ԴԵՌԵՒՍ ՅՍՏԱԿ ՉԷ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՒՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ
 

Ռուբէն Մելոյեան

 


 

Յաջորդ տարի պէտք է մեկնարկի Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը, սակայն 2011 թւականի բիւջէի նախագծում որեւէ հատկացում այս ծրագրին նախատեսւած չէ:
Մասնաւորապէս, պետբիւջէի նախագծում կառավարութեան կողմից ներկայացւած "2011 թւականի սոցիալ-տնտեսական զարգացման եւ հարկաբիւջետային քաղաքականութեան հիմնական ուղղութիւնները" վերնագրւած զեկոյցում նշւում է, որ "Ռուսաստանեան երկաթուղիներ" ընկերութեան կազմած տեխնիկական առաջադրանքի նախագծի հիման վրա 2011 թւականին նախատեսւում է սկսել Հիւսիս-Հարաւ նոր երկաթուղու` Մեղրի-Սիսիան-Ջերմուկ-Մարտունի-Գաւառ-Գագարին ուղղութեամբ 313 կիլոմետրանոց հատւածի շինարարութեան տեխնիկատնտեսական հիմնաւորման աշխատանքները, որի ֆինանսաւորման աղբիւրը բիւջէում արտացոլւած չէ:
Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դաւթեանը օրերս յայտարարել էր, թէ բիւջէում առայժմ արտացոլւած չէ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման համար աւելի քան 1 միլիարդ դոլարի վարկը, որը ստանալու շուրջ անցած ամիս Չինաստանում բանակցութիւններ էր վարում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը:
"Մենք բիւջէում արտացոլում ենք այն ֆինանսական հոսքերը, որոնք ունեն իրաւական հիմք", - ասել էր Դաւթեանը:
"Ռուսաստանեան երկաթուղիներ" ընկերութիւնը, յիշեցնենք, արդէն կազմել է Իրան-Հայաստան երկաթուղու տեխնիկական առաջադրանքի նախագիծը, եւ, ինչպէս օրերս յայտարարեց "Հարաւակովկասեան երկաթուղի" ընկերութեան գլխաւոր տնօրէն Շեւքեթ Շայդուլինը, Մոսկւայում գործող "Հիպրօտրանսպրօէկտ" ընկերութիւնը ձեռնամուխ է լինելու նաեւ Հայաստան-Իրան երկաթգծի տեխնիկատնտեսական հիմնաւորման մշակմանը:
Սակայն, ինչպէս "Ազատութիւն" ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյեանը, տեխնիկատնտեսական հիմնաւորումն իրականացնող ընկերութեան եւ աշխատանքների ֆինանսաւորման շուրջ բանակցութիւնները դեռեւս աւարտւած չեն, եւ պարոն Շայդուլինը փոքր-ինչ շտապել է:
Յիշեցնենք, որ ժամանակին Իրան-Հայաստան երկաթուղու նախագծի նկատմամբ լուրջ հետաքրքրութիւն էր ցուցաբերել Հիւսիս-Հարաւ աւտոմայրուղու կառուցման վարկային ծրագիրն իրականացնող Ասիական զարգացման բանկը` պատրաստակամութիւն յայտնելով Հայաստանին դրամաշնորհի տեսքով յատկացնել Իրան-Հայաստան երկաթուղու տեխնիկատնտեսական հիմնաւորման մշակման համար անհրաժեշտ 1 միլիոն դոլարը:
Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանեան դեռ Յունիսին յայտարարել էր, թէ եւրոպացի մասնագէտների գնահատմամբ, երկաթուղու կառուցումը կարժենայ 4 միլիարդ դոլար: Հայկական նախագծային ինստիտուտի գնահատականներով, մինչդեռ, գումարը շատ աւելի համեստ է` ամբողջ շինանարութեան արժէքը գնահատւել է 1,8 միլիարդ դոլար:
Բանակցութիւնները, որ Հայաստանի կառավարութիւնը վարում է տարբեր երկրների, դոնոր-կազմակերպութիւնների հետ Իրան-Հայաստան երկաթուղու ֆինանսաւորման աղբիւրները որոշելու համար, ընթանում են ոչ թէ նախկինի նման երկաժամկէտ ու արտօնեալ, այլ կոմերցիոն վարկերի ներգրաւման շուրջ, որոնք արտաքին պարտքի սահմանը անխուսափելիօրէն կը մօտեցնեն օրէնքով սահմանւած ՀՆԱ-ի 60 տոկոսի չափին:
"Երբ լաւ աճի մէջ էք, այդ ժամանակ պարտքերը յետ էք տալիս, երբ պրոբլեմ ունէք` պարտք էք հաւաքում", - "Ազատութիւն" ռադիոկայանի հետ զրոյցում ասաց Avag Solutions խորհրդատւական ընկերութեան ներկայացուցիչ, էկոնոմիկայի նախկին նախարար Արմէն Եղիազարեանը` շարունակելով. - "Դրա համար պէտք է նայւի` այս նոր աճի ժամանակաշրջանում ինչքան ժամանակում հնարաւոր կը լինի այդ պարտքերը յետ տալ: Այսօր, իմ կարծիքով, այդքան էլ սարսափելի չէ":

 

Յոյս թիւ 86

10 Նոյեմբեր 2010