ՏԵՍՆԵԼ ԹԱՏՐՈՆ, ԽՕՍԵԼ ԹԱՏՐՈՆ, ԼՍԵԼ ԹԱՏՐՈՆ

Լիլիթ Ամիրխանեան

 


 

Արդէն աւանդաբար այս տարի եւս "Հայֆեստ" միջազգային երեւանեան թատերական փառատօնը ազդարարւեց Հոկտեմբերի առաջին շաբաթը: Մէկ շաբաթ անընդմէջ` Հոկտեմբերի 1-ից 8-ը թատերասէր հասարակութիւնը վազվզում էր երեւանեան թատրոններով հասցնելու համար դիտել հնարաւորինս շատ ներկայացումներ: Թատերախմբեր էին եկել Հունգարիայից, Մեծ Բրիտանիայից, Իրանից, Ռուսաստանից, Իտալիայից, Լատւիայից, Բուլղարիայից, Հնդկաստանից եւ այլ երկրներից: Բացման արարողութիւնը տեղի ունեցաւ Ստանիսլաւսկու անւան դրամատիկական թատրոնի լեփ-լեցուն դահլիճում: Այս տարւայ "Հայֆեստ"-ի կարգախօսն էր "Տե՛ս թատրոն", "Լսի՛ր թատրոն", "Խօսի՛ր թատրոնից": Փառատօնի նախագահ Արթուր Ղուկասեանի բացման խօսքից յետոյ "Հայֆեստ"-ը մեկնարկւեց հունգարական "Կապոյտ մարդիկ" ներկայացմամբ: Այն իրենից ներկայացնում էր կապոյտ հանդերձանքով երեք երիտասարդների թատերականցւած ժամանակակից պար, որն իսկապէս գրաւեց հանդիսատեսին իր կատարողական արւեստի վարպետութեամբ:
Ստորեւ համառօտ կերպով կը պատմենք "Հայֆեստ 2011"-ի ներկայացումներից մի քանիսի մասին :
Բուլղարիա- "Կրեդօ" թատրոնի "Հայրիկը միշտ ճիշտ է" կատակերգութիւնը, որը բեմադրւել է Անդերսենի հեքիաթներից մէկի հիման վրայ, մեծ արձագանք գտաւ հայ հանդիսատեսի շրջանում: Մի հրաշալի պատմութիւն պարուրւած ձիւնով, որը պատմում է կեանքի փոքրիկ եւ կարե-ւոր բաների մասին: Մի պատմութիւն տարեց մարդկանց մասին, ովքեր համբուրւում են տօնի ժամանակ, եւ այդ համբոյրը վերածւում է նրանց համար ամենաթանկ բանի: Այս յուզիչ պատմութիւնը յիշեցնում է, որ միայն սէրն է գեղեցկացնում այն ամէնը, ինչ շրջապատում է մեզ: Սիրով ներ-շնչւած հանդիսատեսը ներկայացման աւարտից յետոյ ծափահարութիւնների տարափը եւ բրաւօները երկար ժամանակ չէր դադարեցնում:
Ռուսաստան- Դոնի Ռոստով քաղաքից հանդէս եկաւ "Minicult" թատերական կենտրոնը "Ինչո՞ւ է Ջոն Լենոնը կիսաշրջազգեստ կրում" մոնօ-հոգեբանական ներկայացմամբ: Առաջին հայեացքից ներկայացման վերնագիրը կարող է շփոթմունք առաջացնել, բայց պատմութիւնը մի դպրոցական աղջկայ մասին է, որը "Բիթլզ"-ի եւ յատկապէս Ջոն Լենոնի մեծ երկրպագու է: Հերոսուհին տղայի նման է հագնւում եւ դա անում է զուտ այն պատճառով, որ նրա կուռքը տղայ է: Նա ապրում է իր հասունցման բոլոր փուլերը, նրան չեն հասկանում շրջապատում եւ տանը: Անգամ նրա ընկերուհիները, ովքեր սկզբում իր նման էին ժամանակի ընթացքում փոխւում են: Այս ներկայացումը այն ներկայացումներից էր, որ բուռն արձագանք ստացաւ, ծափահարութիւններից պարզ դարձաւ, թէ հանդիսատեսը որքան էր հաւանել ներկայացումը: Անգամ այն աւարտւելուց յետոյ հանդիսատեսը անմիջապէս չլքեց դահլիճը, զրոյցն ու քննարկումները դերասանուհու եւ ռեժիսորի հետ երկար տեւեցին:

 


Իրան- Իրանը հանդէս եկաւ մի քանի թատերախմբով, որոնցից մէկը "Միմ" թատրոնն էր "Ճիչ" ներկայացմամբ: Գործողութիւնները տեղի են ունենում հոգեբուժարանում, հինգ տարբեր հերոսները ներկայացնում են իրենց պատմութիւնները, խաղը հիմնականում ներկայացւած է ժեստերի եւ շարժման միջոցով, իսկ երկխօսութիւնները քիչ են:
Մեծ Բրիտանիա- "Բոննի եւ Քլաիդ` երրորդ դէմքից" ներկայացումը պատմում է Բոննի Պարկերի եւ Քլաիդ Բերրոուի յայտնի պատմութիւնը: Ոչ ոք տեղեակ չէ սիրահար մարդասպանների պատմութեան մանրամասնութիւններին, սակայն նրանց սիրոյ պատմութիւնը տարածւել է աշխարհով մէկ: Անձնական պատմութիւնների, լուրերի, վիդեոնկարահանումների եւ գծագրերի օգնութեամբ վերականգնւել է Բոննիի եւ Քլաիդի հանդիպումը: Ներկայացման միջոցով բացայայտում ենք յայտնի սիրահարների կեանքը եւ մահը:
Բիլլի Քոուին, ով կոմպոզիտոր է, բանաստեղծ, խորեոգրաֆ եւ կինոռեժիսոր ներկայացրեց իր 3D ձեւաչափով "Տանգօ դէ Սոլեդադ" (Մենութեան տանգօ) հինգ րոպէանոց պարային սոլօ ներկայացումը: Այս աշխատանքը ապացուցում է, որ թւային արւեստը կարող է լինել կենդանի կատարմանը հաւասար էմոցիոնալ:
Հայֆեստի ներկայացումները շատ էին, որոնց մասին կարելի է պատմել, սակայն բաւարարւենք այսքանով: Կը հանդիպենք յաջորդ տարի նոր սպասումներով, նոր լիցքերով, նոր ներկայացումներով, մի խօսքով նորութիւններով: Կը հանդիպենք, որ եւս մէկ շաբաթ դիտենք թատրոն, լսենք թատրոն եւ խօսենք թատրոնից:

 

Յոյս թիւ 109

26 Հոկտեմբեր 2011