ԻՐԱՆԱԿԱՆ ՖԻԼՄԸ ՇԱՀԵԼ Է ԳՈԼԴԸՆ ԳԼՈԲ ՄՐՑԱՆԱԿԸ


"ՆԱԴԵՐԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ՍԻՄԻՆԻՑ" ՖԻԼՄԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԻ
ԱՐՁԱԳԱՆՔԸ ԻՐԱՆՈՒՄ

 


 

Անցեալ շաբաթ Ասղար Ֆարհադիի "Մի ամուսնալուծութիւն" իրանական ֆիլմը շահեց Գոլդըն Գլոբ (Ոսկէ երկրագունդ) մրցանակը՝ որպէս տարւայ լաւագոյն օտարալեզու ֆիլմ եւ մեծ ոգեւորութիւն ու ցնծութիւն առաջացրեց իրանցիների, մասնաւորաբար երկրի մտաւորական ու արւեստասէր խաւի, եւ յատկապէս իրանական կինոյի գործիչների մօտ: Գոլդըն Գլոբը պարգեւում են Հոլիվուդում հաստատւած միջազգային մամուլի ներկայացուցիչները եւ այն մեծ ազդեցութիւն ունի յառաջիկայ Օսկար մրցանակում քւէարկող ամերիկեան կինօարդիւնաբերութեան գործիչների վրայ: Երբ մի ֆիլմ շահում է Գոլդըն Գլոբը, դրա շանսը Օսկարը ձեռք բերելու համար աչքառու կերպով մեծանում է: Իսկ բոլորս գիտենք, թէ Օսկարը ինչ կարեւոր դեր է խաղում մի ֆիլմի միջազգային վաճառքի եւ դրա ռեժիսորի համաշխարհային ճանաչման հարցում:
Ասղար Ֆարհադին եւ "Նադերի բաժանումը Սիմինից"
"Նադերի բաժանումը Սիմինից". այսպէս է կոչւում Ասղար Ֆարհադիի Ֆիլմը, որը "Մի բաժանում" կամ "Մի ամուսնալուծութիւն" անունով (A Seperation) սկսած անցեալ տարի Ֆաջր կինօ-փառատօնից, մէկը միւսի ետեւից հնձում է աշխարհի զանազան, այդ թւում Բեռլինի Ոսկէ Արջ հեղինակաւոր մրցանակը: Ֆարհադին պատկանում է իրանական կինոյի համեմատաբար երիտասարդ սերնդին: Նա ծնւել է 1972 թւականին Թեհրանում: "Նադերի բաժանումը Սիմինից" ֆիլմը նրա հինգերորդ երկարամետրաժ գործն է: Նրա առաջին ֆիլմը "Պար փոշիներում" (2003) ընդունւեց որպէս խոստումնալի երիտասարդ ռեժիսորի կարեւոր գործ: Դրան հետեւեցին "Գեղեցիկ քաղաքը" (2004), "Չարշանբէ սուրի" (2006), "Էլիի մասին" (2009) ֆիլմերը, որոնք բոլորն էլ լաւ ընդունւեցին եւ բարձր գնահատւեցին թէ՛ Իրանում եւ թէ արտասահմանում: "Էլիի մասին" ֆիլմը անւանի կինօ-տեսաբան Դէյւիդ Բորդւելի կողմից գլուխ գործոց համարւեց, իսկ "Մի բաժանումը" ամերիկացի հռչակաւոր ֆիլմ-քննադատ Ռաջեր Էբերթը համարեց տարւայ լաւագոյն ֆիլմը:
Գոլդըն Գլոբի յաղթանակի արձագանքը Իրանում
"Մի ամուսնալուծութիւն"-ը ուղղակի քաղաքական թեմա չունի, այլ պատկերում է հասարակական եւ մշակութային առումով իրանական պառակտւած հասարակութեան վիճակը: Այն սկզբից աւելի դուր եկաւ միջին դասակարգին եւ երիտասարդութեանը, իսկ վերջերս, երբ Իրանի կինօ-աշխատողների արհմիութիւնների կենտրոն` "Սինեմայի Տունը" լուծարւեց երկրի մշակոյթի նախարարութեան կողմից, ֆիլմի յաջողութիւնը դարձաւ Իրանի կինօ-գործիչների համախմբման եւ բողոքի առիթ: Սոցցանցերը իրանցիների կողմից ողողւեցին Ֆարհադիին եւ նրա ֆիլմը գովաբանող գնահատականներով եւ այնպիսի կրքով ու խանդավառութեամբ, որ դժւար հնարաւոր էր քննադատական որեւէ մօտեցում ֆիլմին կամ Գոլդըն Գլոբի մրցանակի արժէքին:

Ռ.Ս.

Յոյս թիւ 115

25 Յունւար 2012