ԵՕԹ ԵՐԱՆԻ

Սաբա արւեստի կենտրոնում կայացած իրանահայ ժամանակակից արւեստագէտների ցուցահանդէսի առիթով

Շաքէ Պետրոսեան

1 Երանի աշխարհում ամէն ինչ կատարեալ լինէր։
Միայն Աստւած է կատարեալ։


2 Երանի հայերը ձգտէին կատարելութեան։

Հայերի ձգտումը մեծ է, սակայն հանգամանքները միշտ էլ խանգարում են։


3 Երանի իրանահայերին նւիրւած ցուցահանդէսը գոնէ մօտ լինէր կատարելութեան։

Չկարդացի՞ր հարցազրոյցը. կազմակերպիչները ամէն ինչ արել էին, որպէսզի այն արտացոլէր բոլոր իրանահայերի արւեստը, դեռ աւելին՝ արհեստաւորներից մի երկուսն էլ տեղ էին գտել, այնքան իրենց արհեստում կատարեալ էին, որ իրենց ակւարիումներն* ու Բասմէի կոչւող կտաւները արւեստի չափանիշերին էր համապատասխանել եւ կազմակերպիչները դրանք զետեղել էին ամենապատւաւոր տեղում։ Ինչպէս ցուցահանդէսի անւանումն էր նշում՝ կատարեալ ՆՕԳԱՐԱ- ՆՈՐԱՐԱՐ ԷԻՆ։


4 Երանի ոմանք մի քիչ համեստ լինէին, գոնէ Օր. Լիլիթ Տէրեանից օրինակ վերցնելով, իրենց կտաւների համար ամենալաւ պատերն ու տարածքները չգրաւէին։
Ձա՛յնդ։ Յաջորդ անգամ էլ քեզ ոչ մի ցուցահանդէսում ճամփայ չեն տայ։

5
Երանի ցուցահանդէսում նկատի առնւէր ժամանակաշրջանը, ոճերն ու դըպրոցները. փոխանակ ամէն ինչ խառնիխուռն ու աններդաշնակ կախւէին, դիտողներին թոյլ տային գլուխ հանելու իրանահայերի կերպարւեստի եւ լուսանկարչութեան ծագման ու զարգացման տարբեր փուլերից եւ այսօրւայ միտումներից։

Դէ, շատ բան չուզեցի՞ր. դրա համար մի քիչ էլ curator -համադրող- պիտի լինել (դա յատուկ մասնագիտութիւն է) ու ցուցահանդէս կազմակերպելու փորձ պիտի ունենալ։

6 Երանի բոլորին ցուցահանդէսում տեղ յատկացնելու բարի միտումին խառնէին, ոմանց Ո՛Չ ասելու քաջութիւնը, առանձնացնելով նաեւ ամաթորներին եւ առաջին անգամ ներկայացող շնորհալի երիտասարդներին։

Դէ, էդքան բանը ո՞նց անէին վեց կարճ ամիսների ընթացքում, յատկապէս, որ փողն էլ ուշացել էր։

7 Երանի մասնակիցների անունները մի քիչ խոշոր գրւած լինէր լուսանկարչութեան բաժնում, որպէսզի գլխով եւ հայկական երկար քթերով չմտնէինք պատի մէջ՝ անունները կարդալու ակնկալիքով։

Երկու երանի միասին չի լինում, ինչ մնաց եօթը, - ասում է հայկական առածը։
Բաւարարւենք եղածով։ Ուրիշ ճար չունենք։ Չեղածից շատ աւելի լաւ էր. ինչպէս պարսիկներն են ասում Քաչի բեհթար ազ հիչի։

Յամենայն դէպս՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԻՒՆ։
 

Յոյս թիւ 41
24 Դեկտեմբեր 2008