ԵՐԵՒԱՆԻ ՀԱՅՖԵՍՏ 8 ԹԱՏՐՈՆԻ ՓԱՌԱՏՕՆՈՒՄ

4 ԻՐԱՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐ


Լիլիթ Ամիրխանեան

 


Իւրաքանչիւր մարդ ունի 5 զգացողութիւն` տեսողութիւն, լսողութիւն, հոտառութիւն, համի եւ շոշափելու զգացողութիւն: Վերջինս ինձ համար չափազանց կարեւոր է: Դա է աշխարհի հետ շփման ամենա-գլխաւոր զգացումը, միւսները միայն ընդունում են կամ չեն ընդունում դա: Միայն հպւելով ենք կարող զգալ եւ փոխել աշխարհը, նոյնը վերաբերւում է նաեւ արւեստին` մեր դէպքում թատրոնին: Պիտի լարենք 5 զգացողութիւնները` պարզելու համար, թէ ով է լինելու յաջորդը":
Այսպէս սկսեց բացման իր խօսքը "Հայֆեստ" միջազգային թատերական փառատօնի նախագահ Արտուր Ղուկասեանը: "Հայֆեստ" ամենամեայ փառատօնն անց կացւեց 8-րդ անգամ` Հոկտեմբերի 1-ից 8-ը: Առաջին օրը` բացմանը Ստանիսլաւսկու անւան դրամատիկական թատրոնը, որտեղ մեկնարկւեց փառատօնը, լի էր արւեստի եւ յատկապէս թատերական գործիչներով:
Այս տարի առանձնայատուկ տեղ ունէին իրանական ներկայացումները: Ինչպէս տեղեկացանք հէնց Արտուր Ղուկասեանից սկզբում նախատեսւած է եղել 5 իրանական ներկայացում, սակայն թատրոններից մէկը տեխնիկական պատճառներով չկարողացաւ ժամանել: Այսպիսով, հայ հանդիսատեսը ականատես եղաւ 4 իրանական ներկայացման: Առաջին օրը փառատօնը բացեց իրանական "Ղեսսեհ" թատրոնը իր "Աննատ" ներկայացմամբ: Ներկայացման նւազագոյն դէպքերը, էլեմենտներն ու սիմւոլները ներկայացնում են սովորական կնոջ կեանքն ու կենցաղը, նրա առօրեան, հոգսերն ու անելիք-ները տարբեր տարիքային շր-ջաններում`երիտասարդութիւնից մինչեւ ամուսնութիւն, մայրութիւն, հասուն տարիք: Ներկայացման մասին իր տպաւորութիւններով մեզ հետ կիսւեց դերասան Միքայէլ Պօղոսեանը.
-Մտայղացումը ինձ դուր եկաւ: Կարելի էր աւելի շատ փիլիսոփայել: Ըստ իս սիմւոլները մի փոքր միօրինակ էին ու կրկնւող, բայց ընհանուր առմամբ ներկայացումը մտածելու տեղիք տւեց: Ինձ աւելի շատ գաղափարը դուր եկաւ, քան կատարումը:
Երկրորդ իրանական գործը, որին ականատես եղաւ հայ հանդիսատեսը "Ագրէէն" թատրոնի "Կայարան" ներկայացումն էր: Երկու տարբեր ազգերի ներկայացուցիչներ գնացքից ուշանալով հանդիպում են կայարանում: Նրանք երկուսն էլ միմեանց լեզուն չհասկանալով հանդերձ կարողանում են հաղորդակցւել եւ հետաքրքիր շփում ստեղծել: Նրանց շփումը լի էր բազմաթիւ զւարճալի դրւագներով, որը հանդիսատեսին լիաթոք ծիծաղելու առիթ տւեց: Այս ներկայացումը փաստում է, որ միմեանց լեզուն չհասկանալով անգամ, մարդիկ կարող են ընդհանրութիւններ գտնել, հաղորդակցւել եւ կապ հաստատել, քանի որ բոլորս էլ անկախ ամէն ինչից ապրում ենք նոյն արեւի տակ:
Յաջորդը "Crazy body" ("Խենթ մարմին") թատրոնն էր, որը հանդէս եկաւ "Զարմանա-հրաշ նւէրը" ներկայացմամբ: Մթութեան մէջ հնչող խորհրդաւոր երաժշտութեան հնթիւնների ներքոյ հերոսը ներկայանում է իր մարմնի ճկուն շարժումներով: Այդ ընթացքում վերեւից իջնում է մի տիկնիկանման մարդուկ, որը հա-ւանաբար հերոսի` մարդ արարածի, երկրորդ "ես"-ն է: Այդ մարդուկը կոնֆլիկտի մէջ է մտնում հերոսի հետ, այսինքն` մարդու մէջ ապրող հակասական "ես"-երը սկսում են պայքարել միմեանց դէմ: Անընդմէջ ընդդիմանալով միմեանց վերջում յաղթում է մարդուկը, մարդու մէջ ապրող "ես"-երից մէկը:
Վերջին ներկայացումը "Էդէ" թատրոնի "Շրջանի ամենալաւ մաման" ներկայացումն էր, որ պարսկերէն լեզւով էր եւ ամբողջութեամբ երկխօսութեան տեսքով: Հայ հանդիսատեսը իհարկէ փոքր ինչ դժւարացաւ ըմբռնել այն, սակայն ինչպէս նշեց ներկայացման բեմադրիչը դիմախաղն ու միմիկաները հասկանալի են աշխարհի իւրաքանչիւր վայրում: Իսկ "Շրջանի ամենալաւ մաման" ներկայացման մէջ դիմախաղը շատ մեծ տեղ ունէր: Ներկայացման սիւժէն հետեւեալն է` եղբայրը գալիս է տուն երկար բացկայութիւնից յետոյ: Քոյրը զարմանում է` եղբորը տեսնելով: Նրանք երկար խօսում են, յանակարծ պարզւում է, որ իրենց մօր սիրեկանը բռնաբարել է քրոջը: Մեր այն հարցին, թէ ինչ արձագանք է ունեցել "Շրջանի ամենալաւ մա-ման" Իրանում` նրանք պատասխանեցին, որ 30 օր յաջող ներկայացումներ են տւել Թեհրանում:
Այսպիսով Հոկտեմբերի առաջին շաբաթը, որն ի դէպ ուղեկցւեց երեւանեան յորդառատ անձրեւներով, մօտեցաւ իր աւարտին: Յուսանք, որ "Հայֆեստ"-ը դեռ շատ հանդիպումներ կը կազմակերպի տարբեր ազգերի թատերական գործիչների եւ թատերասէրների միջեւ: Չէ, որ այն աշխարհը ճանաչելու եւ նոր դէմքեր բացայայտելու եզակի միջոցներից է:

 

Յոյս թիւ 85

27 Հոկտեմբեր 2010