ԲԱԽՏԻԱՐ ՅՈՎԱԿԻՄԵԱՆ
ՀԱՅ ԹԱՏՐՈՆԻ ԱՆԽՈՆՋ ՀԵՏԱԶՕՏՈՂ
 


Բախտիար Յովակիմեանը Հայ թատրոնի ամենահետեւողական հետազօտողն է: Նա իր Ամբողջ կեանքը նւիրել է հայ թատրոնի զանազան ժամանակաշրջանների եւ հին ու նոր դէմքերի մասին տեղեկութիւններ հաւաքելու, յօդւածներ գրելու եւ գրքեր կազմելու դժւարին աշխատանքին:

1887 թւականին Թիֆլիսում լոյս է տեսել Շեքսպիր եւ իւր Համլեթ ողբերգութեան աղբիւրն ու քննադատութիւնները գիրքը Պետրոս Ադամեանի հեղինակութեամբ: Այդ գիրքը, ըստ Բախտիար Յովակիմեանի, հայերէնով լուրջ շեքսպիրագիտութեան սկիզբն է: Ուստի նա մի փոքրիկ գիրք է գրել այդ գրքի մասին, ուր ուսումնասիրում է Համլետ ողբերգութեան արձագանքներն ու գնահատականները եւ այդ առնչութեամբ այլ հարցեր, որոնք կարող են օգտակար լինել Շեքսպիրի, Ադամեանի եւ հայ գրական-թատերական կեանքի պատմութեամբ հետաքրքրւողներին: Պետրոս Ադամեանի Շեքսպիր եւ իւր Համլեթ ... գրքի ստեղծման պատմութիւնը լոյս է տեսել 2002 թւականին Երեւանում:

Մի ուրիշ գրքոյկով Բախտիար Յովակիմեանը անդրադարձել է Պուշկինի Բորիս Գոդունով թատերգութեան եւ այլ գործերի հայերէն թարգմանութիւնների եւ բեմադրութիւնների պատմութեանը, սկսած 1830 թւականներից մինչեւ օրս: Գիրքը կոչւում է Պուշկինը հայ թատրոնում (Երեւան, 2002):


Յովհաննէս Աբէլեանը (1865-1936) հայ թատրոնի պատմութեան փայլուն դէմքերից է: Նա իւրացնելով նախախորհրդային ռուս եւ հայ թատրոնների լաւագոյն աւանդները, իր թատերական աշխատանքը շարունակել է Խոր-հրդային Հայաստանում: Բախտիար Յովակիմեանը հրատարակել է նրա մասին գրւած յօդւածների մի հա-ւաքածու, որը լոյս է տեսել 2005 թւականին, Երեւանում:


Գաբրիէլ Սունդուկեանի Պէպոյի բեմադրութիւնների եւ ֆիլմի ժամանակագրութեանն է նւիրւած Յովակիմեանի մի այլ գիրքը (Երեւան, 2008): Նրա հրատարակած վերջին գործերից է 2010 թւականի Թատերական օրացոյց-ը:

 

 

Յոյս թիւ 123

30 Մայիս 2012