քան կանանց:
Հանրաճանաչ մարդկանցից ձախլիկներ են եղել՝ Ալբերտ Էյնշտէյնը, Լէօնարդօ դա Վինչին, Պաբլօ Պիկասօն, Չարլի Չապլինը, Փոլ ՄակՔարտնին, Ֆրանց Կաֆկան, Ֆիդէլ Կաստրօն, ԱՄՆ-ի նախագահների մի մասը:
Աջլիկներ եւ ձախլիկներ կան նաեւ կենդանիների մէջ:

 

 

Յոյս թիւ 104

10 Օգոստոս 2011