ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԴԷՄ ԲՌՆՈՒԹԻՒՆ

ԴԱՍՏԻՐԱԿՉԱԿԱՆ ԱՊՏԱԿԻՑ ՄԻՆՉԵՒ ԽՈՇՏԱՆԳՈՒՄ

 


Վերջերս իրանական մամուլում, մէկը միւսի ետեւից բացայայտւած երե-խաների խոշտանգման ու տանջման ենթարկելու դէպքերը, հանրութեան ուշադրութիւնը սեւեռել են մանուկների հանդէպ կիրառւող բռնութեան հասարակական ցաւալի երեւոյթի վրայ: Երեխայ են բերում հիւանդանոց, բուժքոյրերն ու բժիշկները երեխայի մարմնի վրայ նկատում են բազմաթիւ վէրքերի, հարւածների եւ այրւածքների հետքեր: Երեւոյթը կասկածելի գտնելով, նրանք դիմում են ոստիկանութեան եւ "Բեհզիստի"-ին: Խնդիրը հետեւելով` պարզւում է, որ երեխայի ծնողները նրան տանջել են եւ մարմնական վնասւածքներ հասցրել: Սրանք, մանուկների դէմ գործ դրւող բըռնութեան ծայրայեղ դէպքեր են, երբ հասարակութիւնը ներկայացնող իշխանութիւնները իրաւասու են միջամտել, դատարան տանել ծնողներին եւ երեխային առնել իրենց հսկողութեան տակ: Սակայն, միշտ էլ այսքան պարզ չեն դէպքերը: Արդեօ՞ք, որեւէ մարմնական պատժամիջոց, ասենք երբ ծնողը խփում է երեխայի ձեռքին կամ ուսուցիչը ապտակում է աշակերտին, կարելի է՞ մանուկների դէմ բռնութիւն համարել եւ դասել նոյն կարգում, ինչպէս վերը նշւած սարսափելի դէպքերը: Սրանք կարող են դաստիրակչական սխալ ձեւեր եւ մեթոդներ լինել, բայց հաւանաբար ոչ բռնութիւն մանուկների դէմ: Բայց, ո՞րն է սահամանը, ի՞նչ չափանիշով կարելի է սրանք բաժանել միմեանցից:
Ստորեւ, նախ ներկայացնում ենք խնդրի ընդհանուր պատկերը, եւ ապա ներկայացնում վերը նշւած հարցերին տրւած որոշ պատասխաններ:


ԱՇԽԱՐՀՈՒՄ 275 ՄԻԼԻՈՆ ՄԱՆՈՒԿՆԵՐ
ԵՆԹԱՐԿՒՈՒՄ ԵՆ ԲՌՆՈՒԹԵԱՆ

 


1993 թւի Մարտ ամսին էր, երբ Իրանն ընդունեց մանուկների իրաւունքի պաշտպանութեան համաշխարհային կոնւենցիան: Դրա գործադրման հիմնական պայմաններից մէկը, հասարակութեան բոլոր անդամների, յատկապէս մանուկների եւ նրանց խնդիրների հետ գործ ունեցող պաշտօնատարների, ծնողների, մանուկների խնամակալների եւ իհարկէ, հէնց իրենց երեխաների կողմից այդ պայմանագրին ծանօթանալն է: Մանուկների իրաւունքի միջազգային կոնւենցիայի 3-րդ յօդւածի համաձայն, մանուկի գերագոյն շահերը պէտք է ուշադրութեան արժանանան պատասխանատուների եւ ծնողների կողմից: Ըստ այս յօդւածի, կառավարութիւնները եւս պարտաւորւած են անհրաժեշտ հովանաւորութիւն եւ խնամք ցուցաբերել երեխաների եւ զաւակների հանդէպ ծնողների թերացման հարցերին:
Այդ պայմանագրի 19-րդ յօդւածի համաձայն, անդամ երկրները, ֆիզիկական ու հոգեկան բրտութիւնների, որեւէ հալածանքի, անուշադրութեան եւ անփութու-թեան հանդէպ պէտք է օրինական, հասարակական ու կրթական ան-հրաժեշտ քայլեր վերցնեն: Այս պայմանագիրն ստորագրող կառավարութիւնները, յանձնառու են լինում մանուկներին պաշտպանել թմրեցուցիչ եւ ոգեշնչող դեղերի անօրինական գործածութեան ու դրանց մաքսանենգման նկատմամբ: Միւս կողմից, այս պայմանագրի 37-րդ յօդւածը յստակօրէն ընդգծում է, որ "Ոչ մի մանուկ չպիտի խոշտանգման, նենգամիտ արարքների եւ անօրինական ազատազրկման ենթարկւի, եւ մահապատիժն ու ցմահ բանտարկութիւնն արգելւում են անչափահաս` 18 տարին չբոլորած մանուկների եւ պատանիների հանդէպ:
Թէեւ Իրանը մօտ երկու տասնամեակ առաջ է միացել համաշխարհային այս համաձայնագրին, սակայն, դժբախտաբար, ամեն օր ականատես ենք լինում մանուկների պարտադիր աշխատանքի, նրանց հանդէպ հալածանքի, սեռային չարաշահումների ու ներքին անդամների մաքսանենգման եւ այլ երեւոյթնեի յարաճուն դէպքերին:
"Իւնիսէֆ"-ի հաղորդած զեկոյցի համաձայն, ներկայումս, աշխարհում 275 միլիոն մանուկներ ենթակայ են հալածանքների: Ամերիկայի բժշկական միութեան կողմից հրատարակւած վիճակագրութեան համաձայն եւս, տարեկան 150,000 մանուկներ այդ երկրում մահանում են սեռային ոտնձգութեան պատճառով եւ սա այն պայմաններում, որ ամեն տարի մօտ 140,000 վիրահատութիւն է գրանցւում մանուկների նկատմամբ սեռային բռնութիւնների հետեւանքով, եւ ընդհանուր առմամբ, տարեկան 1,7 միլիոն մանուկների սեռային ոտնձգութեան դէպքեր են զեկուցւում ամբողջ Ամերիկայում:
Իրանում, ներկայումս աւելի քան 9 միլիոն 6 տարեկանից վար եւ 27 միլիոն` մինչեւ 18 տարեկան մանուկներ կան: Պաշտօնական վիճակագրութեան թերի լինելու պատճառով չի կարելի ստոյգ յայտարարել, թէ նրանցից քանիսն են հալածանքների ենթարկւում:
"Իսնա" գործակալութեան զեկոյցի համաձայն, Իրանում մանուկների հալածանքների մասին, "Բեհզիսթի" (բարեկեցութիւն) կազմակերպութեան կողմից հրատարակւած վերջին վիճակագրութիւնը պատկանում է անցեալ տարւայ առաջին 6 ամիսներին, որի համաձայն, այդ ժամանակամիջոցում 144,565 դէպքի առնչութեամբ կապ է հաստատւել շտապ օգնութեան կենտրոնի հետ, որոնք ամբողջապէս վերաբերում էին մանուկների դէմ հալածանքներին:
Իրանի վիճակագրական կենտ- րոնի հաղորդման համաձայն, երկրում աւելի քան 2,550,000 աշխատող ու փողոցային մանուկներ կան, որոնք լրջօրէն ենթակայ են ֆիզիկական ու սեռային բռնութիւնների, 22,000 հոգի, որպէս անխնամ ու անպաշտպան մանուկներ, գտնւում են երկրի "Բեհզիսթի" կազմակերպութեան հովանաւորութեան ներքոյ:

ՄԱՆՈՒԿՆԵՐԻ 44 ՏՈԿՈՍԸ ՄԱՐՄՆԱԿԱՆ ՊԱՏԻԺ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ
Ամէն դէպքում, հասարակական այս խոցելի խնդրի մասին տեղեկութիւնների քողարկմամբ հանդերձ, քննարկումները ցոյց են տալիս, որ բռնութիւնների 70 տոկոսը կատարւում է մասնաւոր եւ ընտանեկան մթնոլորտում: Այլ դիտարկումների եւ սոցհարցումների տւեալների համաձայն, իրանցի ծնողների աւելի քան 50 տոկոսը մանուկների ֆիզիկական պատիժը համարում են իրենց "իրա-ւունքը":
Մանուկների իրաւունքների պաշտպանութեան միութեան վարչութեան անդամ Սորայա Ազիզփուրը ընդգծում է, թէ մանուկների 44 տոկոսը մարմնական պատիժներ են ստանում: Նա մանուկների իրաւունքների պաշտպանութեան միջազգային օրւայ առթիւ ասաց. "Մանուկներին հովանաւորող միութեան կողմից տրւած վիճակագրութեան համաձայն, այս տարւայ առաջին 6 ամսում մանուկների 56 տոկոսը հոգեկան ճնշումների եւ 44 տոկոսը ֆիզիկական պատիժների են ենթարկւել":
Նա նշեց, թէ պատասխանատուների մեծագոյն թերացումն այն է, որ չգիտեն մանուկները մինչեւ 18 տարեկան հասակը, ինչպիսի հմտութիւններ պէտք է ձեռք բերեն, որպէսզի կարողանան հասարակութեան մէջ ապրել: Անփութութիւնն ու անհոգութիւնն է այդպիսի մեծ թւերի պատճառը: Նա մատնանշելով մանուկների իրաւունքների համաձայնագիրը, ասում է. - Իրանը, 1993 թւականից սկսած, յատուկ պայմանով է ընդունել այն, եւ համաշխարհային կոնւենցիային միանալու սկզբունքը բաւականին մեծ քայլ է համարւում, սակայն դրա կողքին, դժբախտաբար, մանուկների վերաբերեալ հաստատւած օրէնքների ոլորտում դեռեւս կան աչքառու բացթողումներ եւ դա այն դէպքում է, երբ այս օրէնքի գործադըր- ման եղանակի շուրջ հարցի արծարծումը մեծ կարեւորութիւն է ներկայացնում եւ շատ պարտականութիւններ է դնում կառավարութեան ուսին:
Մանուկների իրաւունքների պաշտպանը տեղեկացրեց նաեւ "Մանուկի իրաւունքների ազգային գրասենեակ"-ի գոյութեան մասին, որը գործում է Արդարադատութեան նախարարութեան վերահսկողութեան տակ: "Նախարարական կազմի 2009 թւի Յունւարի սկզբին կայացած նիստում, Իրանի կառավարութիւնը, 1993 թւին, միջազգային կազմակերպութիւններին անդամակցելու վերաբերեալ օրինական միաւոր յօդւածի 5-րդ ենթակէտը վկայակոչելով, Արդարադատութեան նախարարութեանը նշանակեց, որպէս "Մանուկի իրաւունքների կոնւենցիայի ազգային կենտրոն"-ի վերահսկիչ, եւ որոշւած է, որ այդ գրասենեակը պատկան մարմինների հետ համագործակցի մանուկների իրաւունքների խնդրով եւ քայլեր ձեռնարկի այդ մասին առաւել տեղեկութիւններ ձեռք բերելու համար:
Մանուկների իրաւունքների պաշտպան Ազիզփուրը համաձայնագրի 42-րդ յօդւածը վկայակոչելով, մանուկի իրաւունքների եւ այս կապակցութեամբ պետական մարմին կեանքի կոչելու առնչութեամբ ասաց .- հարց է ծագում, թէ ինչու լուրջ վերբերմունք չի ցուցաբերւել մեծահասակներին ու երեխաներին մանուկներին իրաւունքների ուսուցման հարցի նկատմամբ եւ ոչ մի զարգացման ծրագիր չկայ այդ իրաւունքների պաշտպանութեան ուղղութեամբ:
Իրանի աշխատող մանուկներին օժանդակող ցանցի համադըրող կոմիտէի անդամ Ֆաթեմէ Ղասեմզադէն "Իլնա" գործակալութեան հետ մի ասուլիսի ընթացքում, մանուկների համաշխարհային օրւան եւ այդ օրւայ առիթով մանուկի իրաւունքների համաձայնագրին անդրադառնալու անհրաժեշտութիւնը մատնանշելով, ընդգծեց, թէ այս օրերի յիշատակումը այն տեսակէտից է կարեւորւում, որ վաւերական ու թափանցիկ տեղեկութիւններ հաղորդւեն ուսումնազուրկ, գործող եւ հալածանքի ենթարկւող մանուկների իրավիճակի մասին, քանի որ այս վերաբերեալ ստոյգ տւեալներ եւ իրավիճակի զեկուցումը ժողովրդի եւ հանրային կարծիքի համար մեծ նշանակութիւն ունեն: Նա անդրադարձաւ այն խնդրին, որ այս տարի 280,000 մանուկներ թէեւ օրինական եւ անձնագրային դժւարութիւններ չունէին, բայց եւ չկարողացան մուտք գործել դպրոցներ: Կառավարութեան կողմից մանուկների համար տօնախմբութիւն կազմակերպելն ի՞նչ իմաստ ունի, եթէ ըստ մանուկների իրաւունքների պաշտպանութեան կոնւենցիայի յօդւածների, որեւէ ուշա-դըրութիւն չի դարձւում նրանց կըրթական խնդիրներին եւ դրանց որակի բարձրացմանը: Նա աւելացրեց, թէ կառավարութեան կողմից թափանցիկ մի զեկոյց ներկայացնելը անհրաժեշտութիւն է եւ այն մեծապէս կը նպաստի ժողովրդական հովանաւորութիւն ձեռք բերելուն եւ մանուկի իրաւունքների պաշտպանութեան կոնւենցիայի դրոյթներին ծանօթանալու նկատմամբ ուշադրութիւն ցուցաբերելուն:

Իրանական մամուլ
կազմեց` Ժիրայր Խոսրովեանը

Յոյս թիւ 101

29 Յունիս 2011