ԼԷՈՆԱՐԴՕ ԱԼԻՇԱՆԻ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ
 

ԱՆՑԵԱԼԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՐԴՈՒ ՏԵՍԱՆԿԻՒՆԻՑ

Գուրգէն Արզումանեան

 


ԱՄՆ-ի Գլենդէյլում լոյս է տեսել Լէոնարդօ Ալիշանի պատմւածքների հաւաքածուն "Ազատ անկում" խորագրի ներքոյ` անգլերէնով. Լէոնարդօն գրում էր անգլերէն: "Ազատ անկում"-ը նա կազմել էր անձամբ, նախքան իր ողբերգական մահը 2004 թւականին: Գիրքը խմբագրել է Ալիշանի վաղեմի ընկեր` Գուրգէն Արզումանեանը, որը գրել է նաեւ գրքի նախաբանը: Գ. Արզումանեանը արդէն հայերէնի է թարգմանել Ալիշանի պատմւածքների հաւաքածուն, որը յոյս ունի՝ լոյս կը տեսնի այս տարւայ ընթացքում: Ստորեւ ներկայացնում ենք Արզումանեանի համառօտ յօդւածը Ալիշանի գրականութեան մասին եւ նրա նրա թարգմանութեամբ Լէոնարդոյի պատմւածքներից երկուսը:

Լէոնարդօ Փօլ Ալիշանը ծնւել է 1951 թւականին Թեհրանում: Իրանի Ազգային համալսարանը աւարտելուց յետոյ 1973-ին փոխադրւել է Միացեալ Նահանգներ, ուսումը շարունակել է Թեքզասի համալսարանում, ստացել է դոկտորայի վկայական, ապա հաստատւելով Սալթ Լէյք Սիթի, քսան տարի Իւթայի համալսարանում դասաւանդել է համեմատական, ինչպէս եւ պարսկական դասական ու արդիական գրականութիւն: Այդ ընթացքին երկու անգամ արժանացել է լաւագոյն դասախօսի տիտղոսի, իսկ վերջում, մի շարք հանգամանքների բերումով պարտադրական հանգստի է կոչւել եւ ամբողջովին նւիրւել է խմելու եւ ստեղծագործութեան:
Նախկին իր ուսանող Լուշն Սթօնը, այժմ փիլիսոփայութեան եւ կրօնքի դասախօսի օգնական, թերեւս որպէս լաւ դասատուի օրինակ գրում է որ, մի օր Ֆօրուղ Ֆարօխզադի բանաստեղծութեան նւիրւած դասապահին, Ալիշանը մտնում է դասարան եւ իրեն հարց է տալիս թէ երբ է իր մօր հետ խօսել: Նոյն հարցը տալիս է միւս ուսանողներին: Պատասխաններից, երբ անդրադառնում է, որ երկար ժամանակ է նրանք իրենց մայրերի հետ չեն խօսել, բարկանում եւ ասում է« ես չեմ կարող ձեզ Ֆօրուղի գլուխգործոց "Այլ մի ծնունդը" դասաւանդել, երբ դուք անկարող էք գնահատելու այս ծնունդը, որ ունէք: Բոլորին դասարանից վռնդում է« որ գնան ու իրենց մայրերի հետ կապւեն1:
Ալիշանի բանաստեղծութիւնների առաջին ժողովածուն՝ "Պարել ոտաբոպիկ փշրւած ապակիների վրայ"«2 հրատարակւեց 1991-ին, երկրորդ ժողովածուն՝ "Շողակաթիլի միջից"«3 2000-ին: Յետմահու, իր բանաստեղծութիւնների ընտրանի ժողովածուն՝ "Մեռած Մարդու Ստւերը"«4 հրատարակւեց 2011-ին, իսկ "Ազատ անկում"5 պատմւածքների ժողովածուն« նոյնպէս 2011-ին:
Նա մահանում է 2005 թւականին Սալթ Լէյք Սիթիի իր բնակարանում, հրդեհի արկածով, որը նախազգացել եւ գուշակել էր իր ստեղծագործութիւններում շատ անգամներ: "Քչերը"6 բանաստեղծութեան մէջ գրում է.
Ասում են, որ հարբեցողները
պատասխանատու են
ննջարանի շատ հրդեհների:

Ոմանք կարծում են պատճառը այն է որ
նրանք ուշաթափւում են
անկողնու մէջ ծխելիս:

Սակայն քչերին է թւում
պատճառը լինի այն որ
նրանք վառւում են իրենց երազների մէջ:
Չի քօղարկում իր ո՛վ կամ ի՛նչ լինելը, ափերը բաց են, անթաքոյց, ինչպէս կեանքում, այնպէս էլ իր ստեղծագործութիւնների մէջ« ուր շատ յաճախ նկատելի է կերպարի եւ պատմողի եւ հեղինակի նոյնութիւնը:
Այս գրութեամբ կանդրադառնանք իր արձակ ստեղծագործութիւններին եւ թարգմանաբար կը ներկայացնենք նմուշներ Free Fallից: Ընդհանրապէս Լէոնարդօ Ալիշանի համար մեկնակէտն ու նպատակակէտը նոյնն են՝ Ջուղայից Ջուղայ, երթը առարկայական, դարձը երազային, ինչպէս իր գրականութեան երկտարր կարկինի կայուն ու շարժուն ոտքերի շրջագծած գերիրապաշտական ընդարձակ Արմիրանը, որի տիրոյթը սկսում է Իսֆահանի Ջուղայի պապենական տան այգուց, ծաւալւում է մինչեւ հայկական լեռնաշխարհ, հասնում է Խաղաղականի ափերին, ուր եւ բարգաւաճում է երկւութիւնների ու եռակիութիւնների, սփռումի ու աքսորի իր կնքած հայկա-պարսկա-ամերիկեան մշակոյթը:
Ըստ անձնական մի նամակի, գրւած 20 Փետրւար 1998-ին, "Ազատ անկում" պատմւածքների ժողովածուն պատրաստ է եղել ներկայացւելու հրատարակութեան նոյն թւականին, սակայն ինչ-որ պատճառով չի ներկայացւել, կամ ներկայացւել եւ պարզապէս մերժւել է, մնում է անյայտ: Յաջորդող տարիներին ժողովածուն փոփոխութիւններ է կրել եւ ստեղծւել են տարբերակներ:
Առաջին տարբերակը պարունակում է քառասունվեց, ինչպէս հեղինակն է ենթախորագրել՝ "Արձակ բանաստեղծութիւններ, ա-ռակներ, եւ հեքիաթներ": Երկրորդ տարբերակը նոյն խորագրով, այս անգամ առանց ենթախորագրի, պարունակում է յիսունինը պատմւածք: Որոշ պատմւածքները բարեփոխւած եւ որոշներն էլ փոխարինւած են նորերով: Երրորդ տարբերակը երկրորդից նրանով է տարբերւում միայն, որ փոխւել է պատմւածքների հերթականութիւնը: Այսինքն, հեղինակը երկրորդ տարբերակի մեքենագրւած օրինակը ձեռքի տակ ունենալուց յետոյ, ջնջել է էջաթւերը եւ պատմւածքների հերթականութիւնը վերադասաւորել է, անկարող լինելով բովանդակութեան ցանկը համապատասխանեցնելու նոր դասաւորումին: Այս մօտեցումը հասկանալի է դառնում, նկատի առնելով այն հանգամանքը, որ Ալիշանը այն գրողներից էր՝ երբեք չգործածեց գրամեքենայ կամ համակարգիչ, փոխարէնը նա գրեց եւ իր գրածները ուղարկեց իր ընկերներին եւ ուսանողներին, որոնք մեքենագրեցին իր ձեռագրերը: Նա չունէր համակարգչային գրելագործիքների պերճանքը, որ մերօրեայ գրողներից շատերը վայելում են անխտիր:
Ալիշանի գրականութեան հիմնահարցերից մէկը կարելի է համարել գիտութեան եւ արւեստի միատեղումը, օրինակ բերելով "Սեռի փորձ յաղագս ցեղասպանութեան եւ այսավանութեան"7 ուսումնասիրութիւնը, ուր գիտականն ու անձնականը միատեղել է առանց վարանումի, նոյնիսկ կարելի է ասել կատարելագործւած յաջողութեամբ: Դոկտ. Ռուբինա Փիրումեանը, որ ուսումնասիրել է Ալիշանի գրականութեան ցեղասպանութեանը առնչուող եզրերը, համապարփակ մի աշխատասիրութեան մէջ նշում է.
Ալիշանի արձակը շօշափում է մի շարք ընդարձակ նիւթեր: Արեւելեան փիլիսոփայութեան իր խոր իմացութիւնը մարմնաւորւած ա-ւանդական հեքիաթներով ու ասացւածքներով, իրեն ուսումնական եւ փիլիսոփայական զուգահեռների հում նիւթ է հայթայթել: Դա իրեն տւել է կարելիութիւնը պեղելու մարդկային բնազդի ամենախոր շերտերը, պեղելու դրա նւաճող կամքի եւ տիրող կեցւածքի թագուն իղձերն ու կենդանական բնազդները: Սակայն կրկին, երբ հերթը հասել է ասելու Հայկական Ցեղասպանութեան պատմութիւնը, մարտահրաւէրը մնացել է անյաղթահարելի: Նա շարունակաբար մաքառել է գտնելու այդ արտայայտութեան միջոցը« աշխարհին ասելու այդ պատմութիւնը, լաւագոյն կերպով պատկերելու ցեղասպանութեան անբացատրելի ճշմարտութիւնը:8
Թերեւս ճիշտ այդ որոնումների հետեւանքով է, որ նա փորձել է ցեղասպանութեան պատմութիւնը ասել բանաստեղծութեամբ, արձակով, փորձագրութիւնով, նոյնիսկ առաջին ու վերջին անգամ թատերգութեամբ, միշտ էլ արդիւնքից մնալով դժգոհ: Նշեալ "Սեռի փորձ" ուսումնասիրութեան մէջ կարդում ենք, "Մասնաւորը կրում է վկայութիւնը ընդհանուրի, սակայն թէեւ այդ վկայութիւնը ասում է ճշմարտութիւնը եւ ոչինչ բացի ճշմարտութիւնից, ձախողում է ասել ամբողջական ճշմարտութիւնը"9: Այսինքն, Ալիշանի ակնարկած կամ ակնկալած ամբողջական ճշմարտութիւնը, այլ բան չէ, եթէ ոչ երեւակայութեան, զգացումների, երազների, մէկ խօսքով արւեստի մուտքը վկայակոչումի մէջ, այլ բան չէ, եթէ ոչ ենթակայականի ներկայութիւնը առարկայականի մէջ, եւ վերջապէս այլ բան չէ, եթէ ոչ բացարձակ ազատութիւնը խօսքի, ազատւած խօսքի կաշկանդումներից:
Մէկ կողմից ցեղասպանութեան այսը, միւս կողմից Դը Քիրիքոյի արւեստի ոգին, այլայլում են պատանի Ալիշանի ներաշխարհը: Ցեղասպանութիւնն ու արւեստը զուգահեռաբար զարգանում, հասունանում են իր մէջ եւ հետագային ժայթքում են ընտրեալ բառերով որպէս բանաստեղծութիւն: "Դը Քիրիքօն եւ ես" պատմւածքի մէջ գրում է.
Իմ մէկ մասը, իրաւ հիմնական եւ հարազատ մասը, ապրեց Դը Քիրիքոյի ստեղծած աշխարհում: Գոհ էր այդ աշխարհի մէջ: Միւս մասը շարունակեց ապրել ինչ, որ դուք սխալմամբ կոչում էք "մեր" աշխարհը: Նա եւս գոհ էր իր աշխարհի մէջ, ուր շարունակեց քնել գի-շերները, օրը երեք անգամ ուտել, կարմիր լոյսերին կանգնել, եւ փոխադարձաբար ժպտալ մարդուն, որ գլխով է անում եւ ժպտում է: Մենք հանդիպեցինք եւ միացանք միայն այն ժամանակ, երբ բանաստեղծութիւն էր գրւում: Մէկը բերեց տեսիլքը, միւսը լեզուն բոլոր իր քերականական եւ ուղղագրական կանոններով, իր բառերի իմաստներով ու եզրակացութիւններով, եւ այլն: Միասնաբար փորձեցին հաղորդել մի բան: Ազնիւ աշխատանք էր, մարդուն վայել ձեռնարկ: Կարեւոր չէ, որ յաճախ ձախողեցին10:
Եւ հաղորդածը անշուշտ, իր ձեւով ու խորքով, աւելին է պարզ հաղորդումից: Ժամանակի ու վայրի ազդեցութիւնները տարբեր են: Անձը պառակտւած, հետեւաբար անանձնական, ենթակայ է երկւութեան: Ալիշանի արձակում, բանաստեղծական լուծումներն են կաղապարւած ընկալումների յարաբերութիւնները ձեւակերպողը` որքան վերացական, նոյնքան տրամաբանւած եւ համոզիչ:
Օրինակ, "Սիմորղը", հատորի առաջին պատմւածքը, որ նախաբանում է հետագայի գրութիւնները, վաւերական պատմւածքներին վայել մօտեցումով, նախ եւ առաջ տալիս է օրը, ամիսը, նոյնիսկ ժամը դէպքի, սակայն յաջորդող դէպքը՝ կրծքավանդակից սիրտը հանել եւ զննելու անհաւատալի արարքը, անմիջապէս հակադրւում է առաջին մասի իրապաշտական նկարագրութեանը: Այս մօտեցումով, ժամանակը իր ճշգրտութեամբ վաւերացնում է դէպքը, իսկ դէպքը գոյալուծում է ժամանակը, յատկապէս երբ երեւոյթը անուղղակիօրէն համեմատւում է գրութեան սկզբում որպէս բնաբան բերւած եւ այլ ժամանակի պատկանող Պիւթագորասի "սիրտդ մի՛ կեր" արտայայտութեանը: "Սիմորղ"-ի մէջ, ընթերցողը նաեւ կը նշմարի պատմւածքը առաւել համոզիչ դարձնող այլ ուշագրաւ մի համեմատութիւն, անշուշտ Ալիշանին յատուկ ներքին եւ զուսպ զաւեշտով, ուր պարսկական առասպելական շքեղազարդ Սիմորղ հաւքի վայրէջքը տեղացիների կողմից նկատւում է որպէս UFO - չյայտնաբերւած թռչող առարկայ: UFO-ի վկայակոչումը այլ բան չէ եթէ ոչ առասպելական թռչունի իրողութիւնը վաւերացնող փաստ, ինչպէս եւ առասպելն ու գիտութիւնը, անցեալն ու ներկան հաւասարեցնելու փորձ: Ուրեմն թւականը, ժամանակը, այն է ինչ որ անժամանակ դէպքը:
Ալիշանը տարօրինակ զուգահեռներով եւ անսպասելի համեմատութիւններով որեւէ երեւոյթ ա-պացուցելու կամ հերքելու, կամ պարզապէս երեւոյթի նմանութիւններն ու հակասութիւնները դրսեւորելու վարպետ է: Այս արարքը կատարում է այնքան քօղածածկ եւ բնական, որ առաջին ընթերցումով դժւար է նկատել անմիջական արդիւնքը: Առասպելի ու դիցաբանութեան, ինչպէս եւ պատմական դէպքերի ու միջազգային դասական գրականութեան վրայ հիմնւած ստեղծագործութիւնները, անցեալի պատահարները արւեստի միջոցով եւ ճարտարարւեստին վարժ ժամանակակից մարդու տեսանկիւնից դիտելու փորձեր են: Հայկականն ու պարսկականը, յունականն ու ասորականը, մէկ խօսքով Արեւ-մտեանն ու Արեւելեանը միաձուլւելով, կորցնում են իրենց ազգային պատկանելիութիւնը եւ դառնում են միջազգային, հետեւաբար մարդկային սեփականութիւն:
Իւրաքանչիւր պատմւածք այս գրքում առանձնաբար յարաբերում է տարբեր մշակոյթների ու աւանդութիւնների հետ: Միեւնոյն ժամանակ, գրեթէ բոլոր պատմւածքների մէջ բանաստեղծի, բանաստեղծութեան, եւ բանաստեղծականի ներկայութիւնը որպէս համընդհանուր տարր, միաւորում է բոլոր պատմւածքները: Հեղինակը զուգահեռ մեր աշխարհին արարում է այլ մի աշխարհ, ուր մաս առ մաս ընթերցողին հայթայթում է առարկաները տարբեր տեսանկիւնից, աքսորեալներին իւրայատուկ այլուրային աշխարհից դիտելու կարելիութիւնը:
Ընթերցողը անշուշտ կը նկատի թէ ինչպէս երեւակայականն ու իրականը միաձուլւած են ներդաշնակօրէն: Այս ժողովածուի առաջին պատմւածքը, ինչպէս ասւեց, նախաբանական պատմւածք է, ուր դիցաբանական հաւք, Սիմորղը, պատմողին պարգեւում է հրաշագործ սերմեր, որոնք են գրւած պատմւածքները: Միեւնոյն ժամանակ, "Ինչո՛ւ գրել" վերջին պատմւածքում, պատմողը հրատարակիչներից ստանում է մերժումի նամակներ, որովհետեւ ոչ ոք հետաքրքրւած է հայկա-պարսկա-ամերիկեան բանաստեղծութիւններով ու հեքիաթներով:
Առաջին եւ վերջին պատմւածքների միջեւ ինչ որ ծլում եւ հասունանում է այդ սերմերից, աքսորի պտուղն է եւ ինքնութեան տագնապը: "Անէծքը", շատ կարճ պատմւածք, նկարագրում է պարսիկ բանաստեղծի կերպարը աքսորում, ով կորցնում է իր լեզուն եւ ենթարկւում է մեկուսացման: Երբ մի անգամ բանաստեղծը փորձում է խօսել իր կնոջ հետ, կինը ասում է, "Այս ծւծւոցը ի՞նչ է, որ դուրս ես տալիս, ինչո՞ւ չես խօսում"11: Ոմանց համար, մերժւած բանաստեղծութիւնները նոյնն են, ինչ որ ծւծւոցը: Սակայն, վերջապէս բանաստեղծը գտնում է մի լսարան որ կարող է իրեն հասկանալ, դա ճնճղուկների համայնքն է:
Հատորի ընթացքին, ընթերցողը կը նկատի, կախարդանքով գորտի վերածւած իշխանը, վերագտնելով իր նախկին էութիւնը, տարակարծօրէն լճակից լճակ ցատկելու երազն է փայփայում: Եկեղեցիների քրիստոնեայ ճարտարապետը, սուֆիական մենաստաններում է ապաստարան փնտրում: Իսկ արեւապաշտութիւնն ու աստւածապաշտութիւնը համազօրւում են ինչ-որ տեղ: Բոլորն էլ վերացական են, սակայն համոզիչ, որը կարելի է վերագրել գրողի ոճին, ակունքւած իր մտքի գրականագիտական եւ հաւասարապէս գեղարւեստական կարողութիւններից:
 


1-Leonardo Alishan, Dead Man’s Shadow, collected poems, edited with an introduction by Lucian Stone, afterword by M. R. Ghanoonparvar, California, Blind Owl Press, an imprint of Mazda Publishers, 2011, xxxii.
2-Leonardo Alishan, Dancing Barefoot on Broken Glass, poems, New York, Ashod Press, 1991.
3-Leonardo Alishan Through a Dewdrop, a collection of haiku, senryu, and tanka, Glendale, Open Letter, 2000.
4-Alishan, Dead Man’s Shadow.
5-Leonardo Alishan, Free Fall, collected short stories, edited with an introduction by Gourgen Arzoumanian, California, Blind Owl Press, Mazda Publishers, 2011.
6-Alishan, Dead Man’s Shadow, 133.
7-Leonardo Alishan, “An Exercise on a Genre for Genocide and Exorcism,” in The Armenian Genoside: History, politics, Ethics, edited by Richard G. Hovannisian. New York: St. Martin's Press, 1992, 340-354.
8-Rubina Peroomian, “The Restless World of Leonardo Alishan (March 1951 - January 2005): A Burnt Offering on the Altar of the Armenian Genocide.” In Genoside Studies and Prevention 1,3 (December 2006), 389-303.
9-Alishan, “An Exercise”, 352.
10-Alishan, Free Fall, 98.
11-ibid., 168

 

Սիմորղը

Լէոնարդօ Ալիշան

 

 

«Յոյս» թիւ 99

1 Յունիս 2011