Երեւակայական խորք
Սեթօ Գոջամանեանի բացատրութիւնները 31 եւ 1 լցրած ատամ-ի մասին Յոյս-ում հրատարակւած կարծիքների շուրջ


Յոյս երկշաբաթաթերթի յարգարժան խմբագրութիւն,
Հետաքրքրութեամբ կարդացի Ձեր երկշաբաթաթերթի 19-րդ համարում տեղ գտած Պարսկահայերը ծիծաղում են պարսկահայերի վրայ ընդհանուր խորագիրը կրող տեսակէտների շարանը 31 եւ 1 լցրած ատամ ներկայացման մասին: Բեմադրող խմբի անունից շնորհակալութիւն եմ յայտնում Ձեր ուշադրութեան համար, որ այդպէս ծաւալուն անդրադարձել էք մեր բեմադրութեանը (իհարկէ խնդրում եմ ինձ չհամարել 31 եւ 1 լցրած ատամ խմբի խօսնակ կամ ղեկավար):
Սակայն, այդ տեսակէտների ընդմիջից ի յայտ են գալիս մի քանի հարցեր, որոնց մի շարքի համար պիտի յայտնեմ լուսաբանող բացատրութիւններ, իսկ միւսների մասին յայտնեմ իմ անձնական տեսակէտները:


 

 

Լուսաբանումներ

1- 31 եւ 1 լցրած ատամ խմբի կամ՝ ծրագրի ղեկավար, բեմադրիչ կամ... ես՝ Սեդրակ Գոջամանեանս (Սեթօ) չեմ: Ես՝ Հ. Մ. Ա. Կ.-ի Արարատ թատերախմբի գեղարւեստական ղեկավար եւ բեմադրիչն եմ, որտեղ բեմադրել եմ՝ Ո՞ւր պիտի թաղւենք, Ես ծով ունեմ եւ Շխոնց Միհրան ներկայացումները, իսկ 31 եւ 1 լցրած ատամ ծրագիրը բոլորովին ընկերական մի մթնոլորտում ձեւաւորւած հաւաքական մտքի արդիւնք է, ընդ որում այդ շրջանակում կան նաեւ իմ ղեկավարած թատերախմբի անդամներից, եւ ներկայացման աշխատանքներում իմ ներդրումն ու միջամտութիւնը հէնց այնքան է եղել, ինչքան միւս դերակատարներն են ցուցաբերել եւ դեռ աւելին, ես կասէի, որ ես նոյնիսկ որպէս հաղորդավար այնքան էլ հիմնական դեր չեմ ունեցել այդ խմբական աշխատանքում: Ուստի՝ խնդրում եմ յարգելի ընթերցողն ու տեսակէտ յայտնողը չընկնի այն թիւրիմացութեան մէջ, որ այս ծրագիրը համեմատի իմ բեմադրած նախկին ներկայացումների հետ հաշւի առնելով այն իրականութիւնը, որ 31 եւ 1 լցրած ատամ-ը շատ աւելին է ժողովրդականութիւն շահել՝ համեմատած իմ նախկին ներկայացումներին: Նրանով հանդերձ, որ տեսակէտների շարանում 31-ը եւ միւս ներկայացումները ակնյայտ կերպով չեն համեմատւում միմեանց հետ, սակայն երբ գրւում է. ...Սեթօ Գոջամանեանը եւ իր խումբը երկու լուրջ բեմադրութիւններից յետոյ, այժմ հանդէս են եկել մի երգիծական ներկայացումով... կամ մի այլ բաժնում ասւում է՝ ...իսկ այժմ 31 ատամը, այն չի կարող դասւել Սեթոյի այն աշխատութիւնների շարքում, որտեղ գերակշռողը..., կամ ...Սեթոյի 31-ը... կարծում եմ այս երեք նշումները բաւական են հասցնելու այն պատգամը, թէ՝ Սեթօն է բեմադրել 31-ը:
Ես շատ լաւ գիտեմ, որ այս բոլորը լոկ թիւրիմացութիւններ են, բայց եթէ ես լինէի այս պատմութեան բեմադրիչը, գոնէ աֆիշի կամ յայտարարութեան մէջ կը գրէի իմ անուն- ազգանունը, որպէս բեմադրիչ կամ պրոդիւսեր:
2- Սիրելի Շանթ Բաղրամեանը մի բաժնում իր մտահոգութիւնն ու ազնիւ պատգամն է յղել նաեւ 31-ի կազմակերպիչներին ու հովանաւորողներին, որ խուսափելու համար 1-ից աւելի լցրած ատամներ ունենալուց պիտի մեր համայնքի բերանի ատամները օրառաջ տանել ակռայաբոյժի (ատամնաբոյժի) մօտ: Բացատրեմ, որ 31-ի հովանաւորն ու կազմակերպիչն ու դերասանն ու բեմ մաքրողն ու... հէնց մենք 6 հոգին էինք, իհարկէ մեր կողքին ունէինք նաեւ մեր ընկերական շրջանակից 25-ամեայ Արմոնդ Թահմազեանին՝ որպէս խմբի տնօրէն, ով աշխատանք էր տանում տոմսերի ու աֆիշի տպագրութիւնից սկսած՝ մինչեւ տղերքին թէյ մատակարարելը:
Ուստի՝ պարզ է, որ մենք որպէս հովանաւորող կամ մշակող, մեր ներուժի ու հնարաւորութիւնների սահմաններում կատարել ենք մեր կարելին եւ դեռեւս ոչ գտել ենք ակռաբոյժի հասցէն, ոչ էլ վստահ ենք, որ ինքը համայնքը գիտակցաբար չի փչացնում իր ատամները:

Տեսակէտ
Այստեղ, որպէս անդրադարձ 31--ի մասին յայտնած տեսակէտներին, ուզում եմ նշել, որ ըստ իս՝ արծարծւած մի շարք խնդիրներ իմ կարծիքով այդպէս չեն, չնայած իւրաքանչիւր մարդ անկախ է իր անձնական տեսակէտներում:
Այն հարցի մասին թէ՝ 31--ում շատ են ծաղրւել իրանահայ կանայք, ես մտածում եմ, որ այդպէս չէ, քանի որ միայն մէկ բաժնում, որ անւանւած էր Ինչո՞վ են զբաղւում իրանահայ կանայք անդրադարձել էինք նուրբ սեռի ներկայացուցիչներին, իսկ միւս բաժիններում առաւել կատակ ու երգիծանքի էին ենթարկւել իրանահայ փարթամ տղամարդիկ...

Ինչ վերաբերում է բարբառներին
Այսօրւայ դրութեամբ այդպիսի բարբառով խօսում են իրանահայութեան մեծ մասը եւ դա չի սահմանափակւում միայն Թեհրանի որոշ թաղամասերին: Դա մեր համայնքի տարբեր գաւառներից եկած հայրենակիցների բարբառներն էր, որոնք մայրաքաղաքում միաձուլելով տեղական լեզւին եւ ներծծելով բազմաթիւ պարսկերէն բառեր պատճառ են դարձել պարսկերէն մտածելու եւ մտածածը հայերէն (հայավարի) արտայայտելու, որի պատճառով հնչում է մի իւրովի տխուր լեզու, որով խօսում է ոչ միայն Թեհրանի այս կամ այն քաղաքամասի հայ բնակչութիւնը, այլ լսւում է իրանահայ համայնքի համարեա բոլոր պատանիների ու երիտասարդների լեզւից:
Երանի գաւառից եկած հայերէնը մնար նոյնը՝ օրիգինալ վիճակում:
Մակերեսային լինելու հարցի մասին, պէտք է նշեմ, որ որոշ կոմիկսներում գոյութիւն ունեն այդ իրականութիւնը, մասնաւորապէս՝ Քչախօս հայրը ու հետաքրքւող երեխան, կամ Պապիկն ու ոսկերիչը եւ Սարինէ-Ժոռա-ի առաջին 2-3 մասերում եւ ըստ իս՝ դրանք հարկաւոր են ներկայացման ընդհանուր ռիթմի համար կամ ուղղակի զւարճանալու:
Իսկ միւս մասերի կապակցութեամբ ներկայացւած կոմիկսները խոշոր տոկոսով համապատասխանում էին իրականութեան հետ, եւ քանի որ, ինչպէս բոլորին յայտնի է, մեր թիրախը իրականութեան քննադատելն ու ներկայացնելն է եւ ոչ՝ գեղարւեստը, ուստի եթէ այդտեղ մակերեսայնութիւն էր նկատւում, դա գալիս էր որոշ իրանահայ հայրենակիցների մակերեսային մտածելակերպից ու վարւելակերպից եւ մտնում է մեր իրականութեան դառն կողմերի շարքում: Կը ներէք, բայց մակերեսային իրականութիւնը չի կարելի ներկայացնել երեւակայական խորքով:
Սիրելի Արմէն Սարւարեանին պիտի ասեմ, որ հայկական հումորին աւելի ծանօթանալու համար գոնէ կարդայ մէկ դարից աւել անցեալ ունեցող՝ Յակոբ Պարոնեանի կատակերգութիւնները, իսկ եթէ մտածում է, որ դրանք անցեալներին է պատկանում, ապա հարց եմ տալիս՝ արդեօք ինքը չի՞ ծիծաղել Ջիմ Քերիի կամ Մըստր Բինի (իր ասութեամբ) ֆիզիկական ծամածռութեան վրայ: Իսկ սուր կատակները, շատ սիրելի Արմէն, պիտի համապատասխանի հանդիսատեսի մշակոյթի, լեզւի եւ տրամադրութեան հետ: Ուրեմն հայաստանեան հումորն ու սրամտութիւնը չի ընկալւի Թեհրանում, գումարելով այն, որ իմ անձնական կարծիքով հայաստանեան բեմական հումորի ճնշիչ մասը ռուսական է եւ ոչ հայկական եւ արդիւնք է ռուսական մշակոյթի 71-ամեայ (աւելի ճիշտը՝ 180-ամեայ) ազդեցութեանը Հայաստանի վրայ:
Եւ վերջապէս ուզում եմ ասել, որ իմ կարծիքով՝ Շանթ Բաղրամեանի ասած ակռայաբոյժը ոչ միայն ազգային-միութենական գործիչն ու մտաւորականն է, որը հասարակութեան ծովի մի կաթիլն է կազմում, այլ՝ նաեւ ինքը՝ հասարակութիւնը: Անմեղ հարց եմ տալիս, ո՞վ է մեղաւոր, որ իրանահայերի մի մասը զբաղւում է Մարքարմահմուդեանական բիզնեսով, կամ ի՞նչ, արդեօք Կարիքաւորների օժանդակող յանձնախումբը ազգային փողը պիտի՞ տայ նրանց, որպէսզի նրանք չզբաղւեն նման ծանր աշխատանքով: Կամ ինձ ասէք հայերէնի մի ուսուցչի անուն, որ գործածում է քացաքոշ բառը կամ նախաբանին ասում՝ նախագահ, կամ աշակերտին բացատրում՝ քա՛լ-քա՛լ (ո ո) բառի իմաստը: Այս բոլորը, սիրելիներ, գալիս են մեր ընտանիքներից, եւ եթէ պիտի կանխւեն այս բոլորը, խնդրեմ, թող ամէն մարդ կատարի իր կարելին եւ միայն կողքից երեւոյթները չքննարկի: Իհարկէ յիշեցնեմ՝ եթէ փորձենք մեր ժողովրդին բաժանելու՝ հասարակ եւ աւելի զարգացած ու կիրթ ճաշակ ունեցող մարդկանց խմբերի (ինչպէս նշւել է Յոյս-ում եւ յոյսով եմ, որ դա Խմբագրութեան տւած գնահատականը չէ) ապա վստահ եղէք, որ մնացած մի քանի կիսառողջ ատամներն էլ շուտով կը փտեն... եւ մեզ անհրաժեշտ կը լինի մինչեւ վերջ օգտւել արհեստական ատամներից:
Յաջողութիւն բոլորիս՝
ՍԵԹՕ
 

Յոյս թիւ 22
12 Մարտ 2008