1000 տոննանոց բեռ փոխադրելը կատակ բան չէ

2009 թւականի Փետրւարի 13-ին Պարսից ծոցի ափերում գտնւող Ասալույէ արդիւնաբերական գօտում ականատես ենք փոխադրական արհեստի արտակարգ մի գործողութեան։ Սաթի ընկերութեան միջոցով Ասալույէի նաւահանգստից Մորւարիդ պետրոքիմիական գործարանի վայրն է փոխադրւում ճապոնական 1000 տոննանոց հսկայական մի ռէակտոր։ Բեռի երկարութիւնը 24.03 մետր, լայնքը 8.46 մետր, եւ բարձրութիւնը 8.11 մետր է, իսկ զուտ կշիռը 907,637 կիլոգրամ։ Բուժիների վրայ բարձւած բեռը, հաշւի առնելով հիմքերի եւ թամբ-երի ծանրութիւնը, աւելի քան հազար տոննայի է հասնում։
Բեռը փոխադրւում է 21 առանցքների վրայ. իւրաքանչիւր առանցք բաղկացած է 16 անիւից, այսինքն՝ ընդհանուր անիւների թիւը 336 է։
Փոխադրման գործողութիւնները ղեկավարում է Արտուշ Զոմոռոդեանը, որը նախագծի վարիչն է եւ տարիների փորձառութիւն ունի նմանատիպ գործերում։ Բեռի շարժիչ սարքաւորումը ամենաարդիականն է։ Դա կոչւում է Փաւըր փաք (Power pack) եւ աշխատում է ամբողջովին հիդրավլիկ եղանակով։ Դրա վարորդն է Հերոս Թորոսեանը։ Բուժիների միմեանց միացման եւ սարքաւորումների վերահսկման պատասխանատուն է Միհրան Քեշիշզադէն։ Խմբի անդամ է նաեւ Մկօ Դաւթեանը։
Նաւահանգստից մինչեւ գործարանի վայրը 10 կիլոմետր է, իսկ սա երկրորդ 1000 տոննանոց ռէակտորն է, որ փոխադրւում է։ Առաջինը արդէն գտնւում է սայթում։ Սրանցից առաջ փոխադրւել են երկու ուրիշ՝ 500 եւ 600 տոննանոց ռէակտորներ։
Սաթի ընկերութեան պատասխանատուներից պրն.Մեհրաբեանը հետեւեալն ունի ասելու գործի կարեւորութեան մասին.
Չորս ռէակտորների փոխադըրման գործը սկզբից մինչեւ վերջ կատարւել է երկու ամսում, որից միայն տաս օրն է եղել իսկական փոխադրման գործը։ Մնացած ժամանակը յատկացւել է նախապատրաստական աշխատանքներին, այսինքն՝ մետաղեայ հիմքերի նախագծման եւ կառուցման, ճանապարհի կառուցման կամ հետագիծը փոխելու, հոսանքի լարերի անջատման թոյլտւութիւնների ձեռքբերման եւ այլ նախապատրաստական գործերին։
Մեհրաբեանը շեշտում է, որ սկզբում Իրանի պետրոքիմիայի ընկերութիւնը մտադիր է եղել բեռը փոխադրել արտերկրեայ փոխադըրական ընկերութիւնների միջոցով, սակայն այժմ նրանք լիովին գոհ են աշխատանքի արդիւնքից եւ իրենք ճապոնացիներն էլ զարմացած են, որ Իրանում կայ այսպիսի փորձառու մի ընկերութիւն, որը կարող է փոխադրել այս ծաւալի բեռներ։ Նա կարեւոր է համարում բոլոր մասնագէտների ու տեխնիկների համա-տեղ աշխատանքը՝ այսպիսի հսկայ գործի իրականացման մէջ։ Այդ թւում յատկապէս պիտի բարձր գնահատել Վալոդ Գրիգորեանի եւ նրա Քարգահ ֆաննի Լիլալին-ի աջակցութիւնը, նաեւ Աշոտ Փերքեր եւ Սաթի-ի Վազգէն Խանբաբայի եւ միւս աշխատակիցների գործը։ Նա աւելացնում է նաեւ, որ առանց Պետրոքիմիական ընկերութեան կողմի ինժեներների՝ Աժանդէի եւ Ֆերէյդունիի ջերմ համագործակցութեան, գործը չէր կարող յաջողութեամբ պսակւել։
Ռէակտորները նախագծւել եւ արտադրւել են Ճապոնիայի IHI եւ Միթսուի ընկերութիւնների միջոցով։
Սաթի ընկերութեան գործադիր տնօրէն Լեւոն Ահարոնեանը եւս, շեշտելով Ասալույէի պրոյեկտի կարեւորութիւնը, ասում է. Այս կշիռի բեռեր փոխադրելը կատակ բան չէ։ Դա հիմնւած է բարդ մաթեմատիկական հաշւարկումների վրայ։ Մենք տարիների փորձառութիւն ունենք ծանր զտարաններ, գեներատորներ եւ պետրոքիմիական գործարաններ փոխադրելու գործում, եւ դրա բերումով էլ տարիների ընթացքում մեզ զինել ենք բեռնափոխադրման բնագաւառում առկայ նորագոյն տեխնոլոգիայով։ Մենք կարող ենք յաւակնել, որ այս առումով Սաթի-ն լաւագոյնն է Իրանում։

Յոյս թիւ 47
8 Ապրիլ 2009