Արդեօք պիտի զարմացնե՞լ ընթերցողին
Էրիկ Էմմանուէլ Շմիթի պատմողական արւեստի մասին

Դւին Գալստեան

Ամուսիններից քանի՞սն են հակւած սպանել իրենց զոյգին։ Երեւի հարցս ապշեցրեց ձեզ։ Ուրեմն եկէք փորձենք հետեւեալ հայեացքով նայել հարցին։ Երբ տարիները մոռացութեան են տալիս առաջին օրերի սէրն ու կիրքը, արդեօք ամուսնական կեանքը դառնում է բանտի նման մի բա՞ն, ուր իրար հետ, բայց իրարից հեռու, ապրում են կինն ու տղամարդը։ Այս հարցը հասարակութեան մէջ սովորաբար մնում է չարծարծւած։
Ահա, այս նոյն հարցը դարձել է Էրիկ Էմմանուէլ Շմիթի (Eric Emmanuel Schmitt) թատերգութիւններից մէկի հիմնական առանցքը։ Երբ վարագոյրը բացւում է, կինն ու իր ամուսինը հիւանդանոցից վերադարնում են տուն։ Ժիլը ինչ որ անյայտ պատահարի արդիւնքում չի յիշում անցեալին կապւող որեւէ բան՝ կնոջը, իրենց բնակարանը, իր գրասեղանը եւ Նա կնոջ հետ խօսում է դուք-ով։ Իսկ Լիզան շփոթւած է եւ աշխատում է ամուսնուն օգնել, որպէսզի նա կարողանայ վերյիշել անցեալը։
Մինչեւ այստեղ ամէն ինչ թւում է տրամաբանական։ Իսկ կայ նուրբ մի կէտ։ Լիզան փորձում է ամուսնուն յուշել իրակա՞ն անցեալը, թէ՞ իր երեւակայութիւններից ու երազանքներից բխող անցեալը։ Երեւի յարմար պահ է ստեղծւել կնոջ համար, որպէսզի նա ամէն ինչ կարգաւորի այնպէս՝ ինչպէս միշտ երազել է։ Նա օգտւելով այս հնարաւորութիւնից իր ամուսնու համար ստեղծում է իր հեքիաթը։
Միւս քայլում Շմիթը սկսում է իր զարմանալի արկածների ընթացքը։ Սկզբում պարզւում է, որ Ժիլը լրիւօրէն չի մոռացել իր անցեալը։ Նա Լիզային խոստովանում է, որ ինքը հիւանդանոցում վերականգնել է իր յիշողութիւնը եւ միմիայն չի յիշում, թէ ինչ է պատահել իր հետ հիւանդանոց տեղափոխւելուց առաջ։ Պարզ է, Լիզան սկսում է պատճառաբանել իր ոչ-իրական խօսքերը եւ թւում է Ժիլը հաւատում է նրան։
Այստեղ Շմիթը, Լիզայի խօսքերով, մէկ անգամ եւս զարմացնում է ընթերցողին, երբ նա Ժիլին պատմում է իրականութիւն-ը։ Պարզւում է Ժիլը փորձել է սպանել Լիզային, եւ Լիզան իրեն պաշտպանելու համար արձանիկով հարւածել է Ժիլի գլխին։ Ու Լիզը փորձում է բացատրել։ Իբր թէ ինքը ուզել է լքել Ժիլին, բայց նա անհաւասարակշիռ պայմաններում փորձել է խեղդել նրան։
Ընթերցողին թւում է, թէ արդէն բացայայտւել է ամէն ինչ, երբ Շմիթը ընթերցողին ապշեցնելու շարանը հասցնում է բարձրակէտին եւ վերջին հարւածով նրան գամում է աթոռին։ Իսկ ի՞նչն է այսքան զարմանալի։ Թատերգութեան այս կէտում բացայայտւում է, որ Ժիլը ոչ մի բան էլ չի մոռացել եւ յիշում է ամէն ինչ. այն ինչ պատահել է հիւանդանոց տեղափոխւելուց առաջ։ Նա յիշում է, թէ ինչպէս Լիզան արձանիկով հարւածեց իր գլխին եւ փորձեց իրեն սպանել։
Խօսակցութիւնը շարունակւում է երկու ամուսինների միջեւ, մինչեւ նրանք անդրադառնում են այս բարդ գործընթացի պատճառները եւ վերջապէս փորձում են վերսկսել իրենց ամուսնական կեանքը՝ հէնց այն կէտից, որտեղից սկսել էր այն՝ իրենց առաջին հանդիպումից։ Շմիթը այստեղ հակւած է այն մտքին, թէ զոյգը իր ժամանակի ընթացքում դատապարտւած է կործանման եւ դրան փրկելու համար պիտի ամէն ինչ սկսել սկզբից։ Այսպիսով թւում է, թէ ժամանակը շրջանաձեւ պտոյտով հասնում է իր սկզբնակէտին։
Էրիկ Էմմանուէլ Շմիթը ծնւել է 1960 թ.-ի Մարտի 28-ին Ֆրանսիայում։ Նա փիլիսոփայութեան դոկտորի աստիճանը ստացել է Փարիզի Էկոլ Նորմալ Սուպերիոր հռչակաւոր համալսարանից։ Քանի տարի դասաւանդելուց յետոյ նա փորձում է թատերգութիւններ գրել եւ 1993 թ. Այցելու թատերգութեան համար շահում է Մուլիեռի մրցանակը։ Նա գրել է թատերգութիւններ եւ կարճ պատմւածքներ, որոնց համար շահել է տարբեր մրցանակներ։ Նրա գործերը թարգմանւել են աւելի քան 30 լեզուների։
Այսօր, Իրանում մեծ ճանաչում են գտել Շմիթի գրքերը։ Նրա գործերի մեծ մասը արդէն թարգմանւել է պարսկերէնի եւ մեծ ընդունելութիւն գտել ընթերցող հասարակութեան մօտ։ Նրա գրքերը վերջին ամիսների ընթացքում, գտնւում են Թեհրանի գրախանութների բեսթսելըր գրքերի աղիւսակների բարձր հորիզոնականներում։
Այս փաստը առիթ է տալիս մտածելու այն մասին, թէ ի՞նչն է Շմիթի յաջողութեան բանալին եւ նա ինչպէ՞ս է կարողանում աթոռին գամել թէ՛ արհեստավարժ եւ թէ՛ ոչ-արհեստավարժ ընթերցողին։ Այն ինչ պարզ է, նա իր բոլոր գործերում օգտւում է ընթերցողին անգամներ եւ աստիճանաբար զարմացնելու հնարքից։ Գուցէ նա փորձում է այդ զարմանքի պահին, խորք տալ արծարծւող նիւթին եւ ընթերցողին աւելի շօշափելի ձեւով հաղորդակից դարձնել անց ու դարձին։ Միաժամանակ քիչ չեն եղել այն պահերը, երբ զգացել եմ, որ նա զարմացնելով խորամանկում է եւ իր գրւածքի գեղարւեստական նւազութիւնը փորձում է ծածկել ընթերցողին ապշեցնելով։
Դատողութիւնը մնում է ձեզ։ Յամենայն դէպս, վստահ եղէք, որ նրա ստեղծագործութիւնները ընթերցելով մեծ բաւարարութիւն կը ստանաք։

Յոյս թիւ 21
27 Փետրւար 2008