ԿՈՄԻՏԱՍԸ
ԱՐՀԱՒԻՐՔՆԵՐԻ ՀԱՒԱՔԱԾՈՅ


Հազիւ թէ գտնել ուրիշ արւեստագէտի, որի կեանքը Կոմիտասի չափ լի լինի արհաւիրքներով. մի մարդ, որի արւեստը հաճոյք է պատճառել եւ դեռ պատճառում միլիոնաւոր ունկնդիրների, եւ որը փրկել է հայ ժողովրդի մշակութային ստեղծագործութեան` երգի ու երաժշտութեան կարեւոր մասը ոչնչացումից, ինքն ապրել է այնպիսի ողբերգական կեանքով որի իւրաքանչիւր դրւագը բաւական կը լինէր խորտակել մարդու, եւ որին նա սակայն դիմակայել է՝ ուժ առնելով ինքն իր համար բնութագրած մեծ առաքելութիւնից: Որ-բութիւն, կղերականութեան կողմից ահարկու զրպարտումներ եւ ճնշումներ, չբաւարարւած սէր, եւ ի վերջոյ՝ աքսոր, ահռելի ոճրագործութեանը ականատես լինել, մահւան ստւերը գլխի վերեւն զգալ եւ խելագարութիւն... Ասես նրա կեանքը ամբողջովին պայքար է՝ այդ բոլորով հանդերձ, լաւատես լինելու: Սակայն վերջին հարւածը այլեւս անտանելի է դարձնում նրա կեանքը: Արդեօք նա իրապէս խելագարւե՞լ է թէ՞ գերադասել է քսան տարի լռութիւն պահպանել, տեսնելով պատմական ամենաահարկու ոճրագործութիւնները այլեւս, առօրեայ կեանքի հաճոյքները անհասկանալի եւ անիմաստ են դարձել նրա համար եւ հրաժարւել է այդ կեանքից: Այսպիսի ողբերգական կեանք ապրած մարդը յօրինել է մեր երաժշտութեան ամենագեղեցիկ, խորքում թախծոտ գործերը, որոնք բոլորն էլ ներշնչւած են հայ հոգեւոր եւ ժողովրդական երաժշտութիւնից, բայց եւ միաժամանակ Կոմիտասինն են. ասես արւեստագէտը, իր ժողովրդի նւագներում գտնում է իր անձնական ճակատագրի ամենացայտուն արտայայտութիւնը:

Ռ.Ս.


 

 

ԿՈՄԻՏԱՍԻ ԿԵԱՆՔԸ ԸՍՏ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԻ
 

1869, Քեօթահիա (Թուրքիա)- 1935, Փարիզ
Հայ կոմպոզիտոր, երաժիշտ-բանահաւաք, երաժշտագէտ, երգիչ, խմբավար եւ մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրը: 1881-ին որբացած պատանուն բերել են Էջմիածին եւ ուսման տւել Գեւորգեան հոգեւոր ճեմարանում, ուր գեղեցիկ ձայնի եւ երաժշտական ունակութեան համար յատուկ ուշադրութիւն է դարձւել նրա երաժշտական դաստիարակութեանը: Սահակ Ամատունու ղեկավարութեամբ հիմնովին ուսումնասիրել է եկեղեցական երաժշտութեան տեսականն ու գործնականը, հայկական նոտաներով հեղինակաւոր աղբիւրներից գրի առել հնագոյն հոգեւոր եղանակներ: Ապագայ կոչման համար վճռական նշանակութիւն է ունեցել նրա ամեն-օրեայ շփումը Արարատեան դաշտի գեղջկական երգերին, որոնք նոյնպէս վաղ հասակից գրի է առել եւ ուսումնասիրել: Ստեղծագործական փորձերը սկսել է 1890-ական թթ. սկզբից՝ Խ.Աբովեանի, Յ.Յովհաննիսեանի, իր կրտսեր դասընկեր Ա.Իսահակեանի եւ այլոց բանաստեղծութիւններով երգեր եւ խմբերգեր, ինչպէս նաեւ գիւղական ու քաղաքային ժողովրդական երգերի դաշնակումներ յօրինելով: 1891-ին "Արարատ" ամսագիրը տպագրել է նրա "Ազգային օրհներգ"-ը (խօսք՝ ճեմարանի ուսանող Ա.Թաշճեանի)՝ երկձայն, միաժամանակ նաեւ եռաձայն ու քառաձայն խմբի համար: 1893-ին ճեմարանն աւարտելով՝ նշանակւել է տեղի երաժշտութեան ուսուցիչ եւ խմբավար՝ Մայր տաճարում: 1894-ին ձեռնադրւել է կուսակրօն աբեղայ, նրան շնորհել են եօթերորդ դարի բանաստեղծ ու երաժիշտ կաթողիկոս Կոմիտասի անունը, իսկ 1895-ին դարձել է վարդապետ եւ այնուհետեւ կոչւել Կոմիտաս Վարդապետ: Նոյն տարւայ աշնանը Թիֆլիսում մի կարճ ժամանակ Մ. Եկմալեանի մօտ հարմոնիա պարապելուց յետոյ, 1896-99-ին ուսումը շարունակել եւ աւարտել է Բեռլինում՝ Ռ. Շմիդտի մասնաւոր կոնսերւատորիայում եւ Արքունական համալսարանում (ուսուցիչների թւում, բացի Ռ.Շմիդտից, եղել են Օ. Ֆլայշերը, Հ.Բելլերմանը, Մ.Ֆրիդելենդերը), ուսումնասիրել է կոմպոզիցիայի տեսութիւն, երաժշտութեան պատմութիւն, նաեւ հոգեբանութեան, ու փիլիսոփայութեան, մշակել է ձայնը, սովորել դաշնամուր, երգեհոն, խմբավարութիւն: Դարձել է Միջազգային երաժշտական ընկերութեան (ՄԵԸ) առաջին անդամներից, Բեռլինի բաժանմունքի ժողովներին հանդէս եկել հայ երաժշտութեան ուսումնասիրութիւններով, գերմանացի երգիչներից կազմած քառեակով ցուցադրել ժող. երգերի իր դաշնակումները, աշխատակցել ընկերութեան հանդէսին: Այդ տարիներին գրել է երգեր, ռոմանսներ եւ խմբերգեր գերմանացի բանաստեղծների խօսքերով, մշակել ժող. երգեր:
Վերադառնալով Էջմիածին՝ եռանդուն շարունակել է գիտական եւ մանկավարժական աշխատանքը (նշանաւոր աշակերտներից են Ս.Մելիքեանը եւ Հ.Յարութիւնեանը), խորացել կոմպոզիցիայում, այլ գործերի հետ (գեղջուկ երգերի մշակում ձայնի, երգչախմբի համար, Յ. Թումանեանի, Յ. Յովհաննիսեանի խօսքերով ստեղծագործութիւններ) ձեռնարկել է "Անուշ" օպերայի ստեղծմանը, ճեմարանի խմբով համերգներ տւել Էջմիածնում, Երեւանում Թիֆլիսում ու Բաքւում:1906-ին ֆրանսիական "Լամուրեօ" համերգային ընկերութեան երգչախմբով հայ ժող. ու հոգեւոր երգերն իր մշակումներով, հայոց լեզւով, ցուցադրել է Փարիզում, նոյն երգերի մասին Ռ. Ռոլանի "Սոցիսլական գիտութիւնների բարձրագոյն դպրոցում" կարդացել դասախօսութիւն (1907): Համերգներ է տւել եւ դասախօսել նաեւ Շւէյցարիայի քաղաքներում եւ Վենետիկի Մխիթարեան միաբանութիւնում: 1910-ին, Էջմիածնի վանական միջավայրն իր գործունէութեան համար նեղ նկատելով, տեղափոխւել է Կ. Պոլիս, կազմել բազմամարդ "գուսան" (1912-ից "Հայ գուսան") երգչախումբը: Մասնագէտ երաժիշտներ պատրաստելու նպատակով երաժշտութեան տեսութեան առանձին դասեր է տւել երգչախմբի մի շարք մասնակիցների (Բ.Կանաչեան, Մ. Թումաճեան, Վ. Սարգսեան, Վ. Սրւանձտեան, Հ. Սեմերճեան, որոնք յայտնի են "Կոմիտասեան հինգ սաներ" անունով): Խմբեր է կազմակերպել եւ համերգներով ու դասախօսութիւններով, Կ. Պոլսից բացի, հանդէս եկել նաեւ Քեօթահիայում, Բրուսայում, Ադաբազարում, Իզմիրում, Արմաշում, Պարտիզակում, Ալեքսանդրիայում ու Կահիրէում: Մամուլում նշւել է Կոմիտասի արւեստի նշանակութիւնը ոչ միայն հայերի, այլ Արեւելքի այլ ժողովրդների երաժշտութեան զարգացման համար: 1913-ին Կ. Պոլսի "Ազատամարտ"-ում տպագրել է "Հայն ունի ինքնուրոյն երաժշտութիւն" հրապարակախօսական բնոյթի փայլուն յօդւածը: 1914-ին Փարիզում հայկ.ժող. եւ հոգեւոր երաժշտութեան վերաբե-րեալ մի քանի զեկուցումներով հանդէս է եկել ՄԵԸ հերթական կոնգրեսում: Աւստրիական նշանաւոր երաժշտագէտ Է.Վելլեշը Կոմիտասի երգերին այստեղ ծանօթանալով՝ հետագայում նրան բնութագրել է որպէս ներդաշնակութեան եւ պոլիֆոնիայի հազւագիւտ վարպետի:
Բնակւելով Կ.Պոլսում՝ Կոմիտասը մասնակցել է նաեւ թուրք. մշակութային կեանքի, թուրք բանաստեղծների հետ բարեկամական կապեր է պահպանել, երգեր յօրինել Մեհմետ Էմինի խօսքերով, զանազան երաժշտական յանձնաժողովներում բերել իր հեղինակաւոր մասնակցութիւնը, Ստամբուլի Բայազէտ թաղի "Թուրք օջախ" մշակութային կենտրոնի յատուկ հրաւէրով դասախօսել նրա 1915-ի Ապրիլի 2-ի եւ 3-ի բացառիկ երեկոյթներին, մեներգել եւ իր երգչախմբով կատարել է իր ստեղծագործութիւնները, որոնք մեծ ընդունելութիւն են գտել: Նոյն 1915-ի Ապրիլի 24-ին թուրք. կառավարութեան ձեռնարկած հայկական կոտորածը (տես Մեծ Եղեռն) անսպասելիօրէն ընդհատեց Կոմիտասի բեղմնաւոր գործունէութիւնը. Եղեռնի տպաւորութեան տակ, ինչպէս նաեւ անձամբ կրելով աքսորի մղձաւանջը, նաեւ կորցրեց մտաւոր հաւասարակշռութիւնը եւ մինչեւ կեանքի վերջը (1919-ից՝ Փարիզի հոգեբուժական հիւանդանոցներում) չապաքինւեց: Հիւանդութեան առաջին տարիներին զգալի տուժեց նաեւ նրա ձեռագրային ժառանգութիւնը, յատկապէս ցրիւ եկաւ դրա երաժշտագիտական բաժինը, որը բացի ժող. արւեստի ուսումնասիրութիւններից պարունակում էր նաեւ հայ միջնադարեան խազային նոտագրութեան վերծանութիւնը:

 

 

 

ԿՈՄԻՏԱՍԻ ԳՈՐԾԸ
 

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԵՐԻ ՀԱՒԱՔՈՒՄ ԵՒ ՄՇԱԿՈՒՄ
Կոմիտասը իր հաւաքած ժող. երգերը յայտնաբերել է գեղջկական կենցաղի ընդերքում, ուստի դրանք խորապէս աւանդական են եւ ճշմարտացի: Դրանք հաւաքւած եւ գրանցւած են ժողովրդի պատմութեան ու հոգեբանութեան խոր իմացութեամբ, ազգագրագէտի պահանջկոտութեամբ եւ գիտնականի վերլուծական մօտեցումով:
Շատ հոգեւոր մեղեդիներ, որոնք պահպանւել էին բանաւոր, վերաձայնագրւել են Կոմիտասի կողմից՝ զգալի հարստացնելով հայ ազգային մելոսը նրա նաեւ այդ՝ պատմական խոր աւանդոյթներ կրող ճիւղում: Կոմիտասի կողմից երաժշտ. ֆոլկլորի մի շարք հնագոյն ու բարձրարւեստ նմուշների յայտնաբերման փաստը (հեթանոսական հաւատալիքներին առնչւող հորովելների իմպրովիզացիոն եղանակները, "Սասունցի Դավիթ" եւ "Մոկաց Միրզա" հնագոյն վիպական ասերգերը, միջնադարեան անտունիները եւ հոգեւոր տաղերի ժող.տարբերակները, իրաւացիօրէն հաւասարեցւում են պատմա-մշակութային խոշոր յայտնագործութիւնների:
Կոմիտասի հաւաքած հայ գեղջկական երգերը (եղել են չորս հազարից շատ աւելի, առայժմ վերագտնւած է շուրջ հազար երկուհարիւր նմուշ) ամբողջութեանբ վերցրած ներկայանում են որպէս հայ ժող. երգարւեստի անթոլոգիա:

ՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Կոմիտասը նկարագրել է ժողովրդի երգաստեղծութեան բուն պրոցեսը, վերլուծել հայ ժողովրդական երգի տեսակներն ու կոմպոզիցիոն արժանիքները, բնութագրել նրա գեղագիտական նշանակալիութիւնը, հարստացրել ժող. երգի վերլուծութեան մեթոդիկան: Սկզբունքօրէն կարեւոր էր նաեւ հայ ժող. հոգեւոր երաժշտութեան հիմքերի միասնականութեան եւ հոգեւոր երգի ոճական յատկանիշների բացայայտումը: Դա էականօրէն օգնեց երաժշտութեան ուսումնասիրման, խազերի, մասնաւորապէս առոգանութեան նշանների վերծանութեան գործին: Կոմիտասի տւեալներով երաժշտ. խազերի համակարգը ընդգրկում է՝ "ա.Ձայնաստիճանի խազեր, բ.Ձայներանգի խազեր, գ.Զարդախազեր, դ. Ձայնուժի խազեր, ե.Ամանակի խազեր, զ.Բանալի խազեր, է.Առոգանութեան խազեր, թ.Ոճական խազեր, ժ.կապող եւ զատող խազեր, ժա.Կիսանիշ խազեր եւ այլն" մի համակարգ, որ հնարաւորութիւն է տւել մեղեդիները գրի առնել բաւական մանրամասնօրէն: Նրա խազաբանական աշխատանքներից տպագրւած երկու փոքրածաւալ յօդւածներն իսկ էական ներդրում են ընդհանուր երաժշտ. միջնադարագիտութեան մէջ:

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ
Կոմիտասի ստեղծագործութիւնը, որ գլխաւորապէս վոկալ՝ մեներգային եւ խմբերգային է, բաժանւում է երկու մասի՝ ստեղծագործութիւններ, որոնց հիմքում ընկած են ժող. կամ հին հոգեւոր մեղեդիներ, եւ գործեր, որոնք այդպիսի սկզբնաղբիւրներից անկախ են: Վերջինների թւում են՝ "Առ գետս Բաբելացւոց" սաղմոսը ա կապելլա խմբի եւ մեներգիչների համար, Յ. Պարոնեանի խօսքերով "քաղաքավարութեան վնասներ" երաժշտ. պատկերները, Յ. Յովհաննիսեանի խօսքերով "Ու՞ր ես գալիս, ա՜յ գարուն" կանտատը, Յ. Թումանեանի խօսքերով քնարական-փիլիսոփայական "Մութն էր երկինքը" ռոմանս-մանրապատումը, հայ երգային քնարականութեան ամենատարածւած նմուշներից՝"Կաքաւի երգը" եւ այլն:
Կոմիտասի ստեղծագործութեան մեծագոյն մասը ժող. սկզբնաղբիւրից սերւած գործերն են (աւելի քան 150 անուն վոկալ եւ 8 դաշնամուրային՝ բազմաթիւ տարբերակներով). որոնց նա առաւել նշանակութիւն էր տալիս ելնելով այն կարեւոր դերից, որ դրանք ա-ւելի լաւ կարող էին կատարել (եւ իրօք կատարեցին) ժողովրդի գեղագիտական դաստիարակութեան, ինչպէս եւ նրա պրոֆեսիոնալ երաժշտ. արւեստի զարգացման, դրա ազգային ոճի եւ ինքնատիպ լեզւի ձեւաւորման գործում: Այս երկերն ընդհանուր առմամբ աչքի են ընկնում թեմաների եւ երաժշտական կերպարների բազմազանութեամբ. սրանցում առկայ է ժող. երաժշտութեան կենսական ուժի եւ բնորոշ առանձնայատկութիւնների նուրբ զգացողութիւն, պարզ զգացւում է ժող. նիւթի նկատմամբ կոմպոզիտորի անհատականութեան զօրեղ ներգործութիւնը, լինեն դրանք քնարական սրտառուչ պատումներ ("գարուն ա", "քելէր, ցոլէր" եւն), երկրագործական աշխատանքը փառաբանող վեհա-շունչ հիմներ ("Լոռու գութաներգ", "Կալերգ եւ սայլերգեր" եւն) սոցիալական կեցութիւն արտայայտող երգմոնոլոգներ ("Ծիրանի ծառ", "Կռունկ", "Անտունի" եւն), հայրենի բնութիւնը կամ աւանդական ծէսերը գեղարւեստօրէն վերարտադրող ծաւալուն տեսարաններ ("Լուսնական անուշ", "Արարատեան գիշեր", հարսանեկան վիճակի, պարերգային եւ այլ երգաշարեր):

 

Յոյս թիւ 87

24 Նոյեմբեր 2010