ԻՐԱՆԻ ՔԻՇ ԿՂԶՈՒ ՊԱՏՒԻՐԱԿՈՒԹԻՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Լեւոն Ահարոնեան

 


Շաբաթ, Յունւարի 29-ի վաղ առաւօտեան մեկնեցի Երե-ւան՝ իմ անձնական գործերը համադրելու եւ մի կարեւոր պատւիրարկութեանն ընդունելու համար: Այդ հիւրերը իւրայատուկ անձնաւորութիւններ էին: Պատւիրակութեան մաս էին կազմում Իրանի Պարսից ծոցում գտնւող Քիշ կղզու ընդհանուր տնօրէն ճարտարագէտ պրն. Մոհեբին եւ իր տեղակալ՝ ճարտարագէտ պրն. Մասրուրին նաեւ "Քիշ-Էյր" աւիացիայի տնօրէն պրն. Բեհազինը, որոնք Երեւան ժամանեցին երկուշաբթի, 31 Յունւարի երեկոյեան: Նախապէս հանդիպումներ էի ծրագրել Հայաստանի ընդհանուր աւիացիայի պետ պրն. Արտեօմ Մովսիսեանի հետ, որը տեղի ունեցաւ ձիւնոտ ու ցուրտ եղանակում: Հակառակ Երեւանից դէպի Զւարթնոց երթեւեկութեան խճողման դժւարութեանը, առանց ու-շացումի հասանք ժամադրավայր: Հանդիպման ընթացքում զրոյցը մեծ մասամբ ընթանում էր Երե-ւան-Քիշ մի նոր թռիչք հաստատելու շուրջ՝ իրանական կամ հայկական օդային ընկերութիւնների միջոցով եւ ի վերջոյ երկու կողմերն էլ համաձայնւեցին այդ նոր թռիչքի մասին եւ որոշւեց այդ ուղղութեամբ աշխատանքն սկսել պետութիւնից տւեալ իրաւունքն ստանալուց յետոյ: Պրն. Մոհեբին Երեւան գալիս անցել էր VIP կողմից, որը Երեւանի հին օդակայանի շէնքն է, որը յարմարեցրել են այդ նպատակի համար: Նա ասաց, որ շատ է լսել Երեւանի նոր կառուցած օդակայանի վերաբերեալ, եւ ցանկացաւ տեսնել այն: Խնդիրը Հայաստանի պաշտօնեաների կողմից կարգարդրւեց, եւ երբ իրանական խումբը այդ շքեղ օդակայանը տեսաւ, շատ տպաւորւեց: Այնուհետեւ մի քանի վայրեր, որ իրենց շատ էր հետաքրքրում, այցելեցին նախ՝ Իրանի դեսպանատունը, որտեղ նրանց ջերմօրէն ընդունեց Իրանի դեսպան պրն. Սէյէդ Ալի Սաղաիանը, իսկ երկրորդ օրը, Փետրւարի 1-ին ցանկութիւն յայտնեցին այցելել իմ միջոցով վերանորոգւած 136-րդ դպրոցն ու Բնապահպանութեան թանգարանը: Պրն. Մոհեբիի վրայ մեծ ազդեցութիւն գործեցին եւ դպրոցի աշակերտները եւ հիացմունք պատճառեցին իրենց պարսկերէն լեզւով բանաստեղծութիւնների արտասանութիւններով, որից բարձր ոգեւորութեամբ ներշնչւած՝ նա դիմեց դպրոցի տեսչուհուն՝ տկն. Գրետա Թունեանին եւ ասաց, որ իւրաքանչիւր դասարանի երեք գերազանցիկ աշակերտներին՝ իրենց ուսուցչի հետ, մէկ շաբաթով ուղարկել Թեհրան եւ այնտեղից էլ Քիշ կղզի՝ հիւրընկալւելու համար:
Տողերիս գրողը լուրջ մտածում է այս հարցի իրագործման վերաբերեալ: Երկրորդ այցելավայրն էր Բնապահպանութեան թանգարանը, որը մեծ ուշադրութեան արժանացաւ նրանց կողմից: Այնտեղ էլ պրն. Մոհեբին խոստացաւ որոշ թւով ակւարիումի յատուկ ձկներ նւիրել թանգարանին, որոնք պէտք է յանձնւեն օդակայան, որտեղից ես պիտի ուղարկեմ Երեւան:
Չորեքշաբթի, Փետրւարի 2-ին նախօրօք պայմանաւորւածութեան համաձայն, մի համահաւաք տեղի ունեցաւ ՀՀ Էկոնոմիկայի նախարարութիւնում, որը կազմակերպւել էր ՀՀ զարգացման գործակալութեան տնօրէն պրն. Ռոբերտ Յարութիւնեանի միջոցով: Չնայած, որ եղանակը բաւական աննպաստ էր, բայց եւ այնպէս մեծաթիւ գործարարներ իրենց մասնակցութիւնն էին բերել հաւաքին, որը տեւեց երկու ժամ, եւ որի ընթացքում ճարտարագէտ պրն. Մոհեբին հանգամանօրէն բացա-տրութիւններ տւեց, իսկ նրա տեղակալ պրն. Մասրուրին էկրանի վրայ ցուցադրւող նկարների վերաբերեալ սպառիչ բացատրութիւններ տւեց ներկաներին, որից յետոյ ես էլ առիթ ունեցայ արտայայտւելու այն մասին, որ դէմ եմ նրանց, ովքեր այն համոզմունքին են, որ Հայաստան-Քիշ շփումները միակողմանի շահաւէտ շուկայ կը լինի, որից միայն իրանական կողմը կարող է օգուտ քաղել: Ըստ իս՝ հայ արտադրողները, սկսած արւեստագէտներից կամ որոշ ձեռարւեստի արտադրողներից՝ ոսկերչութեան, ադամանդի վաճառքի, նկարների եւ ինչպէս եւ այլ ոլորտներում՝ մինչեւ պահածոների, նոյնիսկ հրուշակեղէնի եւ այլ արտադրանքների գծով կարող են մէկ կամ մի քանի տարբեր ընկերութիւններ կազմելով, եւ 20 տարի բոլոր պետական հարկերից ու տուրքերից զերծ մնալով շահութաբեր աշխատանք կատարել:
Քիշում օրական 100-ից մինչեւ 116 օդային թռիչք ու վայրէջք է տեղի ունենում: Քիշ կղզու տարեկան դրամական շրջանառութիւնը կազմում է մէկ միլիարդ դոլար: Իրանի համարեա բոլոր քաղաքներից դէպի Քիշ թռիչք կայ: Բացի այդ չւերթներ են իրականացւում արաբական բոլոր երկրներից: Քիշ կղզում կայ նաեւ առեւտրական մեծ համալիր, առեւտրի կենտրոններ: Քիշում կան 48 տարբեր հիւրանոցներ10,000 մահճակալներով, որ առեւտրի ազատ գօտի լինելու պատճառով զերծ են բոլոր տուրքերից: Քիշում աշխատում են 4 միջազգային բանկեր, եւ պրն. Մոհեբին առաջարկեց հիմնել մի հայկական բանկ եւս:
Իմ անձնական կարծիքն է, որ Հայաստանի գործարարները, եթէ սկսեն աշխատել Քիշում, մի նոր շուկայ կարող են բացել Հայաստանի արտադրանքների համար: Աշխարհի առաջադէմ երկրները, օրինակի համար՝ Մեծն Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Ճապոնիան, Չինաստանը, Հարաւային Կորէան եւ այլնը, ամէն առիթով աշխատում են իրենց երկրի արտադրանքն արտահանել ու վաճառել: Այսօր մենք ականատես ենք, թէ Դուբայի Ջեբալիում վաճառւում են համարեա ողջ աշխարհի երկրների արտադրանքները, որոնք կարճ ժամանակում տրամադրւում են գնորդներին:
Իհարկէ Հայաստանը չի կարող մրցակցել այդ երկրների հետ եւ նման կարգի արտադրանք էլ չունի: Բայց Քիշը լաւ առիթ է հայ արւեստագէտի եւ արտադրողի համար, որպէսզի մուտք գործի մի նոր միջազգային շուկայ:
Ես մի քանի ամիս առաջ Քիշի տնտեսական պատկերն ու նրա առաւելութիւննրը նկարներով ու նամակի միջոցով ցուցադրել եւ ծանօթացրել եմ Հայաստանի Հանրապետութեան յարգարժան վարչապետ Տիգրան Սարգսեանին:
Ես լաւ յարաբերութիւններ ունենալով Քիշի ղեկավար մարմնի հետ, սրտանց ցանկանում եմ կայանայ այս փոխհամագործակցութիւնը, եւ վստահ եմ, որ այս հարցում Հայաստանը կը շահի եւ այն կը վերածւի գործնական մի շրջանի: Որպէս ապացոյց իմ խօսքերին, օրինակի համար՝ եթէ "Գրանդ Քենդի"-ն օրական 10 տոննա արտադրանք ունի, եւ եթէ ստեղծի մի ուրիշ շուկայ, որ կարողանայ օրական 5 տոննա էլ աւել վաճառի, այն պէտք է Հայաստանում իր աշխատողների թիւն ու կազմակերպութեան ծաւալը մեծացնի. դա փաստ է, որ "Գրանդ Քենդի"-ն ստեղծում է նոր աշխատանքի միջոցներ եւ դա նոյնպէս վերաբերւում է Հայաստանի նկարիչներին, որ բացի Վերնիսաժից եւ եւրոպական երկրներ նկարներ վաճառելուց, մի այլ հաստատւած վայր էլ կունենան, ինչպէս նաեւ զբօսաշրջութեան ընկերութիւնների համար աշխատանքի մի նոր ասպարէզ կը բացւի, ապա ոսկերչութիւնը ադամանդագործութիւնը եւ տասնեակ այդ կարգի արւեստների եւ արհեստների համար սպառման նոր հորիզոններ կը բացւեն: Քիշի շուկաները եւ նրա բազմաթիւ վաճառատները ոչնչով չեն զիջում Դուբայի ապրանքներին, քանի որ համարեա նոյն ապրանքները աւելի մատչելի գներով վաճառւում են գնորդներին: Քիշում զբօսաշրջիկները նոյնիսկ Յունւար ամսին էլ կարող են լողալ ծովում. Քիշ կղզին հետաքրքիր վայր է նաեւ մարզիկ ձկնորսների համար: Փոխյարաբերութիւնները կայունացնելու համար Զարգացման հայկական գործակալութեան հետ համաձայնութեան ենք եկել, որպէսզի մի մասնագիտական ուղեւորութիւն կազմակերպւի՝ հայ գործարարներին մօտից ծանօթացնելու Քիշ կղզու պայմաններին, ուսումնասիրելու եւ շօշափելու այնտեղ աշխատելու հնարաւորութիւնները:

 

Յոյս թիւ 93

23 Փետրւար 2011