Բարեբախտաբար այս պարտէզն ու այս ծաղիկները կային
Արձանագործ Լիլիթ Տէրեանի կեանքն ու գործը
 

Մոհամադ Հասան Համեդի

Լիլիթ Տէրեանը ծնւել է 1930 թւականի Սեպտեմբերի 1-ին, Թեհրանի Նադերի թաղամասում։ Նրա հայրը բանկի բարձրաստիճան մի պաշտօնեայ էր, որը մեծ կարեւորութիւն էր տալիս յատկապէս շէնքի ճարտարապետական կառոյցին ու գեղեցկութեանը, ու թերեւս այդ էր պատճառը, որ շարունակ տեղափոխում էր ընտանիքի բնակարանը։ Լիլիթ Տէրեանը այս մասին ասում է. Մայրս միշտ ասում էր, մինչեւ պատուհանների վարագոյրները պատրաստւում էին, տունը վաճառում էր եւ ստիպւած էինք տեղափոխւել։ Սակայն Տէրեանի՝ արւեստի հանդէպ տածած սիրոյ արմատները աւելի շուտ պիտի որոնել նրա մօր անկատար մնացած երազանքներում. մայր, որը ժամանակին առիթ էր ունեցել արւեստագիտական ուսում ստանալ Ֆրանսիայում, եւ որը սակայն անաւարտ էր թողել մի շարք դժւարութիւնների պատճառով։ Եւ ահա մօր երազանքն էր, որն առիթ ունէր իրականութիւն դառնալու իր աղջկայ միջոցով։ Մայրը մասնաւոր ուսուցիչ վարձելու եւ նրա տնային պարապմունքներին խիստ հետեւելու միջոցով, ասես՝ հէնց այդ երազանքն էր իրագործում։
Տարրական ու միջնակարգ ուսումն աւարտելով, Տէրեանը մտադրւեց բարձրագոյն ուսումն ստանալ գեղարւեստների Ֆակուլտետում, սակայն առաջին տարին, ընդունելութեան քննութիւններից դուրս մնալով, չկարողացաւ իր նպատակին հասնել։ Այդուհանդերձ, դա առիթ եղաւ, որ նա առաւել ժամանակ ունենայ զբաղւելու միայն նկարչութեամբ, որով յաջորդ տարւայ քննութիւնները յաջողութեամբ յանձնեց եւ յայտնւեց համալսարանի նկարչութեան լսարանում։ Սակայն հէնց նոյն ժամանակ բախտը նրան ժպտաց եւ մի այլ դուռ բացւեց նրա առջեւ։ Նա Ֆրանսիա մեկնեց եւ սկսեց պատրաստւել Փարիզի (Beaux Arts) Գեղարւեստների ակադեմիայի նկարչութեան մասնաճիւղի մուտքի համար։ Այդ նպատակով պահանջւում էր նաեւ տարրական գիտելիքներ քանդակագործութեան վերաբերեալ։ Երբ նկարչութեան ընդունելութեան քննութիւնների համար սկսեցի քանդակագործութիւն սովորել, աւելի շատ սիրեցի այդ արւեստը։ Ծաւալը մարդուն հնարաւորութիւն է տալիս տեսնելու զանազան դիտանկիւններից։ Սա ինձ համար շատ հետաքրքիր էր, հետեւաբար նկարչութիւնը թողեցի եւ քանդակագործութեան քննութիւններին մասնակցեցի։ Միւս կողմից Իրանում քանդակագործութեան մասնաճիւղը չկար, եւ դա հնարաւոր էր միայն այնտեղ։ Այսպիսով Տէրեանը քանդակագործութիւնը շարունակեց Փարիզի (Beaux Arts) Գեղարւեստների ակադեմիայի, որը տեւեց չորս տարի։
1997 թւականին Տէրեանը ուսումն աւարտելով եւ մեծ փորձ վաստակած՝ վերադառնում է ծննդավայրը եւ անմիջապէս որպէս ուսուցիչ աշխատանքի անցնում Գեղարւեստների արւեստանոցում։ Նրա առաջին աշակերտներից են եղել Փարւիզ Թանաւոլին եւ Նահիդ Սալիանին։
1960 թւականին ստեղծւեց Դեկորատիւ արւեստների Ֆակուլտետի քանդակագործութեան բաժանմունքը, որին աւելի քան 20 տարի համագործակցեց Լ. Տէրեանը։
Տէրեանի դասաւանդման առաջին դասը մարդու անատոմիան էր, որը իւրացնելուց յետոյ միայն ուսանողներին թոյլ էր տրւում կլասիկ ձեւերից հեռանալով, ժամանակակից արւեստների նոր ձեւերին մօտենալ։ Հարկաւոր է իւրացնել Ֆիգիւրը։ Նա, ով չգիտէ Ֆիգիւրը, քանդակագործութիւն բնաւ չգիտէ, սակայն վերջում գործը պէտք է յաջող լինի... Ուսանողները մասնագիտական շրջանն անց կացնելուց յետոյ կարող էին ինչ նիւթով, որ սիրում են աշխատել եւ իրենց պրօէկտները յանձնել։
1975 թւականին, Տէրեանը դասախօսական մէկամեայ արձակուրդից օգտւելով, մեկնեց ԱՄՆ, ուր առանձնապէս հետաքրքրւեց արւեստների համալսարանի դասաւանդման նոր մեթոդների ու միջոցների մասին, որոնցից կարեւորագոյնը հէնց բրոնզաձուլարանի առկայութիւնն էր քանդակագործութեան արւեստանոցին կից եւ այդ գործին ծանօթ լինելու պարտադիր լինելը՝ ուսանողների համար։
Տէրեանը Թեհրան վերադառնալով, հիմքը դրեց քանդակագործութեան արւեստանոցի առաջին բրոնզաձուլարանի, որը մի մեծ քայլ էր այդ արւեստի զարգացման ուղղութեամբ։ Մի քայլ, որը դեկորատիւ արւեստների Ֆակուլտետի կազմալուծումից ու մետաղաձուլարանի ոչնչացումից յետոյ նոյնիսկ շարունակւեց նրա մի քանի աշակերտների շնորհիւ։
Այդ տարիներին Տէրեանը թէեւ խիստ զբաղւած էր դասաւանդմամբ, սակայն երբեք չդադարեց ստեղծագործել, եւ ամէն ուրբաթ աշխատում էր իր տանը յարմարեցրած սեփական արւեստանոցում եւ ստեղծում էր նորանոր գլուխ գործոցներ։
Լիլիթ Տէրեանը Իսլամական յեղափոխութեանը յաջորդած տարիներին, ստեղծւած պայմանների հետեւանքով, սկսեալ 1980 թւականից հեռացաւ իր աշխատանքից, եւ այդ մեծ արւեստագէտը, իր սիրած արւեստի, այսինքն՝ քանդակագործութեան պէս, լքւեց։
Այս տարիների ընթացքում, նա իր սեփական արւեստանոցում նւիրւել է քանդակագործութեան, գծագրութեան եւ Բաթիկ տպագրութեան, սակայն արդէն անհատական աւելի վառ գծերով ու տեխնիկայով, որոնք արտացոլումն են նրա այդ օրերի։
Տէրեանի այս շրջանի ստեղծագործութիւնները երբեմն աւելի մեծ են քան բնական չափերը եւ պատրաստւած են մետաղալարերից, հաստ թելերից, գաջով եւ այլն։ Իսկ արւեստագէտի ձեռքի կտրուկ հարւածները գործերի մակերեսը կոշտացրել են։
Այդ տարիներին Տէրեանի ծանր պայմաններն ու սրտնեղութիւնը կարելի է ըմբռնել նրա մեղմ ժպիտով արտաբերած մի նախադասութեամբ. Տանը գծագրում էի, որովհետեւ միշտ էլ այդ սիրել եմ, այնուհետեւ պատերազմի տարիներն էին։ Մայրս մահացաւ 1982-ին։ Բարեբախտաբար այս պարտէզն ու այս ծաղիկները կային։ Երեխաներն էլ գալիս էին....

Աղբիւր՝ Իրանի ժամանակակից
Արւեստագէտները՝ Լիլիթ Տէրեան
Պարսկերէնից յապաւումներով թարգմանեց՝ Քարմէն Ազարեանը

Յոյս թիւ 12
17 Հոկտեմբեր 2007