ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԸ ԻՐԱՆ


ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՓՈՒԼ

 

Հոկտեմբերի 18-19-ին Հայաստանի Հանրապետութեան վարչապետ` Տիգրան Սարգսեանը, մի խումբ նախարարների, այդ թւում էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցեանի եւ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի ընկերակցութեամբ Իրանի հիւրն էին: Պատւիրակութեան մասն էին կազմում նաեւ տասնեակ հայաստանցի գործարարներ, եւ լրատւական միջոցների ներկայացուցիչներ: Այցի ընթացքում վարչապետին ընդունեց ԻԻՀ-ի նախագահ Մահմուդ Ահմադի Նեժադը: Այցը պարզապէս սիմւոլիկ նշանակութիւն ունէր եւ խորհրդանշում էր երկու երկրների յարաբերութիւնների զարգացման նոր փուլ: Դա կարեւոր էր նաեւ տնտեսական առումով: Երեքշաբթի Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցաւ մի տնտեսական համաժողով, Իրանի առեւտրի եւ արդիւնաբերութեան պալատի նախաձեռնութեամբ, որը բացւեց ՀՀ վարչապետի ելոյթով: Այս հանդիպման ընթացքում արտայայտւեց նաեւ երկրի առեւտրի պալատի նախագահ Մոհամմադ Նահաւանդեանը, իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Երիցեանը պատասխանեց ներկաների հարցերին` երկու երկրների միջեւ առեւտրի զարգացումը խանգարող մի շարք խոչընդոտների մասին: Այս համագումարի կազմակերպման, ինչպէս նաեւ Հայաստանի գործարարներին հրաւիրելու եւ նրանց կապերի զարգացման գործում ակտիւ մասնակցութիւն ունէր նաեւ Իրան-Հայաստան համատեղ աւեւտրի պալատը, որի նախագահ Լեւոն Ահարոնեանի հետ ասուլիս ենք ունեցել Իրան-Հայաստան տնտեսական համագործակցութեան եւ ՀՀ վարչապետի Իրան այցի մասին:
 

-Պրն. Ահարոնեան խնդրում ենք նախ ընդհանուր գծերով ներկայացնէք Իրան-Հայաստան առեւտրի պալատի վերջին շրջանի գործունէութիւնը եւ երկու երկրների պաշտօնատարների փոխայցելութիւնների բուն նպատակները:
-Իրան-Հայաստան առեւտրի պալատը արդէն երկու տարի է, ինչ ջանում է Անդրկովկասում մի առեւ-տրի կենտրոն հիմնել, իհարկէ այս գործի մտայղացումը դրանից աւելի վաղ է եղել, բայց այս երկու տարիների ընթացքում յոյսեր առաջացան, յարմար վայրն էլ գտել էինք եւ նոյնիսկ արտածումների զարգացման կենտրոնը եւս խոստացել էր ծախսերի մի մասը հոգալ: Սակայն, ցաւօք, դա ապարդիւն անցաւ: Միւս կողմից այսօր տեսնում ենք, որ առեւտրի պայմաններն աշխարհում փոխւել են: Ցանկացած մարդ կարող է տանը իր համակարգչի առջեւ նստած առեւտուր անել: Միւս կարեւոր փոփոխութիւնն այն է, որ խոշոր ընկերութիւնները ձգտում են առեւտրական կարեւոր կենտրոններում կենտրոնացնել իրենց ապրանքը եւ ապա այնտեղից վաճառքի հանել ու ցրել: Այդպիսի կենտրոններից է Ջիբլ Ալին Դուբայում, ուր աշխարհի խոշորագոյն արդիւնաբերական ընկերութիւնները այնտեղ ներկայացնում են իրենց արտա-դրանքները:
Իսկ մենք էլ հիմա որոշել ենք Հայաստանում ազատ առեւտրի գօտու օրէնքների հիմամբ մի խոշոր առետրական կենտրոն հիմնել, որտեղ իրանցի առեւտրականները կարող են առանց մաքսային տուրք վճարելու իրենց արտադրանքը ցուցադրել եւ պատւէրներ ստանալու դէպքում մի օրւայ ընթացքում ապրանքը պատւիրատուին յանձնել:
Այս կապակցութեամբ հայաստանցի կողմի հետ խօսեցինք, եւ նրանք էլ շատ ընդառաջեցին: Պատրաստ ապրանքը շատ կարեւոր է, եւ եթէ այդպիսով նրանց պահանջարկը բաւարարւի, այլեւս պարտա-ւոր չեն լինի Թուրքիա եւ Ուկրաինա գնալ՝ ապրանք բերելու: Եւ հէնց այս նկատառումով էր, որ մենք Իրանի առեւտրի պալատի, արդիւնաբերութեան ու հանքերի նախագահ դոկտ.Նահաւանդեանին Հայաստան հրաւիրեցինք, որպէսզի տեղում պայմանները ուսումնասիրի:
Ինչպէս "Յոյս"-ի նախորդ համարում էլ հանգամանօրէն գրել էինք, դոկտ. Նահաւանդեանը համոզւեց, որ Հայաստանը յարմար շուկայ է իրանական արտադրանքի համար: Իրանի բոլոր նահանգները պատրաստ են Հայաստանի հետ առեւտրի մէջ մտնել եւ մենք որպէս Իրան-Հայաստան առեւտրի պալատ աշխատում ենք այս ուղղութեամբ դիւրութիւններ ստեղծել:
Միւս կողմից մեր տարեկան նստաշրջանին ներկայ էր նաեւ պրն.Մութթաքին, որը շեշտեց, որ երկու երկրների միջեւ 240 միլիոն դոլար տարեկան փոխանակումները շատ քիչ է եւ այն պէտք է հասցնել մէկ միլիարդի: Իհարկէ մէկ միլիարդը կախւած է հնարաւորութիւններից: Մենք մինչ օրս 13 առեւտրի ցուցահանդէս ենք կազմակերպել Հայաստանում: Փորձը ցոյց է տւել, որ նման ցուցահանդէսները այնքան էլ արդիւնաւէտ չեն: Մի քանի օրւայ ընթացքում փոքրաթիւ ապրանքների նմուշները ցուցադրւում են, որոնք կարողանում են տեսնել սահմանափակ թւով մարդիկ: Այս ցուցահանդէսները չեն կարող մեր երկրի ողջ առեւտրական ու արտադրական կարողութիւնները ի ցոյց դնել: Մեր նպատակն այն է, որ Հայաստանում մշտական ու մեծ ցուցահանդէս հիմնել, ուր տարին 12 ամիս ցուցադրւեն իրանական ապրանքները: Վայրն էլ գտել ենք, եւ դոկտ.Նահաւանդեանի այցով ու դրական տպաւորութեամբ, յուսով ենք, որ շուտով կիրագործենք այն: Քաղաքական պայմաններն էլ ներկայիս նպաստաւոր են:



-Որպէս Իրան-Հայաստան առեւտրի պալատի նախագահ՝ Հայաստանի վարչապետի վերջին այցը Իրան ինչպէ՞ս էք օժանդակել:
Դեռ անցեալ Շահրիւարին, որ մենք Երեւանում Հայաստանի վարչապետին հանդիպեցինք, նա ակնարկեց, որ Հոկտեմբերին Թեհրան է գալու, այնպէս որ Պրն.Տիգրան Սարգսեանի այս այցելութեան որո-շումը վաղուց էր կայացւել, եւ Առեւտրի Պալատը այդ գործում դերակատար չի եղել, սակայն նրա այս այցի ողջ ընթացքում մենք ուղեկցել ենք նրան եւ հարկ եղած դէպքում մեր տեսակէտներն յայտնել: Իհարկէ հայաստանցի առեւտրականների հրաւէրների պատրաստման գործում համագործակցում էինք միջազգային գործերի բաժնի պետ դոկտ.Մահդի Ֆախերիի հետ: Երկու երկրների առեւտրականների շփումների արդիւնքում՝ իրանցի առեւտրականները՝ Քիշից մինչեւ Խորասան, ցանկանում են Հայաստանի հետ առեւտուր ունենալ եւ իրենց ապրանքը վաճառքի հանել Հայաստանում:

-Իսկ ի՞նչ կասէք Վարչապետ Սարգսեանի այս այցի արդիւնքների մասին:
-ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը հանդիպումներ ունեցաւ Իրանի Հանրապետութեան նախագահի եւ նրա տեղակալի, Իսլ. Խորհրդարանի նախագահի, եւ այլ բարձրաստիճան պաշտօնեաների հետ, որոնք անկասկած մեծ դեր են ունենալու երկու երկրների առեւտրական յարաբերութիւնների ընդլանման գործում:
Այս ընթացքում կողմերն անդրադարձան նաեւ արեւմուտքի կողմից Իրանի շրջափակումների խնդրին, որ այս կապակցութեամբ վարչապետ Սար-գսեանը յայտարարեց, որ Հայաստանը կարող է Իրանի համար որպէս պատուհան ծառայել, իհարկէ իրենք էլ արգելքներ ու սահմանափակումներ ունեն, սակայն պատրաստ են այս հողի վրայ Իրանի հետ համագործակցել:

-Որո՞նք են Իրանի ու Հայաստանի միջեւ առկայ կարեւոր տնտեսական նախագծերը:
-Արաքս գետի վրայ 170 մեգավաթանոց հիդրոէլեկտրակայանի կառուցումը, որի 90 մեգավաթը՝ Իրանին, իսկ 80 մեգավաթը Հայաստանինն է լինելու: 130 մեգավաթանոց մի այլ հիդրոէլեկտրակայանի կառուցման հարցն էլ խօսքի փուլում է, որի արտա-դրած էլեկտրաէներգիան ամբողջութեամբ Հայաստանինն է լինելու: Իրանը ներդրում է կատարելու, որը 15 տարւայ ընթացքում պէտք է վերադարձւի նրան: Այս նախագծի գործադրման հիմնարկէքը հէնց վերջերս է կատարւել:
Ապա էլեկտրաէներգիայի փոխանակման նախագիծն է: Արդէն քանի տարի է, ինչ ամռանը Հայաստանն է Իրանին հոսանք տալիս, իսկ ձմռանը ընդհակառակը՝ Հայաստանն է հոսանք գնում Իրանից: Իրանը բնական գազ է վաճառում Հայաստանին, իսկ Թաւրիզից նաւթը Հայաստան հասցնելու խողովակների տեղադրման պայմանագիրն արդէն կնքւած է:
Միաժամանակ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նախագծի շուրջ լուրջ քննարկումներ են կատարւում: Այս երկաթուղով Իրանը Հայաստանի միջոցով կապւելու է Բաթումիի, Սեւ ծովի եւ ապա մի շարք երկրների, ինչպէս՝ Ուկրաինայի, Ռումանիայի եւ եւրոպական այլ երկրների հետ:
Երեւանից մինչեւ Իրանի սահմանը լայն մայրուղու կառուցումը եւս այդ նախագծերից մէկն է: Հայաստանի վարչապետի այս այցի ընթացքում յայտարարւեց, որ իրանցի կապալառուները եւս կարող են այդ գործում մասնակցել: Իրանում խոշոր շինարարական ընկերութիւններ կան, որ կարող են այս նախագծի իրագործմանը մասնակցել: Հայկական կողմի նման ընկերութիւնները թէ՛ թւով եւ թէ՛ ֆինանսական հնարաւորութիւններով աւելի սահմանափակ են: Հնարաւոր է նաեւ նրանք համատեղ ընկերութիւններ կազմել, որի դէպքում Ասիական Բանկը եւս նախագիծը ֆինանսաւորելու գծով ոչ մի դժւարութիւն չի ունենալու: Հայաստանեան նախագծերի՝ Ասիական բանկի կողմից ֆինանսաւորւելու գործում առկայ խնդիրներից մէկն այն է, որ Իրանը Ասիական Բանկի բաժնետէրերից չէ, հետեւաբար այդ բանկը իրանական ընկերութիւնների մասնակցութիւնը նախա-գծերին արգելում է:

 

Յոյս թիւ 86

10 Նոյեմբեր 2010