ԵՒՍ ՄԻ ՀԱՅՈՐԴԻ

Զրոյց Էդւարդ Տիգրան-Զոհրաբեանի հետ

Կոլիա Տէր Յովհանեսեան

Էդւարդ Տիգրան-Զոհրաբեանը ծանօթ անուն է իրանահայ ճարտարապետների եւ ազգային գործիչների շրջանակներում։ Նա եղել է Թեհրանի հայ ճարտարապետների ու ճարտարագէտների Միութեան վարչական անդամ եւ նախագահ, ինչպէս նաեւ մեր համայնքի այլ կառոյցներին նւիրւած ազգային գործիչ։
Վերջերս պարսկական աղբիւրներից տեղեկանում ենք, որ ճարտարապետ Էդւարդ Զոհարբեանը, Իրանի Իսլամական հանրապետութեան Ազգային Օդանաւային ընկերութեան («Հոմա») հիմնադրման 48-ամեակի տօնակատարութեան առիթով կազմակերպւած մի հանդիսաւոր միջոցառման ընթացքում, մեծարւել ու պարգեւատրւել է, որպէս նոյն ընկերութեան պաշտօնական պատկերանշանի (լոգօ) հեղինակ։ Յատկանշական է նաեւ, որ ինքնաթիռների մէջ մատուցւող «Հոմա» անունով հերթական պարբերականի մէջ լոյս տեսած բովանդակալից յօդւածի շնորհիւ ճամբորդները ծանօթանում են Հոմայի պատկերանշանի հայ հեղինակի, դրա ստեղծման հետաքրքիր պատմութեան հետ։ Իսկ մենք հանդիպեցինք ու հետեւեալ զրոյցն անցկացրինք անձամբ իր ՝ ճարտարապետ Էդւարդ Զոհարաբեանի հետ։

- Հետաքրքիր է այն փաստը, որ մեզ հասած տեղեկութիւնների համաձայն, դուք նախագծել էք «Իրան Էյր»-ի թռչնակերպ այդ պատկերանշանը նախքան ձեր համալսարան մուտք գործելը։
- Այո, դա նախագծել եմ քսանմէկ տարեկան հասակում, երբ դեռ պատրաստւում էի համալսարանի մուտքի քննութիւններին։ Փոքրուց մեծ սէր ու հետաքրքրութիւն ունէի ընդհանրապէս կերպարւեստի եւ նման գծանկարներ ստեղծելու նկատմամբ։ Դպրոցական տարիքում նախագծել էի Թեհրանի «Ալբորզ» միջնակարգ դպրոցի,- այնտեղ ուր սովորում էի,- պատկերանշանը, որը երկար տարիներ զարդարում էր դպրոցի ցուցանակը, դրօշը եւ գործածւում բոլոր պաշտօնական փաստաթղթերի ճակատին։ 1961 թւի գարնանային մի օր, տեղական մամուլում պատահականօրէն տեսայ մի յայտարարութիւն, որով մրցակցութեան էին հրաւիրում Իրանի ազգ. օդանաւային ընկերութեան (Հաւափէյմայիէ Մելիէ Իրան) պատկերանշանի գծագրումը։ Այդ ժամանակ դեռ չկար տւեալ ընկերութեան անւան սկզբնատառերից կազմւած պարսկերէնով ՝ ՀՈՄԱ անունը։ Հիմնականում դրա գաղափարը յղացաւ հոմա կամ հոմայ (արծիւ) թռչնի պատկերով պատկերանշանի եւ ընկերութեան անւան սկզբնատառերի՝ «Հոմա» անւան հետ համընկնելու շնորհիւ։ Ես պարզապէս ուզել էի մասնակցել այդ մրցութեանը եւ բնաւ չէի սպասում, որ բազմաթիւ առաջարկների միջից ընտրւի իմ առաջարկած պատկերանշանը։

- Արդեօք, ձեր առաջարկած պատկերանշանը մնաց նոյնութեա՞մբ, թէ՞ ենթարկւեց փոփոխութիւնների։
- Նախնական գծագրում, ըստ պահանջարկի, թռչունը կանգնած էր՝ անգլերէն «Iran Air» անունը կրող մի պատւանդանի վրայ։ Հետագային ՀՈՄԱ-ի ժամանակի տնօրէն Խադամին հումորով նշեց, որ այդ պատւանդանը ծանրացնում է թռչունի ազատ եւ անկաշկանդ թռիչքը։ Այդպիսով վերացաւ միայն պատւանդանը, բայց նախագիծը մնաց նոյնութեամբ մինչեւ այսօր։

- Ինչպէ՞ս դա պատահեց, որ յիշեցին եւ մեծարեցին ձեզ աւելի քան քառասունութ տարի անց։

- Պատմութիւնը երկար է։ Անցեալ տարի, Ս. Աստւածածին եկեղեցու շրջապատում գտնւող նորակառոյց թանգարանի բացման արարողութեան երեկոյթին ինձ «յայտնաբերեց» հիւրաբար այնտեղ գտնւող «Սաֆարնամէ» (Ճամբորդական յուշագրութիւն) պարբերականի թղթակիցը։ Մի քանի օր անց կազմակերպեցին մի հարցազրոյց, որի հրատարակումից յետոյ եղան բազմաթիւ արձագանքներ յօդւածների ձեւով, ընդհուպ՝ մինչեւ «Մեհրաբադ» օդանաւակայանում կազմակերպւած միջոցառումը։

- Կը պատմէ՞ք այդ միջոցառման մասին։
- Դա տարբերւում էր սովորական միջոցառումներից նրանով, որ երեկոյթը կազմակերպւել էր «Մեհրաբադ»-ի փակ օդանաւարաններից մէկի հսկայ սրահում, ուր կայանւած էին ՀՈՄԱ-ին պատկանող Բոյինգ 747 եւ 707 տեսակի երկու ինքնաթիռնր։ Ներկայ էին բազմաթիւ հիւրեր ու ՀՈՄԱ-ի համարեա լրիւ անձնակազմը։ Ինձ նախապէս տարել էին ինքնաթիռներից մէկի մէջ, եւ միջոցառման բացումից ու պատկերանշանի մասին բացատրութիւններ տալուց յետոյ հրաւիրեալների բուռն ծափահարութիւնների տակ, ես իջայ ինքնաթիռի աստիճաններից, որոնց մօտ ինձ ողջունեց ՀՈՄԱ-ի ներկայ տնօրէն Սաիդ Հեսամին եւ յանձնեց պատւոգիր։ Այդ օրը զուգադիպում էր պատկերանշանի պաշտօնական գրանցման ու հաստատման 40-ամեակին։

- Արդեօք ձեր հակումն ու սէրը ճարտարապետութեան հանդէպ առաջացել է կերպարւեստի հան-դէպ փոքր տարիքից ունեցած ձեր ձիրքից ու հետաքրքրութիւնի՞ց։
- Թերեւս։ Ըստ իս, արւեստի բոլոր ճուղերը ինչ-որ տեղ կապւում են իրար։ Պատահական չէ, երբ բանաստեղծը նկարում է կտաւներ կամ հակառակը՝ նկարիչը գրում է բանաստեղծութիւններ։ Ճարտարապետութիւնն էլ ինքնին մի արւեստ է։ Փոքրուց ինձ դուր է եկել կերպարւեստը։ Գուցէ դրան նպաստել է նաեւ իմ շրջագայութիւնները՝ Իրանի զանազան քաղաքներում, ուր միշտ հիացել եմ տեսարժան վայրերով ու գեղեցիկ բնութեամբ։ Յատկապէս բազմիցս եղել եմ Շիրազում, ուր Պերսեպոլիսի աւերակները հմայել են ինձ։

- Իսկ որտեղի՞ց առաջացաւ ՀՈՄԱ-ի պատկերանշանի մտայղացումը։

- Դա թւում է ծնւել է վաղուց, երբ Պերսեպոլիսի աւերակներում տեսել էի դեռեւս կանգուն սիւներից մէկի վրայ զետեղւած թռչնակերպ արձանը, որն օժտւած է երեք յատկանիշերով ՝ արծւի գլուխ, եզան ականջներ եւ ձիու բաշ։ Պարզ է, որ պատկերանշանը եւս պիտի ունենար իրանական մոտիւներ։ Երբ «Քէյհան» օրաթերթում կարդացի յայտարարութեան մասին, ինքնաբերաբար երեւակայական պաստառի վրայ դաջւեց պատկերանշանի ուրւագիծը։ Մնում էր դա բերել թղթի վրայ։ Այդ տարօրինակ թռչունի մասին իր գրքերում բազմիցս անդրադարձել է գերմանացի յայտնի իրանագէտ Ռոման Գիրշմանը։ Այսպիսով ՀՈՄԱ-ի պատկերանշանը լիովին խորհրդանշում եւ ներկայացնում է Իրանը՝ իր պատմամշակութային փառապանծ անցեալով։

- Թոյլ տւէք վերջում, ուշացումով շնորհաւորել ձեր այս յաջողութիւնը, որը պատիւ է բերել իրանահայ համայնքին՝ մաղթելով ձեզ ամենայն բարիք։

«Յոյս» թիւ 49
6 Մայիս 2009