ԻՐԱՆԻ ԻՍԼ.. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՌԵՒՏՐԻ ՊԱԼԱՏԻ ԵՒ ԱՐԴԻՒՆԱԲԵՐՈՒԹԵԱՆ ՈՒ

ՀԱՆՔԵՐԻ ՆԱԽԱԳԱՀ ԴՈԿՏ.ՄՈՀԱՄՄԵԴ ՆԱՀԱՒԱՆԴԵԱՆԻ ՈՒՂԵԿՑՈՒԹԵԱՄԲ

 
ԱՐԴԻՒՆԱՒԷՏ ՄԻ ՈՒՂԵՒՈՐՈՒԹԻՒՆ ԴԷՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ
 

Լեւոն Ահարոնեան

 


Արդէն 17 տարի է անցնում այն օրերից, երբ մի շարք համախոհ բարեկամների համագործակցութեամբ հիմնադրեցինք ԻրանՀայաստան առեւտրի պալատը, որի նպատակը երկու հարեւան երկրների առեւտրական յարաբերութիւնների ընդլայնումն էր, եւ Մեղրիի ժամանակաւոր կամրջի տեղադրումով իսկ, սկսւեց երկու երկրների ապրանքափոխանակումը՝ տարեկան 10 հազար դոլար արժողութեամբ, որն այսօր հասել է աւելի քան 240 միլիոն դոլարի, որն իհարկէ դեռ չի բաւարարում երկու կողմերին էլ: Ըստ իս այն փաստը, որ Հայաստանը փոքր մի երկիր է 29,500 քառակուսի կիլոմետր տարածքով եւ 3.5 միլիոն բնակչութեամբ, չպէտք է հիմք ծառայի ներդրումների եւ առեւտրական գործակցութեան չափերի որոշման համար, եւ այն չպիտի համեմատել մի այլ երկրի հետ, որը 100 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, 50 միլիոն բնակչութիւն ունի, որոնց մեծ մասը աղքատ են ու անգրագէտ: Դրանք երկու բոլորովին տարբեր բաներ են եւ նրանց պահանջներն ու նպատակները լիովին տարբեր են: Սա մի դիտողութիւն էր ուղղւած այնպիսի մարդկանց, որոնք ցաւօք ցանկացած որոշում կայացնելիս հիմք են ընդունում տւեալ երկրի տարածքի մեծութիւնն ու բնակչութեան քանակը:
Առեւտրի պալատի նպատակներից մէկն էլ՝ Իրանի առեւտրատնտեսական դիրքի ճշտումն է Կովկասում եւ այդ տարածաշրջանի երկրների միջեւ, որը դարեր անցեալ ունի: Իհարկէ պէտք է ասել, որ Իրանի Իսլ. Հանրապետութիւնը Անդրկովկասում մի քանի առեւտրական տաղաւարից բացի, որոնք մի քանի ակտիւ ու երիտասարդ առեւտրականների միջոցով են հիմնւել (Հայ Քօփ), այլ կենտրոն չունի: Այս կապակցութեամբ առեւտրի պալատը պնդում է, որ ոչ միայն անհրաժեշտ, այլեւ պարտադիր է, որ Իրանը մի առեւտրի կենտրոն հիմնի Հարաւային Կովկասում, որն օժտւած լինի ազատ առեւտրի արտօնութեամբ, եւ որի համար յարմարագոյն վայրը՝ հէնց Հայաստանի մայրաքաղաք Երեւանն է:
Այս նպատակով եւ առեւտրի միացեալ պալատի ջանքերով էր, որ Սեպտեմբերի 30ին դոկտ. Նահաւանդեանի ուղեկցութեամբ Հայաստան մեկնեցինք, որի ընթացքում հանդիպելով հայ բարձրաստիճան պաշտօնատարներին, կարող եմ ասել, որ սա կարեւոր տնտեսական անկիւնադարձային դեր ունեցաւ երկու երկրների յարաբերութիւնների ընդլայնման ուղղութեամբ, որը հաստատելու նպատակն ունէր նաեւ Իսլ. Խորհրդարանի նախագահ պրն. Ալի Լարիջանիի երկօրեայ այցը Երեւան:
Դոկտ. Նահաւանդեանը եւ նրան ուղեկցող պատւիրակութիւնը Երեւան ժամանեցին հինգշաբթի՝ Սեպտեմբերի 30ին, որոնց դիմաւորեցին Հայաստանի առեւտրի պալատի նախագահ՝ պրն. Մարտին Սարգսեանը:
Պատւիրակութիւնը հիւրանոցում հաստատւելուց անմիջապէս յետոյ, աշխատանքի անցաւ՝ Հայաստանի խորհրդարանի շէնքում հանդիպելով պրն.Գագիկ Սահակեանի եւ Վարդան Այւազեանի հետ, որոնցից առաջինը երկու երկրների խորհրդարանական կապերի պատասխանատուն է: Այնուհետեւ նրանք այցելեցին իմ միջոցով վերանորոգւած Երեւանի բնապահպանութեան թանգարանը, առեւտրի կենտրոնը եւ այլ հետաքրքրական վայրեր:
Յաջորդ օրն առաւօտեան ժամը 10ին, պատւիրակութիւնը, ինչպէս նախատեսւած էր, հանդիպում ունեցաւ ՀՀ նախագահի խորհրդական պրն. Վահրամ Ներսիսեանի, ապա էներգետիկայի նախարար պրն.Արմէն Մովսիսեանի հետ: Իսկ կէսօրից յետոյ նրանք այցելեցին 136րդ դպրոցը, որը 1999 թւականի, հրդեհի մատնւելուց յետոյ, Տէր եւ Տիկին Ահարոնեանների միջոցով ամբողջութեամբ վերանորոգւել էր եւ պայմանաւորութիւն ձեռք բերւել այդ դպրոցում պարսից լեզուն ուսուցանելու կապակցութեամբ: Հիւրերին շատ մեծ հաճոյք պատճառեց հայ աշակերտների լեզւից քաղցր հնչող պարսկերէնով արտասանութիւնները:
Պատւիրակութիւնը այդ օրն այցելեց նաեւ Հայաստանի առեւտրի ու տնտեսութեան նախարարին, իսկ շաբաթ օրը հանդիպում ունեցաւ Ճանապարհների ու հաղորդակցութեան նախարար պրն.Մանուկ Վարդանեանի եւ Հայաստանի բարգաւաճման գործակալութեան նախագահ պրն. Ռոբերտ Յարութիւնեանի հետ:
Հարկ է նշել, որ վերոյիշեալ բոլոր հանդիպումների ընթացում պատւիրակութեանն ուղեկցում էր Երեւանում՝ Իրանի Իսլ.Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան պրն. Սէյյեդ Ալի Սաղաիանը, եւ բոլոր բանակցութիւնները թարգմանւում էին հէնց դեսպանութեան թարգմանիչ Էդւարդ Թահմասեանի միջոցով: Ուրբաթ երեկոյեան պատւիրակութիւնը պրն.Մարտին Սարգսեանի հրաւէրով ներկայ գտնւեց Հայաստանի Առեւտրի պալատում, ուր հանդիպելով մի շարք առեւտրականների, դոկտ. Նահաւանդեանը մամլոյ ասուլիսի ընթացքում պատասխանեց լրագրողների բոլոր հարցերին:
Յաջորդ օրերի ընթացքում պատւիրակութիւնը այցելեց իրանցի առեւտրականների արհմիութեան կենտրոնը՝ "Հայ Քօփ", որը պէտք է ընդունել, որ իռ չափեռով, այնքան էլ Իրանի պէս երկրին չէր համապատասխանում, նաեւ "Էլեկտրօմաս" գործարանը, ինչպէս նաեւ Հայաստանի տեսարժան վայրերը՝ Ս.Էջմիածինը, Գառնու տաճարը եւ Գեղարդը, եւ մասնակցեցին մի քանի պաշտօնական հիւրասիրութիւնների:
Այս ընթացքում յատկապէս հարկ է անդրադառնալ ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսեանի եւ դոկտ. Նահաւանդեանի հանդիպմանը, որը կայացաւ ուրբաթ՝ Հոկտեմբերի 1ին:
Մինչ այդ յատկանշական է, որ վերջին օրը, երկու կողմերի առեւտրի պալատների միջեւ եւ լրագրողների ներկայութեամբ ստորագրւեց մի համաձայնագիր:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանի եւ Դոկտ.Նահաւանդեանի հանդիպումը
Ուրբաթ, Հոկտեմբերի 1ի առաւօտեան ժամը 10ին, Հայաստանի վարչապետի նստավայրի դահլիճում տեղի ունեցաւ վարչապետ Տիգրան Սարգսեանի եւ Իրանի առեւտրի պալատի եւ արդիւնաբերութեան ու հանքերի նախագահ դոկտ.Նահաւանդեանի հանդիպումը, որին ներկայ էին նաեւ Իրանի Իսլ. Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան պրն.Սաղաիանը եւ նրա թարգմանիչը, ես եւ ԻրանՀայաստան առեւտրի պալատի փոխնախագահ պրն.Շահրոխ Զահիրին:
Սոյն հանդիպման ընթացքում նախ՝ դոկտ. Նահաւանդեանը նշեց, որ երկու երկրները մեծ հնարաւորութիւններ ունեն տնտեսական յարաբերութիւններն ընդլայնելու, որոնք պէտք է մասնագէտների կողմից լուրջ ուսումնասիրութեան ենթարկւեն. դրանցից են՝ օրինակ ապրանքի տրանզիտը, որը ներկայ պայմաններում Հայաստանը հիմնականում կատարում է Սեւ ծովի ճանապարհով, որը թէ աւելի հեռու եւ թէ աւելի թանկ է Իրանի համեմատութեամբ: Իրանը արդիւնաբերական համագործակցութեան նպատակով կարող է իր կիսաւարտ արտադրանքը՝ աւարտին հասցնելու համար Հայաստան ուղարկել եւ հէնց Հայաստանի անունով թողարկել, որը ձեռնտու կը լինի երկու կողմերի համար: Իրանը կարող է համագործակցութիւն ծաւալել նաեւ ցամաքային, ծովային ու օդային փոխադրման բնագաւառում, իսկ նկատի ունենալով Հայաստանի ժողովրդի մասնագիտական բարձր մակարդակը կարելի է համագործակցել նաեւ հաստոցաշինութեան մասերի ոլորտում: Իրանն իր պատրաստակամութիւնն է յայտնում Հայաստանում երկաթգծի շինարարութեանը, ինչպէս եւ զբօսաշրջութեան ոլոտում եւ օդանաւորդական ընկերութիւններ հիմնելու գործին մասնակցելու ուղղութեամբ: Դոկտ Նահաւանդեանը ակնարկ ունեցաւ նաեւ Հայաստանի արօտավայրերից օգտւելու եւ անասնաբուծութեան ոլորտում համագործակցելու հնարաւորութեանը, ինչպէս եւ Հայաստանում Իրանի առեւտրական կենտրոն եւ ազատ առեւտրի պահեստ հիմնելու Իրանի ցանկութեանը:
Դոկտ.Նահաւանդեանը մէկ անգամ եւս շեշտեց իրանցի մասնագէտների պատրաստականութիւնը, եւ Իրանի ցանկութիւնը համագործակցելու՝ ճանապարհաշինութեան, բանկային եւ ապահովագրութեան բնագաւառներում: Այնուհետեւ երկու երկրների պաշտօնատարների զրոյցն ընթացաւ հիմնականում բանկային համակարգերի, տարադրամային եւ հարկային եւ այդ ոլորտին առնչւող բազմաթիւ հարցերի շուրջ:

Վերջում դոկտ. Նահաւանդեանը Հայաստանի վարչապետից խնդրեց՝ Իրան այցելելիս երկու բան չմոռանալ. նախ՝ այցելել Իրանի Իսլ.Հանրապետութեան արդիւնաբերութեան ու հանքերի պալատը, եւ ապա՝ իր յարգելի տիկնոջը եւս իր հետ տանել:
Հանդիպման աւարտին վարչապետ Սարգսեանն իր շնորհակալութիւնն յայտնեց հրաւէրի համար, ապա կողմերը լուսանկարւելուց յետոյ, հրաժեշտ տւին միմեանց:
 

Յոյս թիւ 85

27 Հոկտեմբեր 2010