ՀԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ԿԱԽԱՐԴԱՆՔԸ ԱՐՄԱՆ ՍՏԵՓԱՆԵԱՆԻ ՆՈՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ
 

Ռոբերթ Սաֆարեան

 

Լուսանկարների եւ իրական առարկաների զուգակցութիւնը առաջացնում է ինչ-որ տարօրինակ զգացում։ Օրինակ, երբ նայում ես գերեզմանաքարերի վրայ փակցւած լուսանկարներին, անմիջապէս աչքի է ընկնում լուսանկարի միջի մարդու թարմութիւնը, գերեզմանաքարի ժամանակի ընթացքում մաշւածութեան համեմատութեամբ։ Նոյնիսկ, եթէ հնացել է լուսանկարի նիւթը՝ թուղթը կամ վրայի ապակին, յամենայն դէպս, ասես ինչ-որ հրաշքով, ժամանակի թալանից փրկւել է ինքը լուսանկարի միջի մարդը, որը հէնց տասնամեակներ սրանից առաջւայ պէս, թարմ եւ կենդանի ու երիտասարդ է մնացել։ Դա լուսանկարչութեան գաղտնիքն է. երբ սեղմում ենք ապարատի կոճակը, ասես փրկում ենք պահը ժամանակի անընդհատ հոսանքից եւ յաւիտենականացնում ենք այն։ Արման Ստեփանեանը իր լուսանկարներում օգտագործում է լուսանկարների այս առանձնայատկութիւնը։ Աւելին, նա լուսանկարները տեղադրելով հնամաշ ետպլանների, ասենք մի հին դռան, մի ճաքճքած պատի կամ փչացած դռան զանգերի ու երբեմնի խզմզւած գրութիւնների վրայ, աւելի ցայտուն է դարձնում լուսանկարի կաղապարի միջից մեզ ժպտացող կամ տասնամեակների խորքից պարզապէս հայեացքը մեզ յառած երեխայի կամ կնոջ սառած կենսունակութիւնը։
Արման Ստեփանեանը զբաղւում է նաեւ հին լուսանկարներ հաւաքելով եւ ունի հիանալի լուսանկարների հաւաքածուներ։ Հէնց այս պատճառով էլ նրա համար միշտ առեղծւածային է եղել լուսանկարելու եւ լուսանկարւելու երեւոյթը։ Տարիներ առաջ, Հանդէս եռամսեայի առաջին համարում հրատարակւած նրա հետ իմ զրոյցում, նա այսպէս է խօսել գերեզմանաքարերի լուսանկարների մասին. Մի անգամ հօրս գերեզմանն այցելելիս, շիրմաքարերի լուսանկարները ուդադրութիւնս գրաւեցին։ Մտածեցի, այդ մարդիկ, երբ պատրաստւել են նկարչատուն գնալու, ի՞նչ են մտածել, ինչպիսի՞ ուշադրութեամբ են հագնւել, եւ երբ նստել են ապարատի դիմաց արդեօք մտածե՞լ են թէ որտեղ է գործածւելու այդ նկարը։ Միւս կողմից ի՞նչ է մտածել լուսանկարիչը։ Անկասկած նոյն խնամքով եւ ուշադրութեամբ չի նկարել այն հասուն տղամարդուն, որով նկարել է մի երիտասարդ աղջկայ։
Արման Ստեփանեանը ծնւել է 1956 թւականին, Աբադանում։ 1980-ին աւարտել է Թեհրան համալսարանի Գրաֆիկայի մասնաճիւղը։
Արմանը վերջերս իր պատերի եւ դռների լուսանկարների շարքով մասնակցել էր Իրանը ներսից եւ դրսից ցուցահանդէսին։ Այս ցուցահանդէսին մասնակցել էին Իրանից եւ արեւմտեան զանազան երկրներում իրանական համայնքներից (մի խօսքով նոր ձեւաւորւող իրանական սփիւռքից) կերպարւեստի տարբեր մասնաճիւղերի արւեստագէտներ։ Հետեւեալ էջերում ներկայացնում ենք նրա այս ցուցահանդէսում ներկայացւած լուսնակարներից մի քանիսը։
 

Արման Ստեփանեանի այլ լուսանկարները դիտել  այստեղ


Յոյս թիւ 62

4 Նոյեմբեր 2009