ԱԼԲԵՐԹ ԲԵԳԻՋԱՆԵԱՆԻ ԲԵՄԱԴՐՈՒԹԵԱՄԲ ԵՒ

ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹԵԱՄԲ ԹԱՏՐՈՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹԻՒՆՈՒՄ

 


Մայիսի 30-ին եւ 31-ին, Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեան դահլիճում բեմադրւեց Նասիմ Սոլէյմանփուրի գրչին պատկանող "Սպիտակ նապաստակ, կարմիր նապաստակ" թատերգութիւնը` Ալբերթ Բեգիջանեանի բեմադրութեամբ: Իհարկէ, բառիս բուն իմաստով, ոչ բեմ կար (հանդիսատեսի մակարդակից աւելի բարձր հարթակ), ոչ լուսա-ւորում եւ վարագոյր, եւ ոչ էլ այսպէս կոչւած չորրորդ աննշմարելի պատ, այսինքն այսպիսի ենթա-դրութիւն, որ իբր թէ դերասանները չեն տեսնում թատրոնի դահլիճում նստած հանդիսատեսին եւ ասես իրենք իրական մարդիկ են, որ իրենց կեանքն են ապրում: Ընդհակառակը, դերասանները հէնց ընտրւում էին հանդիսատեսների միջից ու բեմ բարձրանում, իսկ ի՞նչ բեմ բարձրանալ, բեմը հէնց աթոռների առջեւի տարածքն էր, առանց դեկորի ու բեմայարդարման: Սյս բոլորը, ի հարկէ, քանի տասնամեակներ է, որ ժամանակակից թատրոնում դադարել են նորարութիւն համարւելուց, բայց մեր միջավայրում, ուր ընդհանրապէս դեռ թատրոն համարւում է միայն 19-րդ դարի դասական թատրոնը, այս բոլորը տարօրինակ ու անսովոր է երեւում: Տարօրինակ է նաեւ մի պարսիկ ժամանակակից թատերագրի գործի թարգմանութիւնը եւ բեմադրութիւնը հայկական միջավայրում: Ալբերթ Բեգիջանեանին մեր շնորհակալութիւնը պիտի յայտնենք այս տարօրինակ քայլերի համար: Սակայն ...
Ասացինք բեմ չկար, այսքանը լաւ, բայց չկար նաեւ բեմադրութիւն, որն այլեւս լաւ չէ: Ասացինք դերասանները հէնց հանդիսատեսներն էին, սակայն թատերգութեան, աւելի յստակ ասնեք` մենախօսութեան, միակ կերպարի դերում կատարող դերասանը, որն հէնց ինքը բեմադրիչ Ալբերթ Բեգիջանեանն էր, այնքան էլ դերասանութիւն չէր անում: Բնականի ու սովորականի մակարդակից չբարձրանալով, դժւար է պահպանել հանդիսատեսի հետաքր-քրութիւնը, յատկապէս երբ չկայ գեղեցիկ լուսաւորում, բեմայարդարում, զգեստաւորում, երաժշտութիւն եւ այս ամէնի բեռը պիտի կրի դերասանական արւեստը: Այս մէկն էլ զեղչելով, էլ շատ բան չի մնում հետեւելու: Իսկ միզանսեն-ի` բեմի իրերի եւ դերասանների տեղերի ու շարժումների դասաւորման արւեստը չէր օգտագործւել, թատերգութեան երբեմն բարդ դրութիւնները հասկանալի դարձնելու համար:
Բեմադրութեան ազդեցիկ մասերը, երբ Բեգիջանեանը, համարեա ոչինչով, մի պահ յաջողում էր գրաւել հանդիսատեսի ուշադրութիւնը, ըստ իս ապացուցում է, որ հարցը այնքան կարողութիւնների պակասը չի եղել, ինչքան տքնաջան աշխատանքի պակասը, որ ամէն տեսակ արւեստի յաջողութեան առնւազն 50 տոկոսն է: Գործը հեշտ վերցնել, բաւականաչափ չաշխատել, բաւականաչափ չփորձել, չխորհրդակցել, հաւաքական աշխատանքը թերագնահատել. անձամբ սրանք եմ համարում ներկայացման թերութիւնների պատճառը: Իսկ այս բոլորը էական են, յատկապէս եթէ սա քո դերասանական առաջին փորձն է: Յուսով, դրանք կը վերանան նրա յառաջիկայ ներկայացումներում:
Ստորեւ վերատպում ենք "Սպիտակ նապաստակ, կարմիր նապաստակ"-ից մի հատւած, որն ուշագրաւ է՝ հեղինակի հնարքների՝ հանդիսատեսին թատրոնի մէջ ընդգրկելու ուղղութեամբ Դա նաեւ հիանալի բացատրութիւնն է թատերգութեան հեղինակի, բեմադրիչի եւ հանդիսատեսի յարաբերութիւնների:

 

Սպիտակ նապաստակ, կարմիր նապաստակ

Ռ.Ս.
 

Յոյս թիւ 100

15 Յունիս 2011