ԹԵՀՐԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑ
ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԷՆ՝ ՀԱՄԼԷԹ ԹՈՒՄԱՆԵԱՆԻ ՀԵՏ

 

Ալինա Թարվերդեան

 

 

Շախմատը ձեւով խաղ է, բովանդակութեամբ՝ արւեստ,տիրապետելու դժւարութեամբ՝ գիտութիւն: Շախմատը կարող է այնքան ուրախութիւն պատճառել, որքան լաւ գիրքը կամ երաժշտութիւնը:
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ
Աշխարհի 9-րդ ախոյեան
(1963-1969 թթ.)
 

Շախմատում անհրաժեշտ է լինել մարտիկ: Մարդուն շախմատն ինքն է մղում որոշակի գործողութիւնների:
ԲՈՐԻՍ ՍՊԱՍՍԿԻ
Աշխարհի 10-րդ ախոյեան
(1969-1972 թթ.)
 

Շախմատը հիանալի հրապուրանք է, խաղի ժամանակ մենք հանգստանում ենք աշխատանքից եւ մոռանում անձնական ձախողութիւնների մասին:
ԼԵՒ ՏՈԼՍՏՈՅ

Թեհրանի Շախմատի դպրոցը գտնւում է քաղաքի հիւսիս արեւելեան ծայրամասում, Ռեսալաթ մայրուղու մայթերից մէկի վրայ, համարեա Սարսաբզ մետրոյի կայարանի դիմաց։
Ինձ այդ մասին տեղեկացրեց իմ վաղեմի գործակից Պրն. Վազգէն Մովսիսեանը, որը տարիներ իր ուսերի վրայ է կրել ծանր պատասխանատւութիւններ՝ հանդիսանալով Հ.Մ.Ա.Կ-ի եւ Սարդարապատ միութեան ճատրակի յանձնախմբերի անդամ:
Օգոստոսեան մի երեկոյ էր, ժամը 6-ը: Շէնք մտնելուն պէս ականատես եղանք բաւականին աշխոյժ եռուզեռի: Փոքրիկ աշակերտները՝ աղջիկ եւ տղայ, որոնք անց էին կացրել նախորդ պարապմունքը, ընդմիջման ժամին ուրախ ու զւարթ թողնում էին դասարանները եւ միանալով ներքեւում սպասող իրենց ծնողներին պատրաստւում էին մեկնել տուն, իսկ միւս կողմից նոր պարապմունքի եկածները տեղաւորւում էին դասարանների նստարաններին:
Այդ ընթացքին առիթ ունեցանք ծանօթանալու դպրոցի տնօրէն, Իրանի լաւագոյն եւ առաջատար շախմատիստներից մէկի՝ Հ.Մ.Ա.Կ.-եան մարզական միութեան ճատրակի յանձնախմբի նախկին նախագահ՝ Տիգրան Թումանեանի որդի՝ Համլէթ Թումանեանի հետ, որն առաջին իսկ հայեացքից անչափ կենսուրախ եւ եռանդուն անհատականութեան տէր մարդու տպաւորութիւն էր թողնում:

ՅՈՅՍ-Պրն . Համլէթ շատ ուրախ ենք այս առիթով Ձեզ հետ ծանօթանալու համար, գիտենք որ բաւական ծանրաբեռնւած էք աշխատանքով, յատկապէս ամառյին այս օրերին, երբ շախմատի պարապմունքների դասարանները լեփ-լեցուն են աշակերտներով: Յամենայն դէպս առիթը բաց չթողնելով Ձեզանից կը խնդրենք, որ կարճ բացատրութիւններով նախ ներկայացնէք Ձեզ եւ ապա այս դպրոցը:
Հ.Թ.-Սիրով:Ես համարեա 15-16 տարեկանից շախմատի պարապմունքներ եմ ունեցել Արարատ-ի մի խումբ երեխաների հետ, որոնց հետ էլ կազմեցինք Հ.Մ.Ա.Կ-եան մարզական միութեան ճատրակի խմբերը: Այդ երեխաներից, որ հիմա արդէն մեծացել եւ շախմատիստ են դարձել եւ իրենք են արդէն դասաւանդում կարելի է նշել Գեղամ Մովսիսեանին, Երազիկ Խաչատրեանին, Էլենա Յարութիւնեանին, Գալէ Փեզէշքեանին եւ շատ ուրիշների: Ես իհարկէ այդ տարիքում եւ այդ օրերին որպէս շախմատի մարզիչ շատ փորձ եւ գիտելիք չունէի, բայց բոլոր դէպքերում ջանք չէի խնայում, որ կարողութեանս սահմաններում օգտակար հանդիսանամ:
ՅՈՅՍ-Իսկ բաւարարւած էիք ստացւած արդիւնքներից:
Հ.Թ.-Այո: Բարեբախտաբար փորձը ցոյց է տւել, որ բոլոր նրանք, ովքեր իմ հետ աշխատել են հետագայ մրցութիւններին, Թեհրանում բարձր արդիւնքներ են ստացել, եւ գրաւել առաջին կամ երկրորդ ու երրորդ մրցանակները: Յիշում եմ, որ մի անգամ Թեհրանի առաջնութիւնում 30 տոկոս մեդալակիրները Արարատ-ից էին, որոնց հետ պարապմունքներ էինք անց կացրել: Երկրի կանանց բաժնի մրցաշարում 12 ֆինալիստներից չորսը իմ հայ սաներից են եղել: Երկու անգամ երկրի պատանեկան կազմակերպութիւնների խաղերում մեր Արարատ-ի հաւաքականը առաջին տեղը գրաւեց:
ՅՈՅՍ-Որքան տեղեակ ենք արդէն վաղուց է, որ անդամակցում էք Իրանի Մարզիչների Խմբի Ազգային Հաւաքականին: Կարող էք բացատրել այդ պրոցեսը:
Հ.Թ.-Աշխատանքների ընթացքում մի քանի պարսիկ աշակերտ-ուհիների հետ էլ սկսեցի պարապել մինչեւ որ նրանցից մէկը Այիդա Ռադֆարը երկրի ախոյեանի առաջին մրցանակին արժանացաւ եւ դա առիթ հանդիսացաւ, որ ինձ հրաւիրեցին եւ ընդունեցին Երկրի Մարզիչների Խմբի Ազգային Հաւաքականի հետ համագործակցելու: Առիթ ստեղծւեց եւ մեկնեցի Յունաստան մրցումների որպէս մարզիչ, իսկ այնտեղից վերադառնալուց յետոյ քանի որ արդէն աւելի ճանաչում էի գտել աւելի շատ դիմորդներ եղան սովորելու ցանկութեամբ եւ համեմատաբար աւելի կարող երեխաներ ընդգրկւեցին իմ սաների ցանկում, այնպէս, որ լաւ արդիւնքներ ստացւեց եւ մի տարուց յետոյ երկրի ախոյեանական մրցաշարերի առաջնութեան 12 առաջատարներից ութը իմ աշակերտներից էին, որոնցից կարելի է նշել Դորսա Դերախշանը, Ղազալէ Հաքիմ Ֆար, Փույա Հէյդարի, Աթուսա Փուրքաշեան, Ահմադ Ասգարիզադէ, Ռոստամ Բեհմարդի եւ այլն: Չնայած որ երբ 1997-8 թ.-ին, Գալէ Փէզէշքեանը Ասիական մրցաշարերում գրաւել էր փոխ-ախոյեանի դիրքը, ես համագործակցում էի շախմատի ֆեդերացիայի հետ տարբեր բնագաւառներում ինպէս օրինակ Թեհրանից ընտրւած երեխաների խմբի հետ պարապելու որպէս գլխաւոր մարզիչ, խաղեր կազմակերպելու, մրցական արշաւներ ծրագրելու եւ այլ աշխատանքներում:
ՅՈՅՍ-Ներկայում ի՞նչ պատասխանատւութիւններ էք յանձն առել:
Հ.Թ.-Ներկայ ժամանակաշրջանում ես Իրանի Շախմատի Ֆեդերացիայի մշտական մարզիչն եմ, 5-6 տարի է, որ համաշխարհային խաղերում հրաւիրւում եմ որպւս մարզիչ կամ գլխաւոր մարզիչ:
ՅՈՅՍ-Իսկ ինչպէս է որոշւում այդ հանգամանքը:
Հ.Թ.-Եթէ Վարպետ(Օսթադ) Հարանդին ներկայ է լինում մրցաշարերին, հիմնականում նա է հանդիսանում, որպէս գլխաւոր մարզիչ, կամ եթէ (Օսթադ) Արիանէժադն է ներկայ լինում, իր պաշտօնի եւ տարիքի բերումով նա է նշանակւում գլխաւոր մարզիչ, իսկ ես իբրեւ մարզիչ, երկուսի բացակայութեան դէպքում, ես եմ ներկայանում որպէս գլխաւոր մարզիչ:
ՅՈՅՍ-Կարո՞ղ էք նշել մի քանի օրինակներ թէ երբ եւ որ մրցութիւններում էք յանձն առել մարզիչի կամ գլխաւոր մարզիչի պատասխանատւութիւնը:
Հ.Թ.-Այո, կարող եմ նշել մի քանիսը: Երկու անգամ որպէս Թեհրանի երիտասարդական հաւաքականի եւ մի անգամ էլ որպէս Կանանց հաւաքականի մարզիչ, ապա նաեւ 10-ից 18 տարեկան խաղացողների ազգային հաւաքականների մարզիչ, եւ այս տարի էլ առաջարկութիւն է եղել, որ նորից նոյն աշխատանքները վարենք: Մի տարի ստանձնել եմ Շախմատի ֆեդերացիայի կրթական կոմիտէի պատասխանատութիւնը, որին արդէն անդամակցում եմ 10 տարի, մի տարի էլ որպէս տեխնիկական կոմիտէի անդամ: Թեհրանի շախմատի վարիչ մարմնի կրթական կոմիտէի պատասխանատու եմ հանդիսացել, որը վերջերս ընտրութիւնների պատճառով Թեհրանի կազմը լուծարւել է: Առայժմս Շախմատի ֆեդերացիայում Իրանի եւ Թեհրանի մարզիչների ներկայացուցիչն եմ, որի համաժողովում ընտրւում է ֆեդերացիայի նախագահը:
ՅՈՅՍ -Ինչպէ՞ս Ձեզ մօտ առաջացաւ Շախմատի դպրոց հիմնելու միտքը:
Հ.Թ-.Այսպիսով 2006 թ.-ի Ապրիլին էր, որ մտածեցի մի շախմատի դպրոց հիմնել, որի նախապատրաստական քայլերում, իմ սաներից մէկի հայրը՝ Պրն. Հաքիմֆարը ֆինանսապէս շատ օժանդակեց ինձ: Իհարկէ ես շատ կը ցանկանայի, որ Արարատ-ի կողմից նման մի քայլի գնայինք, քանի որ տարիներ ի վեր մենք Արարատ-ում խաղացել էինք, պատասխանատվութիւններ էինք յանձն առել, ինչպէս ես՝ այնպէս էլ Արարատ-ի մարզական միութեան ճատրակի թիւ 1-խմբի անդամ՝ Գեղամ Մովսիսեանը, Արբի Խաչատրեանը նաեւ մի երկու Հայաստանից եկած խաղացողներ, շախմատի խումբ էինք պատրաստել եւ շախմատի լիգայի մէջ 3 անգամ երկրի առաջնութեան 3-րդ մրցանակն էինք շահել:
ՅՈՅՍ-Որքան տեղեակ եմ լրատւական միջոցներից, նախքան այդ, Սարի քաղաքում կայացած երկրորդ լիգայի մրցութիւններում Արարատ-ի շախմատի խումբը գրաւեց առաջին պատւաւոր տեղը, ստանալով բարձրագոյն լիգային մասնակցելու արտօնութիւնը եւ որքան յիշում եմ նոյն խաղերում առաջին խաղատախտակում Մելիքսէթ Խաչեանը, որը Լեւոն Արոնեանի առաջին մարզիչն է եղել, երկրորդ խաղատախտակում՝ Դուք, եւ չորրորդ խաղատախտակում՝ Գեղամ Մովսիսեանը գրաւեցիք առաջին տեղերը եւ Ձեց կոչեցին Մրցախաղերի Աստղ :
Հ.Թ.-Այո, մի խօսքով Արարատը ունէր իր արժանապատիւ դիրքը եւ դա այն դէպքում էր երբ իրանական միւս թիմերում կարող եմ ասել միլիոններով գումար էր ծախսւում լիգայի համար, մինչդեռ մենք ամէն ինչ անում էինք՝ առանց որեւէ յաւելեալ ակնկալիքի: Այդ հիման վրայ էր, որ առաջարկեցի մի շախմատի դպրոց բացենք Արարատ-ի անունով, բայց ցաւօք որոշ պատճառներով չստացւեց այդ աշխատանքի համադրումը։
ՅՈՅՍ -Արդեօք իսկապէս համոզւա՞ծ էիք, որ կունենաք այնքան թւով սաներ, որոնք կը զբաղեցնեն մի դպրոցի լսարանները:
Հ.Թ.-Այո, քանի որ ես բացի Թեհրանից, Իրանի տարբեր քաղաքներից ինչպէս օրինակ Ահւազից, Եազդից, Ղազւինից, Քարաջից, Մաշհադից սաներ ունէի, որոնք գալիս էին մեր տուն եւ նրանց հետ մասնաւոր պարապում էի, եւ յաճախ դիմողները այնքան մեծ թիւ էին կազմում, որ շատերին նոյնիսկ չէի կարողանում ընդունել, մտածեցի, որ այդ դպրոցում կարող ենք ընդգրկել նաեւ ոչ հայ աշակերտներին, քանի որ ես ուսուցման ծրագիր ունէի եւ դասաւանդման տարբեր մեթոդների գրքոյկ էի մշակել եւ պատրաստել գործնական կիրառման նպատակով:
ՅՈՅՍ-Իսկ յետոյ Ձեզ յաջողւե՞ց կիրառել այդ մեթոդները այս դպրոցում:
Հ.Թ.-Իհարկէ: Ներկայում Իրանի շախմատի դպրոցներում դասաւանդւող լաւագոյն մեթոդը մեր դպրոցում է կիրառւում, տարբեր տեղերից գալիս են այստեղ, օգտւում են մեր ծրագրերից, ռիֆրենսներից, նոյնիսկ խաղասեղանների ստանդարդ չափսերից սկսած մինչեւ այլ մասնագիտական հարցերում հաշւի են առնւում մեր դպրոցի կարծիքը: Թեհրանի շախմատի ֆեդերացիայի նախագահը ինչ-որ մի տեղ ասել է, որ Իրանում մի շախմատի դպրոց կայ, որ բոլորը վստահում են եւ այն էլ այս դպրոցն է: Այստեղ ունենք քանակով երեք անգամ աւելի շատ աշակերտնր համեմատած օտար տեղերին։
ՅՈՅՍ-Ո՞ր թւին պաշտօնապէս հիմնեցիք այս դպրոցը:
Հ.Թ.-2006 թւականին իմ հնարաւորութիւնների սահմաններում հիմնեցի դպրոցը իր բոլոր յարմարութիւններով։ Երբ կարճ ժամանակաընթացում բազմացաւ աշակերտութեան թիւը, ապա տեղափոխւեցինք այստեղ, որտեղ հիմա գտնւում ենք, եւ կարող եմ ասել, որ այստեղ համարւում է Իրանի ամենամեծ շախմատի դպրոցը։
ՅՈՅՍ-Բացի առօրեայ դասարաններից, որը ինչպէս ականատես ենք գերյագեցւած է բազմաթիւ սաներով, ուրիշ ի՞նչ ծրագրներ են կազմակերպւում այստեղ։
Հ.Թ.-Իւրաքանչիւր հինգշաբթի եւ ուրբաթ օրերը այստեղ մրցութիւններ են կազմակերպւում եւ 80-ից 100 մասնակցողներ ենք ունենում։
ՅՈՅՍ-Ինչ որ մի տեղ յայտարարութիւններ լինո՞ւմ են այդ մասին:
Հ.Թ.-Ոչ, յատուկ մի տեղ չի յայտարարւում, մենք պրոպագանդայի աշխատանքներով չէնք զբաղւում, ուղղակի հետաքրքրւողները լաւ գիտեն մեզ եւ իրենք լուրերին հետեւելով տեղեկացւում են։ Եթէ զանգահարէք շախմատի ֆեդերացիային եւ հարցնէք թէ ո՞ր մի շախմատի դպրոցն են առաջարկում իրենց արձանագրւելու համար, առաջին հերթին այս դպրոցի անունը կը լսէք: Մեր գովազդը մեր սաներն են։ Երբ նրանք գալիս են մեզ մօտ արձանագրութեան թերթիկ լրացնելու հարց է տրւում թէ ո՞ւմ միջոցով էք ծանօթացել այս դպրոցին, ի պատասխան նրանք գրում են այլ սաների կողմից, յետոյ մենք ճշտում ենք թէ խաղի եւ գիտելիքների ո՛ր մակարդակում է գտնւում դիմորդը եւ ապա որոշում նրա դասարանը:
ՅՈՅՍ-Թւով քանի՞ մարզիչներ են այստեղ համագործակցում։
Հ.Թ.-Այստեղ ունենք 10 մարզիչներ,որոնք դասաւանդում են տարբեր մակարդակների համար: Այդ թւում կարելի է նշել Վարպետ (Օսթադ ) Նաջիբիին, որը ֆեդերացիայի մարզիչների կոմիտէի պատասխանատուն է, Պրն. Քարիմին, որը ֆեդերացիայի քարտուղարն է, մեր հայ լաւ շախմատիստներից Գեղամ Մովսիսեանը, որը տարիներ իր տարիքային մրցաշարերում նաեւ երեք անգամ բարձրագոյն լիգայում տարբեր մրցանակներ է շահել, եւ ապա Աւիկ Յարութիւնեանը, որը համահայկական ու համադպրոցական խաղերում միշտ լաւ միաւորներ է վաստակել եւ այս ընթացքում էլ որպէս մարզիչ լաւ առաջադիմել է։
ՅՈՅՍ-Այս տարիների ընթացքում որեւէ առիթ եղե՞լ է դուրս գալու միջազգային ասպարէզ:
Հ.Թ.- Օրինակ միջազգային մրցութիւններում մեր դպրոցի երեք սաները այս տարի որպէս երկրի ներկայացուցիչներ մասնակցեցին Հնդկաստանի Ասիական խաղերին, որոնք գրաւեցին չորրորդ եւ հինգերրորդ տեղերը։ Անցեալ տարւայ համաշխարհային մրցախաղերում մեր սաներից՝ Ղազալ Հաքիմֆարը գրաւեց վեցերրորդ տիտղոսը, Ահմադէ Ասգարիզադէն շահեց աշխարհի հաւաքականի ոսկէ մեդալը եւ դասւեց աշխարհի 10 լաւագոյնների շարքում, Դորսա Դերախշանին աշխարհի ախոյեան դարձաւ եւ իր վերջին խաղում Եւրոպայի ախոյեանին յաղթեց, Քամեարէ Սալեհին աշխարհի հաւաքականների ախոյեանական խաղերի չորրորդ տիտղոսին արժանացաւ:
ՅՈՅՍ-Վստահաբար այս յաջողութիւնները մեծ բաւարարութիւն եւ նոր լիցք կը փոխանցեն միւս սաներին։
Հ.Թ.-Բնականաբար, բայց աւելացնեմ, որ հիմնականում մեր նպատակը մրցանակ շահելը չէ, մենք չենք ուզում, որ երեխաների մօտ այդ հոգեբանութիւնը զարգանայ, որովհետեւ այն երեխաները որոնք նւաճում են ախոյեանի կոչումը, տարիներով ժամ եւ քրտնաջան աշխատանք են տանում այդ ուղղութեամբ, օրինակ Ղազալը, Ասիայի փոխախոյեանի կոչման է արժանացել, աշխարհի վեց լաւագոյնների շարքում զբաղեցրել է իր ուրոյն տեղը, Իրանի մեծահասակների ազգային հաւաքականի անդամ է եւ տարիներ տարբեր տարիքային խաղերում համարւել է ախոյեան: Կամ էլ օրինակ հէնց նւաստս, որը 10 տարի է, որ անդադար շախմատ եմ խաղում, այնպէս որ ուզում եմ շեշտել թէ հնարաւոր չէ, որ մի տարի աշխատելով մէկը կարողանայ ախոյեանի մեդալը շահի, մեր նպատակը այն է, որ երեխան շախմատ խաղալով զարգացնի իր կենտրոնացման ունակութիւնը, զարկ տայ իր ֆանտազիային եւ տրամաբանութեանը եւ դա իմ կարծիքով շատ մեծ ձեռքբերում է մի երեխայի համար, եւ այդ ուղղւածութեամբ է, որ մենք աշխատանք ենք տանում, որ երեխան նախ սիրի շախմատը, քանի որ երբ նրա մէջ արթնանայ սէրը հանդէպ խաղին արդէն կենտրոնացումն էլ իր մօտ կը ստացւի եւ մենք տարբեր մեթոդներով եւ տարբեր հարցադրումներով աշխատում ենք երեխայի միտքը եւ պատկերացումները զարգացնել։
ՅՈՅՍ-Մեթոդներով առաջնորդւելը երեխաների համար այս փոքրիկ տարիքներում ձանձրացուցիչ չե՞ն լինի:
Հ.Թ.-Գիտէք ինչ, Ճիշտ մօտեցում ցուցաբերելով շախմատի մէջ երեխայի վերացական մտածողութիւնը անչափ զարգանում է եւ բնականաբար շախմատով զբաղւող երեխաները համեմատաբար աւելի ուշիմ են քան միւս իրենց համատարիքները:
Այն էլ աւելացնեմ, որ շախմատը միայն ուշիմ երեխաների համար չէ, եւ նոյնիսկ մտային որոշ արատների տէր երեխաների պարագայում շախմատով զբաղւելը պատճառ է դառնում, որ նրա մօտ զարգանայ մտածողութիւնը նորմալ չափերով։ Աշակերտ ունենք, որի IQ-ն 70-ից ցածր էր, բայց նա արդէն երեք տարի է ինչ շախմատ է փորձում եւ արդիւնքները ցոյց են տալիս, որ նա կարողացել է իրեն հասցնել նորմալ չափանիշների, իհարկէ մենք նման եեխաների համար առանձին դասարններ ենք կազմում, յատուկ մարզիչներով, որոհետեւ նրանց հետ պարապելը բնականաբար աւելի երկար է տեւում, եւ աւելացնեմ, որ նոյնիսկ չափազանց աշխոյժ եւ շարժուն երեխաների մօտ, որոնք դժւարութեամբ են կենտրոնանում, շախմատը օգնութեան է հասնում եւ երբ երեխան նստում է խաղասեղանին եւ նայում է խաղաքարերին նա արդէն կենտրոնացման առաջին քայլն է վերցնում: Մի խօսքով ամէն կերպ աշխատում ենք շախմատը զարգացնել տարբեր մակարդակներում եւ բարձրացնել նրանց մօտ ինքնավստահութիւնը:
ՅՈՅՍ-Արդեօք հայ երեխաներ էլ կա՞ն Ձեզ մօտ:
Հ.Թ.-Այո։ Ունենք նաեւ Հայ աշակերտներ: Այս տարի համադպրոցականի խաղերից հայ երեխաներ միացան մեզ եւ կարողացան մրցութիւններում միաւորներ շահել: Ներկայում մօտաւորապէս 15 հայ աշակերտներ ունենք, եւ եթէ շատանան աւելի ուրախ կը լինենք: Մեր հայ երկու երիտասարդ մարզիչներն էլ բաւական ակտիւ են եւ շատ ժամերը նրանք են պարապում աշակերտների հետ եւ եթէ յաջողեն իրենց սաներից որեւէ մէկը առաջնութիւն շահի, նրանց կը յաջողւի մասնակցեն Իրանի մարզիչների ազգային հաւաքականում:
ՅՈՅՍ-Որպէս մարզիչ ո՞ւմ մօտ եւ ո՞րտեղ էք փորձառութիւններ ձեռք բերել կամ սովորել:
Հ.Թ.-Այդ առումով թէ ես որտեղ եւ աւելի շատ ումից եմ սովորել՝ պիտի ասեմ, որ ես աւելի շատ սովորել եմ Վարպետ ( Օսթադ ) Հարանդիից, որը իմ առաջին մարզիչն է եղել: Փոքր տարիքից խաղացել եմ, իհարկէ այդ տարիներին արգելւած էր այս խաղը եւ ինչպէս ասացի, երբ 14-15 տարեկանից Արարատ-ում էի Արարատ-ը Օսթադ Հարանդիին հրաւիրեց որպէս մարզիչ, եւ ես շատ բաներ սովորեցի նրանից եւ մինչ օրս էլ դեռ սովորում եմ, որովհետեւ նա շատ մեծ փորձառութիւններ ունի, եւ երբ մրցութիւններում նրան ընկերակցում եմ, համոզւում եմ, որ նա ճիշտ ուղղութիւններ է տալիս եւ մի խօսքով ինձ շատ է օգնել։
Ինձ շատ են օգնել նաեւ Հայաստանի մարզիչները ինչպէս օրինակ Վրէժ Օրդեանը, որը Հայաստանի լաւագոյն մարզիչներից է, Մելիքսէթ Խաչեանը, Արտուր Չիբուխչեանը մօտաւորապէս վեց անգամ մասնակցել եմ Հայաստանում կայացած արշաւներին. որպէս մարզիչ՝ այնտեղ շփւել եմ հայաստանցի շախմատիստների՝ ինչպէս Արսէն Եղեազարեանի, Էդւարդ Մնացականեանի, Գագիկ Յակոբեանի, Սմբատ Լպուտեանի հետ եւ արդիւնքում իմ մօտեցումը ներկայումս մի քիչ շախմատի նկատմամբ փոխւել է հիմա օտար ձեւ եմ մտածում եւ այդ բոլորը համատեղելով իմ տարիների փորձի հետ գտնում եմ, որ անձամբ հիմա աւելի լաւ տեղ եմ կանգնած, եւ յոյսով մի քանի տարի յետոյ դեռ աւելի լաւ կը լինի, որովհետեւ ինչպէս ասւած է, շախմատը այն արւեստն է, որն ակունք է առնում մտքից եւ որքանով միտքը զօրանայ շախմատն էլ կը հզօրանայ:
ՅՈՅՍ-Ինչպէ՞ս է կառավարւում դպրոցը:
Հ.Թ.-Դպրոցի արտօնատէրը ես եմ, իսկ իմ գործընկեր Պրն. Հաքիմֆարը, որն ինչպէս նշեցի մեծ թիկունք է հանդիսացել ինձ, այստեղի վարիչն է, նա մի կիրթ եւ կարող անձնաւորութիւն է, Շւէյցարիայից ստացել է քիմիայի Դոկտորա, եւ ունի մի քանի գործարանների կառավարման փորձի անցեալ, ես էլ քչից- շատից իրենից որոշ բաներ եմ աշխատում սովորել:
ՅՈՅՍ-Շէնքը դպրոցի սեփականութիւ՞նն է:
Հ.Թ .-Ոչ։Այստեղ վարձով ենք առայժմս:
ՅՈՅՍ-Ո՞նց են դպրոցի աշխատանքային ժամերը։
Հ.Թ.-Մեր աշխատանքի ժամերը առաւօտւայ 9-ից է մինչեւ երեկոյան ժ.9-ը: 6 տարեկանից ցածր տարիքի երեխաների հետ շաբաթական երկու անգամ պարապում ենք մի ժամ, իսկ մի քիչ մեծերի հետ մի ժամ ու կէս, քանի որ փոքրիկները 20-25 րոպէից աւելին չեն կարողանում կենտրոնանալ ուստի մի կէս ժամ պարապում ենք, իսկ միւս կէս ժամը խաղում են, իսկ մեծերը մի ժամ պարապում են եւ կէս ժամ խաղում:
ՅՈՅՍ-Ամուսնացա՞ծ էք:
Հ.Թ.- Այո:Ամուսնացած եմ եւ ունեմ մի աղջիկ:
ՅՈՅՍ-Ի՞նչ առաջարկներ կամ խորհուրդներ կը ցանկանայիք փոխանցել։
Հ.Թ .-Ես շատ կուզէի, որ մեր հայկական դպրոցներում շախմատը որպէս առարկայ ինչ-որ մի կերպ դասաւանդւէր, որովհետեւ մենք տաղանդաւոր սերունդ ունենք, բայց դժբախտաբար մեզ մօտ պակասում են շարժառիթները, որում մեծապէս ազդեցիկ է արտագաղթի երեւոյթը:
ՅՈՅՍ-Նմանատիպ փորձեր կատարւել են արդեօ՞ք օտար տեղերում:
Հ.Թ.-Տարբեր երկրներում այդ աշխատանքը տարւում է եւ Հայաստանում էլ արդէն այս տարւանից ծրագիր կայ, որ շախմատը մտցւի դպրոցների դասացուցակի առարկաների ծրագրում, տեղեակ ենք, որ Թուրքիայում արդէն չորս տարի է, որ այդ ծրագիրը կիրառւում է եւ համաշխարհային երկու մեծ մրցոյթներ է կազմակերպել երկու տարիքային կարգերում, Հոլանդիայում Ֆրանսիայում, Իսպանիայում, Յունաստանում ԱՄՆ-ում նոյնպէս անչափ գնահատւում է այս աշխատանքը: Ինձ թւում է, որ եթէ մեր դպրոցներում որպէս առարկայ դասաւանդւի շախմատը, բարոյական տեսանկիւնից էլ բաւական ազդեցիկ դեր կունենայ երեխաների կեանքում, որովհետեւ երեխաների սովորում են ճիշտ մտածելու ձեւը եւ այդ ազդում է նրանց ենթագիտակցութեան վրայ, եւ ապա ուղղակի անդրադառնում նրանց կեանքին, եւ ես շատ կարեւորում եմ, որ այս աշխատանքը այստեղ հայերը սկսեն, ես յիշում եմ, որ երբ ես Արարատ-ում էի այնտեղ շախմատ խաղալը գրեթէ պարտադիր էր բոլոր մարզական խմբերի անդամների համար, եւ իրօք գնահատւում էր իսկ հիմա ցաւօք հետաքրքրութիւն չկայ:
ՅՈՅՍ-Վերջում ի՞նչ կը ցանկանաք աւելացնել:
Հ.Թ.-Այստեղ ցանկանում եմ նաեւ յիշել խորհրդարանի հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր ճարտ. Գեւորգ Վարդանին, որի մի նամակով ինձ յաջողւեց շատ կարճ ժամանակում Սանդուղէ Մեհրէ Էմամ Ռեզա-ից գումար վերցնել որպէս վարկ՝ այս դպրոցը հիմնելու համար, որի համար անչափ շնորհակալ եմ:
ՅՈՅՍ-Շնորհակալութիւն:
Օգոստոս 2009 - Թեհրան

Այս հարցազրոյցի համառոտ տարբերկաը լոյս է տեսել տպագիր Յոյս-ում

 

Յոյս թիւ 60

 7 Հոկտեմբեր2009