Կարծիքներ 31 եւ 1 լցրած ատամ ներկայացման մասին
Պարսկահայերը ծիծաղում են պարսկահայերի վրայ

Սեթօ Գոջամանեանն ու իր խումբը երկու լուրջ բեմադրութիւններից յետոյ (Ո՞ւր պիտի թաղւենք եւ Շխոնց Միհրանը) այժմ հանդէս են եկել մի երգիծական ներկայացումով, որն հաւանել են թէ՛ հասարակ ժողովուրդը, եւ թէ՛ աւելի զարգացած ու կիրթ ճաշակի տէր մարդիկ։ Անշուշտ չեն պակասում քննադատութիւնները, սակայն բոլորը համակարծիք են, որ խումբը կազմւած է ընդունակ երիտասարդներից (թոյլ տւէք չշռայլել տաղանդաշտ եւ նման ածականներ), եւ ներկայացրած թատրոնը անդրադառնում է մեր համայնքի կենդանի հարցերին։
Ստորեւ ներկայացնում ենք մի շարք անձանց կարծիքներ, որոնք զանազան տեսանկիւններից անդրադարձել են 31 եւ 1 լցրած ատամ ներկայացմանը։

Քսանմիքանի ատամ ու մի քանի քաշւած ատամներ...
Շանթ Բաղրամեան
Գեղարւեստն իր իսկ բնոյթով յաճախ ինքնանպաստ է, այն իր գեղագիտական հակումներից ելած, իւրաքանչիւր դրսեւորումից վերելք է ապրում, սակայն միշտ էլ այդպէս չէ։ Արւեստն իր բազմակողմանի արտացոլումներով ու ձեւերով նաեւ հանդէս է եկել եւ գալիս է գեղագիտական նկատառումներից զատ՝ որպէս այլ նպատակի իրագործման խթան։ Այն մերթ եղել է հասարակական կեանքի վայրիվերումների բացայայտիչը, եւ մերթ՝ քաղաքական, կրօնական, մարդկային մտքերի արտայայտիչը։
Թատրոնն իր արմատային բուն իմաստով նշանակում է՝ ներկայացում, որը ներկայացնող խումբը, անջատւելով հանդիսատեսից, վերացնում է ժամանակի ու վայրի սահմանները եւ մատուցում նախապատրաստած թեման։ Այս լայն բացատրութեան լոյսի ներքոյ, կարելի է թատրոնը համարել հնագոյն արւեստներից մէկը, որն իր դարաւոր պատմութեան ընթացքում թէ՛ եղել է ինքնանպատակ, եւ թէ՛ հանդիսացել այլ մտքերի ու գաղափարների արտայայտիչը։
Իսկ մերօրեայ 31 եւ 1 լցրած ատամ ներկայացում-թատրոնը, զերծ չի մնալու վերոյիշեալ նկատառումներից։ Ենթադրւում է, որ 31-ի նպատակն է հասարակական կեանքը քննադատել։ Նմանատիպ աննախադէպ երեւոյթի կազմակերպիչներն ու հովանաւորները, ոչ թէ ակնկալել են գեղարւեստական վերելք` պարզ օրինակելով Հայաստանում 32 ատամի ներկայացման ֆորմատը, այլ՝ նրանք ջանացել են քննադատել թեհրանահայ համայնքի հասարակական կեանքը, եւ ահազանգ հնչեցնել, որ գտնւում ենք օրհասական վիճակում, եւ իրօք համայնքը բռնել է նահանջի ճամբան թէ՛ որակային (ամենալայն մասշտաբով) եւ թէ՛ քանակային առումով։
Մինչ այս, Սեդրակ Գոջամանեանի թատերական շարանը, որն սկսւեց Կարապենցի Ո՞ւր պիտի թաղւենք վերանայւած պիեսով, եւ ապա Շխոնց Միհրան-ով գրաւեց հասարակութեանը՝ նրան նորից հաշտեցնելով Կոմիտաս թատերասրահի հետ, անկասկած մասնագիտական առումով անթերի չէր, բայց եւ արտացոլումն էր բեմադրիչի բարձր գեղագիտական ճաշակի ու հետեւողականութեան, որով եւ կարողացաւ անել այն, ինչը երկար տարիներ մեր համայնքի արւեստագէտները չէին յաջողել։
Իսկ այժմ 31 ատամը։ Ակնյայտ է, որ այն չի կարող դասւել Սեթոյի այն աշխատութիւնների շարքում, որտեղ գերակշռողը գեղարւեստն է։ 31 ատամը հասարակական վէրքերի բացայայտիչն է եւ դեռ աւելին՝ նրա պարզ հայելին է, որի անդրադարձը այդքան հոգեհարազատ էր մեզ։ Սակայն արդիւնքում հանդիսատեսը կանգնում է մի հարցի առաջ՝ ո՞վ պիտի դառնայ մեր համայնքի վէրքերի բուժիչը, ո՞վ պիտի հասցնի համայնքին ակռայաբոյժի մօտ՝ խուսափելու 1-ից աւելի լցրած ատամներ ունենալուց։
Հարցը յստակ է, եթէ կայ այս համայնքում այն խաւը, որն իրեն համարում է մտաւորական, հասարակական գործիչ, միութենական, ազգային, եւ 31-ի ներկայացման մշակողներ, պատրաստողներ ու հովանաւորներ, ապա պիտի Սեթոյի 31 ներկայացման աւարտին, իսկոյն մտածի թէ՝ ցաւը պարզ է, պիտի փնտրել ցաւազրկիչը։
Եթէ ոչ մենք դեռ պիտի տեսնենք՝ քսանմիքանի ատամ ու մի քանի քաշւած ատամներով մեր կեանքը բեմում, եւ Ո՞ւր պիտի թաղւենք-ները պիտի դառնան լոկ մշուշապատ մի յուշ
Աննախադէպ երեւոյթ

Ալբերթ Բեգիջանեան
31 եւ 1 լցրած ատամը իր իսկ ձեւով ու ներկայացմամբ աննախադէպ երեւոյթ էր ու բաւականին յաջող։ Պիտի խոստովանել թէ նմանատիպ ներկայացման բացը զգալի էր մեր համայնքում եւ 31-ը կարողացաւ արդարանալ իր նախատեսած առաքելութիւնը կատարելու առումով։ 31-ին չի կարելի գեղարւեստական թատրոն համարել, սակայն անհերքելի է նաեւ այն փաստը, որ 31 ատամ-ի կազմակերպիչներին յաջողւեց գրաւել համայնքի համակրանքը։ Երկար տարիներից յետոյ նորից սրահները դարձան լեփ-լեցուն, եւ սա ողջունելի է։ Այս ներկայացումը ապացուցեց, որ դեռեւս հնարաւոր է՝ ճանաչելով ժամանակի պահանջը, ներկայացնել այնպիսի մի աշխատանք, որով նորից թեհրանահայ համայնքը հաշտւի բեմի հետ։
Դրանով հանդերձ, որ մերթ նրանց ներկայացումը դառնում է մակերեսային, սակայն կարելի է սպասել, որ վերոյիշեալ խումբը երգիծական թատրոնում աւելի մասնագիտանալով, շարունակի գոյատեւել որպէս թատերական մնայուն խումբ եւ մեր սրահները դարձնի լեփ-լեցուն ։
Այս ներկայացումը չի կարող դասւել Սեթոյի այն աշխատութիւնների շարքում, որտեղ գերակշռողը գեղարւեստն է։

Յոյս թիւ 19
30 Յունւար 2008