ՆՓԱԿ-ՈՒՄ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՐՒԵՍՏԻ ՓԱՌԱՏՕՆ

 

Լիլիթ Ամիրխանեան

 


ՆՓԱԿ-ում` Նորարար Փորձառական Արւեստի Կենտրոնում, Ապրիլի 8-ին բացւել էր Այլընտրանքային արւեստի տասնհինգերորդ փառատօնը: Փառատօնն ունէր մի շարք ենթաբաժիններ` կերպարւեստ, կատարողական արւեստ (թատրոն, կինօ), երաժշտութիւն, գրականութիւն (արւեստաբանութիւն):
Փառատօնն իր ձեւաչափով միանգամայն այլընտրանքային էր եւ ինչպէս նշեց փառատօնի համադրող Արփա Յակոբեանը յայտեր ընդունելուց թեմատիկ եւ քանակային սահմանափակումներ չեն եղել:
Մենք կանդրադառնանք այլընտրանքային փառատօնի երա-ժշտական բաժնին: Ապրիլի 16-ին հերթը երաժիշտներինն էր: Հանդէս եկած սկսնակ կատարողներից ու խմբերից էին` Նարեկ Ասրեանը, Նարինէ Երանոսեանը, "Ճիճու",’’Crimesterdam’’,’’Colors of Music’’,’’Warm Rain’’,’’Miq’s Art Project’’,’’Pogo Right’’,’’Unknown Artists’’,’’Zangezi’’ խմբերը եւ այլն:
Երաժշտական բաժնի պատասխանատու Հրանտ Աբազեանի խօսքերով այս պարագայում եւս որեւէ սահմանափակումներ չեն դրել, միակ պահանջը եղել է այն, որ տւեալ կատարողը կամ խումբը լինի սկսնակ եւ ներկայացնի ոչ թէ cover, այլ հեղինակային ստեղծագործութիւններ:
Ոճերը տարբեր էին` ռոք, ջազ, ալտերնատիւ, աւանգարտ, բրիտփոփ եւ այլն: Իսկ այս ամէնի նպատակն այն է, որ անփորձ, սկսնակ խմբերը հնարաւորութիւն ունենան ելոյթ ունենալ մարդկանց առջեւ եւ փորձ ձեռք բերել երաժշտական ոլորտում :
Զրուցեցինք "Conceptual" խմբի ստեղնաշարային գործիքներ նւագող եւ ոկալիստ Սալւինա Ասլանեանի հետ.
-Մենք հանդէս ենք գալիս աւանգարտ ալտերնատիւ ոճում եւ սա առաջին փառատօնն է, որ մասնակցում ենք: Մեր խումբը մի քանի ամիս է, ինչ հիմնադրել ենք ու սկսել ենք փորձեր անել: Աշխատում ենք նաեւ cover-ներ չանել եւ ստեղծել հէնց մեր երգերը: Ճիշտն ասած մենք առանց նախապէս պլանաւորելու ենք մասնակցում փառատօնին, նոյնիսկ ցանկում չկանք, մեր խմբի Հրաչը հէնց այսօր ինձ ու մնացած անդամներին ասաց փառատօնի մասին, եւ յանպատրաստից եկել ենք մասնակցելու եւ այժմ կենտրոնացած ենք միայն կատարման վրայ:
Մասնակիցները սկսեցին հանդէս գալ երեկոյեան ժամը 5-ին եւ այդ օրը մի քանի ժամ շարունակ ՆՓԱԿ-ում մեծ աշխուժութիւնը չէր դադարում: Ես ինքս եւ կարծում եմ ինձ նման շատերը իրենց համար նոր խմբեր բացայայտեցին:
Նարինէ Երանոսեանը, ով հանդէս եկաւ փոփ-ռոք ոճում մեր այն հարցին, թէ ինչ տւեց նրան այս փառատօնը պատասխանեց.
-Մեծ լիցքեր, հանդիսատեսի հետ անմիջական շփում եւ էլ աւելի մեծ էներգիա շատ աշխատելու, ապացուցելու, որ կարող ես աւել լաւ երգել... Նաեւ փորձառութիւն:
Վերջում յիշեցնեմ, որ սա ռոք համերգ չէր, այլ այլընտրանքային (ալտերնատիւ) փառատօն, որի շնորհիւ շատ նորայայտ խմբեր հնարաւորութիւն ունեցան իրենց ներկայացնելու եւ մարդկանց առջեւ հանդէս գալու:

 

«Յոյս» թիւ 97

4 Մայիս 2011